Միլան Կունդերա | Milan Kundera

Միլան Կունդերա | ծնվ. 1929թ., Չեխոսլովակիա


Պատճառակցական կապից անդին

Լևինի կալվածքում հանդիպում են մի տղամարդ ու մի կին՝ երկու մենավորիկ, մելամաղձոտ էակներ: Նրանք իրար դուր են գալիս և տենչում են գաղտնածածուկ միավորել իրենց կյանքերը: Նրանք միայն սպասում են առիթը ներկայանալուն, որպեսզի միառժամանակ երկուսով մենակ մնան և այդ մասին ասեն մեկը մյուսին: Վերջապես մի օր հայտնվում են անտառում, առանց վկաների, ուր ուղևորվել էին սունկ հավաքելու: Հուզմունքից շփոթված՝ նրանք լռում են՝ իմանալով, որ պահն ահա եկել է, և որ չի կարելի այն բաց թողնել: Երբ լռությունն արդեն չափազանց երկար է ձգվում, կինը հանկարծակի, հակառակ իր կամքի, ասես պատահաբար սկսում է խոսել սնկերի մասին: Հետո նորից լռություն է տիրում, տղամարդը բառեր է փնտրում ասելիքը բացահայտելու համար, սակայն փոխանակ սիրո մասին խոսելու, մի ինչ-որ անսպասելի մղումից դրդված… նա ևս սկսում է խոսել սնկերի մասին: Հետդարձի ճանապարհին նրանք նորից ու կրկին խոսում են սնկերի մասին՝ արդեն անկարող ու հուսահատված, քանի որ գիտեին, որ այլևս երբեք, երբեք չեն խոսելու սիրո մասին:

Տուն վերադառնալով տղամարդը մտածում է, որ ինքը չէր խոսել սիրո մասին իր հանգուցյալ սիրուհու պատճառով, որի հիշատակը չէր կարող դավաճանել: Բայց մենք հո շատ լավ ենք հասկանում. դա ընդամենը կեղծ պատճառաբանություն է, որը նա հորինել է ի մխիթարություն իրեն: Ի մխիթարությո՞ւն: Այո: Մենք կարող ենք համակերպվել սիրո կորստյան հետ ինչ-ինչ պատճառաբանությամբ: Եվ մեզ չենք ների երբեք, որ այն կորցրել ենք առանց որևէ պատճառի:

Այս փոքրիկ, շատ գեղեցիկ դրվագն ասես այլաբանորեն լույս սփռելիս լինի Աննա Կարենինայի մեծագույն նվաճումներից մեկի վրա. մարդկային արարքի անպատճառականության, անկանխատեսելիության, անհաշվարկելիության, անգամ առեղծվածայնության երևույթի լուսաբանման առումով:

Ի՞նչ ասել է արարք կամ գործողություն. վեպի հավերժական հարցերի հարցը, եթե կարելի է ասել նրա, այսպես կոչված, հիմնարար հարցը: Ինչպե՞ս է ծնունդ առնում վճիռը: Ինչպե՞ս է այն վերափոխվում գործողության, և ինչպե՞ս են արարքները շաղկապվում իրար հետ, որպեսզի դառնան վիպական պատում:

Կյանքի զարմանահրաշ ու խառնիխուռն նյութից հին վիպասանները ջանում էին առանձնացնել, վերացարկել զտագույն բանախոհականության թելը: Նրանց տեսադաշտում բանախոհաբար ըմբռնելի դրդապատճառը կամ շարժիչ ուժը ծնունդ է տալիս արարքին, վերջինս էլ իր հերթին մղում է հաղորդում մյուսին: Վիպական պատումը արարքների կամ գործողությունների մի շղթա է՝ հստակագույնս որոշարկված պատճառական կապի միջոցով:

Վերթերը սիրում է իր բարեկամի կնոջը: Նա չի կարող դավաճանել բարեկամին, չի կարող հրաժարվելլ իր սիրուց, հետևաբար ինքնասպան է լինում: Ինքնասպանությունը թափանցիկ է ու տրամաբանված, ինչպես մաթեմատիկական հավասարումը:
Բայց ինչո՞ւ ինքնասպան եղավ Աննա Կարենինան:
Տղամարդը, որ սիրո փոխարեն խոսում էր սնկերի մասին, ուզում է հավատալ, որ դրա պատճառը իր կապվածությունն էր հանգուցյալ սիրուհու հանդեպ: Եթե քննելու լինեինք Աննայի արարքի պատճառները, դրանք մոտավորապես նույնարժեք պիտի լինեին: Ճիշտ է, մարդիկ նրա նկատմամբ նողկանք էին ցուցաբերում, բայց մի՞թե ինքն էլ իր հերթին չէր կարող նույն կերպ պատասխանել նրանց: Նրան թույլ չէին տալիս տեսակցել իր որդուն, բայց արդյո՞ք դա այդքան անելանելի ու փակուղային իրավիճակ էր: Վրոնսկին, ճիշտ է, մի քիչ հուսախաբված էր, բայց չնայած դրան, չէ՞ որ առաջվա պես սիրում էր նրան:

Ի դեպ, Աննան կայարան էր եկել ոչ ամենևին ինքնասպան լինելու նպատակով: Նա եկել էր Վրոնսկուն գտնելու հույսով: նա նետվում է գնացքի տակ՝ դա անելու համար առանց որևէ վճիռ կայացրած լինելու: Ավելի շուտ՝ վճիռն էր, որ կայացրել էր Աննային: Նա էր նրան ընդ-կալել: Ինչպես այն տղամարդը, որ սիրո փոխարեն սնկերի մասին էր խոսում, Աննան գործում է «մի ինչ-որ անսպասելի մղումի պատճառով»: Դա բնավ չի նշանակում, թե նրա արարքը զուրկ է իմաստից: Միայն թե այդ իմաստը գտնվում է բանախոհաբար ընկալելի պատճառակցական կապից անդին: Տոլստոյը ստիպված էր գործածել (վեպի պատմության մեջ առաջին անգամ) գրեթե ջոյսյան ներքին մենախոսությունը, որպեսզի վերստեղծեր սահանկող ազդակների, փութանցիկ զգացողությունների, հատածական դատողությունների նրբանուրբ հյուսվածքը, որպեսզի մեզ համար տեսանելի դարձներ Աննայի հոգու՝ դեպի ինքնասպանություն տանող ճանապարհը:

Աննայի հետ մենք հեռու ենք Վերթերից, հեռու ենք նաև Դոստոևսկու Կիրիլովից: Կիրիլովն ինքնասպանություն է գործում, որովհետև նրան դրան են մղում միանգամայն որոշակի դրդապատճառներ, հստակագույնս նկարագրված ինտրիգային հանգամանքներ: Նրա արարքը, թեև խելահեղ ու անմիտ, միանգամայն բանախոհական է, գիտակից, մտածված, կանխամտածված, կշռադատված: Կիրիլովի բնավորությունն ամբողջովին հիմնված է ինքնասպանության նրա արտասովոր փիլիսոփայության վրա, և արարքն ընդամենը տրամաբանական շարունակությունն է նրա գաղափարների:

Դոստոևսկին մտահասու է դառնում բանականության խելահեղությանը, որը համառությամբ ձգտում է հասնել իր տրամաբանական ավարտին: Տոլստոյի հետազոտության դաշտը միանգամայն հակառակ նպատակ է հետապնդում. նա քողազերծում է անտրամաբանականի, ենթագիտակցականի միջամտությունները: Ահա թե ինչու խոսեցի նրա մասին: Տոլստոյի հիշատակությունը Բրոխին տեղակայում է եվրոպական վեպի կարևորագույն հետազոտություններից մեկի ենթատեքստում՝ ենթագիտակցականի դերակատարությունը մեր որոշումներում, մեր կյանքում:

Ֆրանսերենից թարգմանեց Աշոտ Ալեքսանյանը

No Comments

Post A Comment