Մերրի Մկրտչյան | Քարաստան


Մերրի Մկրտչյան
Ծնվ. 1995թ., Հայաստան

Քարաստան
էքսպերիմենտալ գիրք/արարք

Անտարես
Երևան, 2019թ.

[հատվածներ գրքից]

 Այստեղ տղամարդիկ թողնում են կանանց ու բարձրանում սարը: Կանայք մնում են իրենց լացի ընկերների շուրջ, իրենց կարևոր հագուստների մեջ և մազերից փնջեր կտրելով տալիս են տղամարդկանց – տղամարդիկ տանեն սարը: Սարը: Մահը: Ես արդեն դա ասացի:

Այստեղ, երբ օրը հասուն է իր բաղադրիչներով, և թե կա լեզու երբևէ հնչած պատմության, պատկեր կա նաև դաշտի ծայրի ոտաբոբիկ երեխայի, ով կայծակների  հետ էր խոսում և չգիտեր:

Քեզ կորցրած մի զգա, մոլորված: Այստեղ ես -ուսերիցդ սեղմելով նստեցնում եմ և վարակվում քո հիշողությամբ: Ուզում եմ վեր կենալ և գնալու համար արդեն ուշ է: Մեծ բառերի փոխարեն կան փոխարինող ուրիշ բառեր, բայց ոչ երբեք ազատում:

Ելքել: Ինչ կնշանակի: Տաճարականները գիտեն: Եվ գիտեն, որ գիտեն: Այդ ինչն էր, որ հանկարծ պատահեց ՄԵՐ գիտեցածի հետ: Մասնատել՝ սա միակ գործողությունը իբրև տեսնելու հնար, բայց որ տեսածն այդ մեզ չի կերակրում: Հորինել: Որ գուցե չգիտենք էլ, թե սոված չենք կամ գուցե ընտրող լինել: Ելքել: Բառերն այս ինքնաճանաչող և ինքնասահմանող: Բոլորը կլորվել ու փակվել  են: Ես ել եմ:

Բառը բառին զարկոցով կպնում, և քանի արանքում օդ չկա, երկուսն էլ փշրվում են:

Դու իջար ձորը՝ աղբյուրի մոտ: Դու տեսար մթնշաղին կուրծքը բաց կնոջը հանդիպակաց սարին ՝ քարերի մոտ ծնկի իջած, և մի ուրիշ կին ներա հետևում կանգնած լաց էր լինում: Բաց կրծքով կինը սեղմվել էր քարին և բարձր բաներ էր արտասանում: Եվ հիմա դու գիտես:
     Ես հիշեցի քեզ: Մեր միջև անցնում էր անմշակ քարերով շարված պատը, որը հողակտոր էր տարանջատել դաշտից և այդ կտորի մեջ ցորենի արտն էր: Բարևելով դու շրջվեցիր, ապա հետ դարձար և նայելով որքան կարող էիր հեռուն՝ մատնանշելով ուղիղ, ասացիր, որ այնտեղից բացվում է Սև Վանը, ուր աշխարհի բոլոր ջրերը միանում ու բաժանվում են իրարից:

Երբ մանուկ էիր, հզոր էիր ճակատագրի պես:

Շուրջս այն չէր, ինչ տեսնում եմ: Ոսկե փոշի և ծաղիկներ: Հերոս և դարձողներ: Ես կանգնած եմ, և փոթորիկը շրջադարձ է  անում՝ չհերոսացնելով:

Դու հույսով թաթախված նետերի կապոցով հրեշտակ, որ նետերդ ապագային ոչ մի ձև չեն դիպչում: Կրակիր և հիմա: Պանդորայի թաքստոցում քնած մեկը կա: Գնա:

…ափսոսանքի մեջ նե ներս մտավ՝ զգույշ անցնելով եկածների միջով և հասնելով երջանիկ զգաց իրեն՝ նայելով անհստակ թվագրումներով ապրող սափորներին: Եվ քարակերտ տոտեմների կիսատությունը տեսավ: Կոտրված իրան: Պոկված ուսեր: Ձևավորված լույսերի մեջ մանր վիշապներ՝ մարմինների մեջ հսկա անցքերով: Եվ փշրանքներով իրար գլուխ բերված տեսիլքներ, աստվածների զարդեր և անհասցե: Այդ անմեկնելի նախշագրումների պես, որոնք գունավոր, որոնք փորազարդ, անմեկնելի էին պռատ բոլոր մասերը հնի: Եվ ինչ էր այդ ամենը ներան-բաժանված ու քանդված: Բեկորված ամենը: Որ անտեր այլևս: Նե երջանիկ զգաց իր գուշակումից: Եվ պահեց դա իրեն:

Մինչ հիմա արդեն մեծ եմ և կարող եմ գրել, որ երեկ գիշեր մտածում էի ՝ մահը կգա և այլևս չէի կարդում նամակներ և չէի պատասխանում դրանց: Ես քայլում էի ու մտածում-հույսով, որ: Ծառերին քամի էր, ու ես կրկնեցի, որ էլ փոթորիկներ չեն դրանք զորեղ:  

Ուզում էի բոլորը նեի պես լինեին – մնացել էինք ես ու առաջ տալով նայվող կինոները ու ռուսական գրականությունն ու Նեն, ում ասեցի հաջող: Որ վզովն ընկա ու արագ գլուխս կախեցի, որ չտեսնեմ՝ ոնց է լացում, բայց որ չաղլիկ այտերին իջան էդ գրողի տարած բաները, ու ես տեսա, ու մտածեցի ներա շպարի մասին: Էն մասին, որ արդեն 22 տարի է և այլն: Որ Բեթմեն դառնալու լավագույն ժամանակը գիշերն է:

Հայրենիքս կործանվում է: Ահա: Ես էլ նստեցի ու ասացի ինքս ինձ: Հայրենիքս: Եվ մնացած ամեն ինչ ծիծաղելի է ինձ:

Հրաշքել բառ, որ կելքի, և այլևս ծաղիկները չեն զգա, որ իրենց պահում են ուրիշ ձեռքերում-քանի նրանք ավելի մոտեցած կլինեն հողին: Կամքը: Քանի դեռ  իմ ու քոնն է, ինձ չի ճանաչի, և ես մաշկս էլ կհանեմ կփռեմ սարին, որ փրկեմ նրան հանուն  ինձ և սխալված կլինեմ և վերքերս կլավանան:

Իմաստները, որոնք մենք թողել էինք գետի ափին, էլ այնտեղ չեն ՆԱԵՎ մեզնից հետ:

Այդ ինքնազսպումի գեղեցկությունն ինձ արցունքներ բերեց:

Ովուհի, ընկերուհի չեղար, և կարիք էլ չեղար: Եվ ոչ մի ձայն չեղավ: Չնայած տունս կառուցելիս պատերի մեջ կուժեր ծեփեցի:
ԱնՏուն-կառուցել քեզ և գնալ:

Ուժ գտնել:
Անթաքույց վիշտդ, երբ անսահման էիր, զի դու նման էիր ներանց, որ լաց եղան, երբ տեսան, որ ծովը պռունկ չուներ:
Եվ հանդիպակաց Սև սարին դանդաղ սկսեց բարձրանալ: Սև սարի և սարի արանքում ընկած է դաշտը: Դաշտում երեք տնակ: Բացվող ձորից բացվում է ջուրը: Ջրից ո՞ր կողմ: Սար: Եթե պառկել ես դաշտում, եթե պպզել ես սարին: Ուրեմն սարի կրծքին հիվանդ հող-խելագար և անպտու՞ղ: Բայց դժվար հող, խոնավությունից կակուղ-չերկխոսող, ինչպես ճակատագիրը: Խանդե՞լ նրանց, որ տեսնելու են քեզ վաղը, ջրերիդ աղբյուրներն են գտնելու, կճանաչե՞ն  անունդ:

Եվ հիմա արդյոք հիշում ես՝ որտեղ թողեցինք բանալիները և իջանք, որ գնանք մեքենայով միասին: Արդյոք հիշում ես՝ երբ պետք է սկսվեր խաղը, բայց որ մենք ուշացանք հրավերից: Արդյոք հիշում ես՝ ինչն էր մեզ դարձնում երջանիկ և փոխարեն ինչն էր մեզ հաշտեցնում-երջանի՞կ:  Արդյոք հիշում ես՝ ինչպես էինք հանգստանում գերմանական սալահատակին պառկած և արդյոք՝ ինչի համար էինք անվերջ ներողություններ ուզում գտնել, քանի ես էլ արդեն չեմ հիշում, սիրելիս:
Եվ միայն մենք այլևս երբեք չենք սիրահարվի իրար:

Երկնքի երևացող կամարաձև տարածությունը երկնակամար: Այդ երկնակամարի տակ ամռան հով գիշերին, կիսաչոր խոտերին, օգոստոսի բերանին Մեծ արջը երևացող էր ու Օրիոնի գոտին: Մեր շուրջ վայրի խոզեր էին թափառում և փայտփորիկներ և կծան օձեր, և ես ծիծաղից ուշաթափ էի լինում և սեթևեթանքով ամաչում իմ ձայնից: Քո ձեռքն էլ անվերջ տեղից-տեղ էր թափառում, և ես չէի հասցնում մերժել:

Ձմեռվա մասին խոսելիս  նե սայթաքեց կիսալույս բառը, որի միջով անցնող ձյունն էր վերհիշել, և ես հուզվեցի ներա անհիմն  գեղեցկությունից, որն ինձ այդպես տարավ:

Սիրել ստեղծողին, ոչ թե ստեղծագործությանը:

…մենք չենք կարող կրել օվկիանոսը օվկիանոսից դուրս:

Դու իմ անսահմանության փեշերը տրորեցիր, հիշեցի, որ  մարդ եմ, հիմա եկել եմ, որովհետև սարսափելի վախենում եմ, որ էլ երբեք չեմ կարողանա տեսնել, այն, ինչ արդեն տեսել եմ:  Չգիտեմ՝ քանիսին ենք:

Մենք չենք կարող կանգնել ժամանակի մեջ, և երբ բանաստեղծությունը լքում է, բառերը անպաշտպան ու մերկ են նախադասությամբ, ուրիշ կշիռ են առնում՝ հեռու հորինվածքից, մոտ հիշողությանը: Ճակատման կամքը թույլ է մեր մեջ, և մեր դիմաց բանաստեղծության ողբն է:

Միայն թե մի կարդա այնպես, կարծես այս ամենը գիտես, գիտեմ՝ գիտես, բայց ինչ: Նույն գետը չես մտնի:   Մենք ողբում ենք անարժեք հասարակությունը նույն հասարկության ուսին: Եվ սա ամենևին էլ անելք քարանձավ չէ, որտեղ մեռնում ենք հուսահատությունից, այլ քարանձավի մեջ մենք տուն ենք շինում և մողեսներ ենք ուտում: Կերպափոխվում ենք հաշտ. մենք չենք կրում քարանձավը որպես քարանձավ, տունը որպես տուն, հացն իբրև հաց:  Եվ ամեն ինչ այսպես դատապարտված է հավերժ շրջումի և չկա մահ:

Դու հիշում ես,  դարի գլխին իմ տունն է, և քամին դիմագծերս ավելի է տաշել: Երեկ մեջքով սեղմված քարին ինձ հրաշք թվում էր, թե քարն իմ միջով էր բուսնել և մի պահ արևն էր ցույց տալիս:

Համբուրում եմ  ամենը, ինչ չենք տեսնում միասին:

Կլինեն օրեր, սարի ճանապարհն ինքն իրեն կգա և կմատուցվի, և երկրի հեքիաթը, թե  բաժանման պահին ինքը քո սերմը երկնքից պահեց, քեզ կձգի լինել այս հիշողությունը աշխարհի մասին, որն քեզ այդքան սիրեց:  Որտեղ էիր դու, քո անուն էինք տալիս, որտեղ որ դու էիր, և ուրախ էինք, քանզի դու կայիր, և մենք չէինք դադարում:

Եվ ասում եմ՝ իրականությունը գիտելիքի սահման չէ: Ֆուտբոլի դաշտում խաղացող տղերքը գիտեն ավելին:

…մոռացիր անունդ ու տունդ, որը ոչ թե ունեցել ես, այլ: Եվ հանուն այդ գիտեցածի, իմացած եղիր, ոչ ոք չի կարող իմանալ այնպես, ինչպես դու: Մի կենդանի մտապատկեր, ում մեջ կասկածելի է:

Ծիրանի ծովի միջից գոռացող մի կով, և ոչ ոք չի կարողանում նայել ներա հրեղեն
          դեմքին: Ներա փայլուն ու ձիգ փորը կծկվում է պտղաբեր խոնավությունից:
               Որ խելագար վազքով տվեց ինձ, անցավ: Ապա կանգնեց, երբ անձև էր
                      մաղում, և այդպես կանգնած մնաց: Ես երազ էի տեսնում:
                         Վայ, իմ թեփուկներ: Թեփուկներս անցավ թափվում են
                              շուրջս, իսկ անցած տեղերս՝  խոնավանում:
                                    Ու ծանր պոչս էլ չի գալիս հետևիցս և
                                         առաջ մղելու ուժ չունի: Վայ, իմ պոչ:
                                            Ինչպե՞ս են հարությունից առաջ
                                                     վախճանվում ձկները:
                                                      Լողալով, անաղմուկ,
                                                        վերջապես հասնում
                                                                  հատակ:

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment