Միլան Կունդերա | Դանդաղություն

Միլան Կունդերա | Milan Kundera
Ծնվ. 1929թ., Չեխոսլովակիա

Դանդաղություն
վեպ
ֆրանսերենից թարգմանեց Շուշանիկ Թամրազյանը

Անտարես
Երևան, 2020թ.

[հատվածներ գրքից]

Վախը բխում է ապագայից, իսկ նա, ով ազատագրվել է ապագայից, վախենալու բան չունի։

Արագությունն էքստազի մի ձև է, որ տեխնիկական հեղափոխության նվերն է մարդուն: Ի տարբերություն մոտոցիկլետի վարորդի՝ վազորդը երբեք չի մոռանում իր մարմինը՝ շարունակ ստիպված լինելով մտածել իր կոշտուկների, կտրվող շնչառության մասին. վազելիս նա ավելի, քան երբևէ զգում է սեփական մարմնի ծանրությունը, տարիքը, գիտակցում է իր գոյությունն ու ապրելու ժամանակը, որ տրված է իրեն: Ամեն ինչ փոփոխվում է, երբ մարդն արագ շարժվելու իր հատկությունը վստահում է մեքենային. Այդ պահից նրա մարմինը հայտնվում է խաղից դուրս վիճակում և իրեն հանձնում է աննյութեղեն, մաքուր արագության, արագության, որ գոյություն ունի ինքնըստինքյան, արագություն, որ էքստազ է:

Ինչու՞ է անհետացել դանդաղության հաճույքը։

Ժամանակակից աշխարհում պարապությունը վերափոխվել է շվայտության, իսկ դա լրիվ ուրիշ բան է․ շվայտ մարդն իրեն բավարարված չի զգում, նա ձանձրանում է՝ մշտապես վազելով շարժման հետևից, որ մշտապես պակասում է իրեն։

Մահացող երեխան ավելի մեծ արժեք է, քան մահամերձ չափահասը:

«Պարերգակը» շարքային քաղաքական գործչից տարբերվում է նրանով, որ ոչ թե իշխանություն է տենչում, այլ փառք, նրա ցանկացածը ոչ թե աշխարհին այս կամ այն հասարակական կազմակերպություն պարտադրելն է (նա թքած ունի դրա վրա), այլ պարզապես բեմահարթակին  հայտնվելը՝ հանուն սեփական «ես»-ի փայլատակման:

Բեմում հայտնվելու համար պետք է վտարել մյուսներին: Մի բան, որ պայքարի հատուկ տեխնիկա է ենթադրում: Պոնտըվենը «պարերգակի» պայքարն անվանում է բարոյական ձյուդո, «պարերգակը» ձեռնոց է նետում բովանդակ աշխարհին. ո՞վ կարող է լինել իրենից ավելի բարոյական (ավելի խիզախ, ազնիվ, անկեղծ, անձնազոհ, ճշմարիտ) երևալ: Ու նա անխտիր բանեցնում է բոլոր լծակները, որ թույլ են տալիս դիմացինին բարոյապես ստորադաս դիրք պարտադրել:

Եթե երբևէ «պարերգակը» հնարավորություն ունենար  մտնելու քաղաքական խաղի մեջ, նա ցուցադրաբար կմերժեր բոլոր գաղտնի բանակցությունները (որոնք միշտ էլ ճշմարիտ քաղաքականության խաղադաշտն են եղել)՝ հռչակելով դրանք կեղծ, անազնիվ, երեսպաշտ, կեղտոտ. իր առաջարկները կհայտներ հրապարակավ՝ հարթակից, կհայտներ՝ երգելով, պարելով, անվանապես կոչ անելով մարդկանց միանալու իր նախաձեռնությանը, ու պնդում եմ՝ դա կաներ ոչ թե անաղմուկ (որպեսզի մարդիկ խորհելու, հակադիր կողմի առաջարկի մասին մտածելու հնարավորություն ունենային), այլ հրապարակավ ու հնարավորության դեպքում՝ անսպասելիորեն. «Պատրա՞ստ եք անմիջապես (ինձ նման) հրաժարվել մարտ ամսի ձեր աշխատավարձից՝ հօգուտ Սոմալիի երեխաների»: Անակնկալի գալով՝ մարդիկ ընդամենը երկու հնարավորություն կունենային. կամ հրաժարվել և այդպիսով վարկաբեկվել՝ որպես երեխաների թշնամի, կամ ասել «այո»՝ սարսափելի շփոթմունքի մեջ:

Լինում են իրադրություններ (օրինակ՝ բռնատիրական հասարակարգերում), երբ դիրքորոշումդ հրապարակավ ի ցույց դնելը վտանգավոր է, սակայն «պարերգակի» համար դա այնքան վտանգավոր չէ, որքան մյուսների, որովհետև նա քայլում է լուսարձակների հայացքների ներքո, ամենուր տեսանելի է, ուշադրության կենտրոնում, պաշտպանված ու միևնույն ժամանակ ապահովված անանուն երկրպագուների իր բանակով, որ ենթարկվելով նրա հոյակապ ու չկշռադատված կոչերին՝ մասնակցում է ստորագրահավաքների, լինում է արգելված ժողովների, միանում է փողոցային ցույցերին. երկրպագուների այդ բանակը կօգտագործվի ամենաանխնա կերպով, և «պարերգակը» երբևէ տեղի չի տա իր զգացմունքային զեղմանը, այն է՝ ինքն իրեն մեղադրել, որ նրանց դժբախտության պատճառն է դարձել:

Նա տևական դադարների վարպետն է: Գիտի, որ միայն երկչոտ մարդիկ են դրանից վախենում ու երբ չգիտեն՝ ինչ պատասխանել, շտապում են կցկտուր ֆրազների մի ամբողջ շարան արտասանել ու ծիծաղելի վիճակի մեջ են հայտնվում:

Այն հանդիսատեսը, որին «պարերգակը» ուզում է գայթակղել, երկու-երեք տեսանելի, շոշափելի կանայք չեն, այլ անտեսանելիների հոծ ամբոխը: Նրա հանդիսատեսի անտեսանելիությունը: Սրա մեջ է այդ կերպարի սարսափելի արդիականությունը: Նա իրեն իմ կամ քո առջև չի  ցուցադրում, նա ներկայացում է տալիս արար աշխարհի առջև: Իսկ ի՞նչ է «արար աշխարհը»: Անդեմ անեզրություն: Վերացական ներկայություն:

Խոսակցությունը ժամանակն ինչ-որ բանով լցնելու միջոց չէ, ընդհակառակը՝ այն կազմակերպում, կառավարում է ժամանակը, իր օրենքներն է պարտադրում, որոնց հետ պետք է հաշվի նստել:

Երբ չափից դուրս կրակոտ ես, տեսադաշտից կորցնում ես նրբությունները:

Որոշակի ձև տալ տևողությանը. սա գեղեցկության, բայց և հիշողության ուրույն պահանջն է: Որովհետև այն, ինչը ձև չունի, անորսալի է, անհիշելի: Ու քանի որ իրենց այդ գիշերը ոչ մի հեռանկար չուներ ու միայն հիշողության մեջ կարող էր կրկնվել, այդ հանդիպումը որպես ավարտուն ձև հղանալը երկուսի համար էլ առանձնահատուկ նվիրական իմաստ ուներ:

Թաքուն կապ կա հիշողության և դանդաղության, արագության և մոռացության միջև:

Անդրադառնանք պարզագույն մի իրադրության. փողոցով մի տղամարդ է քայլում: Հանկարծ ուզում է ինչ-որ բան հիշել, բայց չի ստացվում: Այդ պահին նա ինքնաբերաբար դանդաղեցնում է քայլերը: Փոխարենը՝ երբ փորձի մոռանալ քիչ առաջ ապրած տհաճ միջադեպը, ակամա կարագացնի քայլերը, ասես ցանկանա շտապ հեռանալ մի բանից, որ դեռ շատ մոտիկ է ժամանակի մեջ:

Լուսանկարչության գյուտից առաջ փառքը մի բան է նշանակում, դրանից հետո՝ լրիվ այլ բան: XIV դարում Չեխիայի Վացլավ թագավորը հաճույք էր ստանում Պրահայի պանդոկներ հաճախելուց ու ծպտված կերպարանքով պարզ ժողովրդի հետ զրույցի բռնվելուց: Նա ուներ իշխանություն, փառք, ազատություն: Մեր ժամանակակիցը՝ Անգլիայի արքայազն Չարլզը, ոչ մի իշխանություն, ոչ մի ազատություն չունի, փոխարենը՝ մեծ փառք է վայելում. ո՛չ կուսական անտառներում, ո՛չ տասնյոթերորդ հարկի ստորգետնյա իր բունկերում նա չի կարող խույս տալ իրեն հետապնդող և ճանաչող հայացքներից: Փառքը մինչև վերջ կլանել է նրա ազատությունը:

Ընտրյալ լինելն աստվածաբանական հասկացություն է. այն նշանակում է, որ առանց որևէ հատուկ արժանիքի, պարզապես գերբնական մի դատավճռի արդյունքում, Աստծո կամքով, եթե ոչ քմահաճույքով՝ քեզ ընտրել են՝ որպես բացառիկ, արտակարգ մի էակի: Այդ համոզմունքի շնորհիվ են սրբերն ամենադաժան տանջանքներին տոկալու ուժ գտել: Աստվածաբանական հասկացությունները, վերածվելով սեփական պարոդիային, արտացոլվում են մեր գոյության կոպիտ, կենցաղային մակարդակում. Մեզնից յուրաքանչյուրն էլ (ինչ-որ չափով) տառապում է չափից դուրս սովորական իր կյանքի նսեմությունից, ցանկանում է խուսափել դրանից, բարձրանալ:

Ընտրյալ լինելու զգացումն առկա է, օրինակ, ցանկացած սիրային հարաբերության մեջ: Որովհետև սերն ի սկզբանե մի ընծա է, որ մենք չենք վաստակել. սիրված լինել՝ առանց որևէ հատուկ արժանիքի՝ ահա ճշմարիտ սիրո ապացույցը:

Եթե մի կին ինձ ասի. «Ես սիրում եմ քեզ, որովհետև դու խելացի ես, ազնիվ, որովհետև ինձ նվերներ ես տալիս, որովհետև չես սիրահետում անծանոթ կանանց, որովհետև լվանում ես ամանները», ես կհիասթափվեմ. ինձ համար շահադիտական ինչ-որ բան կա նման սիրո մեջ: Շատ ավելի գեղեցիկ է, երբ քեզ ասում են. «Խելքս թռցնում եմ քեզ համար, թեև դու ո՛չ խելացի ես, ո՛չ ազնիվ, ստախոս, եսակենտրոն, ստոր մարդ ես»:

Գուցե առաջին անգամ նորածին հասակո՞ւմ է մարդն ապրում ընտրյալ լինելու պատրանքը՝ մայրական խնամքի շնորհիվ, որին արժանանում է ինքնըստինքյան և ուրեմն՝ է՛լ ավելի համառորեն է սկսում պահանջել: Դաստիարակությունը մարդուն պետք է օգներ թոթափել այդ պատրանքն ու հասկանալ, որ կյանքում ամեն ինչի դիմաց ստիպված ես վճարել:

Կինը զգում է, որ այդ անարդարությունը վեհացնում է իրեն, գեղեցկացնում, ինչպես դժբախտությունն է գեղեցկացնում ողբերգության հերոսներին:

Գիտի, որ տղամարդը հայհոյում է, որովհետև ուզում է, որ լսեն իրեն, նկատեն, հաշվի առնեն: Հայհոյում է, որովհետև թույլ է, և ուժի փոխարեն՝ միայն կոպտությունն ու սպառնական բառերն են նրան մնում:

Մեր դարաշրջանին հանգիստ չի տալիս մոռացության ցանկությունը և հենց այդ ցանկությունն է նրան դրդում տրվելու արագության դևին. մեր դարաշրջանն արագացնում է ընթացքը, որպեսզի մեզ հասկացնի, որ չի ուզում, որ իրեն հիշեն, որ իրականում սարափելի հոգնած է, զզված ինքն իրենից, որ ուզում է փչել, հանգցնել հիշողության դողացող մոմը:

Հնարավո՞ր է ապրել հանուն հաճույքի հաճույքների մեջ ու երջանիկ լինել:

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment