Հենզելը և Գրետելը նորաձևության ամսագրի էջերին

Հենզելը և Գրետելը  նորաձևության ամսագրի էջերին

 

Միջնշանային թարգմանությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ոչ լեզվական ստեղծագործությունները հետաքրքիր  և անսովոր դիտակետերից: Հայտնի է, որ ցանկացած թարգմանություն ենթադրում է որոշակի տեղեկատվական, իմաստային կորուստ, որը չի հասնում հասցեատիրոջը: Միջնշանային թարգմանության դեպքում ամեն ինչ թարգմանելու փորձ հաճախ չի էլ կատարվում: Այս դեպքում թարգմանված տեքստը չի հավակնում բնօրինակի կատարյալ համարժեքը լինել: Թարգմանության հաջողությունը միանշանակ առնչություն ունի նշված տեղեկատվական կորուստների ծավալի հետ:  

Նկարազարդումը, ինչպես նաև տեքստի վրա հիմնված ցանկացած այլ պատկերային մեկնություն համարվում է միջնշանային թարգմանության տեսակ, քանի որ մեթոդաբանական տեսանկյունից դրանց ստեղծման ընթացքում նկարիչը կիրառում է այն  սկզբունքները, որոնցից օգտվում է նաև թարգմանիչը տեքստերը թարգմանելիս (Pereira 2008:7):   Թարգմանիչն ու նկարիչը օգտագործում են համանման թարգմանական միջոցներ: Այնպիսի լեզվաոճական հնարներ, ինչպիսիք են անձնավորումը, չափազանցությունը կամ փոխանունությունը, որոնք բնորոշ են լեզվական տեքստերին, կարելի է տեսնել նաև պատկերային թարգմանություններում:  

Մեր ուսումնասիրության առարկան 2009թ. դեկտեմբերին ամերիկյան Vogue ամսագրում տպագրված  Little Girl And Boy Lost վերնագրով ֆոտոպատումն է: Լուսանկարներն առաջին իսկ անգամ դիտելիս երևում է, որ դրանք «վերապատմում» են Գրիմ եղբայրների «Հենզելը և Գրետելը» հեքիաթի սյուժետային առանձին դրվագներ: Նշենք սակայն, որ լուսանկարներում որոշ տարրեր անհասկանալի են ինչպես սովորական, այնպես էլ մասնագետ ընթերցողի համար: Էնն Լեյբովիցի նկարահանած ֆոտոշարքը մեզ հետաքրքրում է որպես միջնորդավորված միջնշանային թարգմանության վառ օրինակ: Համեմատենք հեքիաթի տեքստի համապատասխան դրվագները Լեյբովիցի լուսանկարների հետ.
Once upon a time there dwelt on the outskirts of a large forest a poor woodcutter with his wife and two children; the boy was called Hansel and the girl Gretel. He had always little enough to live on, and once, when there was a great famine in the land, he couldn’t even provide them with daily bread (Grimm, 1965:55).
Լուսանկարում պատկերված է անտառի խորքում թաքնված խրճիթը, որտեղ ապրում են երեխաները (մոդել` Լիլի Քոուլի և դերասան Էնդրյու Գարֆլիդի դերակատարմամաբ): Պայմանականորեն պատկերված տան մեջ կանգնած մանուկ հերոսները պատմում են իրենց ծայրահեղ աղքատ ու դժվարին կյանքի մասին: Այնուհետև սկսվում են մեզ հայտնի արկածները:
They wandered about the whole night, and the next day, from morning till evening, but they could not find a path out of the wood. They were very hungry, too, for they had nothing to eat but a few berries they found growing on the ground. And at last they were so tired that their legs refused to carry them any longer, so they lay down under a tree and fell fast asleep. (Grimm, 1965:57).

Լուսանկարը մեկնաբանելու համար բավարար չէ միայն հեքիաթի տեքստին ծանոթ լինելը. հայտնվում են կերպարներ, որոնք բացակայում են բնագրում: Այսպես,  լուսանկարի անտառում երեխաները պառկել են ծառի տակ, իսկ ճյուղերին թառել է Ավազե մարդը: Սկանդինավյան բանահյուսւթյան մեջ Ավազե մարդը առասպելական կերպար է, որը բարի երազներ է բերում քնած երեխաներին ` նրանց վրա շաղ տալով ոսկե ավազ: Առավել հայտնի է Հ. Ք. Անդերսենի Օլե Լուկոյե անունով քնաբեր կերպարը: Մինչդեռ Գրիմ եղբայրների տեքստում նման հերոս չի հիշատակվում: Լուսանկարում ավելանում են նաև ձկան գլխով տարօրինակ սպասավորն ու զգեստավորված ծառերը: Նշված բոլոր պերսոնաժները պատկերային հավելման ուշագրավ օրինակներ են: Նման լրացման բացատրությունը պետք է փնտրել հեքիաթի տեսքտային տարածքից դուրս:

Կարդալով ֆոտոպատմության ծանոթագրությունները` տեղեկանում ենք, որ լուսանկարներն առնչվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնում բեմադրվող «Հենզելը և Գրետելը» օպերային: Վերջինս 1891-92 թթ. գրել է գերմանացի երգահան Էնգելբերտ Հումպերդինքը: Գրական տեքստի վրա հիմնված ցանկացած երաժշտական ստեղծագործություն միջնշանային թարգմանության նմուշ է, իսկ այս օպերայի ժամանակակից բեմադրությունը կարելի է միջնշանային մեկնություն անվանել, քանի որ այն հեքիաթի իմաստային հենքի վրա կառուցում է նոր ստեղծագործություն` յուրովի   տեղադրելով իմաստային շեշտերը:

Այսպես, ամսագրում ընդգրկված պատկերներն ավելի հասկանալի են դառնում: Լուսանկարները գրեթե նույնությամբ կրկնօրինակում են բեմադրության դեկորացիները: Ըստ էության` խոսում ենք միջնորդավորված միջնշանային թարգմանության մասին, քանի որ լուսանկարչական տարբերակը ձևավորվել է Գրիմների բնագիր տեքստի օպերային բեմադրությամբ միջնորդավորված հեղինակային մեկնության շնորհիվ: Երաժշտական թարգմանության մեջ սյուժետային դրվագները ուղեկցվում են ձայնային պատկերներով, հերոսները դինամիկ են` շարժունակ, իսկ ֆոտոպատումում համարժեք պատկերներն անշարժ են, հասանելի են միայն առանձին դրվագներ, որոնք արտահայտում են առանցքային թեմատիկ հատվածները:

Հեքիաթի գլխավոր թեման սովն է և հերոսների` դրան առնչվող փորձությունները: Ուստի քաղցի գաղափարն ակնհայտ է նաև հեքիաթի միջնշանային թարգմանական տարբերակներում` հատկապես օպերային բեմադրության մեջ: Ինչպես բեմին, այնպես էլ ամսագրի էջերին հայտնվող սննդի հետ կապված բոլոր կերպարներն ու առարկաները յուրօրինակ փոխանուններ են: Թարգմանիչն ունկնդրին կամ ամսագրի ընթերցողին պարբերաբար հիշեցնում է երեխաներին տանջող քաղցի մասին: Նախերգանքի ժամանակ բեմի կենտրոնում դատարկ մեծ ափսե է: Ավելի ուշ կախարդված անտառում ափսեն փոխարինվում է հսկայական երախով, որն արյան պահանջ է զգում: Անտառում երեխաներն աղոթում են, ոչ թե որպեսզի հրեշտակները պաշտպանեն իրենց, այլ որպեսզի խոհարարները ճոխ ընթրիք պատրաստեն: Ավազե մարդու պարգևած երազի մեջ նրանց սպասարկում են ձկան գլխով սեղանապետն ու մատուցողները:   

Լուսանկարներից մեկում պատկերված է հեքիաթի վերջին դրվագը. մարդակեր վհուկը պատրաստվում է ուտել անտառում մոլորված երեխաներին: Գրիմ եղբայրների հեքիաթի վհուկ կույր է, այդ պատճառով Հենզելը կարողանում է ոսկորի օգնությամբ խաբել նրան:
The old woman had appeared to be most friendly, but she was really an old witch who had waylaid the children, and had only built the little bread house in order to lure them in. When anyone came into her power she killed, cooked, and ate him,  and held a regular feast-day for the occasion. Now witches have but, like beasts, they have a keen sense of smell,  and know when human beings pass by. (Grimm, 1965:58).

Կուրությունը կարող է ունենալ տարբեր մեկնություններ: Տարբեր մշակույթների բանահյուսության մեջ վհուկը հաճախ կատարում է կենդանի և հանդերձյալ աշխարհների միջև միջնորդի դեր (Пропп 1986: 52): Նա զուրկ է ոչ թե տեսողությունից, այլ «կույր» է իրեն շրջապատող աշխարհի հանդեպ: Վհուկի կուրությունը փոխաբերություն է. նա մի տձև էակ է, որը չի պատկանում այս աշխարհին: Vogue ամսագիրը, հավանաբար, փորձել է զարգացնել այս միտքը` նկարահանումների հրավիրելով երգչուհի Լեդի Գագային: Վերջինս, պահպանելով իր բեմական կերպարը`արտառոց բարձրակրունկ կոշիկներն ու աչքի ընկնող զգեստները, թերևս, լավագույն ընտրությունն է այս դերակատարման համար:

                Սակայն պատկերել կույր մարդու ավելի բարդ է, քան գրել կամ խոսել նրա մասին: Լուսանկարիչն օգտվել է մի հնարից, որը հաճախ կիրառվում է պատկերային արվեստի մեջ: Եթե կույր լինելը ենթադրում է տեսողության բացարձակ կամ մասնակի բացակայություն, ապա տեսնել չկարողանալու փաստը ցուցադրելու համար նկարիչները փակում են կերպարի աչքերը: Նույն տրամաբանությամբ շարժվել են նաև Vogue ամսագրի հեղինակները` ծածկելով Լեդի Գագայի աչքերը երկար մազափնջով: Նախ, անսովոր սանրվածքը համահունչ է նորաձևության պահանջներին և գեղագիտությանը: Միևնույն ժամանակ, աչքերը ծածկող մազափունջը կրում է փոխանվանական բնույթ` հուշելով բնագրի հերոսի տեսողական արատի մասին: 

               Տվյալ ֆոտոպատմության մեջ մեծ տեղ է գրավում անձնավորումը (լեզվաոճական հնար, երբ հեղինակը մարդկային հատկանիշներ է վերագրում առարկային) և վերջինիս  պատկերային լուծումները` ձուկ սպասվորները կամ կենդանացած անտառը: Անտառը հեքիաթներում վտանգավոր և առեղծվածային վայր է. բացառություն չէ նաև քննարկվող  ֆոտոշարքի անտառը: Լուսանկարների մեջ Հենզելը և Գրետելը փախչում են անտառային սարսափներից. նրանց հետապնդում են սևազգեստ ծառեր: Այսպես նորաձևության ամսագիրը հագուստի միջոցով անձնավորում է անտառի սարսափելի բնակիչներին` ներկայացնելով նրանց որպես դաժան, անկարեկից և անգութ արարածներ:  

                Անխոս, անհնար է անտեսել նորաձևության ամսագրին բնորոշ հատկանիշները լուսանկարներում: Նախ՝ հերոսները բոլոր դրվագներում կրում են միայն բարձրաոճ /haute couture/ զգեստներ, դրանք բոլորը նույն գունային երանգի մեջ են` զերծ ավերլորդ նախշերից ու զարդարանքներից: Չի կարելի մոռանալ, որ նորաձևության ամսագրերը և դրանց էջերին տպագրվող ֆոտոպատումները հետապնդում են այլ` հեքիաթների նկարազարդումներից տարբեր  նպատակներ: Առաջին հերթին, այս լուսանկարները ցուցադրում են հագուստը: Դրանք հասցեագրված են նորաձևության գիտակներին և գնորդներին, ում ենթագիտակցության մեջ տվյալ պատկերները պետք է արթնացնեն բոլորիս վաղ հասակից ծանոթ հույզեր, մանուկ տարիքում ընթերցած/ունկնդրած հեքիաթներից ծանոթ դրվագներ: Նման պատկերների ստեղծումը հնարավոր է միայն նկարի մեջ տեքստային որոշ տարրերի վերարտադրման ճանապարհով: Տեքստը և պատկերը միմյանցից տարբերվում են նշանային համակարգերի բնույթով, սակայն գրեթե նույնական են հաղորդվող տեղեկատվության տեսանկյունից:  

Արմինե Դանիելյան  |  բան. գիտ. թեկ.


Գրականություն ցանկ

Bland, D. (1958). A History of Book Illustration: the Illuminated Manuscript and the Printed Book. London: Faber and Faber Ltd.
Jakobson, R. (1959). “On Linguistic Aspects of Translation,” in Venuti, L. (ed.) (2000), The Translation Studies Reader. London: Routledge.
Tatar, M. (2002). The Annotated Classic Fairy Tales, New York-London: W.W. Norton &Company
Pereira, N. M. (2008). Book Illustration as (Intersemiotic) Translation: Pictures Translating Words. University of Sao Paulo.
Vogue US, 2009, December, New York.
Пропп В.Я. (1986). Исторические корни волшебной сказки. Л.:  ЛГУ
http://www.surlalunefairytales.com/hanselgretel/index.html     

No Comments

Post A Comment