Ջեֆրի Յուջենիդիս | Jeffrey Eugenides

Ջեֆրի Յուջենիդիս | ծնվ. 1960թ., ԱՄՆ

 

Անվայելուչ առաջարկ | գլուխ երրորդ | մաս 1-ին
(հատված «Միդլսեքս» վեպից)

Լինելով ծագումով Փոքր Ասիայի հույներից, ծնվելով Ամերիկայում` ես հիմա ապրում եմ Եվրոպայում: Մասնավորապես Բեռլինի Շյոնեբերգ թաղամասում: Ամերիկյան դեսպանությունը  բաժանված է երկու մասի` դիպլոմատիկ վարչության և մշակութային բաժնի: Դեսպանը և նրա օգնականները վարում են ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Նոյշտդիշը Կիղշտղասը փողոցի վրա գտնվող նորաբաց, գերպարսպապատված դեսպանատնից: Մեր վարչությունը (որ պատասխանատու է ընթերցումների, դասախոսությունների ու համերգների կազմակերպման համար) գործում է Ամերիկա Հաուսի երփնագույն բետոնե արկղի միջից:
Այս առավոտ աշխատանքի գնալու համար սովորականի պես գնացք նստեցի: Ու-Բանը ինձ զգուշությամբ Կլայստպարկից տարավ դեպի արևմուտք` Բեռլիներ Շտղասե, և ապա, փոխելով գնացքը, ուղևորվեցի հյուսիս` դեպի Զուլոգիշեր Գարտն: Նախկին Արևմտյան Բեռլինի կայարաները հերթափոխում էին մեկը մյուսին: Մեծ մասը վերջին անգամ վերանորոգվել էր յոթանասունականներին, ու մանկությանս արվարձանային խոհանոցների գունապնակն էր հիշեցնում` ավոկադոյի կանաչ, դարնչագույն, արևածաղկի դեղին: Շպիխենշտղասեում գնացքը կանգ առավ, որպեսզի ուղևորների փոխանակում իրականացնի: Կառամատույցի վրա շրջիկ մի երաժիշտ ակորդեոնի վրա սլավոնական սրտաճմլիկ մեղեդի էր նվագում: Մազերս դեռ խոնավ էին, ծոծրակիս վրա ծայրերը դեռ փայլում էին, ես թերթում էին «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե» օրաթերթը, երբ նա ներս խոթեց իր աներևակայելի հեծանիվը:
Նախկինում դիմագծերի օգնությամբ հնարավոր էր գուշակել մարդու ազգությունը: Արտագաղթը վերջ տվեց դրան: Այնուհետև կարելի էր տարբերակել ազգությունները կոշիկների միջոցով: Գլոբալիզացիան էլ դրան վերջ տվեց: Այլևս դժվար է տեսնել  փոկի ձագուկների կաշվից կարված ֆիննական կոշիկներ կամ գերմանական մույկեր: Բասկերի, հոլանդացիների, սիբիրցիների ոտքերին միայն Նայքիներ են:
Հեծանվորդուհին ասիացի էր` առնվազն գենետիկորեն: Նրա սև մազերն անփույթ էին հարդարված: Հագին կարճ, ձիթապտղի պես կանաչ ցրտադիմացկուն վերարկու էր, սև լայնափողք դահուկորդի տաբատ, իսկ ոտքերին բոսորագույն Քեմփերներ էին, որոնք բոուլինգի կոշիկներ էին հիշեցնում: Հեծանվի զամբյուղի մեջ լուսանկարչական սարք էր դրված:
Ենթադրեցի, որ ամերիկուհի էր: Ռետրո հեծանիվ էր քշում: Այն քրոմապատ էր ու փիրուզագույն, անվածածկերն ավելի լայն էին, քան Շևռոլեինը, անվադողերը` ձեռնասայլակի պես լայն, ու թվում էր` ամենաքիչը հիսուն կիլո էին կշռում: Այդ հեծանիվը տարաբնակի քմահաճույք էր: Ես պատրաստվում էի օգտագործել հեծանիվը որպես պատրվակ ու զրույց սկսել, երբ գնացքը կրկին կանգ առավ: Հեծանվորդուհին բարձրացրեց հայացքը: Մազերի միջից երևաց նրա գեղեցիկ, կապյուշոնով եզերված դեմքը, ու մի պահ մեր աչքերը հանդիպեցին իրար: Խաղաղ տեսքը, հարթ մաշկը, կարծես, վերածում էին նրա դեմքը դիմակի, որի ետևում կենդանի, մարդկային աչքեր էին թաքնված: Այդ պահին հայացքն ինձնից հեռու ցատկեց. նա, հեծանիվի բռնակներից հրելով, գնացքից դուրս հանեց իր հսկա երկուականին ու ուղղվեց դեպի վերելակները: Ու-Բանը շարունակեց իր ճանապարհը, բայց ես այլևս թերթ չէի կարդում: Ցանկասեր գրգռվածությամբ կամ գրգռված ցանկասիրությամբ տեղս նստած մնացի մինչև իմ կանգառը: Հետո ճոճվելով դուրս եկա գնացքից:
Արձակելով բաճկոնիս կոճակները` վերարկուիս ներքին գրպանից մի սիգար հանեցի: Էլ ավելի փոքր գրպանիկից հանեցի սիգարի կտրիչն ու լուցկին: Չնայած ճաշի ժամը չէր անցել, վառեցի սիգարը` Դավիդոֆ Գրանդ Քրյու No. 3, ու կանգնած ծխեցի` փորձելով հանգստացնել նյարդերս: Սիգարներ, երկլանջ կոստյումներ`քաջ տեղյակ եմ, որ մի փոքր չափն անցնում եմ: Բայց ես դրանց կարիքն ունեմ: Ես ինձ դրանցից ավելի լավ եմ զգում: Անցածս փորձություններից հետո ենթադրվում էր որոշակի գերփոխհատուցում: Հագիս պատվերով կարված կոստյում, վանդակավոր վերնաշապիկ` ես ծխեցի միջին հաստության սիգարն այնքան, մինչև արյանս եռքը դադարեց:
Դուք պետք է մի բան հասկանաք. ես ամենևին անդրոգին չեմ: 5-ալֆա-ռեդուկտազի անբավարարության ախտանիշը թույլ է տալիս, որ տեստոստերոնը բնականոն բիոսինթեզվի և պերիֆերիկ ազդեցություն ունենա արգանդում  թե՛ նեոնատալ , թե՛ հասունացման շրջանում: Այլ կերպ ասած` հասարակությանը ես ներկայանում եմ որպես տղամարդ: Ես օգտվում եմ տղամարդկանց զուգարանից` երբեք միզարանից, միշտ խցիկներից: Մարզադահլիճի` տղամարդկանց հանդերձարանում ես նույնիսկ լողանում եմ, բայց ուրիշների աչքից հեռու: Ես օժտված եմ նորմալ տղամարդու երկրորդական սեռական բոլոր հատկանիշներով՝ բացառությամբ մեկի. քանի որ ես անկարող եմ սինթեզել դիհիդրոտեստոստերոն, ինձ չի սպառնում ճաղատություն:  Երբեմն ներսումս թաքնված Կալիոպեն գլուխ է բարձրացնում, ինչը մանկական խոսքի խանգարում է հիշեցնում: Հայտնվում է հանպատրաստի, մազերն է թափ տալիս կամ եղունգներն է ստուգում: Կարծես ուրիշի հոգին մտել է մարմինս: Կալլին վեր է խոյանում իմ մեջ` լայն զգեստի պես կրելով իմ մորթը: Անցկացնում է իր փոքրիկ ձեռքերն իմ բազուկների պարկանման թևքերի միջով: Մտցնում է իր կապկային ոտքերը տաբատիս փողքերի մեջ: Մայթին քայլելիս ես զգում եմ, թե ինչպես է նրա աղջկական քայլվածքը երևան գալիս, և այդ իրարանցումն արթնացնում է ինչ-որ զգացողություն` մեկուսացած ու բամբասկոտ համակրանք ինձ հանդիպող աղջիկների հանդեպ, որ տուն են վերադառնում դպրոցից: Սա շարունակվում է ևս մի քանի քայլ: Կալիոպեի մազերը խուտուտ են տալիս կոկորդիս ետնապատը: Զգում եմ, թե ինչպես է նա, հին անհանգիստ սովորության համաձայն,  տարակուսանքով հպվում կրծքիս, որպեսզի տեսնի` ինչ է կատարվում դրսում: Պատանեկան հուսահատության հիվանդագին հեղուկը, որ հոսում է Կալիոպեի երակներում, կրկին լցվում է արյանս մեջ: Բայց հետո, նույնքան հանկարծակի, նա հեռանում է` նվաղելով ու հալչելով իմ մեջ, և ես շրջվում եմ, որպեսզի տեսնեմ արտացոլանքս ապակու մեջ. ահա` քառասունմեկամյա մի տղամարդ ` երկարավուն, ալեձև մազերով, բարակ բեղիկներով, իսկ դնչին՝ մորուք: Արդի յուրատիպ մի հրացանակիր:
Բայց այժմ հերիք է ինձնից խոսենք: Պետք է շարունակեմ այն պահից, որտեղ ինձ երեկ ընդհատեցին պայթյունները: Վերջիվերջո, ո՛չ Կալը, ո՛չ Կալիոպեն գոյություն չէին ունենա առանց հետագա իրադարձությունների:

***********

-Ասո՜ւմ էի, չէ՞, քեզ,- ձայնը գլուխն էր գցել Դեզդեմոնան,- ասո՜ւմ էի, որ այս ամբողջ հաջողությունը անհաջողության է վերածվելու: Այսպե՞ս են նրանք մեզ ազատագրում: Միայն հույները կարող էին այսքան հիմար լինել:
Բանն այն է, որ առավոտյան` վալսից հետո, Դեզդեմոնայի չարագուշակություններն իրականացել էին: Մեգալ Իդեան վերացել էր:  Թուրքերը գրավել էին Աֆիոնը: Պարտված հունական բանակը փախչում էր դեպի ծովը: Ընկրկելիս այն այրում էր իր ճանապարհին ընկած ամեն ինչ: Վաղորդյան լույսի մեջ Դեզդեմոնան ու Լեֆտին կանգնել էին սարալանջին ու հուսախաբ հետևում էին դեպքերի զարգացմանը: Մղոններ ձգվող հովտից սև ծուխ էր բարձրանում: Ամեն մի գյուղ, ամեն մի դաշտ, ամեն մի ծառ վառվում էր:
– Մենք չենք կարող այստեղ մնալ, – ասաց Լեֆտին, – թուրքերը կուզենան վրեժ լուծել:
– Նրանց էլ իբր առիթ էր պետք:
– Մենք կգնանք Ամերիկա: Կարող ենք Սուրմելինայի հետ ապրել:
– Ամերիկայում լավ չի լինի, – գլուխը թափ տալով` պնդեց Դեզդեմոնան, – պետք չի հավատալ Լինայի նամակներին: Նա չափազանցում է:
– Քանի մենք միասին ենք, ոչինչ չի պատահի:
Նա նայեց քրոջը, ինչպես նախորդ գիշեր էր նայում, ու Դեզդեոման շիկնեց: Լեֆտին փորձեց գրկել քրոջը, բայց վերջինս կանգեցրեց նրան.
