Սերը սիրում է սիրել սերը | Սիրային բանաստեղծությունների ընտրանի

Սերը սիրում է սիրել սերը | սիրային բանաստեղծությունների ընտրանի


Խորխե Լուիս Բորխես | Jorge Luis Borges 

Ապրելով սպառնալիքի ներքո

Սա սերն է: Ես պետք է թաքնվեմ և կամ փախչեմ:
Նրա բանտի պատերը բարձրանում են, ինչպես սարսափելի երազում: Գեղեցկության
դիմակը փոխվեց, բայց, ինչպես միշտ, միակը մնաց: Այդ ի՞նչ
ծառայություն այժմ պիտի ինձ մատուցեն թալիսմանները այս. գիտական պարապմունքները, այս մեծ
էրուդիցիան, իմացությունն այն բառերի, որոնցով խստամբեր Հյուսիսը
իր ծովերն ու դրոշներն է երգել, խաղաղ բարեկամությունը, իմ մոր
սերը դեռատի, մարտական ստվերները մեռյալների, անժամանակ գիշերները և
բույրը երազի:

Լինել քեզ հետ կամ չլինել քեզ հետ – ահա չափման միավորը իմ ժամանակի:
Սափորն արդեն շնչահեղձ է լինում աղբյուրի տակ, մարդը բարձրանում է
Թռչունի ձայնի հնչյունին, բոլոր նրանք, ովքեր նայում էին պատուհանից, կուրացան,
Սակայն խավարը հաշտեցում չբերեց:

Ես գիտեմ՝ ինչ է սերը. տանջալից թախիծ և թեթևացում,
որ լսում եմ ձայնդ. սպասում և հիշողություն, ապրելը շարունակելու սարսափ:
Սերն է՝ իր միֆերով, իր մանր և անօգուտ հրաշքներով,
ահա այն անկյունը, ուր ես չեմ հանդգնում մտնել:
Ինձ են մոտենում զինված հորդաները:
(Բնակության այս վայրն անիրական է, և ում սիրում ես, չի նկատում այն):

Ինձ մատնում է կնոջ անունը:
Իմ ողջ մարմնում կինն է ցավի պես նվում:

Ռուսերենից թարգմանեց Հակոբ Մովսեսը

 

Նիզար Կաբբանի  | Nizar Qabbani

Երբ վազում են ծառերը

Երբ մի կնոջ եմ սիրում,
Սոսափյունով դեպ ինձ են վազում
Բոլոր ծառերը…

Արաբերենից թարգմանեց Ռուզաննա Մանուկյանը

 

Պոլ Էլյուար | Paul Éluard

Շաբաթ

1
Գետի ալիքները
Աճը երկնքի
Թևի ու տերևի քամին
Հայացքը խոսքի

Եվ փաստը որ քեզ սիրում եմ
Ամեն ինչ շարժման մեջ է:

2
Լավ լուրերը
Սկսվում են այս առավոտ
Դու երազում էիր իմ մասին:

Ֆրանսերենից թարգմանեց Թոնդրակը

 

Խուլիո Կորտասար | Julio Cortázar

Սիրային Նամակ
(Ժամանակակից բանաստեղծություն)

Այն ամենը, ինչ քո մեջ պետք է սիրեի,
իրականում այնքան քի՛չ է,
իրականում ողջը հենց այդ է:

Մոտակայքում թափառող շունը, բլուրը, ափը գետի,
տաղտուկը ամենօրյա, ամեն տեսակ դատարկ բաները,
վարսերը` ցորենի ոսկով ծփացող,
բույրը քո մարմնի, որ ինձ հետ է ամենուր,
օրվա ընթացքում ասած քո խոսքերը`
իմ դեմ և իմ օգտին:

Այդ ամենը այնքան քիչ է,
բայց չէ՞ որ ես սիրում եմ այդ ամենը,
քանի որ սիրում եմ քեզ:

Թող որ նայես ու չնկատես ինձ,
թող որ գիշերը ինձ սիրես`
ատելով առավոտյան,
թող որ դու ճչաս` տրվելով ինձ,
և քո ճիչը լսեն փողոցում.
և թող հաճույքները, որոնց կտրվենք մենք,
դառնան նշանը մեր ազատության:

Իսպաներենից թարգմանեց Նաիրա  Համբարձումյանը

 

Յուրիս Կրոնբերգս | Juris Kronbergs

*
Դու լրացնում ես ինձ,
ինչպես հիվանդանոցը լրացնում է հիվանդին:

Լատվերենից թարգմանեց Գոհար Ասլանյանը

 

Բիժան Էլահի  | Bijan Elahi

*
Այնպես կիպ կպած եք քնած,

որ երազի կեսը դու ես տեսնում, կեսը՝ նա,
և հրեաները բոլոր
ձեր միջով անցնում են
առանց թրջվելու:

Պարսկերենից թարգմանեց Էդիկ Պողոսյանը

 

Է. Է. Քամինգս | E. E. Cummings

*
Սիրում եմ մարմինս, երբ այն քո մարմնի
Հետ է: Իմը նորանում է:
Մկաններս ավելի լավն են, նյարդերս՝ ավելի շատ:
Ինձ դուր է գալիս մարմինդ, դուր է գալիս, թե ինչ է անում,
Ոնց է անում, ինձ դուր է գալիս զգալը մարմնիդ
Ողնաշարը, ոսկորներն ու դողը՝
Ամր ու փափկ -ությունն ու այն, ինչ ես
Կրկին, կրկին ու կրկին
Համբուրում եմ: Ինձ դուր է գալիս քեզ համբուրել այսուայնտեղ,
Դուր է գալիս դանդաղ շոյելը ինձ՝
Քո էլեկտրականացած մազերի վրա, ու այն, ինչ դուրս է գալիս մարմնիցս…
Իսկ աչքերը՝ մեծ սեր-փշրանքներ են,
Եվ հնարավոր է, որ ինձ դուր է գալիս իմ սարսուռն ու քո՝
այդքան նոր լինելը:

Անգլերենից թարգմանեց Լիլիթ Հակոբյանը


Գյունթեր Գրաս | Günter Grass

Խոստովանություն

Անչափ փոքրիկ սենյակս
կամենում եմ պաստառել բանաստեղծություններով:
Սերտ միանալով իրար` բոլոր չորս պատերը
պետք է, որ մատնեն այն, ինչ քեզանից, սեր իմ,
մանրամասն թաքցրել եմ:

Գերմաներենից թարգմանեց Արա Առաքելյանը



Էռնեստ Հեմինգուե
յ | Ernest Hemingway


Վալենտին

Թե դու չդառնաս իմ վալենտինը,
Ես կկախվեմ… քո տոնածառից:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Federico García Lorca

Սա ճիշտ է

Օ, ինչ ծանր է սիրել քեզ այնպես
ինչպես ես եմ սիրում:

Քո սիրուց տանջում է ինձ օդը
իմ սիրտը
ու իմ սոմբրերոն:

Իսկ ով կգնի ինձանից
այս ժապավենը,
այս տխրությունը ճերմակ բամբակից,
որ թաշկինակներ կարի անհամար:

Օ, ինչ ծանր է սիրել քեզ այնպես
ինչպես ես եմ սիրում:

Իսպաներենից թարգմանեց Հովհաննես Գրիգորյանը

Շամս Լանգյարուդի |  Shams Langeroodi

*
Նայիր ոնց են ծերանում
Այն երազները, որ քեզ չգտած հեռանում են
Աշխարհից:

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

 

Անիզ Կոլց | Anise Koltz

Ռընե Կոլցին` ի հիշատակ

Մաշկս զգում է
խոնավ բակեր
լքված դաշտեր

Ես կռանում եմ
աշխարհի եզրին

դու ոչ մի տեղ չկաս 

Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր Թոփչյանը 

 

Ամերիգո Յաննակոնե | Amerigo Iannacone

Ներկայություն

Եվ օրեր, ամիսներ, տարիներ
բացակայությունից հետո,
բացակայությունդ ևս
դարձավ
ներկայություն:

Իտալերենից թարգմանեց Հակոբ Սիմոնյանը

Աբբաս Քիառոսթամի | Abbas Kiarostami

*
Ո՞ւր է հիմա,
ի՞նչ է անում
նա, ում մոռացել եմ:

Պարսկերենից թարգմանեց Էդիկ Պողոսյանը

 

Ալեն Գինսբերգ | Allen Ginsberg

Չծաղկած

Զգույշ եղիր, դու հրաշքների աշխարհում չես…
Ես լսել եմ օտար խելագարությունը,
որ վաղուց աճում էր քո հոգում.
Բայց դու հաջողել ես քո չիմացության մեջ,
քո մենության մեջ:
Դու, որ տառապել ես,
գտիր այն տեղը, ուր սերն է թաքնվել…
տուր, կիսվիր, կորցրու,
որ չմեռնենք՝ չծաղկած:

Անգլերենից թարգմանեց Սոնա Մարտիրոսյանը

Դերըք Ուոլքոթ | Derek Walcott

Սեր՝ սիրուց հետո

Կգա ժամանակը,
երբ ցնծությամբ
կողջունես քեզ՝ հասնելով
քո իսկ դռանը, քո իսկ հայելուն,
և ամեն մեկդ բարի գալուստ կժպտա մյուսին,
ու կասի՝ նստիր այստեղ։ Կեր։
Դու կսիրես նորից օտարականին, որ ինքդ էիր։
Գինի կտաս։ Հաց։ Սիրտդ կտաս հետ՝
ինքն իրեն՝ օտարականին, ով սիրել է քեզ
ամբողջ կյանքում, ում անտեսել ես
մյուսի համար, ով քեզ սրտով անգիր գիտի։
Ցած բեր սիրո նամակները գրադարակներից,
լուսանկարները, հուսակտուր երկտողերը,
կճպիր սեփական պատկերդ հայելուց։
Նստիր։ Ցնծա կյանքիդ վրա։

Անգլերենից թարգմանեց Աննա Դավթյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment