Էմիլի Դիքինսըն | 20 հետաքրքիր փաստ

Էմիլի Դիքինսըն | 1830-1886թթ., ԱՄՆ

20 հետաքրքիր փաստ Էմիլի Դիքինսընի կյանքից

1. Էմիլի Դիքինսընը համաշխարհային պոեզիայի ամենանշանավոր և ամենաընթերցվող հեղինակներից մեկն է առ այսօր, իսկ կյանքի օրոք նա առավելապես հայտնի էր իբրև այգեգործ:

2. Ապրել է 55 տարի, գրել շուրջ 1800 բանաստեղծություն: Կենդանության օրոք հրատարակվել են բանաստեղծություններից միայն տասը՝ խմբագրական կոպիտ միջամտությամբ:

3. Նա նորարար էր ու մարտահրավեր էր նետել պոետական կարծրատիպերին. նրա բանաստեղծություններում հանդիպում էին անսովոր կետադրությունն ու գլխատառերը, վերնագրերը բացակայում էին, հանգերը չէին փայլում, տողերը մեկ կարճ էին, մեկ երկար, հորիզոնական և ուղղահայաց:

4. Ընտանիքում բոլորը հավատացյալ կալվինիստներ էին, ինքն իրեն համարում էր հեթանոս:

5. Կարճ պահ Դիքինսընը ուսանել է օրիորդաց վարժարանում, որտեղ, ինչպես նշում էր նամակներում, մեռնում էր ձանձրույթից ու ապրում օտարված: Գիտությունը կարևորում էր Աստծուց, իսկ դա հերիք էր, որ նրա մտքերը համարվեին անպատկառ և հեռացնեին վարժարանից:

6. Սիրում էր նամակներ գրել ու մարդկանց մասին կարծիք էր կազմում ըստ վերջիններիս նամակ գրելու ունակության:

7. Սիրահարված էր եղբոր կնոջը՝ Սյուզանին. նրան ձոնում էր նամակներ ու բանաստեղծություններ, նվիրում իր սիրած բույսերից: «Եթե անգամ ժամանակ չունես, որ ինձ երկար-բարակ պատմես, թե ինչպես ես, ամեն շաբաթ ընդամենը մի տող գրի. «Ես քեզ կարոտում եմ», և ուղարկիր ինձ նամակով», – գրում էր Սյուին, երբ նա հեռու էր տնից:  

8. Սովորություն ուներ նամակներին կից ծրարի մեջ չորացրած ծաղիկներ դնել:

9. Բույսերի ու ծաղիկների համար խելքն իրենը չէր: Ջերմոցում ծաղիկներ էր աճեցնում, այգում՝ բալենիներ, խնձորի ու տանձի հազվագյուտ տեսակներ:

10. Կյանքի օրոք մի հսկա գիրք էր կազմել, որի մեջ սոսնձով փակցրել էր հատուկ մամլիչի տակ չորացրած ծաղիկներ ու բույսեր՝ նշելով յուրաքանչյուրի լատիներեն անվանումն ու մանրամասն նկարագրությունը:

11. Անթերի տիրապետում էր լատիներենին:

12. Նախընտրում էր սպիտակ զգեստներ կրել և ընտանիքի անդամներին խնդրել էր՝ հուղարկավորել իրեն սպիտակ դագաղի մեջ, սպիտակ զգեստով:

13. Նրա սեղանի գիրքը Շարլոթ Բրոնտեի «Ջեյն էյր»-ն էր:

14. Իր սիրած վեպում մի շուն կար, անունը՝ Կառլո: Երբ հայրն Էմիլիին նյուֆաունդլենդ ցեղատեսակի շուն է նվիրում, շատ դեսուդեն չի ընկնում, թե ինչ անուն դնի. սիրած գրքի շան պես անունը դնում է Կառլո: Կառլոն Էմիլիի լավագույն բարեկամն էր: Նամակներից մեկում նշում է, որ իր շունը լռելով ասում է ավելին, քան ուրիշները՝ հազար ժամ խոսելով:

15. Հայրն իրավաբան էր, հարգված փաստաբան վիգերի կուսակցությունում: Նա պարբերաբար գնում էր դստեր համար գրքեր և զուգահեռաբար չէր մոռանում հորդորել, որ քիչ կարդա դրանք, քանի որ գրքերը մարդու միտքը շեղում են:

16. Վաղ տարիքից որոշում է սահմանափակել շփումը մարդկանց հետ, իսկ կյանքի վերջին քսան տարիներին առհասարակ փակվում է իր սենյակում և այնտեղից դուրս չի գալիս: Հյուրեր չի ընդունում, իսկ տանեցիների հետ շփվում է դռան արանքից: Նա գրում է. «Բանտարկյալ չես այնտեղ, ուր ազատությունը քեզ հետ է»:

17. Էմիլին դեմ էր կնոջ համար նախատեսված կյանքին՝ «իր բաճկոնակի չափ փոքր չափսի կյանք», ահա թե ինչպիսին էր այն: Կինը «պետք է բարձրանար տղամարդու պահանջների հանգույն և լծվեր միակ արժանապատիվ աշխատանքին՝ լինելու կին և կողակից»: «Ես կուզեի կտրել կուրծքս, դեմքիս մորուք կպցնել», «ինչո՞ւ ես չեմ կարող լինել Վիգերի կուսակցության պատվիրակը: Մի՞թե ես էլ գլուխ չեմ հանում սակագներից կամ օրենքներից»: «Նրանք ուզում են լռեցնել ինձ իրենց արձակի մեջ, ինչպես փոքրիկ աղջկա՝ պահարանի մեջ փակված… իսկ ունա՞կ են արդյոք տեսնելու ինձ ու իմ ուղեղը…» – գրում է իր բանաստեղծություններում ու նամակներում:

18. Շրջակայքում նրան համարում էին տարօրինակ. չի ամուսնացել, երեխաներ չունի: Տարբեր անուններ էին կպցնում՝ Ամհերսթի միֆը, Ամհերսթի միանձնուհին և այլն:

19. Մահվանից առաջ քրոջը՝ Լավինիային, խնդրում է այրել իր գրվածքները: Լավինիան սրբորեն կատարում է քրոջ ասածները. վառում է իր ու Էմիլիի նամակագրությունը, իսկ հետո սենյակը կարգի բերելուց հին սնդուկի մեջ հայտնաբերում է գրոտած թղթերի շատ մեծ մի կույտ: Թվով 1800-ն էին: Բանաստեղծություններ, որոնք Էմիլին երբեք չէր կարդացել իրենց համար բարձրաձայն: Ոչ մեկի ցույց չէր տվել՝ չհաշված նամակներում երբեմն ժլատորեն կցված մեկ-երկու քառատող: Եվ քանի որ Էմիլին ոչ մի խոսք չէր ասել բանաստեղծությունների մասին, Լավինիան ոչ միայն չի այրում դրանք, այլև հանդգնում է հրապարակել:

20. Էմիլի Դիքինսընի առաջին գրքույկը լույս է տեսնում նրա մահվանից չորս տարի անց, տասնմեկից ավելի խմբագրումներով, բնօրինակից հեռացած: Դիքինսընի անունը շռնդալից ճանաչում է գրանցում: Ավելի ուշ մասնագետները վերականգնում են ձեռագրերը:

No Comments

Post A Comment