Սիրային բանաստեղծություններ ամուսնացածների համար

Սիրային բանաստեղծություններ ամուսնացածների համար

Զահրատ

Կենակից

Կը կենակցիմ – կը կենակցիս – կը կենակցի
Կը կենակցինք – կը կենակցիք – կը կենակցին
Ընտանի՞ք
ծածկած տանիք
ուրկէ ջուրը ներս կը թափանցէ
– Զաւակներ – շատ շատ –
Երկիրը դժբախտներու պէտք ունի
Որպէսզի երջանիկներ յոխորտան անոնց վրայ

 

Գայանե Բաբայան

*
Նա նվաճեց աշխարհը
Սան-Ռեմոյի միսս-շոու փառատոնում,
Հետո վար իջավ
Ու քերեց իր տան կաթսաների մուրը:
Նա ուզում էր… թեև ամաչում էր,
Որ ինքն էլ, Մերիլինն էլ կին էին,
Եվ սակարկեց ամուսնու հետ,
Եվ սպանած հմայքներն իր գնահատեց
Մի կիլո միս,
Մարգարին
Եվ կոշիկ` բոբիկ երեխայի համար,
Բայց չմոռացավ իր երազանքից
Անհնազանդ մի փունջ
Ուղարկել Սան-Ռեմո…

Արփի Ոսկանյան

Օրերը սկսվում ու ավարտվում են

Ներիր, իմ արքայազն,
Որ էդ լակոտից հետո լենքիս տվեցի
Ու նման չեմ էն աղջկան,
Որին սիրում էինք ես և դու:
Ներիր, որ ֆենած չեն մազերս,
Ու աչքերիս մեջ հանգած ատրուշանը
Մխում է ծուխ անելով…

Ներիր, որ հազվադեպ եմ շոյում գլուխդ
Եվ հաճախակի՝ կեղտոտ ամանները ջրի տակ,
Որ սեր անելը հոգս է դարձել՝
Կենցաղային այլ հոգսերի շարքում…
Ներիր, որ երազանքներիս տեղը
Բիզնես-ծրագրերն են զբաղեցրել,
Որ կյանքն ինձ հետ նման չէ հրավառության,
Անակնկալներով լի ատրակցիոնի,
էքստրեմալ սպորտաձևի,
Տիեզերական պատերազմների,
Որ օրերը սկսվում ու ավարտվում են…
Որ օրերը սկսվում ու ավարտվում են:

Ուզում եմ ամեն առավոտ, հենց աչքդ բացես,
Ինչ-որ լավ բառեր ասել որպես փոխհատուցում.
Ասել, ասենք, որ դու
Ինձ հետ կատարված ամենալավ բանն ես,
Ու դա չկեղծված ճշմարտություն է,
Բայց
Օրերը սկսվում ու ավարտվում են…
Օրերը սկսվում ու ավարտվում են…

 

Գևորգ Թումանյան

*
Արդեն բարձրաձայն և հաճախակի է

կինս տրտնջում և բողոքում
մխիթարելու համար
ասում եմ
հաջորդ անգամ
ես կհղիանամ
երախտագիտությամբ համաձայնվում է

 

Ջոն Քինի | John Kenney

Մեր հանգստյան օրերն առանց երեխաների

Մենակ ենք
վերջապես
մեքենայի մեջ
երկուսով միայն:
Մի գիշեր ընտիր հոթելում:
Զանգե՞նք տուն,
հարցրեցիր
ճամփին,
ժպտացիր:
Լրիվ լուրջ:
Չէ, ասացի: Չարժի:
Ծնողներդ լեզու գտնում են երեխաների հետ:
Հա, ճիշտ ես, ասացիր:
Մի տեսակ ծիծաղելի է առանց երեխաների:
Երբ սենյակ մտանք, ասացիր՝
տարօրինակ է՞, որ կարոտում եմ նրանց:
Չափազանց տարօրինակ, կասեի,
որովհետև ինքս այդ պահին նրանց անունները հազիվ էի հիշում:
Ես ուզում էի թանկ գարեջուր
ու սեքս:
Քո ծրագրերն իմինից տարբերվում էին ակնհայտ:
Քո ծրագրի կետերն էին՝ նստել
մահճակալի տակ
գինու բաժակը ձեռքիդ
ու լաց լինել՝
մինչ նայում ես մեր երեխաների նկարները հեռախոսով:

Դե, ասացի ես, սեքսը ոչ էլ քննարկվեց,
ու բանալին հանձնեցի:
Ինձ թվում է՝ աշխատողը մտածեց, թե իր հետ եմ:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

Մար Մարգարյան

*
նա չի կարդում քեզ համար բանաստեղծություններ 
նա չի հիանում քո նկարներով
նրա սիրտը չի թրթռում քո ձայնից
նա քո կինն է

 

Մարամ ալ-Մասրի | Maram al-Masri

*
Նա երկու կին ունի.
մեկը քնում է նրա անկողնում,
մյուսը` անկողնում նրա երազի:
Նա երկու կին ունի,
որոնք սիրում են իրեն.
մեկը լուռ ծերանում է նրա կողքին,
մյուսն իր երիտասարդությունն է նրան նվիրում`
կաթվածահար անելով իր սեփական կյանքը:
Նա երկու կին ունի.
մեկը իր տան սրտում,
մյուսն իր սրտի տանը…

Արաբերենից թարգմանեց  Էդուարդ Հարենցը

 

Գագիկ Կիլիկյան


Իմ սերը
Ամեն գիշեր
Քնում է օտար տղամարդու հետ
Օրինականորեն…

 

Էնն Սեքսթըն | Anne Sexton

Սիրեկանիս, ով վերադառնում է իր կնոջ մոտ

Նա անմահ է:
Նա զգուշորեն հալչել է քեզ համար
և բուսնել քո մանկությունից,
քո հարյուրավոր սիրելի խաղալիքներից:
Նա միշտ կա, սիրելիս,
Նա շատ նրբագեղ է, եթե ճիշտն ասենք:
Հրավառությունը մռայլ փետրվարի կեսին
և իրական ինչպես չուգունե կճուճ:
Ճիշտն ասենք, ես ժամանակավոր եմ եղել:
Շքեղություն: Միակայմ կարմիր նավ`
նավահանգստում:
Բարակավիզ կակղամորթ անժամանակ ծնված:
Իսկ նա ավելին է: Նա քո ունեցվածքն է,
ջրել ու աճեցրել է քեզ. արևադարձայինիդ:
Ոչ մի գիտական փորձ: Տեղով
ներդաշնակություն է:
Նա նորոգում է մակույկի թիերն ու թիանցքները,
Նախաճաշին լուսամուտի գոգին վայրի
ծաղիկներ է դնում:
Կեսօրին նստել է բրուտի անիվի մոտ,
լուսնի տակ երեք երեխա է բերել,
երեք քերովբե` Միքելանջելոյի ձեռքով նկարած:
Ծնել է` բացելով ոտքերը մատուռում
այն սարսափելի ամիսներին:
Եթե վերև նայես, կտեսնես երեխաներին-
գեղեցիկ օդապարիկներ առաստաղի տակ:
Նաև ճաշից հետո գրկել տարել է նրանց
քնեցնելու, գլուխները թույլ  ընկած,
ոտքերը դեռևս աշխույժ, և դեմքը նրա
շառագունել է օրորոցայինից ու նրանց անուշ քնից:

Ես վերադարձնում եմ քեզ քո սիրտը:
Ես քեզ թույլ եմ տալիս…

Հանուն նրա մեջ գտնվող պայթուցիկ նյութի, որը
ցնցվում է
կեղտի մեջ, հանուն նրա մեջ ապրող քած շան,
հանուն վերքի թաղման,
հանուն կարմիր ու կենդանի վերքի թաղման,
հանուն նրա կողերի տակ առկայծող թույլ լույսի,
հանուն նրա ձախ զարկերակում սպասող հարբած
նավաստու,
հանուն մայրական ծնկի, հանուն գուլպաների,
հանուն կոնքագոտու, հանուն կանչի…
այն զարմանալի կանչի,
երբ դու կփորփրես նրա բազուկներն ու 
ստինքները,
կպոկես նրա վարսերի նարնջագույն ժապավենը
ու կարձագանքես կանչին, զարմանալի կանչին:
Նա այնքան մերկ է ու եզակի:
Նա քո էության և քո երազի հանրագումարն է:
Մագլցիր նրան, որպես արձանի, քայլ առ քայլ,
նա չի երերա:

Իսկ ես ջրաներկ եմ:
Շուտ եմ մաքրվում:

Անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը

Հասմիկ Սիմոնյան

Վերջին նամակ

սիրելիս, ամեն ինչ գարնանը սկսվեց, և ահա ամեն ինչ կավարտվի գարնանը:
Դանակը՝ կոկորդիս
պնդում ես, որ վհուկ էի, չար էի, ագահ:
Հարվածներդ բռունցքով են կամ ոտքով: Բառերդ՝ նեխած ջուր, փսխում եմ
բերանով բարձին: Մեր կատուն միզել է բազմոցին: Մենք բավարար չենք սիրել նրան:
Անդադար ջերմում եմ: Տանը չես: Հույս ունեմ՝ շուտ չես գա, սիրելիս:
Սիրելիս, ես վախենում եմ քեզնից: Սիրելիս, խնդրում եմ մեռիր:

Գրքեր կան, որ կուզեի կարդալ: Կկարոտեմ նրանց հատ-հատ:
Եվ բառերը կկարոտեմ, որ ժամանակ չունեցա ծանոթացնել իրար հետ:
Եվ կատուներին բոլոր, և պատշգամբները՝ ծաղկուն ու կանաչած,
և Ասյային չգրկած:

Եվ խնձորները կարմիր, և տները մեր միասին ապրած, և ծիրանի ճյուղերը ծաղկած,
որ պոկոտել էիր ու բերել ինձ նվեր,
և քո թողած հետքերը մեզի՝ զուգարանակոնքին,
և մեր ընթրիքները միասին, ուշ նախաճաշերը,
իրար հետ ապրելը, հետո էլի առանձին, հետո նորից միասին,
և հետո մեր՝ գործից տուն շտապելը, որ միասին լինենք,
անփողությունն ու օրերը գերշռայլ,
և իմ սիրտն եմ կարոտում, սիրելիս, իմ սիրտը՝ երերուն ու խելառ,
և մեղադրանքները քո, որ էլ չեմ ուզում լսել, նորից ասա,
գոռա բարձրաձայն, անընդհատ կրկնիր, խնդրում եմ,
ես չպետք է ոչ մի դեպքում մոռանամ:

Ափսոս, որ երեխաները շուշաններ չեն՝ դաշտում աճած:

Դու ջահել էիր, ես՝ մի քիչ ավելի շատ:
Նստում էինք քո մեքենան, ես ծիծաղում էի հարբած ու ոտքերս հենում դիմապակուն,
դու բռնում էիր ձեռքս ամուր, գնում էինք ինչ-որ տեղ, առաջ,
իրար հետ անսահման ջահել էինք,
ու սիրո մասին չէինք խոսում, որովհետև սիրո մասին
էի՛նք:

Ես շուրթերս սեղմում եմ, դու գոռում ես կատաղած և ասում ես բառեր՝ անթույլատրելի կոպիտ,
և ես ինքս էլ չեմ զսպում ինձ.
դու իմ բոլոր սպիերն ես՝ քսանչորսից հետո:
Բոլոր հնարավոր անուններն ես, պատճառը լինելու ու չգոյության:
Ուռուցիկ տողեր մաշկիս, առանց բառերի
ջնջումներ
ջնջումներ
միայն:
Ու երեսուներկուսում մի դասընթացից հետո
մի աղջիկ մոտեցավ աննկատ
ու շոյելու պես դաստակիս սպիերին հպվեց: Բառ չասեց: Ու ես էլ չասեցի:
Ախ, աղջիկ: Ա՛խ, բարի կայծակ:

Օրերը գնալով ցրտում են,
Դու չգիտես՝ լացես, թե գոռաս:
Ես նստում եմ մթության մեջ ու կրկնում քրեական հոդվածները
հնարավոր սպանության հիմքով,
իսկ հետո վերցնում եմ մի սուր բան ու սկսում դաստակս տողատել:

Օրերը ձմեռ են, սիրելիս:
Ասա, որ դու էլ ես մրսում, իմ կողքին քեզ էլ ա ցուրտ, 
ու որ տնից փախչում ենք առանց հիմնավոր պատճառի,
կռվի թեմա էլ չկա, ուղղակի ոչ դու լքել գիտես, ոչ՝ ես: 
Եվ Էն, ինչ դու սեր ես կոչում,
և էն, ինչին ես ասում եմ կապվածություն հիմար,
չգիտեմ ինչով են թրմում, ոնց են քերում լեզվից,

Մենք ժանտախտ ենք, ժանտախտ ենք, սիրելիս,
ու մեր ներսում բոլորը դիեր են՝ մարդիկ ու տներ խորտակված,
ու ես ժանգահամ եմ բուրում, դու՝ քրտինք:
Դանդաղ քայքայլում ենք իրար ու դանդաղ մեռնում իրար մեջ:
Անտանելի հոգնել ենք իրարից:
Սիրելիս:

 

Վիսլավա Շիմբորսկա | Wisława Szymborska

Ամուսնալուծություն

Երեխաների կյանքում առաջին աշխարհի վերջն է:
Կատվի համար` նոր Տեր:
Շան համար` նոր Տիրուհի:
Կահույքի համար` աստիճաններ, դղրդյուն, սայլակ ու բեռնափոխադրում
Պատերի համար` հանված նկարների դատարկ քառակուսիներ:
Ներքևի հարևանների համար` թեմա, ձանձրույթի ընդմիջում:
Ավտոմեքենայի համար լավ է, որ երկուսը լինեն::
Վեպերի, պոեզիայի դեպքում – լավ, վերցրու, ինչ ուզում ես:
Ավելի վատ է հանրագիտարանի,
տեսասարքավորման պարագայում,
ու ճշգրիտ ուղղագրության ուղեցույցի,
որտեղ անշուշտ ցուցումներ կան երկու անվան վերաբերյալ –
արդյո՞ք միացնել դրանք  «և» շաղկապով,
թե՞ բաժանել վերջակետով:

Լեհերենից թարգմանեց Նաիրա Մախչանյանը

 

Խուլիո Կորտասար  | Julio Cortázar

Տարեդարձից հետո

Ահա և բոլորը գնացին
մնացին միայն կեղտոտ ափսեները, մոխրամանները,
և մենք` երկուսով,
ինչ հրաշալի է իմանալ,
որ դու
գիշերամուտին
ինձ հետ մենակ ես մնացել,
դու չես հեռացել.
անկողինը բաց է,
և կրկին
ձգտում ենք իրար
և առավոտյան, նորից ծիծաղելով,
մենք արթնանում ենք միասին:

Իսպաներենից թարգմանեց Նաիրա  Համբարձումյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment