Ջեֆրի Յուջենիդիս | Jeffrey Eugenides

Ջեֆրի Յուջենիդիս | ծնվ. 1960թ., ԱՄՆ

 

Անվայելուչ առաջարկ | գլուխ երրորդ | մաս 2-րդ
(հատված «Միդլսեքս» վեպից)

Լեֆտին սկսեց կրկին քայլել և շուտով հայտնվեց Զմյուռնիայի «Քազինի» առաջ: Սափորներով արմավենիները շրջանակել էին շքամուտքը, սակայն դռները լայն բաց էին: Նա ներս մտավ: Ոչ ոք նրան չկանգնեցրեց: Շուրջը ոչ ոք չկար: Կարմիր գորգին հետևելով` բարձրացավ երկրորդ հարկ ու մտավ խաղասենյակ: Զառի սեղանն ազատ էր: Ոչ ոք կանգնած չէր պտուտախաղի անիվի մոտ: Սակայն հեռավոր անկյունում մի խումբ տղամադիկ թղթախաղ էին խաղում: Նրանք նայեցին Լեֆտիին, բայց հետո վերադարձան իրենց գործին` արհամարհելով նրա կեղտոտ հագուստը: Հենց այդ պահին նա հասկացավ, որ խաղացողները ակումբի մշտական անդամները չէին. նրանք իր պես փախստականներ էին: Յուրաքանչյուրը հետաքրքրված մտել էր բաց դռնից` հույս ունենալով որևէ գումար հաղթել, որպեսզի գներ Զմյուռնիայից դուրս պրծնելու հնարավորություն: Լեֆտին մոտեցավ սեղանին: Խաղացողներից մեկը հարցրեց.
– Խաղո՞ւմ ես:
– Խաղում եմ:
Նա չէր հասկանում օրենքները: Նախկինում երբեք պոկեր չէր խաղացել, միայն՝ նարդի, և առաջին կես ժամը պարտվում էր ու պարտվում:  Բայց ի վերջո սկսեց հասկանալ հինգթղթանի փակ ու յոթթղթանի բաց խաղաձևերի տարբերությունը, և աստիճանաբար շահումների հաշվեկշիռը սեղանի շուրջ սկսեց փոփոխվել:
– Երեք հատ սրանցից, – ասաց Լեֆտին` ցույց տալով երեք տուզերը, ու տղամարդիկ սկսեցին գռմռալ:
Նրանք ավելի ուշադիր էին նայում Լեֆտիին բաժանելիս` շփոթելով նրա անփութությունը խաղանենգի ձեռքի ճարպկության հետ: Լեֆտին սկսեց հաճույք ստանալ խաղից ու մեծ խաղադրույք շահելուց հետո գոռաց.
– Բոլորին ուզո՜:
Բայց երբ ոչինչ չպատահեց, նա վեր բարձրացրեց հայացքն ու կրկին նկատեց, թե իրականում որքան լքված է «Քազինը», և այս տեսարանը հիշեցրեց այն բարձր խաղադրույքը, որի համար խաղում էին: Կյանքի համար: Նրանք խաղում էին իրենց կյանքի համար, ու հիմա, երբ նա զննում էր խաղընկերներին, տեսնում նրանց հոնքերի վրա փայլող քրտինքն ու զգում էր նրանց բերանների տհաճ հոտը, Լեֆտի Ստեֆանիդիսը, ցուցադրելով անհամեմատ շատ զսպվածություն, քան չորս տասնամյակ անց կանի Դետրոյթի լոտոն խաղալիս, ոտքի ելավ ու ասաց.
– Ես դուրս եմ գալիս խաղից:
Նրանք համարյա սպանելու էին Լեֆտիին: Նրա գրպանները պայթում էին շահույթից, ու տղամարդիկ համառում  էին, որ նա չի կարող հեռանալ առանց հնարավություն տալու իրենց ետ հաղթել գումարի մի մասը: Նա կռացավ, որ քորի ոտքը ու պնդեց.
– Ես կարող եմ հեռանալ, երբ ուզեմ:
Տղամադկանցից մեկը բռնեց նրա աղտոտ բաճկոնի ծալքերը, և Լեֆտին ավելացրեց.
– Բայց դեռ չեմ ուզում:
Նա նստեց, քորեց իր մյուս ոտքը, այնուհետև մեկը մյուսի ետևից սկսեց պարտվել: Երբ բոլոր փողերը վերջացան, Լեֆտին վեր կացավ ու խորշելի զայրույթով ասաց.
– Հիմա կարո՞ղ եմ հեռանալ:
Տղամադրիկ ասացին, որ իհարկե կարող է գնալ, ծիծաղելով սկսեցին բաժանել հաջորդ ձեռքը: Լեֆտին վհատված, զուսպ քայլերով դուրս եկավ «Քազինից»: Մուտքի մոտ` սափորներով ամավենիների միջև  նա կռացավ, որպեսզի հանի գարշահոտ գուլպաների մեջ թաքցրած փողերը:
Վերադառնալով նավամատույց` նա գտավ Դեզդեմոնային:
– Տե՛ս` ինչ եմ գտել, – ասաց նա` շողշողացնելով փողերը, – ինչ-որ մեկը երևի կորցրել էր:  Հիմա մենք կարող են նավի տոմս գնել:
Դեզդեմոնան ճչաց ու գրկեց նրան: Համբուրեց ուղիղ Լեֆտիի շուրթերը: Հետո շիկնելով ետ քաշվեց ու շրջվեց դեպի ջուրը:
– Լսի՛ր, – ասաց նա,- այդ բրիտանացիները կրկին երաժշտություն են նվագում:

Նա նկատի ուներ «Այրոն Դյուք» գծանավի ծառայողական նվագախումբը: Ամեն գիշեր, երբ սպաները ճաշում էին, նվագախումբը սկսում էր նվագել տախտակամածի վրա: Վիվալդիի ու Բրամսի մեղեդիները ելևէջում էին ջրի մակերևույթին: Բրենդիի շուրջ Նորին Մեծության նավատորմիղի մայոր Արթուր Մաքսվելն ու իր ստորադասները միմյանց էին փոխանցում հեռադիտակը, որպեսզի գնահատեին ցամաքում տիրող իրավիճակը:
– Բավականին շատ են, այնպես չէ՞:
– Կարծես Վիկտորիա կայարանը լինի Սուրբ Ծննդյան երեկոյին, սը՛ր:
– Նայի՛ր այդ խեղճ թշվառներին: Անպաշտպան են թողել, որ իրենք իրենց վրա հույսը դնեն: Երբ լուրը տարածվի, որ հույն հանձնարարատուն հեռանում է, այստեղ պանդեմոնիում է լինելու:
– Մենք տարհանելո՞ւ ենք փախստականներին, սը՛ր:
– Մեզ հրամայել են պաշտպանել Բրիտանիայի սեփականությունն ու քաղաքացիներին:
– Բայց, իսկապես, սը՛ր, եթե թուրքերը ժամանեն, ու սկսվի ջարդ…
– Մենք այդ հարցում անզոր ենք, Ֆիլի՛պս: Բազմաթիվ տարիներ եմ անցկացրել Մերձավոր Արևելքում: Ես  միայն սովորել եմ,  որ դու անզոր ես այս մարդկանց մեջ: Լիովի՜ն անզոր: Մեջներից ամենալավը թուրքերն են: Հայերին ես նմանեցնում եմ հրեաներին: Բարոյական ու մտավոր հատկանիշների պակասորդ ունեն: Ինչ վերաբերում է հույներին, դե՛, նայի՛ր նրանց: Այրել են ամբողջ երկիրը, բայց հիմա այստեղ վխտում են ու օգնության են կանչում: Լավ սիգար է, այնպե՞ս չէ:
– Չափազանց լավը, սը՛ր:
– Զմյուռնիայի ծխախոտը: Աշխարհում լավագույնը: Աչքերս արցունքով են լցվում այն մտքից, Ֆիլի՛պս, որ այս ամբողջ ծխախոտն այնտեղ` պահեստներում է դրված:
– Գուցե մենք կարող ենք կարգախումբ ուղարկել, որպեսզի փրկենք ծխախոտը, սը՛ր:
– Հեգնանքի նշաննե՞ր եմ նկատում, Ֆիլի՛պս:
– Աղոտ, սը’ր, աղոտ:
– Ի սեր Աստծո, Ֆիլի՛պս, ես անսիրտ չեմ: Երանի՜ կարողանայինք օգնել այս մարդկանց: Բայց չենք կարող: Սա մեր պատերազմը չէ:
– Համոզվա՞ծ եք դրանում, սը՛ր:
– Ի՞նչ նկատի ունես:
– Մենք կարող էինք աջակցել հունական զորքին: Հաշվի առնելով, որ մենք ենք նրանց առաջ հրահրել:
– Նրանք մեռնո՜ւմ էին առաջ գնալու համար: Վենիզելոսն ու նրա մարդիկ: Չեմ կարծում, որ ըմբռնում ես իրավիճակի բարդությունը: Մենք մեր շահերն ունենք Թուրքիայում: Պետք է գործենք առավելագույն զգուշությամբ: Չենք կարող մեզ թույլ տալ խառնվել բյուզանդական այս կռիվներին:
– Հասկանում եմ, սը՛ր: Ավելացնե՞մ կոնյակ, սը՛ր:
– Այո, շնորհակալ եմ:
– Բայց գեղեցիկ քաղաք է, այնպես չէ՞:
– Բավականին: Գիտես չէ՞` ինչ է ասել Ստրաբոնը Զմյուռնիայի մասին: Նա այն անվանել է Ասիայի լավագույն քաղաք: Սա դեռ Օկտավիանոսի օրոք էր: Այդքան երկար է դիմացել: Լավ նայի՛ր, Ֆիլի՛պս: Երկար ու լավ նայի՛ր:

1922 թվականի սեպտեմբերի 7-ին Զմյուռնիայում յուրաքանչյուր հույն, ներառյալ  Լեֆտի Ստեֆանիդիսին, ֆես է կրում, որպեսզի թուրքի տեղ անցնի: Չեսմեում տարհանում են վերջին հույն զինվորներին: Թուրքական բանակն ընդամենը երեսուն մղոն է հեռու, և Աթենքից ոչ մի նավ չի գալիս, որպեսզի տարհանի փախստականներին:
Նորընծա հարստացած ու ֆեսավորված Լեֆտին նավամատույցի բոսորագլուխ ամբոխի միջով հարթում է իր ճանապարհը: Նա անցնում է տրամվայի գծերը ու ուղղվում է բլուրն ի վեր: Գտնում է շոգենավային գրասենյակը: Ներսում աշխատակիցը կռացել է ուղևորների ցուցակների վրա: Լեֆտին հանում է իր շահած գումարն ու ասում.
– Երկու տոմս դեպի Աթենք:
Աշխատակիցը գլուխը չի բարձրանում.
– Տախտակամա՞ծ, թե՞ նավախցիկ:
– Տախտակամած:
– Հազար հինգ հարյուր դրախմա:
– Չէ, նավախցիկ չեմ ուզում, – ասում է Լեֆտին, – տախտակամածը լավ է:
– Դա տախտակամածի գինն է:
– Հազար հինգ հարյո՞ւր: Ես չունեմ հազար հինգ հարյուր: Երեկ հինգ հարյուր էր:
– Դա երեկ էր:

1922-ի սեպտեմբերի 8-ին գեներալ Հաջիենեստիսն իր նավախցում է. նստում է անկողնու մեջ, շփում է նախ աջ ոտքը, հետո` ձախը, մատներով թխկացնում է ոտքերին ու վեր է կենում: Քայլելով մեծ արժանապատվությամբ`տախտակամածից վեր  է բարձրանում գրեթե այնպես, ինչպես հետագայում կգնա դեպի իր մահը, երբ Աթենքում պատերազմը տանուլ տալու համար նրան կենթարկեն մահապատժի:
Նավամատույցում Հունաստանի քաղաքային կառավարիչ Արիստեդիս Ստերգիադիսը  մակույկ է նստում, որպեսզի հեռանա քաղաքից: Ամբոխը, բռունցքները թափահարելով, սուլում է ու ծաղրում: Գեներալ Հաջիենեստիսը հանգիստ գնահատում է տեսարանը: Ամբոխը պատնեշել է ծովափն ու իր սիրելի սրճարանը: Նա միայն կարող է տեսնել կինոթատրոնի ծածկը, որտեղ տաս օր առաջ, գնացել էր նայելու «Լը տանգո դը լա մողը»: Կարճատև, և հավանաբար սա մեկ այլ զգայապատրանք է, նա զգում է Բուրնաբաթի թարմ հասմիկների բույրը: Շնչում է այդ հոտը: Մակույկը տեղ է հասնում, ու մրոտված դեմքով Ստերգիադիսը նավ է բարձրանում: Եվ ապա գեներալ Հաջիենեստիսը տալիս է վերջին մի քանի շաբաթների միակ ռազմական հրամանը.
– Բարձրացնել խարիսխները: Ետ պտտել շարժիչները: Ամբողջ ուժով առա՛ջ:
Ափին Լեֆտին ու Դեզդեոման նայում էին հեռացող հունական նավատորմին: Ամբոխը խռնվել էր ջրի մոտ, բարձրացրել էր իր չորս հարյուր հազար ձեռքերն ու բղավում էր: Բայց հետո լռեց: Ոչ մեկի բերանից մի ձայն չթռավ, երբ գիտակցեցին, որ սեփական երկիրը լքում է իրենց, որ Զմյուռնիան այժմ ղեկավարություն չունի, որ ոչինչ չկա նրանց և առաջ շարժվող թուրքերի միջև:
(Իսկ ասե՞լ եմ, թե ինչպես էին ամռանը Զմյուռնիայի փողոցները եզերվում վարդի թերթերի զամբյուղներով: Իսկ ինչպե՞ս էին քաղաքում բոլորը խոսում ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, թուրքերեն, անգլերեն ու հոլանդերեն: Իսկ պատմե՞լ եմ հանրահայտ թզերի մասին, որ բերում էին ուղտերի քարավանով ու թափում էին գետնին, մսոտ մրգերի հսկայական կույտերը լցված էին կեղտի մեջ, աղտոտ կանայք ողողում էին  դրանք  աղի ջրի մեջ, իսկ երեխաները պպզած արտաթորում էին այդ կույտերի ետևում: Ասե՞լ եմ, թե ինչպես էին կանայք գարշահոտը խառնում նշենիների, միմոզաների, դափնու ու դեղձի անուշահոտերի հետ, և ինչպես էին բոլորը Մարդի Գրայի ժամանակ դիմակներ կրում ու վայելչաշուք ճաշկերույթներ կազմակերպում առագաստանավերի տախտակամածներին: Ես ուզում եմ հիշատակել  այս ամենը, քանի որ դրանք տեղի են ունեցել այն քաղաքում, որն իր ստույգ տեղը չուներ, ոչ մի երկրի մի մասը չէր, որովհետև բոլոր երկրներն այնտեղ էին, և որովհետև եթե հիմա գնաք այնտեղ, կտեսնեք ժամանակակից բարձրահարկեր, հիշողությունը կորցրած ճեմափողոցներ, լեփ-լեցուն գործարաններ, ՆԱՏՈ-ի գրասենյակը ու մի ցուցանակ, որի վրա գրված է Իզմիր… )

Հինգ մեքենա` բարձված ձիթենու ճյուղերով, ավիրում են քաղաքի դարպասները: Հեծելազորը վարգում է անմիջապես ավտոների ետևից: Մեքենաները դղրդալով անցնում են շուկան` Թուրքակական թաղամասի  ողջունող շարքերի միջով, որտեղ ամեն մի դռնից, պատուհանից, լապտերից կարմիր կտոր է կապված:  Օսմանայան օրենքի համաձայն` թուրքերը  զբաղեցնում են քաղաքի ամենաբարձրադիր հատվածը, ուստի հեծելազորն այժմ գտնվում է քաղաքից բարձր ու ներքև է սլանում: Շուտով հինգ մեքենաներն անցնում են ամայի տեղանքով, որտեղ կա՛մ տները լքված են, կա՛մ ընտանիքները թաքնվել են: Անիտա Ֆիլոբոսյանը ծիկրակում է, որպեսզի տեսնի մոտեցող գեղեցիկ, տերևածածկ մեքենաները, տեսարանն այնքան գրավիչ է, որ նա սկսում է բացել պատուհանափեղկերը, երբ մայրը նրան մի կողմ է քաշում… և ուրիշ դեմքեր են հպվել նեղլիկ տախտակներին. հայի, բուլղարացու և հույնի աչքեր են ծիկրակում թաքստոցներից կամ ձեղնահարկերից, որպեսզի տեսնեն զավթիչին ու նրա երկնային մտադրությունները, բայց մեքենաները շատ արագ են ընթանում, իսկ հեծելազորի վեր ցցած սրերից անդրադարձող արևը կուրացնում է ակնդիրների աչքերը: Ապա մեքենաները հեռանում են` հասնելով նավամատույց, որտեղ ձիերը մխրճվում են ամբոխի մեջ, փախստականները ճչում են ու դեսուդեն փախչում:
Վերջին մեքենայի ետևի նստատեղին տեղավորվել է Մուստաֆա Քեմալը: Պատերազմի պատճառով հյուծվել է: Կապույտ աչքերը առկայծում են: Երկու շաբաթից ավելի ոչ մի կում չի խմել: («Դիվերտիկուլիտը», որից բժիշկ Ֆիլոբոսյանը բուժել էր փաշային, ընդամենը փուչիկ էր: Քեմալը, լինելով արևմտացման ու աշխարհիկ թուրքական պետության ջատագով, մինչև վերջ հավատարիմ կմնա այդ սկզբունքներին` մեռնելով հիսունյոթ տարեկան հասակում լյարդի ցիռոզից):
Եվ անցնելիս նա շրջվում է ու նայում ամբոխին. երիտասարդ մի կին վեր է կենում ճամպրուկի վրայից: Կապույտ աչքերը հանդիպում  են դարչնագույններին: Երկու վայրկյան: Նույնիսկ ավելի քիչ: Հետո Քեմալը թեքում է հայացքը. հեծելազորը հեռանում է:

Իսկ հիմա ամեն ինչ որոշում է քամին: 1922 թվական, սեպտեմբերի 13, չորեքշաբթի, առավոտյան ժամը 1-ը: Լեֆտին ու Դեզդեմոնան արդեն յոթերորդ գիշերն են անցկացնում քաղաքում: Հասմիկների բույրը վերածվում է կերոսինի հոտի: Հայկական թաղամասը եզերող պատնեշները հեռացրել են: Թուրքական զորքերը  փակում են նավամատույցից ելքի ճանապարհը: Բայց քամին շարունակում է սխալ ուղղությամբ փչել: Կեսգիշերին մոտ, այդուհանդերձ, այն փոխվում է: Սկսում է փչել դեպի հարավ-արևմուտք, այլ կերպ ասած` թուրքական բարձունքներից հեռու` նավահանգստի ուղղությամբ:
Խավարի մեջ ջահերը խմբվում են: Երեք թուրք զինվոր կանգնած են դերձակի խանութում: Նրանց ջահերը լուսավորում են կտորների թոփերն ու կախիչների վրայի կոստյումները: Հետո լույսը շատանում է, դերձնակն էլ է դառնում տեսանելի: Նա նստած է իր կարի մեքենայի առաջ` աջ կոշիկը դեռ ոտնակի վրա է: Կրակն ավելի պայծառ է դառնում, որպեսզի լուսավորի նրա դեմքը` դատարկ ակնակապիճներն ու խրձերով պոկած արյունոտ մորուքը:
Ամբողջ Հայկական թաղամասով մեկ հրդեհ է: Միլիոնավոր լուսատտիկների պես կայծերը թռչում են խավար քաղաքի վրայով` կրակի մանրէներով վարակելով ամենը, ինչին կպչում են: Սույան փողոցի իր տան վրա բժիշկ Ֆիլոբոսյանը պատշգամբի վրա թաց գորգ է փռում, հետո շտապում է ետ մտնել իր մութ տունը ու փակում է պատուհանափեղկերը: Բայց հրդեհը սենյակ է ներթափանցում` հատվածաբար լուսավորելով Թուխիի տագնապալից աչքերը, Անիտայի ճակատը` կապված արծաթագույն ժապավենով, ինչպես կապել էր Կալար Բոուն «Ֆոտոփլեյ» ամսագրում, Ռոզի մերկ վիզը, Ստեփանի ու Կարեկինի սև, իջեցրած գուխները:
Հրդեհի լույսի տակ բժիշկ Ֆիլոբոսյանն այդ գիշեր հինգերորդ անգամ կարդում է.
– «….   ամենայն ակնածանքով երաշխավորում է … հարգել, վստահել ու պաշտպանել…»: Լսեցի՞ք:  «Պաշտպանել…»:
Փողոցի մյուս կողմում տիկին Բիձիկյանը երգում է «Կախարդական սրինգը» օպերայի «Գիշերային թագուհին» արիայի երեք ամենաբարձր նոտաները: Երաժշտությունն այնքան տարօրինակ է հնչում մյուս ձայների մեջ`ջարդվող դռներ, գոռացող մարդիկ, օգնության կանչող աղջիկներ, որ բոլորը վեր են նայում: Տիկին Բիձիկյանը կրկնում է սի բեմոլը, ռեն ու ֆան ևս երկու անգամ, կարծես սերտում է արիան, և հետո նրա ձայնը հասնում է մի այնպիսի նոտայի, որ ոչ ոք երբեք չէր լսել, ու նրանք գլխի են ընկնում, որ տիկին Բիձիկյանն ամենևին արիա չէր երգում:
– Ռո՛զ, բե՛ր պայուսակս:
– Նիշա՛ն, ո՛չ, – առարկում է նրա կինը, – եթե տեսնեն, որ դուրս ես գալիս տնից, կհասկանան, որ թաքնվում ենք:
– Ոչ ոք չի տեսնի:

Սկզբում Դեզդեմոնան շփոթեց հրդեհը նավի իրանի լույսերի հետ: Նարնջագույն վրձնախազերը Միացյալ նահանգների ռազմածովային «Լիտչֆիլդ» ականակիրի ու «Պիեղ Լոթի» ֆրանսիական շոգենավի ջրագծից վեր էին առկայծում: Հետո ջուրը պայծառացավ, կարծես ֆոսֆորաթույր մի վտառ լողաց դեպի նավահանգիստ:
Լեֆտին գլուխը դրել էր նրա ուսին: Դեզդեմոնան ստուգեց` արդյոք նա քնած է:
– Լեֆտի՛: Լեֆտի՞:
Երբ նա չպատասխանեց. Դեզդեմոնան համբուրեց եղբոր ճակատը: Այնուհետև միացան ազդանշանները:
Դեզդեմոնան ոչ թե մեկ, այլ բազմաթիվ հրդեհներ է տեսնում: Վերևում` բլրի վրա, քսան նարնջագույն կետ է վառվում: Եվ այդ կրակները անբնական համառություն ունեն: Հենց հրշեջների ջոկատը հանգցնում է մեկը, ուրիշ տեղ մյուսն է բռնկվում: Կրակը սկսվում է  ծղոտի սայլերի ու  աղբամանների միջից, հետևելով կերոսինի արահետին` իջնում է ներքև` քաղաք, թեքվում է փողոցներով,  ջարդուխուրդ եղած դռներից սողոսկում է ներս: Կրակներից մեկը թափանցում է Բերբերյանի հրուշակեղենի խանութ` արագ վերջ տալով հացի դարակներին ու թխվածքի սեղանիկներին: Այն այրելով ընթանում է դեպի խանութի բնակելի հատվածը, բարձրանում է առջևի աստիճաններով, որտեղ ճանապարին կեսին հանդիպում է հենց Չարլզ Բերբերյանին, ով փորձում է հանգցնել այն վերմակով: Բայց կրակը շրջանցում է նրան ու սլանում է դեպի տուն: Այնտեղ նա կլանում է արևելյան գորգը, քայլերթով  հասնում է ետին սանդղամուտքին, հեշտությամբ ցատկում է լվացքի պարանի վրա ու լարախաղացի պես մտնում է հարևանի տուն: Մագլցում է պատուհաներն ի վեր ու կանգ է առնում, կարծես ապշել է ներսի հարուստ ունեցվածքից, որովհետև այս տանը նույնպես ամեն բան պատրաստված է այրվելու համար` երկար ծոպփյուսքյուլներով դամասկոսյան բազմոցը, կարմրափայտ սեղանիկներն ու չթե լուսամփոփները: Տաքությունից պաստառները կտոր-կտոր պոկվում են, և սա տեղի է ունենում ոչ միայն այս բնակարանում, այլ տասը կամ տասնհինգում, հետո քսանում կամ քսանհինգում, յուրաքնաչյուր տուն հրդեհում է իր հարևանին, մինչև թաղամասերն ամբողջությամբ չեն սկսում այրվել:  Քաղաքով մեկ տարածվում է այրվող այն իրերի հոտը, որոնք նախատեսված չեն այրելու համար` կոշիկի փայլ, առնետի թույն, դաշնամուրի լարեր, աղեկապեր, մանկական օրորոցներ, մարմնամարզության լախտեր: Եվ մազեր ու մաշկ: Այս պահին արդեն մազեր ու մաշկ: Նավամատույցի վրա Լեֆտին ու Դեզդեմոնան կանգնած են բոլորի հետ. մարդիկ չափազանց ապշահար են, որպեսզի ինչ-որ բան անեն, կամ հիվանդ են տիֆով կամ խոլերայով, կամ այնքան հոգնատանջ են, որ չեն մտահոգվում: Բայց հետո հանկարծակի բլրի բոլոր կրակները մեկ հսկա պատ են կազմում, որ ձգվում է քաղաքի երկայնքով.  այն անխուսափելի է, ցած է շարժվում դեպի ամբոխը:
(Եվ հիմա ես ուրիշ բան եմ մտաբերում. հայրս` Միլտոն Ստեֆանիդիսը, խալաթն ու հողաթափերը հագին կռանում է, որպեսզի Սուրբ Ծննդյան առավոտ կրակ վառի: Տարին միայն մեկ անգամ փաթեթավորման ու ստվարաթղթի արկղերի վիթխարի կույտից ազատվելու կարիքն իսկապես հաղթում էր Դեզդեմոնայի` բուխարուց օգտվելու առարկություններին:
-Մա՛, – կզգուշացներ նրան Միլտոնը, – ես հիմա մի քիչ աղբ եմ այրելու:
Ի պատասխան Դեզդեմոնան կճչար.
– Մանա՜,- ու կվերցներ իր ձեռնափայտը:
Բուխարու առաջ հայրս վեցանկյուն տուփից կհաներ մի երկար լուցկի: Բայց Դեզդեմոնան արդեն հեռանալիս կլիներ դեպի ապահով խոհանոցը, որտեղ ջեռոցն էլեկտրական էր:
– Քո յա յան կրակ չի սիրում, – կասեր մեզ հայրս:
Ու վառելով լուցկին` նա այն մոտեցնում էր էլֆերով ու Սանտաներով ծածկված թղթին, ու ամեն ինչ բոցավառվում էր, մենք` տգետ ամերիկածին երեխաներս, կրակի մեջ թղթեր, արկղեր ու ժապավեններ նետելու համար խելագարվում էինք):

Բժիշկ Ֆիլոբոսյանը դուրս եկավ փողոց, նայեց չորս կողմն ու վազեց ուղիղ դեպի առջևի դուռը: Հասավ սանղահարթակին, որտեղից կարող էր տեսնել իր հյուրասենյակում նստած տիկին Բիձիկյանի գլխի վերին մասի ետևի հատվածը: Նա վազելով մոտեցավ կնոջը, ասաց, որ չանհագստանա, նա բժիշկ Ֆիլոբոսյանն է դիմացի մայթից: Տիկին Բիձիկյանը կարծես գլխով արեց, բայց նրա գլուխն այլևս ետ չբարձրացավ: Բժիշկ Ֆիլոբոսյանը կնոջ կողքը ծնկի իջավ: Շոշափելով վիզը` թույլ տրոփյուներ զգաց: Զգուշությամբ քաշեց նրան աթոռից ու պառկեցրեց հատակին: Այդ րոպեին սանդուղքի վրա ոտնաձայներ լսեց: Շտապ գնաց դեպի դիմացի անկյունն ու թաքնվեց վարագույրի ետևում ճիշտ այն պահին, երբ զինվորները ներխուժեցին սենյակ:
Տասնհինգ րոպե նրանք տակնուվրա արեցին բնակարանը` վերցնելով այն, ինչ մոռացել էր առաջին խումբը: Նրանք դատարկեցին դարակները, պոռթեցին բազմոցներն ու հագուստը` փնտրելով մեջը թաքցրած զարդեր կամ փող: Երբ նրանք հեռացան, բժիշկ Ֆիլոբոսյանը սպասեց ուղիղ հինգ րոպե, հետո դուրս եկավ վարագույրի ետևից: Տիկին  Բիձիկյանի սրտի տրոփյունները կանգ էին առել: Նա կնոջ դեմքին փռեց իր թաշկինակն ու խաչակնքեց նրա մարմինը: Այնուհետև վերցրեց իր բժշկական պայուսակն ու շտապեց իջնել աստիճաններով:

Կրակին նախորդում է տաքությունը: Նավամատույցի երկայնքով թափված թզերը, որ ժամանակին չեն հավաքել, սկսում են եփվել, հյութը պղպջում է ու դուրս հոսում: Դեզդեմոնան ու Լեֆտին, բոլորի հետ միասին, հնարավորինս մոտ են կանգնել ջրին: Ելք չկա: Թուրք զինվորները պատնեշների մոտ են: Մարդիկ աղոթում են, բարձրացնում են ձեռքերը, աղերսում են նավահանգստի նավերին: Փրկարարական լուսարձակները սահում են ջրի վրայով` լուսավորելով լողացող ու խեղդվող մարդկանց:
– Մենք մեռնելու ենք, Լեֆտի՛:
– Ոչ, չենք մեռնի:  Մենք դուրս ենք պրծնելու այստեղից:
Սակայն Լեֆտին չի հավատում դրան: Երբ վեր է նայում հրդեհին, նա նույնպես համոզված է, որ մեռնելու են: Եվ այս համոզվածությությամբ ոգեշնչված` նա ասում է մի բան, որ այլապես երբեք չէր ասի, մի բան, որ երբեք նույնիսկ չէր մտածի:
– Մենք դուրս կպրծնենք այստեղից: Իսկ հետո դու կամուսնանաս ինձ հետ:
– Մենք երբեք չպետք է հեռանայինք: Պետք է մնայինք Բյութանիայում:
Երբ հրդեհը մոտենում է, ֆրանասիական հյուպատոսարանի դռները բացվում են: Ծովային կայազորը երկու հերթ է կազմում նավամատույցից մինչև նավահանգիստ: Իջնում է եռագույնը: Հյուպատոսարանի դռներից մարդիկ են դուրս գալիս` կաթնագույն կոստյումներով տղամարդիկ ու ծղոտե գլխարկներով կանայք, որ իրար թև մտած քայլում են` սպասելով մակույկին: Ռազմածովային նավաստիների խաչված հրացանների վրայից Լեֆտին տեսնում է կանանց թարմ պճնված դեմքերը, տղամարդկանց բերաներում վառվող սիգարները: Մի կին փոքր պուդել է գրկել: Մյուսը սայթաքում է, կոտրում կոշիկի կրունկը, ու նրա ամուսինը մխիթարում է նրան: Երբ մակույկը հեռանում է, ինչ-որ պաշտոնյա դիմում է ամբոխին:
– Կտարհանվեն միայն Ֆրանսիայի քաղաքացիները: Մենք անմիջապես կսկսենք վիզաների հանձնումը:
Երբ դուռը ուժեղ թակում են, նրանք վեր են թռնում: Ստեփանը մոտենում է պատուհանին ու ցած նայում:
– Երևի հայրիկն է:
– Գնա՛: Նե՛րս թող նրան: Արա՛գ, – ասում է Թուխին:
Կարեկինը ցած է նետվում` երկու-երկու իջնելով աստիճանները: Դռան մոտ կանգ է առնում, ուշքի է գալիս ու արագ բացում է դռան կողպեքը: Սկզբում, երբ բացում է դուռը, ոչինչ չի տեսնում: Հետո մեղմ ֆշշոց է լսվում, որին փոխարինում է ականջ ծակող աղմուկը: Թվում է, թե աղմուկի ձայնն ամենևին կապ չունի իր հետ, երբ հանկարծ շապիկի կոճակը պոկվում է ու չխկոցով դիպչում է դռանը: Կարեկինը նայում է ներքև, ու նրա բերանը միանգամից լցվում է տաք հեղուկով: Նա զգում` ինչպես են իրեն  վեր բարձրացնում. այդ զգացումը  մանկական հուշեր է արթնացնում, երբ հայրն իրեն օդ էր թռցնում, ու նա ասում է.
– Պապա՛, կոճակս, – մինչև նրան այնքան են բարձրացում, որ պողպատե սվինը ծակում է տղայի կրծոսկրը:
Հրդեհի արտացոլանքը սահում է ատրճանակի թմբկագլանի վրայով, հետո նշանոցի ու հրահանի վրայով, հասնում է զինվորի հիացական դեմքին:

Կրակը հասավ նավամատույցում կանգնած ամբոխին: Ամերիկյան հյուպատոսարանի տանիքը բռնկվեց: Հրդեհը պատեց կինոթատրոնը` խարկելով ծածկավրանը: Ամբոխը մի քանի քայլ ընկրկեց կրակից: Սակայն Լեֆտին, որսալով իր հնարավորությունը, գոտեպնդվեց:
– Ոչ ոք չի իմանա, – ասաց նա: – Ո՞վ գիտի: Մեզնից բացի ոչ ոք չի մնացել:
– Դա ճիշտ չէ:
Տանիքները փլվում էին, մարդիկ` ճչում, երբ Լեֆտին իր շուրթերը մոտեցրեց քրոջ ականջին:
– Դու խոստացել էիր ինձ համար լավ հույն աղջիկ գտնել: Այդ դու ես:
Մի կողմում ինչ-որ մեկը ցատկեց ջուրը` փորձելով խեղդվել, մյուս կողմում մի կին էր ծննդաբերում, իսկ նրա ամուսինը պատսպարում էր կնոջն իր վերարկուով:
– Կայմաստե՜: Կայմաստե՜, – աղաղակում էին մարդիկ:
– Վառվո՜ւմ ենք: Վառվո՜ւմ ենք, – Դեզդեմոնան մատնացույց արեց կրակն ու մնացած ամեն ինչը, – շատ ուշ է, Լեֆտի՛: Հիմա այլևս կարևոր չէ:
– Բայց եթե ողջ մնայի՞նք: Այդ դեպքում կամուսնանայի՞ր:
Քույրը գլխով արեց: Այդքանը բավարար էր: Ու Լեֆտին հեռացավ` վազելով դեպի կրակը:

Խավարի մեջ  հեռադիտակով նայող աչքերը ետ ու առաջ են անում` նկատելով հեռվում կանգնած փախստականներին:  Նրանք գոռում են առանց աղմուկի: Աղերսագին վեր են բարձրացնում ձեռքերը:
– Նրանք ողջ-ողջ կխորովեն խեղճ թշվառներին:
– Թո՛ւյլ տվեք ջրից հանել մի լողորդի, սը՛ր:
– Բացասական, Ֆիլի՛պս: Հենց վերցնենք մեկին, ստիպված կլինենք փրկել մյուսներին:
– Փոքրիկ աղջիկ է, սը՛ր:
– Քանի՞ տարեկան:
– Տասը կամ տասնմեկ է երևում:
Մայոր Արթուր Մաքսվելն իջեցրեց իր հեռադիտակը: Ծնոտի վրա մկանների եռանկյունաձև հանգույցը լարվեց ու անհետացավ:
– Նայե՛ք նրան, սը՛ր:
– Մենք չպետք է տրվենք զգացմունքներին, Ֆիլի՛պս: Ավելի մեծ բաներ են խաղարկվում:
– Նայե՛ք նրան, սը՛ր:
Մայոր Մաքսվելի պնչները փքվում են, երբ նա նայում է կապիտան Ֆիլիպսին: Հետո, հարվածելով ձեռքը ազդրին, մոտենում է նավի եզրին:
Դիտալույսը սահում է ջրի վրայով` լուսավորելով շրջանաձև տեսադաշտը: Լույսի տակ ջուրը զարմանալի տեսք ունի.  զանազան առարկաներով աղտոտված անգույն արգանակ է` մի վառ նարինջ, տղամարդու ֆեդորա գլխարկ` եզրին կղանք, պատառոտված նամակներ հիշեցնող թղթի կտորտանքներ: Եվ ապա այս իներտ մասսայի մեջ հայտնվում է աղջիկը, բռնվել է նավից, հագին վարդագույն զգեստ է, որ ջուրը մգացնելով կարմիր է դարձնում, մազերը կպել են փոքր գանգին: Նրա աչքերը ոչինչ չեք խնդրում, պարզապես վերև են նայում: Նա մերթընդմերթ լողակների պես արագ շարժում է ոտքերը:
Ափից արձակված հրացանի փամփուշտը դիպչում է նրան շրջապատող ջրին: Աղջիկն ուշադրություն չի դարձնում:
– Անջատե՛ք դիտալույսը:
Լույսը հանգում է, ու կրակոցները դադարում են: Մայոր Մաքսվելը նայում է իր ժամացույցին:
– Հիմա ժամը 21:15 է: Ֆիլի՛պս, ես գնում եմ իմ նավախուցը: Այնտեղ կմնամ մինչև 07:00: Եթե այդ ընթացքում որևէ փախստական բարձրանա նավ, ինձ դա չի վերաբերում: Պա՞րզ է:
– Պարզ է, սը՛ր:

Բժիշկ Ֆիլոբոսյանի մտքով չանցավ, թե աղճատված դիակը, ում վրայով անցավ փողոցում, իր կրտսեր որդին էր: Ընդամենը նկատեց, որ առջևի դուռը բաց է: Նախասրահում նա կանգ առավ, որ լսի: Միայն լռություն էր: Դանդաղ, ձեռքում դեռ բռնած բժշկական պայուսակը` աստիճաններով վեր բարձրացավ: Արդեն բոլոր լամպերը վառվում էին: Հյուրասենյակը պայծառ էր: Թուխին նստած էր բազմոցին, ամուսնուն էր սպասում: Գլուխը ետ էր գցել, կարծես քահ-քահ ծիծաղում էր, այդ անկյան տակ վերքն այնպես էր բացվել, որ երևում էր շնչափողի մի մասը: Ստեփանը փռված նստել էր ճաշասեղանի առաջ, նրա աջ ձեռքը, որի մեջ դեռ պաշտպանական նամակն էր, մեխված էր մսի դանակով: Բժիշկ Ֆիլոբոսյանը քայլ արեց ու սայթաքեց, հետո արյան հետքեր նկատեց, որ տանում էին դեպի միջանցք: Հետքերին հետևելով հասավ գլխավոր ննջասենյակ, որտեղ գտավ իր երկու դստրերին: Երկուսն էլ մերկ էին, մեջքի վրա պառկած: Չորս կրծքից երեքը կտրել էին: Ռոզի ձեռքը ձգվում էր դեպի իր քույրը` կարծես ցանկալանով ուղղել նրա ճակատի արծաթագույն ժապավենը:      

Հերթը երկար էր ու դանդաղ էր շարժվում։ Լեֆտին ժամանակ ուներ, որպեսզի վերհիշեր իր բառապաշարը։ Նա կրկնեց քերականությունը, արագ հայացք գցեց իր զրուցարանին։ «Դաս 1. Ողջյուններ», և երբ հասավ պաշտոնյայի սեղանին, նա պատրաստ էր.
-Անո՞ւնը։
– Էլեֆտերիոս Ստեֆանիդիս։
– Ծննդավա՞յրը։
– Փարիզ։
Պատշոնյան հայացքը վեր բարձրացրեց․
– Անձնագի՞րը։
– Հրդեհն ամեն ինչ ոչնչացրե՜լ է։ Ես կորցրե՜լ եմ իմ բոլոր փաստաթղթերը, – Լեֆտին կլորացրեց շուրթերն ու հոգոց հանեց, ինչպես իր տեսած ֆրանսացիներն էին անում,- Տեսե՛ք, թե ինչ եմ հագել։ Ես կորցրել եմ իմ բոլոր լավ կոստյումները։
Պաշտոնյան կիսաժպտաց ու կնքեց փաստաթղթերը. «Թույլ տալ»։
– Իմ կինն ինձ հետ է։
– Ենթադրում եմ՝ նա նույնպես ծնվել է Փարիզում։
– Իհարկե։
– Նրա անո՞ւնը։
– Դեզդեմոնա։
– Դեզդեմոնա Ստեֆանիդի՞ս։
– Ճիշտ է։ Նույնը, ինչ իմն է։
Երբ նա վերադարձավ վիզաներով, Դեզդեմոնան մենակ չէր։ Կողքին՝ ճամպրուկի վրա մի մարդ էր նստած։
– Նա փորձեց իրեն ջուրը նետել։ Ես ճիշտ ժամանակին հասա։
Ապշահար, արնաշաղախ, մի ձեռքին փայլուն վիրակապով տղամարդը շարունակ կրկնում էր.
– Նրանք կարդալ չգիտեին։ Նրանք անգրագե՛տ էին։
Լեֆտին ստուգեց, որ տեսնի՝ որտեղից է արյուն գալիս, բայց ոչ մի վերք չգտավ։ Քանդեց տղամարդու ձեռքի փաթթոցը՝ արծաթագույն ժապավենը, ու մի կողմ նետեց։
– Նրանք չկարողացան կարդալ  իմ նամակը, – ասաց տղամարդը՝ նայելով Լեֆտիին:
Վերջինս էլ ճանաչեց տղամարդուն:

– Կրկին Դո՞ւք, – ասաց ֆրանսիացի պաշտոնյան։
– Զարմիկս, – պատասխանեց Լեֆտին անթերի ֆրանսերենով։
Պաշտոնյան կնքեց ևս մի վիզա ու հանձնեց նրան։
Շարժանավակը տարավ նրանց դեպի նավը։ Լեֆտին բռնել էր բժիշկ Ֆիլոբոսյանին, ով դեռ սպառնում էր ինքնասպան լինել։ Դեզդեմոնան բացեց իր շերամի տուփը ու քանդեց սպիտակ կտորը, որպեսզի ստուգի ձվերը։ Զարհուրելի ջրի մեջ չորսկողմը դիակներ էին լողում։ Ոմանք ողջ էին ու կանչում էին։ Դիտալույսը ռազմանավի խարսխի շղթայի մեջտեղում մի տղայի հայտնաբերեց։ Նավաստիները ձեթ լցրեցին վրան, ու դիակը կրկին ջրի մեջ սահեց։
«Ժան Բարտի» տախտակամածի վրա Ֆրանսիայի երեք նոր քաղաքացիները ետ նայեցին ծայրից ծայր բոցավառված այրվող քաղաքին։ Հրդեհը շարունակվելու էր ևս երեք օր, բոցերը տեսանելի էին դառնալու հիսուն մղոն հեռավորությունից։ Ծովի վրա նավաստիները շփոթելու էին վեր բարձրացող ծուխը հսկա լեռնաշղթայի հետ։ Ամերիկայում՝ այն երկրում, ուր նրանք բոլորն ուղևորվել էին,  այրվող Զմյուռնիան մի կամ երկու օր հայտնվեց թերթերի առաջին էջերին, հետո իր տեղը զիջեց Հոլլ-Միլս սպանության գործին (բողոքական քահանա Հոլի դին հայտնաբերել էին երգչախմբի անդամ գեղեցկադեմ օրիորդ Միլսի դիակի հետ միասին) ու բեյսբոլի Աշխարհի սերիայի բացմանը։ Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի ադմիրալ Մարկ Բրիստոլը, անհանգստանալով թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից, մամլո հաղորդագրություն ուղեգրեց՝ հայտարարելով, որ «սպանությունների, հրդեհի և հաշվեհարդարների պատճառով անհնար է հաշվարկել զոհերի թիվը, բայց այն հավանաբար չի գերազանցում 2000»։ Ամերիկայի հյուպատոս Ջորջ Հորթոնը ավելի մեծ հաշվարկ կատարեց։ Հրդեհից առաջ ապրող 400.000 օսմանյան քրիստոնյաներից 190.000-ը հոկտեմբերի 1-ի դրությամբ անհետ կորած էին համարվում։ Հորթոնը կիսեց այդ թիվն ու հաշվարկեց 100.000 զոհ։
Խարիսխը դուրս ելավ ջրից։ Երբ էսկադրային ականակիրի շարժիչը սկսեց ետ պտտվել, տախտակամածը սկսեց ոտքի տակ դղրդալ։ Դեզդեմոնան ու Լեֆտին նայում էին, թե ինչպես է հեռանում Փոքր Ասիան ։
Երբ նրանք անցան  «Երկաթե Դյուքը», բրիտանացի զինվորականները սկսեցին վալս պարել։   

Անգլերենից թարգմանեց Արմինե Դանիելյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment