Մարիա Պավլիկովսկա – Յասնոժևսկա | Maria Pawlikowska-Jasnorzewska

 

 

Մարիա Պավլիկովսկա – Յասնոժևսկա | 1891-1945թթ., Լեհաստան

 

Նամակ

Նամակ է ստացել։ Սիրտը խփում է։
Գնում է կարդալու ծաղկած խնձորենիների տակ։
Կարդում է, ձեռքով սեղմում կոկորդը:
Ոտքերի տակից հողը գնում է:  Խեղդվում է օդում։

Նամակ

Կրակին՝ սիրային օրագիրը,
Կրակին՝ տրցակը նամակների,
Եվ դուք, կրակից ծնվածներդ,
Կրակ դարձեք կրկին։

Նամակներ

Պանին կորցնում է արժանապատվությունը,
ու դարպասների մոտ ինքն է սպասում փոստատարին։
Նայում է տխուր, տխուր, ու աղերսում ժպիտով,
ինչպես վիրավորը՝ պառկած պատգարակին։

Առանց նամակի օրերը խեղդվում են,
ընկնում են անտակ հորը վշտի․․․
ու զարմանքով նեղսրտում է փոստատարը․
«Ախ, թե այնտեղ լինեի` ես կգրեի քեզ»։

Նամակ

Անձրև է գալիս։ Մոխրագույն թույնը
ապակու վրայով իջնում է կաթիլ-կաթիլ։
Փոստատարն անցնում է իմ դռան մոտով
Ու նրա ամեն քայլն ինձ խոցում է։
Ախ, նամակն ուղարկված ծովերից այնկողմ,
իմ պստլիկ, սպիտակ հիդրոպլան,
կորել է, կորել է անհետ,
ինչպես Նունգեսերն ու Կոլին:

Նոյեմբեր ու փոստատար

Նոյեմբեր է սև, փոքր-ինչ ոսկեգույն,
թաց հայելին է ձեռքում բռնել երկիրը,
պատուհանից հեկեկում է ցավը կարոտի․
նամակներ չկան, չկա փոստատար։

Ոչ լույսով կգա, ոչ էլ գիշերը,
ոսկե թերթիկներն աչքերն են լցվում,
քամին ուժով բացում է պայուսակը նրա,
ու նամակները թռցնում ճամփեքին։

Փոստատարը ծածկվեց տերևների շեղջով,
ոսկե տարափ է շեփորվող սրտերի,
ախ, կորել էր սուլոցների քաոսում
նամակը, սպիտակ թուղթը սիրելի՜ ծառից։

Լեհերենից թարգմանեց Տաթև Խաչատրյանը

No Comments

Post A Comment