Ռուդի Ֆրանցիսկո | Rudy Francisco

Ռուդի Ֆրանցիսկո | ծնվ. 1982թ., ԱՄՆ

Ամերիկյան ժամանակակից ասացող պոեզիայի ամենահայտնի ներկայացուցիչներից է։ Անձնական փորձառության միջոցով անդրադառնում է մի շարք խոսույթների՝ խնդրայնացնելով ռասսայական, դասային, սեռի ու կրոնական հարցերը:

Ծնվել ու մեծացել է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում: Դպրոցական տարիներին գրավոր հանձնարարություն է ստանում ու սիրային բանաստեղծություն գրում, բայց դասարանում ամաչում է բարձրաձայն ընթերցել։ Մոտ ընկերը տետրը վերցնում է ձեռքից ու ինքը կարդում։ Ռուդիի ուսուցիչը խնդրում է նրան երբեք չդադարել գրել։ Այսօր էլ ապրում է Սան Դիեգոյում ու ակտիվորեն զբաղվում ասացող պոեզիայի հանրայնացմամբ, պարբերաբար հանդես է գալիս վարպետաց դասերով ու դասախոսություններով դպրոցներում ու կրթական հաստատություններում:

Ստացել է բազմաթիվ նշանավոր մրցանակներ, հեղինակել հինգ գիրք։ Թարգմանված բանաստեղծությունները, որոնք ուղեկցվում են բառաշարք-բացատրություններով, 2020թ. դեկտեմբերին լույս տեսած «Ես թռչում եմ հեռու» գրքից են։

Coamplify — բայ
co · am · pli · fy | \ kō-am-plə-fī \
1. Փառաբանել արդեն մահացած ինչ-որ մեկի կյանքը
2. Հասարակական շարժում, երբ մարդիկ շարունակում են ժառանգություն թողած ինչ-որ մեկի գործը

Իմացածս սա է

վազորդը ոչ միշտ է հատում
վերջնագիծը,

իսկ մահակը կարող է խոսափող թվալ՝
նայած, թե ինչպես ես բռնում։

ես գիտեմ՝ մարաթոնը կարող է վերածվել
էստաֆետային վազքի, քանի դեռ կա մեկը,
ով պատրաստ է ավարտել մրցավազքը։

գիտեմ՝ հաղթանակի շրջանը փակված չէ,
քանի դեռ հնչում է երաժշտությունը։

գիտեմ՝ մարդը շարունակում է ողջ մնալ
եթե դու չես մոռանում հիշատակել նրա անունը։

Նիփսի։

Repensist — գոյական
re · pen · sist | \ ri-pen-sist \
1. Ժամանակահատված, երբ հարաբերությունն արդեն ավարտվել է, բայց կողմերից ոչ մեկը չի գիտակցում

Իմ ծնողները

հեռավորության վրա հարաբերություններ ունեին
մոտավորապես 30 տարի
և․․․ ապրում էին նույն տանը։

ես հասկացել եմ՝ կարող ես լինել
մեկի կողքին, բայց նաև
հազար մղոն հեռավորության վրա՝
առանց հաշվի առնելու աշխարհագրության կարծիքը։

Հաճախ երկու մարդու միջև ընկած տարածությունը
կարելի է չափել նրանով,
թե քանի անգամ են նայում միմյանց և
զգում ոչինչ։


Սերը կարող է
անխոհեմ երեխա լինել

Սիրտս՝ զարկերակով
մարզասրահ ջունգլիներում։

Գուցե մենք իսկապես նկատի ունեինք
ամենը, ինչ ասացինք իրար,
երբ երջանիկ էինք,

Բայց գուցե
եղածն ընդմիջում էր,

Զանգը խփել էր,
ուղղակի ես չէի լսել։


Հավանաբար ասել էի քեզ,
որ հեռանում եմ

Որովհետև դա
Բացակայությունս նկատելու
Միակ եղանակն էր։

Mendle — բայ
men · dle | \ men-dəl \
1. Ոչինչ չանել կամ չասել, երբ ինչ-որ մեկը գիտի, որ իրեն ստում են

Բանաստեղծություն, որտեղ ստում եմ ամեն ինչի մասին

Հասակս 1 ու 87 է,
քաշս՝ 102 կգ, և գիտեմ՝
ինչի մասին եք մտածում։
Պատասխանը «ոչ» է։ Ես բասկետբոլ
չեմ սիրում։

Այո-այո, ծնողներիս՝ իրար հետ հայացքներ փոխանակելիս
հիշում եմ, որ սեր չկա։

Հա, սիրում եմ լողալ,
Ըհը՜ն, ես նրանց միակ երեխան եմ, և
Նրանք դեռ ամուսնացած են։

Կա։
Տառասխալ էր։

Այո, տատիկս դեռ ողջ է։
Այո, լավ եմ, էդպես էլ կա, միշտ լավ եմ,
Ո՜չ, չեմ ասում, որ ինձ հանգիստ
Թողնես։

Հա՛, երջանիկ եմ։ Էնքան եմ ծիծաղում,
Որ դեմքս ցավում ա։ Ըհը՜ն, դա ճանաչածս
Միակ ցավն ա։

Հա՛, երբ մարդիկ ասում են «հաջողություն քեզ»
Ծիծաղում ու պատասխանում եմ, որ
Ես քառատերև երեքնուկի մեջ փաթաթած
Ճագարի թաթ եմ։

Հա, երբ մեկը ասում ա
«քեզ լավ օր»,
պատասխանում եմ՝
«ուշացել ես, արդեն իսկ լավն ա»։
Աչքե՞րս։ Բանի տեղ մի՛ դիր, ալերգիա։
Ձեռքե՞րս։ Էսպես դողում են
ամբողջ օրը, բժիշկն ասում ա․
«Ոչինչ, բան չկա, ոչ մի վախենալու բան»։ Հա՛,

Ես հանգիստ կարող եմ խոսել
զգացմունքներիցս։

Հա, հարցրու ամեն ինչ։
Այո, ես ունակ եմ սիրել,
Չէ, մենակ չեմ։
Չէ, ուժասպառ չեմ,
Չէ, ծանրաբեռնված չեմ,
Չէ՛,
Չէ՛,
Չէ՛,
Հա՛,

Անցյալ գիշեր հրաշալի եմ քնել։
Արթնացա յոթի կողմերը,
Նախաճաշ պատրաստեցի,

Ինձ մեղավոր զգացի,
Հետո գնացի վազելու։

Bresil — բայ
bre · sil | \ brez-əl \
1. Կարոտել ինչ-որ մեկին, ում ամեն օր տեսնում ես

Երբեմն ես խառնաշփոթն եմ

Երբեմն էլ՝ ցախավելը․
ամենածանր օրերին
ստիպված եմ երկուսն էլ լինել։


Ահա և այստեղ եմ այսօր

Շունչ,
որը դեմ չէ կրկնել
ինքն իրեն

կենդանի ապացույց,
որ երբեմն
ծրագրում ես հոգեհանգիստ,

բայց փոխարենը որտեղից որտեղ
ծննդյան խնջույքն է գալիս։


Մաղթում եմ քեզ վանդակավոր դրոշ

հաղթանշան, անծայր մի ժապավեն
և էն տեսակ հաղթանակ,
որը խլացնում է
«դու արժանի չես սրան» ասող
ներքին ձայնը։

Ես քո կողմից եմ

որովհետև գիտեմ՝ արևը
ժլատ չէ երբ բանը հասնում է շողերին
և բավարար լույս ունի՝
պտտվելու համար։

Կրակը սեփական տաքությունը
պահելու ոչ մի ցանկություն չունի
և դեմ չէ միանգամից
բազմաթիվ ձեռքեր տաքացնել։

«դու չես կարող ճնշել ինձ,
եթե քո կողմից եմ»։

Grusic — բայ
gru · sic | \ gru-sik \
1. Բարկացած լինել ինչ-որ մեկի վրա այնքան երկար, որ չես էլ հիշում, թե ինչու
2. Թշնամանք տածել մեկի հանդեպ առանց նախապատմությունը մտաբերելու

Մի օր ես պահեցի վիրավորանքը

էնքան երկար, որ մոռացել էի՝
ինչպես էր կոնֆլիկտն առհասարակ սկսվել։

Ես թույլ էի տվել կատաղությանը
մի ամբողջ քաղաք կառուցել ձեռքերումս,
ես էլ քաղաքապետն էի
Ավելի երկար տարիներ,
քան պատրաստ եմ ընդունել։

Էդ պահից սկսած գլխի ընկա,
որ նման բարկությունը
չարժի քարշ տալ,

իսկ ներումը փոքրիկ մի ձեռք է,
որ անհրաժեշտ է գտնել, բայց և
միակ քաղաքն է, որտեղ ուզում եմ ապրել։

Այստեղ խաղաղ է,
իսկ անշարժ գույքը՝ էժան։

Felenter — գոյական
fe · len · ter | \ fe-len-tər \
1. Նա, ով ուրախություն է գտնում սովորական բաներում

Էնպիսի երջանկություն եմ ուզում

որ կարող եք զգալ հագուստիցս,
և ժպիտս էլ էնքան լայն լինի,
որ կարողանաք նկատել՝ նույնիսկ եթե
հակառակ ուղղությամբ քայլեմ։

Ուզում եմ էնքան բարձր ծիծաղել,
որ հրեշներս կապեն ունեցած-չունեցածները
ու որոշեն տեղափոխվել։

Տեսնում եք՝ այս օրերին փորձում եմ
ամենասովորական բաները վերցնել,

Օրինակ՝ արթնանալ կամ լվացք անել,

և ինքս ինձ մարտահրավեր եմ նետում՝
ամեն մեկից
փոքրիկ տոն ստեղծել։

Odit — գոյական
o · dit | \ ō-dit \
1. Ինչ-որ մեկը, որը երբեք չի հանդիպել քեզ, բայց քեզ չի սիրում

Կան մարդիկ

որոնց դու չես ճանաչում,
և որոնք չեն սիրում քեզ
չարածդ բաների համար։

Կան մարդիկ,
ովքեր պատերազմ են սկսում,
բայց տարիներ շարունակ
թաքցնում են հայտարարությունը
շնչառության տակ։

Նրանք տեսնում են՝ ինչպես ես գալիս,
հետևում են ապահով հեռավորությունից,
և մեն-մի հայացքով

մարտի են հանում նավատորմը։


Ողջ մանկությանս ընթացքում

Կմկմում էի։

Բերանս ու միտքս —
երկու հոգի առանց ռիթմի —
փորձում էին մեկը մյուսին պարել սովորեցնել։

Ես ստիպված էի կենտրոնոնալ
ամենասովորական բաներն ասելու համար։

Երբ ամեն բառի զարկերակի մեջ
պայքար կա,

հասկանում ես՝ խոսելը
պատվի նշան է,

որի համար մեզնից ոմանք
ստիպված են կռվել։

Դու տարօրինակ գեղեցկություն ունես

էն տեսակ կախարդանք,
որից հիմար տղամարդիկ փախչում են
և ում մոտ վերադառնում են,
երբ արդեն ուշ է։


Ինչպե՞ս

ես սովորել առանց ինձ ապրել։

Քո բացակայությունը վերածվել է
դասասենյակի։

Admonus — բայ
ad · mon · us | \ ad-mä-nəs \
1. Երբ վտանգավոր համարվող մեկը ինչ-որ քայլ է անում, որը հիշեցնում է նրա ներսում ապրող մարդու մասին

Ես մի վիրուսային վիդեո էի նայում

Որտեղ մի ոստիկան
բասկետբոլ էր խաղում։

Վերջապես,

հարված, որը
հոգեհանգիստ չի ենթադրում։

Չխկոց

Մարդկանց և ատրճանակների մասին
երկու բան գիտեմ․

երկուսն էլ տարօրինակ են թվում,
երբ առաջին անգամ բռնում ես։
և ինչ-որ բան միշտ չխկում է,
երբ դատարկ են։


Անգլերենից թարգմանեց Անահիտ Ղազախեցյանը

No Comments

Post A Comment