– Նայի՛ր:
Ներքևում ծուխը վարկենապես վերացել էր: Հիմա նրանք կարող էին տեսնել փախստականներով խցանված ճանապարհները. քաղաքից շտապ հեռացող սայլերի, վագոնների, հնդկական գոմեշների, էշերի ու մարդկանց արտահոսք էր:
– Որտե՞ղ կարող ենք նավ գտնել: Կոստանդնուպոլսո՞ւմ:
– Մենք կգնանք Զմյուռնիա, – ասաց Լեֆտին. – բոլորն ասում են, որ Զմյուռնիան ամենաապահով ճանապարհն է:
Դեզդեմոնան մի պահ լռեց` փորձելով պատկերացնել այս նոր իրականությունը: Հարակից տներում դղրդոց էր. մարդիկ հայհոյում էին հույներին ու թուրքերին,  հավաքում էին իրենց իրերը: Հանկարծ Դեզդոմանան հաստատակամ ասաց.
– Ես կվերցնեմ իմ շերամի տուփը: Ու մի քանի ձու: Որպեսզի կարողանանք փող աշխատել:
Լեֆտին բռնեց քրոջ արմունկից ու կատակով թափահարեց նրա ձեռքը.
– Ամերիկայում շերամաբուծարաններ չկան:   
– Նրանք շորեր հագնում են, չէ՞: Թե՞ մերկ են ման գալիս: Եթե հագնում են, ուրեմն մետաքսի կարիք ունեն: Եվ այն կարող են ինձնից գնել:
– Լավ, արա, ինչպես ուզում ես: Միայն շտապի՛ր:
Էլեֆտերիոս և Դեզդեմոնա Ստեֆանիդիսները լքեցին Բյութանիան 1922 թվականի օգոստոսի 31-ին: Ոտքով ճանապարհ ընկան` ձեռքներին երկու ճամպրուկ` լցված հագուստով, հիգիենայի պարագաներով, Դեզդոմանայի երազահանով ու թզբեհով, և Լեֆտիի` հին հունարեն տեքստերից երկուսով: Թևի տակ Դեզդեմոնան նաև բռնել էր իր շերամի տուփը` մեջը սպիտակ կտորով փաթաթված շերամի մի քանի հարյուր ձու: Լեֆտիի գրպանում թղթի կտորտանքների վրա այժմ գրված էին ոչ թե խաղադրույքային պարտքերը, այլ երթևեկության հասցեները Աթենքում ու Աստորիայում: Մի շաբաթվա ընթացքում Բյութանիայի մոտ հարյուր բնակիչները հավաքել էին ունեցածն ու ճանապարհ ընկել դեպի Հունաստանի ցամաքային հատված` հիմնակում ուղևորվելով Ամերիկա: (Սփյուռքը պետք է կանխարգելեր իմ գոյությունը, բայց չարեց):
Հեռանալուց առաջ Դեզդեմոնան դուրս եկավ բակ ու ուղղափառ ոճով խաչակնքվեց` շարժելով բութն ու երկու մատները: Նա հրաժեշտ տվեց` զուգարանին, շերամաբուծարանի նեխած հոտին ու պատի երկայնքով շարված թթենիներին, աստիճաններին, որ այլևս երբեք չէր մագլցելու, ինչպես նաև մնացած աշխարհից վեր ապրելու այս զգացումին: Նա ներս մտավ շերամաբուծարան, որպեսզի մի վերջին անգամ նայի շերամորդերին: Նրանք բոլորը դադարել էին հյուսել: Տատս երկարացրեց ձեռքը, թթենու ճյուղի վրայից պոկեց մի բոժոժ ու դրեց իր շապկի գրպանը:
1922 թվականի սեպտեմբերի 6-ին Փոքր Ասիայում հունական բանակի գլխավոր հրամանատար գեներալ Հաջիենեստիսը զարթնեց` զգալով, որ իր ոտքերն ապակուց են պատրաստված: Վախենալով վեր կենալ անկողնուց` նա հրաժարվեց իր առավոտյան սափրումից ու ետ ուղարկեց վարսավիրին: Կեսօրին նա չկամեցավ ափ իջնել, որպեսզի վայելեր իր ավանդական սառը թեյը Զմյուռնիայի նավահանգստում: Փոխարենը նա պառկեց մեջքի վրա` անշարժ ու զգոն` կարգադրելով իր օգնականներին, որ հեռագրություններ էին տանում-բերում ռազմաճակատից, դուռը չշրխկացնել կամ ոտքերը չդոմփել: Սա հրամանատարի առավել պայծառ, արդյունավետ օրերից մեկն էր: Երբ երկու շաբաթ առաջ թուրքական բանակը հարձակվել էր Աֆիոնի վրա, Հաջիենեստիսը կարծել էր, թե մեռել է, իսկ իր նավախցի պատին արտացոլվող ծփանքը դրախտի հրավառությունն է:
Ժամը երկուսին իր երկրորդ հրամանատարը ոտնաթաթերի վրա մտավ գեներալի նավախուցն ու շշնջաց.
– Պարո՛ն գեներալ, ես սպասում եմ հակահարվածի` Ձեր հրամաններին, գեներա՛լ:
– Լսո՞ւմ ես` ինչպես են ճռռում:
– Պարոն գեներա՞լ:
– Ոտքերս: Իմ բարակ, ապակեձույլ ոտքերը:
– Ես տեղյակ եմ, որ գեներալը ոտքերի հետ խնդիրներ ունի, բայց թույլ տվեք նկատել, ամենայն հարգանքով, – այժմ խոսեց շշուկից մի փոքր ավելի բարձր, – նման խնդիրներին չպետք է ուշադրություն դարձնել:
– Դուք կարծում եք, թե սա ինչ-որ կատակ է, այնպես չէ՞, լեյտենանտ: Բայց եթե Ձեր ոտքերը ապակուց պատրաստված լինեին, դուք կհասկանայիք: Ես չեմ կարող ափ իջնել: Հենց դրա՛ վրա է հույսը դրել Քեմալը: Որպեսզի կանգնեմ այնտեղ, իսկ նա հազար կտոր անի ոտքերս:
– Պարոն գեներա՛լ, սրանք վերջին զեկույցներն են:
Նրա երկրորդ հրամանատարը  Հաջիենեստիսի աչքերի առաջ մի թուղթ պահեց:
– Թուրքական հեծելազորին տեսել են Զմյուռնիայից հարյուր մղոն դեպի արևելք, – կարդաց նա: – Փախստականների թիվը հասել է 180.000: 30.000 մարդ ավելի շատ, քան երեկ:
– Ես չգիտեի, որ մահն այսպիսին կլինի, լեյտենա՛նտ: Դուք ինձ մտերիմ եք դարձել: Ես հեռու եմ: Չնայած դեռ տեսնում եմ Ձեզ, ես ուղևորվել եմ Հադեսի գիրկը: Լսի՛ր ինձ: Մահը վերջաբան չէ: Ահա, թե ինչ եմ հայտնաբերել: Մենք մնում ենք, մենք համառում ենք: Մեռածները տեսնում են, որ ես նրանցից մեկն եմ: Նրանք ինձ շրջապատել են: Դու չես կարող նրանց տեսնել, բայց նրանք այստեղ են: Մայրերն իրենց երեխաների հետ, ծեր կանայք, բոլորն այստեղ են: Ասա՛ խոհարարին, որ ինձ լանչ բերի:
Դրսում հանրահայտ նավահանգիստը լցվել էր նավերով: Երկար նավամատույցին կապված էին առևտրական նավեր, ինչպես նաև բարժաներ ու փայտե կաիկներ: Հեռվում խարիսխ էին գցել դաշնակիցների ռազմանավերը: Այդ տեսարանը Զմյուռնիայի հույն և հայ բնակիչներին (նաև հարյուրավոր ու հազարավոր հույն փախստականներին) գոտեպնդում էր, և ամեն անգամ, երբ լուրեր էին տարածվում (երեկ հայկական մի թերթ հայտարարել էր, որ դաշնակիցները, փափագելով ներում հայցել հունական ներխուժմանն աջակցելու համար, որոշել են քաղաքը հանձնել հաղթանակած թուրքերին), բնակիչները նայում էին հեռվում կայանած ֆրանսիացի էսկադրային ականակիրներին ու բրիտանական գծանավերին, որ դեռ մոտակայքում պաշտպանում էին Եվրոպայի առևտրական շահերը Զմյուռնիայում, ու նրանց վախերը չքվում էին:
Կեսօրին  բժիշկ Նիշան Ֆիլոբոսյանը ուղևորվել էր դեպի նավահանգիստ, որպեսզի նմանատիպ երաշխիքներ գտներ: Նա համբուրելով հրաժեշտ տվեց կնոջը` Թուխիին, ու դստրերին` Ռոզին ու Անիտային, մեղմ հարվածեց որդիների` Կարեկինի ու Ստեփանի մեջքներին, մատնացույց արեց շախմատի տախտակն ու կեղծ լրջությամբ ասաց.
– Ֆիգուրները չշարժե՛ք:
Իր ետևից կողպեց շքամուտքը, ստուգեց այն ուսով ու սկսեց իջնել Սույան փողոցն ի վար, անցավ Հայկական թաղամասի փակ խանութների ու ջարդուփշուր արած պատուհանների կողքով: Կանգ առավ Բերբերյան հացի փռի մոտ` մտածելով, թե արդյոք Չարլզ Բերբերյանը քաղաքից տարել էր իր ընտանիքին, կամ գուցե թաքնվել էին ձեղնահարկում, ինչպես Ֆիլոբոսյանները: Արդեն հինգ օր էր, ինչ նրանք գտնվում էին ինքնակալանքի մեջ: Բժիշկ Ֆիլոբոսյանն ու իր որդիները անվերջ շախմատ էին խաղում, Ռոզն ու Անիտան «Ֆոտոփլեյի» հերթական համարն էին ուսումասիրում, որ հայրը բերել էր նրանց համար վերջերս Պարադիզի հայկական արվարձան այցելելիս, Թուխին օր ու գիշեր եփում էր, քանի որ կերակուրը տագնապը ցրելու միակ միջոցն էր: Հացի փռի դռնից միայն մի ցուցանակ էր կախված` վրան գրված. «Բացումը շուտով», ու մի լուսանկար (որը ստիպեց Ֆիլոբոսյանին սահմռկել). թուրք առաջնորդ Քեմալն էր կարակուլի գլխարկով ու մորթե օձիքով, նրա կապույտ աչքերը ծակում էին հոնքերի խաչված շեղբերի տակից: Բժիշկ Ֆիլոբոսյանը հայացքը մի կողմ թեքեց թուրքի դեմքից ու շարունակեց ճանապարհը` մտքում կրկնելով Քեմալի լուսանկարն այդպես ցուցադրելու դեմ բոլոր փաստարկները: Նախևառաջ, ինչպես նա ամբողջ շաբաթ բացատրում էր իր կնոջը , եվրոպական  ուժերը երբեք թույլ չեն տան թուրքերին մտնել քաղաք: Երկրորդը, եթե թույլ տան, նավահանգստում ռազմանավերի ներկայությունը ետ կպահի թուրքերին կողոպուտից: Եվ վերջապես (առնվազն հօգուտ իր ընտանիքի) նամակը, որը նա գնում էր վերցնելու իր գրասենյակից: Այսպես մտորելով նա շարունակեց իջնել բլուրն ի վար` հասնելով Եվրոպական թաղամաս: Այստեղ շենքերն  ավելի շքեղ էին: Փողոցի աջ ու ձախ կողմում վեր էին խոյանում երկհարկանի վարդագույն առանձնատներ` ծաղկազարդ պատշգամբներով ու բարձր, զրահածածկ պատերով: Բժիշկ Ֆիլոբոսյանին որպես հյուր երբեք չէին հրավիրել այդ առանձնատները, բայց նա հաճախ էր մասնագիտական այցեր կատարում այնտեղ ապրող լևանտյան աղջիկներին՝ տասնութ կամ տասնինը տարեկան օրիորդներին, ովքեր սպասում էին բժշկին իրենց բակերի «ջրային դղյակներում»` հոգնախոնջ պառկած օթոցներին` մրգատու ծառերի առատության մեջ, օրիորդներին, որոնց՝ եվրոպացի ամուսին գտնելու հուսահատ ցանկությունը պարգևել էր սկանդալային ազատություն, որովհետև Զմյուռնիան ինքը զինվորական սպաների հանդեպ բացառիկ բարություն տածողի համբավ էր վայելում, ու քաղաքն էր պատասխանատու այն այտուցների համար, որ բժիշկ Ֆիլոբոսյանի առավոտյան այցելությունների ընթացքում մատնում էին աղջիկների գաղտնիքները, ինչպես նաև նրանց գանգատների բնույթի համար` պարահրապարակում ոլորված կոճից մինչև ավելի ինտիմ քերծվածքներն այնտեղ` վերևում: Այդ ամենից աղջիկներն ամենևին չէին ամաչում, լայն բացում էին մետաքսե խալաթները` ասելով.
-Լրիվ կարմիր է, բժի՛շկ: Մի բան արե՛ք: Ես տասնմեկին պետք է «Քազինում» լինեմ:
Բոլոր այս աղջիկներն արդեն հեռացել էին, շաբաթներ առաջ  առաջին մարտերից հետո ծնողները քաղաքից տարել էին նրանց Փարիզ ու Լոնդոն, որտեղ բացվել էր սեզոնը: Երբ բժիշկ Ֆիլոբոսյանը քայլում էր, այդ տները չէին աղմկում, նա մոռանում էր ճգնաժամն ու արձակված խալաթների բոլոր հիշողությունները: Բայց հետո նա թեքվեց, հասավ նավամատույցին, ու կրկին գիտակցեց իրավիճակի ծանրությունը:
Նավահանգստի մի ծայրից մինչև մյուսը հույն զինվորները` ուժասպառ, դիակապույտ, կեղտոտ, կաղալով առաջանում էին Չեշմե քաղաքի հարավարևմտյան մասում գտնվող նավաբեռնման կետը, որտեղ սպասելու էին տարհանման: Նրանց քրքրված համազգեստները սևացել էին հրդեհված գյուղերի մրից, որ այրել էին նահանջելիս: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ափամերձ վայելաչագեղ սրճարանները լցված էին ռազմածովային սպաներով ու դիվանագետներով, հիմա նավամատույցը վերածվել էր փարախի: Առաջին փախստականերն իրենց հետ բերել էին գորգեր, բազկաթոռներ, ռադիոներ, «Վիկտրոլա» ձայնարկիչներ, ճրագակալներ, զարդասեղաններ` այս ամենը փռելով նավահանգստի առաջ` բաց երկնքի տակ: Ավելի ուշ շրջանում ժամանածները եկել էին միայն մեկ պարկով կամ ճամպրուկով: Այս խառնաշփոթի մեջ բեռնակիրներն աջ ու ձախ էին վազվզում` բեռնելով նավերը ծխախոտով, թզերով, խնկով, մետաքսով ու մոհերով: Ամբարները դատարկվում էին նախքան թուրքերի գալը:
Բժիշկ Ֆիլոբոսյանը նկատեց մի փախստականի, որ աղբակույտի մեջ հավի ոսկորներ ու կարտոֆիլի կճեպներն էր փորփրում: Նա երիտասարդ էր՝ լավ կարված, բայց կեղտոտ կոստյումով: Նույնիսկ հեռվից բժիշկ Ֆիլոբոսյանի մասնագիտական աչքից չվրիպեց  երիտասարդի ձեռքի կոտրվածքն ու սննդազուրկ գունատությունը: Երբ փախստականը բարձրացրեց հայացքը, բժիշկը նրա դեմքին տեսավ միայն դատարկություն. նա չէր տարբերվում նավամատույցում վխտացող ցանկացած այլ փախստականից: Այդուհանդերձ, աչքերը հառելով այդ դատարկությանը` բժիշկը կանչեց.
– Հիվա՞նդ ես:
– Երեք օր ոչինչ չեմ կերել, – ասաց երիտասարդը:
Բժիշկը հոգոց հանեց.
– Ինձ հետ արի:
Նա ետևի փողոցներով առաջնորդեց փախստականին դեպի իր գրասենյակ: Արագ ներս տարավ, բժշկական փոքր պահարանից թանզիվ, մանրէազերծ միջոց ու սքոչ բերեց և սկսեց զննել ձեռքը:
Վերքը տղամարդու բթին էր, եղունգը չկար:
– Ինչպե՞ս է սա պատահել:
– Սկզբում ներխուժեցին հույները, – պատմեց փախստականը, – հետո վերադարձան թուրքերը: Ձեռքս դրանց արանքում մնաց:
Բժիշկ Ֆիլոբոսյանը վերքը մշակելիս ոչինչ չասաց:
– Ես ստիպված եմ ձեզ վճարել չեկով, բժիշկ, – ասաց փախստականը, – հույս ունեմ` դեմ չեք: Հիմա ես շատ փող չունեմ ինձ հետ:
Բժիշկ Ֆիլոբոսյանը  ձեռքը տարավ գրպանը:
– Ես ունեմ մի քիչ: Մի՛ ամաչիր: Վերցրո՛ւ:
Փախստականն ընդամենը մի պահ վարանեց:
– Շնորհակալ եմ, բժի՛շկ: Հենց հասնեմ Միացյալ Նահանգներ, կվերադարձնեմ գումարը: Խնդրում եմ, Ձեր հասցեն տվե՛ք:
– Ուշադրություն դարձրո՛ւ, թե ինչ ես խմում, – անտեսեց խնդրանքը բժիշկ Ֆիլոբոսյանը, – եթե հաջողվի, եռացրո՛ւ ջուրը: Աստծո կամոք շուտով կգան նավերը:
Փախստականը գլխով արեց:
– Հա՞յ եք, բժի՛շկ:
– Այո:
– Ու դուք չեք հեռանո՞ւմ:
– Զմյուռնիան իմ տունն է:
– Այդ դեպքում հաջողություն եմ մաղթում: Ու Աստված օրհնի:
– Ձեզ էլ:
Եվ այսպես բժիշկ Ֆիլոբոսյանը թույլ տվեց, որ երիտասարդը ոտքի կանգնի: Նա նայում էր, թե ինչպես է փախստականը հեռանում: «Անհույս է, – մտածեց նա, – եթե ոչ տիֆը, ապա ուրիշ պատճառ կլինի: Մի շաբաթից մեռած կլինի»:
Բայց դա իր հոգսը չէր: Ձեռքը մտցնելով տպագիր մեքենայի մեջ` նա ժապավենի տակից թղթադրամների մի հաստ կապոց  հանեց: Քանդեց բոլոր դարակները, մինչև իր բժշկական դիպլոմի միջից չգտավ խունացած տպագիր մի նամակ. «Այս նամակը վկայում է, որ  դիպլոմավորված բժիշկ Նիշան Ֆիլոբոսյանը 1919 թվականի ապրիլի 3-ին բուժել էր Մուստաֆա Քեմալ Փաշայի դիվերտիկուլիտը: Քեմալ Փաշան ամենայն ակնածանքով երաշխավորում է բոլորին, ում կներկայացվի սույն նամակը հարգել, վստահել ու պաշտպանել բժիշկ Ֆիլոբոսյանին»: Նամակի հասցեատերը այժմ ծալեց թուղթն ու տեղավորեց գրպանի մեջ:
Այդ ընթացքում փախստականը նավամատուցի փռից հաց էր գնում: Այնտեղ, երբ նա շրջվում է ու  թաքցնում տաք հացը իր աղտոտ կոստյումի տակ, ջրից արտացոլվող արևի շողերը հիմա լուսավորում են տղային, ու երևան է գալիս նրա ինքնությունը` արծվաքիթը, դեմքի բազեանման արտահայտությունը, դարչնագույն աչքերի մեջ նշմարվող փափկասրտությունը:
Զմյուռնիա հասնելուց հետո առաջին անգամ Լեֆտի Ստեֆանիդիսը ժպտում էր: Նախորդ արշավներից նա բերել էր ընդամենը մի նեխած դեղձ ու վեց ձիթապտուղ, որոնք համոզում էր Դեզդեմոնային կուլ տալ ամբողջովին` կորիզի հետ, որպեսզի լցնի ստամոքսը: Այժմ բռնած քունջութով չուրեկը՝  նա հրմշտելով առաջացավ ամբոխի միջով: Լեֆտին շրջանցեց բացօթյա հյուրասենյակների եզերքը (որտեղ ընտանիքները ականջ էին դրել լռակյաց ռադիոներին) ու անցավ մարդկանց վրայով, որ, հույս ուներ, քնած էին: Նրան ոգևորում էր նաև մեկ այլ իրադարձություն: Հենց այդ առավոտ լուրեր էին տարածվել, որ Հունաստանը նավատորմիղ է ուղարկում, որպեսզի տարհանի փախստականներին: Լեֆտին հայացքը հառեց Էգեյան ծովի ուղղությամբ: Քսան տարի սարի վրա ապրելուց հետո նա երբեք ծով չէր տեսել: Ինչ-որ մի տեղ  ծովերի վրա Ամերիկան էր ու նրանց զարմուհի Սուրմելինան: Նա շնչեց ծովի, տաք հացի, վիրակապված բթի մանրէազերծի հոտերըն ու հետո տեսավ նրան` Դեզդեմոնային` նստած ճամպրուկի վրա, ուր Լեֆտին թողել էր նրան, ու իրեն էլ ավելի երջանիկ զգաց:
Լեֆտին չէր կարող ստույգ մատնանշել այն պահը, երբ սկսեց մտածել քրոջ մասին: Սկզբում նրան ընդամենը հետաքրքիր էր տեսնել, թե ինչ տեսք ուներ իրական կնոջ կուրծքը: Կապ չունի, որ քրոջն էր: Նա փորձեց մոռանալ, որ քրոջն էր: Կախված քելիմիի ետևում, որ բաժանում էր նրանց մահճակալները, նա տեսնում էր շորերը հանելիս Դեզդեմոնայի ուրվագիծը: Պարզապես մի մարմին էր, կարող էր պատկանել ցանկացածին, կամ Լեֆտին այդպես էր նախընտրում ձևացնել:
– Ի՞նչ ես այդտեղ անում, – հարցնում էր Դեզդեմոնան` հանելով հագուստը, – ինչո՞ւ ես այդքան լուռ:
– Կարդում եմ:
– Ի՞նչ ես կարդում:
– Աստվածաշունչ:
– Օ՜հ, անկասկած: Դու երբեք Աստվածաշունչ չես կարդում:
Շուտով նա հայտնաբերեց, որ երբ հանգում են լույսերը, նա երազում է իր քրոջ մասին: Դեզդեմոնան ներխուժում էր նրա անուրջների մեջ, սակայն Լեֆտին դիմադրում էր: Փոխարենը նա քաղաք էր իջնում` որոնելով մերկ կանանց, որոնք իր ազգականները չէին:
Բայց իրենց վալսի գիշերից ի վեր նա դադարեց դիմադրել: Որովհետև Դեզդեմոնայի մատներն ուղերձ էին պարունակում, որովհետև իրենց ծնողները մեռել էին ու իրենց գյուղն ավիրվել էր, որովհետև Զմյուռնիայում ոչ ոք չգիտեր, թե ովքեր են նրանք, և որովհետև այնպիսի՜ տեսք ուներ հիմա ճամրուկին նստած Դեզդեմոնան:
Իսկ Դեզդեմոնա՞ն: Ի՞նչ էր նա զգում: Առաջինը` վախ ու անհանգստություն, որ պարբերաբար ընդհատվում էին չտեսնված ուրախության պոռթկումներով: Նա նախկինում երբեք գլուխը չէր դրել որևէ տղամարդու գիրկը, երբեք չէր զգացել, թե ինչպես է տղամարդը գրգռվում` հպվելով նրա ողնաշարին, ու միաժամանակ փորձում է խոսել, կարծես ոչինչ չի պատահել:
– Մնաց ընդամենը հիսուն մղոն, – մի գիշեր ասաց Լեֆտին դեպի Զմյուռնիա դժվարին ճամփորդության ընթացքում,- գուցե վաղը բախտներս բերի, ու մեկը մեզ իր հետ կտանի: Իսկ երբ հասնենք Զմյուռնիա, նավ կնստենք դեպի Աթենք, – նրա լարված ձայնը տարօրինակ էր հնչում, սովորականից մի քանի տոն ավելի բարձր, – իսկ Աթենքից նավ կնստենք դեպի Ամերիկա: Լա՞վ է: Եղավ, կարծում եմ` լավ է:  
«Ի՞նչ եմ անում, – մտածում էր Դեզդեմոան, – Լեֆտին իմ եղբա՛յրն է»: Նա նայում էր նավամատույցի մյուս փախստականներին` ակնկալելով, որ նրանք թափ կտան մատներն ու կասեն. «Ամո՛թ քեզ»: Բայց նրանք ի ցույց էին դրել ընդամենն իրենց անկենդան դեմքերն ու դատարկ աչքերը: Ոչ ոք չգիտեր: Ոչ մեկին չէր հետաքրքրում: Հետո նա լսեց իր եղբոր հուզված ձայնը, երբ վերջինս մոտեցրեց հացը քրոջ  երեսին:
-Ահա՜: Երկնքից մանանա:
Դեզդեմոնան հայացքը վեր հառեց: Բերանը լցվեց թքով, երբ Լեֆտին կիսեց չուրեկին: Սակայն դեմքը տխուր էր:
– Չեմ տեսնում, որ որևէ նավ գա, – ասաց նա:
– Նրանք գալիս են: Մի՛ անհանգստացիր: Կե՛ր:
Լեֆտին նստեց քրոջ կողքը` ճամպրուկին: Նրանց ուսերը իրար դիպան: Դեզդեմոնան հեռու քաշվեց:
– Ի՞նչ է պատահել:
– Ոչինչ:
– Ամեն անգամ, երբ նստում եմ, հեռու ես քաշվում:
Լեֆտին զարմացած նայեց Դեզդեմոնային, բայց հետո նրա դեմքը փափկեց ու նա ձեռքը գցեց քրոջ ուսին:  Դեզդեմոնան լարվեց:
– Լավ, թո՛ղ քո ասածը լինի:
Տղան ոտքի կանգնեց:
– Ո՞ւր ես գնում:
– Էլի ուտելիք գտնեմ:
– Մի՛ գնա, – աղերսեց Դեզդեոման, – կներես, ես չեմ սիրում այստեղ մեն-մենակ նստել:
Բայց Լեֆտին արդեն զայրացած հեռացել էր: Նա իջավ նավամատուցից ու ինքն իրեն մրթմրթալով` թափառեց քաղաքի փողոցներում: Բարկացած էր Դեզդեմոնայի վրա, որ իրեն վանել էր, ու բարկացած էր ինքն իր վրա, որ բարկացել էր Դեզդեոմոնայի վրա, որովհետև նա գիտեր` քույրն իրավացի էր: Բայց նրա  բարկությունը երկար չտևեց: Բնավորությունն այդպիսին չէր: Նա հոգնած էր, կիսով չափ սովամահ, կոկորդը ցավում էր, ձեռքը վիրավոր էր, բայց այդ ամենով հանդերձ Լեֆտին դեռ քսան տարեկան էր, սա իր առաջին իրական ճանապարհորդությունն էր տնից հեռու, և նա զգոն էր ամեն մի նոր բանի նկատմամբ: Երբ հեռանում էին նավամատույցից, կարելի էր գրեթե մոռանալ ընթացիկ ճգնաժամի մասին: Քաղաքի այս հատվածում դեռ գործում էին պերճաշուք խանութներն ու նորաձև բարերը: Նա իջավ Ռյու դը Ֆրանս փողոցն ի վար ու հայտնվեց «Սպորտային Ակումբում»: Չնայած արտակարգ իրավիճակին` երկու օտարերկրա հյուպատոսներ խոտածածկ կորտի վրա թենիս էին խաղում: Աղոտ լույսի տակ նրանք ետ ու առաջ էին ուղարկում գնդակը, իսկ կորտից դուրս կանգած թուխ մաշկով մի տղա` հագին սպիտակ բաճկոն, բռնել էր ջինի ու տոնիկներով սկուտեղը: Լեֆտին շարունակեց քայլել: Նա հասավ մի հրապարակ, որտեղ շատրվան կար,  ու լվաց դեմքը: Զեփյուռ փչեց` մինչև իսկ Բուրնաբաթից բերելով հասմիկների բույրը: Եվ մինչ Լեֆտին կանգ է առել, որպեսզի շնչի ծաղիկների հոտը, ես կուզենայի օգտվել այս հնարավորությունից, որպեսզի կենդանություն հաղորդեմ (զուտ եղերերգական պատճառներով, ընդամենը մեկ պարբերություն) այն քաղաքին, որ մեկընդմիշտ անհետացավ 1922 թվականին:
Զմյուռնիան այսօր պահպանվել է միայն ռեբետիկայի մի քանի երգերում ու «Մեռյալ երկրի» ստանսաներից մեկում.

Պարոն Եվգենիդեսը՝ վաճառականը Զմյուռնիայից,
Չսափրված, գրպանը լցված հաղարջներով,
Առաքման պատրաստի փաստաթղթերով,
Գռեհիկ ֆրանսերենով հրավիրեց ինձ
Ճաշելու իր հետ «Քենոն Սթրիթ հոթելում»:
Իսկ շաբաթվա վերջը «Մեթրոփոլում» անցկացնելու:

Այստեղ զետեղված է ամենը, ինչ հարկ է իմանալ Զմյուռնիայի մասին: Վաճառականը հարուստ էր, ինչպես նաև Զմյուռնիան: Նրա առաջարկը գայթակղիչ էր, ինչպես նաև Զմյուռնիան` Մերձավոր Արևելքի ամենակոսմոպոլիտ քաղաքը: Դրա առաջին ենթադրյալ հիմնադիրներից էին ամազոնուհիները (ինչը հրաշալի համապատասխանում է իմ թեմային) և այնուհետև հենց ինքը` Տանտալոսը: Այստեղ ծնվել էին Հոմերոսն ու Արիստոտել Օնասիսը: Զմյուռնիայում արևելքն ու արևմուտքը, օպերան ու  պոլիտակիան, ջութակն ու զուռնան, դաշնամուրն ու դաուլին  միահյուսվում էին նույնքան նրբաճաշակորեն, ինչպես տեղական հրուշակեղենի մեջ վարդի թերթերն ու մեղրը:

Անգլերենից թարգմանեց Արմինե Դանիելյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment