Լեռ կամսար

Լեռ Կամսար | 1888-1965թթ., Վան. Օսմանյան Կայսրություն

 

*
– Ո՞վ ես դուն պզտիկ, –  հարցուցին մեծ պետությունները Հայաստանին։
Ե՞ս… Ռուսաստանին անկախն եմ ե՛ս,- կուրծքը հպարտ դուրս ձգելով խրոխտ պատասխանեց պզտիկը։

*
Հայաստանը ունի 185 հազար քառակուսի կիլոմետր տարածություն և 200 հազար ընկերություն… բնակիչ, – պիտի գրե մեր մասին ապագա պատմիչը անշուշտ և պիտի հավելու, – հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն և կուսակցություն։
1917թ.

*
Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային։
1960թ.

*
Անկախություն ստացավ ոչ միայն Աֆրիկան, այլև աշխարհի բոլոր մանր պետությունները։
Հավանաբար Հայաստանն էլ անկախություն ստանար, եթե որևէ պետությունից կախված լիներ։
Բայց Հայաստանն այս րոպեիս ոչ թե կախված է Ռուսաստանից, այլ մեխված է նրա մարմնին. եթե քաշես՝ փետուրները միայն կմնան ձեռքդ…
1960թ.

*
Մի ազգ, որ իր գոյության ամբողջ ընթացքին միայն կոտորվել ու կողոպտվել է իրենից ուժեղ ազգերից, երևակայությամբ մի աշխարհակործան հերոս է ծնում, որ իր սրտում կուտակված վրեժը լուծի։
Այսպիսի հերոս է մեր «Սասունցի Դավիթը»։
Այն ժամանակ, երբ մեր նախահայրերը ստեղծում էին Դավթի էպոսը, Հայաստանը՝ ոչինչ, էլի բավական լայն էր, բայց ներկայիս սաստիկ նեղ Հայաստանի համար շատ է մեծ, չի տեղավորվում։

Բանը մեծ հերոս ստեղծելը չէ, բանն այն տեղավորելն է։
1960թ.

*
Հայը անհարմար ազգ է, անգամ եթե հզոր ծնվի՝ նախարարությունների ու կուսակցությունների բաժանված ինքն իրեն պիտի կոտորի։ Դա նրա մասնագիտությունն է դարձել դարերով։

*
Հայերը, որոնք ինքնավար Հայաստան կուզեին, ձեռքերնին գրպանը դրած՝ դունչով ցուցմունքներ կընեն եվրոպական այս ու այն պետության, որ իրենց համար աղվոր Հայաստան մը պատրաստեն ու երթան մեջը նստեն. և կուզեն, որ թուրք չըըլա հոն։

Ի դեպ ըսեմ, որ հայերը հույսով միայն կապրին. այդ հույսը ճանճի մը կնմանի, որ տարիներե ի վեր այս ու այն քրիստոնյա պետության կռնակին կթառի։ Մեծ մասով Ֆրանսիո կռնակին վրա կկենա։ Վերջերս, մինչև գաղտնի դաշնագրաց հայտնությունը՝ Անգլիո ալ կայցելեր։ Ֆրանսա կճաշեր՝ Անգլիո կռնակին կպառկեր։ Բայց հանկարծ Անգլիա պոչովը քշեց ու հայոց հույսին ճանճը թռավ եկավ Ռուսաստան ու Կերենսկիին վրա նստավ։ Երբ Կերենսկին անհետ եղավ՝ երկար ժամանակ ան ոչ մեկ թառելու տեղ չգտնելով՝ Ռուսաստանի օդին մեջ կբզզար անկայան։Երբ բոլշևիկները Հայաստանի ինքնավարության դեկրետը հրապարակեցին, ճանճը անոնց վրա իջավ, իսկ երբ վերջեն թուրքին տվին, անիկա խռոված թողեց Եվրոպիո ցամաքը ու օվկիաններ կտրելով՝ գնաց թառելու Ամերիկայի կռնակին։


*
1914 թվին Ռուսն ըսավ, թե հայուն ինքնավարություն կուտամ։ Այս խոսքերուն վրա վեց ժամ չանցած՝ Պետերբուրգ հասան հայուն խնամախոսներն, ըսելու, թե՝ կսիրեմ քեզի։ Սակայն երբ հայուն հայտնի եղավ, թե անիկա Հայաստանը կուզե առանց հայու՝ ատեց զայն և ճամփա ընկավ դեպի Փարիզ։ Երբ տեսավ Ֆրանսիա Կիլիկիա կուզե՝ ատեց զայն ու գնաց Անգլիո առաջ ծունկ չոքելու, իսկ երբ Անգլիա Ղարաբաղն ու Լոռին իրեն չտվավ, ատեց զայն և գնաց իր խոցված սիրտն Ամերիկային բանալու։ Ամերիկան խղճաց Հայաստանին, կաթ ու հույս տվավ, և ատով ալ կապրի ան մինչև օրս։


*
Պետություն ըսածդ կոոպերատիվ խանութ մըն է, որոց բաժանորդները նույն ազգի հարուստներն են. նախարարները գործավարներն են այդ խանութին, որք առանց պատշաճ օրդերի ոչինչ չեն տար ազգի մը…

– Անկախությո՞ւն ալ չեն տար։
– Ո՛չ, ոչինչ չեն տար։ Մարդասիրական իդեալներ, ինչպես և հանուն քրիստոնեության հավաստիքները ճառախոսության մեջ կգործածեն՝ ոճը զարդարելու համար- բնա՜վ կյանքի մեջ գործածելու։

Այն հարցին թե կա՞ քրիստոնյա պետություն մը աշխարհիս վրա՝ պիտի պատասխանեմ, թե այդ կապված է այն հարցին, թե կրնա՞ խանութ մը քրիստոնյա ըլլալ, այսինքն խանութ մը, որ հաճախորդ մը մեկ քիլո խնդրե, անիկա երկու քիլո տա և մեկի դրամ առնե։

Գալով երկրագունդին, ըստ նորագույն տվյալներու. անիկա ոչ թե Աստուծո, այլ մեծ պետությանց կպատկանի։ Այսօր փոքր ազգ մը, որ կապրի ոչ անոր համար է, որ ինքը կուզե ապրել, այլ անոր համար, որ մեծերը կուզեն։ Անոնք շատ արթուն ազգերու անկախություն չեն տար, շատ քնած ազգերու ալ կզարթեցնեն. անկախություն կուտան։ Անոնք մանր ազգերե պատվար կքաշեն իրենց երկրի շուրջը ու անոնցով կծեփեն դեպի թշնամին նայող բոլոր պատուհանները…

– Կմեռնենք չենք թողուր։
– Կմեռնեք՝ ձեր անունը կգործածեն։
– Անո՞ւնը, անունը ի՞նչպես կգործածվի։
– Այսքան տարի մեծ պետությունները հայոց ի՞նչը գործածեցին, եթե ոչ անունը։

Ազգ մը հույսը ոչ սեփական և ոչ առավել ևս օտար պետությանց վրա դնելու է, ան միայն իր ուժերուն վրա վստահելու է…


*
Հայաստանն ալ հարուստ է հիմա ու շենության կողմե կրնա մրցիլ տանուտեր Խաչոյին տանը հետ։ Այսպես Հայաստանն իր դռնեն 1400 պաշտոնյա դուռս կհանե, 400 զինվոր, 7000 կոմիսար, 8000 լիազոր, 70 մինիստր, 70 մինիստրացու, 2 աշխատավոր, 3 աշխատանքի պաշտպանության կոմիսար։ Գանձարանի մեջ կեռա,եփ կուգա նոր թղթադրամը,մինիստրներու սնդուկներուն մեջ կպճպճան 7 տարվա հին… հաշիվները։ Իր հովանու տակ կգտվին հսկա «Կոոպերատիվներու միությունը», որուն մեջ թաթերը լիզելով ել ու մուտ կնեն հազարավոր պաշտոնյաներ։ Սուճուխը կախ-կախ, տոլմաները թիթեղներու մեջ սեր կերգեն։ – Սեր, գինի, երգ, – ահա այն ֆակտորները, որոնք անհրաժեշտ են արևելյան իմաստով պետություն կազմելու համար։

*
Հայ, Հայաստան, կըսեք ու կքալեք։ Երկրիս երեսին հավերժական ժառանգություն չկա։
Կըսեք Նոյեն եք առեր, Նոյի՞նն ով էր տվեր. Աստվա՜ծը։ Թույլ տվեք նկատել քիչ մը… քիչ մը…
Աստված գոյություն չունի։ Երկիրը ով տիրեց, իրենն է, ուրիշ արդարություն չկա։ Ձեր երկիրն առաջ խալդիներուն էր, ի՞նչ իրավունքով քշեցիք ու տիրացաք երկրին։ Ան ատեն քշեցիք, հալալ էր ձեզի, բարի վայելումն. պատմության մեջ երբ ուժեղ եք եղեր՝ Հայաստան եք ունեցեր, երբ թույլ՝ կորսնցուցեր։


*
Տարիներ ի վեր կոշտացած հայկական հարցը նավթո՜վ կլուծվի եղեր… Մինչդեռ մեր ազգասերները միամտորեն կարծեր են թե արյունով պիտի լուծվի։
Թյուրիմացություն մը որուն զոհ գնաց մեկ միլիոն հայություն։
Ինձի որ մնար Ամերիկային կլսեինք ու հայկական հարցը ջուրով կլուծեինք։
«Ծովե ծով» լոզունգը որ Ամերիկան դրավ մեր բերնին՝ ջուրով լուծել ըսել էր, որ մենք չհասկցանք ժամանակին ու թող տվինք որ այսօր մեր անարատ հացին մեջ նավթ խառնեն։

Աշխարհը

Ինչպե՞ս կարող ես ունենալ աշխարհայացք, երբ չգիտես՝ ի՞նչ բան է աշխարհը…
1960թ.


*
Այս աշխարհի օրենքով այն անկախ պետությունը, որ թույլ է, ու նստեր է հանքերու վրա, անոր անկախության օրերը համրված են։ Կուգան երկու ուժեղ պետություններ, կկախեն այդ «անկախը» գետնեն բարձր, հանքերը տակեն… կմաքրեն` ճիշտ այնպես, ինչպես մայրը կվերցնե փոքրիկին իր աթոռակով մեկտեղ, տակը կավլե ու աթոռը տեղը կդնե։
1926թ.

*
Անգլիա արդեն բռներ է երկրագնդի բոլոր բաց տերը, և ուր չի հասեր, իր գլխարկն ու ձեռնափայտն է թողեր` ըսել ուզելով «հոդ մարդ չնստե»։
1926թ.

*
Աշխարհի բանն այդպես է` անպատիժ ոճրագործություն կատարելու համար, պետություն մը կա՛մ այնքան խոշոր պիտի ըլլա, որ վախ ազդե, կա՛մ այնքան պզտիկ, որ ատամի տակ չիյնա։
1926թ.

*
Երկուշաբթի 7
Կարելի է ասել, որ հայ ազգը ներկայիս գոյություն չունի։ Նրա կեսը թուրքերը կոտորեցին 1915 թվին, մնացյալ կեսն էլ դաշնակ ու բոլշևիկ են, որոնք ավելի ոխերիմ են իրար, քան երբևիցե եղել են հայն ու թուրքը։

Ուրեմն, էլ ի՞նչ հայ ազգ։

*
Երկիր մը, ուր ապրելու բոլոր ճամբաները գոցված են` գեթ մահը պետք է դյուրին ըլլա։

*
Պետություն մը, որ գիտե սպանել` պիտի գիտնա նաև թաղել իր ժողովուրդը…
1928թ.

*
Ես սկսել եմ լուրջ կերպով մտածել այն մասին, թե սոցիալիզմը մարդկանց գլխումն է գոյանում, թե մորուքում։
Նրա երեք ստեղծողներն էլ մորուքավոր են՝ Մարքս, Էնգելս, Լենին։
Մարքսի մորուքը խոմ տնաքանդություն է։
Էլի լավ է, որ Լենինը սոցիալիզմը «շինեց», եթե Էնգելսը շիներ կամ Մարքսը իրենց ահարկու մորուքներով, մարդիկ պիտի խճճվեին մեջը և հավիտյանս դուրս չգային։
Էլի Լենինը փառք է, փոքրիկ մորուք ունի, համենայնդեպս մարդկությունը հույս ունի մի օր ազատվել նրանից։

Հետաքրքիր է, եթե մի մարդասեր սափրիչ իր ժամանակին սափրեր երեքի էլ մորուքները, մենք այս օրին կընկնեի՞նք, թե՞ ոչ…

*
Երբ հյուր ես գնում բարեկամիդ տուն, երբեք չես ասի՝ ինձ այս տվեք, ինձ այն տվեք ուտելու։ Սուս ու փուս կնստես ճաշի, սեղանին ինչ հրամցնեն՝ այն կուտես։ Այսպես է քաղաքավարության օրենքը։
Երբ փողոցում տեսնես մի գեղեցիկ կին, երբեք նրան չես ասի՝ «ինձ սիրիր», այլ ընդհակառակը, կասես՝ «ես քեզ սիրում եմ»։ Այդ էլ է պահանջում քաղաքավարությունը։
Եթե սովետական գրող չես, այլ սովորական, մարդավարի գրող, երբեք չես բռնի քննադատի կոկորդից, թե ինձ շեփորիր ու ներբողներ հյուսիր իմ գրքի մասին, այլ սուս ու փուս գրվածքը կդնես իր առջև, կասես.
– Դու ու քո խիղճը, ինչ գնահատական ուզում ես տուր։
Այս բոլորը պահանջում է քաղաքավարությունը մեր առօրյա կենցաղում։ Իսկ երբ մտնում ենք քաղաքական կյանքը, այնտեղ արդեն պատկերը փոխվում է։
Սոցիալիստական աշխարհում ընտրությունների ժամանակ թեկնածուն ատրճանակը ընտրողի կրծքին ուղղած ասում է. «ինձ ընտրիր, թե չէ կրակեցի»։

Կապիտալիստական երկրում ընտրելիները ժողովրդին սուտ ու փուտ խոստումներ են տալիս, բարեկամաբար նրա ձեռքն են սեղմում, տրամվայի մեջ վեր են կենում, իրենց տեղը ժողովրդին են տալիս, խոլվաթ տեղ մի բաժակ օղի են առաջարկում, վերցնում ընտրողի երեխային գիրկն ու համբուրում, թշին զարնում ու «ջանիկ» ասում, վերջապես ոտքն են ընկնում, աղաչում, պաղատում, որ քվեն իրենց տան։

Հարց։ Ինչու՞ այսպիսի դժվարություններով ընտրվել են ուզում թեկնածուները. ընտրվում են ժողովրդի՞ն օգուտ տալու համար, թե՞ իրենց։
Ես կարծում եմ՝ իրենց։
Որովհետև տեսնված չէ, որ անցորդը փողոցում նստած մուրացիկին խնդրի, աղաչի, որ իրենից մի ողորմություն ընդունի, ընդհակառակն, ինքն է պաղատում և ընդունելիս էլ անվերջանալի օրհնություններ է թափում անցորդի գլխին։
Եթե թեկնածուները ժողովրդի բարիքի համար են կամենում ընտրվել, ինչու՞ ուրեմն չեն սպասում, որ ընտրողները գան իրենց աղաչեն-պաղատեն։
Պարզ է, չէ՞։ Նշանակում է թեկնածուները պարզապես ասում են ընտրողներին.- մի փոքր ծռվեք, նստեմ ձեր կռնակին, ուտեմ-խմեմ, ման գամ աշխարհում։

Ի՞նչ եմ ուզում սրանով ասել։
Սրանով ուզում եմ ասել, որ աշխարհում որևէ տերև, որ շարժվում է, այդ անձնական շահի համար է լինում, չլիներ անձնական շահ՝ տերևն հավետ անշարժացած կկախվեր ծառից, ինչպես Մարքսի դոգմաներն են կախված Լենինի շուրթերից։


*
Իսկական սերը երևան է գալիս ամուսնության մեջ՝ վերմակի տակ, իսկ քաղաքական կյանքում գաղտնի քվեարկության ժամանակ։
Մեր պետական քվեարկությունը թեև «գաղտնի» է կոչվում, բայց քաղաքացին ու պետությունը «պառկում» են ապակյա վերմակի տակ…
Այդ պատճառով էլ «կանգում» տեղի չի ունենում, և մերձեցումը դառնում է անպտուղ։


*
Մեզ մոտ կառավարությունը պետք է ընտրվի ժողովրդի քվեով։ Եվ երբ վերջինս տեսնի իր խփած մեխը ծուռ գնաց, անմիջապես ձեռքի աքցանով քաշի հանի և նոր մեխ խփի։ Սակայն մեզ մոտ կառավարությունը ինքն իր ձեռքով «մեխն» խփում է ժողովրդի գլխին ու ոչ մի աքցան չի տալիս նրա ձեռքը երբևիցե այդ իսկապես ծռված «մեխը» հանելու համար։


*
Զարմանալի կերպով մեր կառավարության ընտրությունները համընկնում են տարվա այն մասին,երբ էգ կատուները կտուրները ելած, բեղմնավորող որձեր են փնտրում։
Կատուները անտանելի մլավում են կտուրներում. ընտրողները՝ թերթերում և ժողովներում։
Մեկը ամուսին է փնտրում, մյուսը՝ իշխանություն։
Միակ տարբերությունը, որ գոյություն ունի այս երկու տեսակ ընտրողների մեջ, այդ այն է, որ կատուն բեղմնավորվելով երբեք անցյալ տարվա ձագը նորից չի ծնում, իսկ կառավարական ընտրությունը միշտ միևնույն է ծնում։
Ու չեմ հասկանում, որ եթե առաջուց նախատեսված է ծնվելիք «կատուն»՝ էլ ի՞նչ կարիք կա համաժողովրդական մլավոցի։


*
Դեմոկրատական ներկա դարում ատոմային ռումբը ազատ ընտրությունն է և ոչ թե Ռուսաստանից բերած զենքը։ Ռուսաստանից բերած զենքով ինչ էլ ձեռք բերես՝ Ռուսաստանինն է, Գերմանիայի՞ն ինչ։
Քաղաքացի՛ք, դեպի քվեատուփ, ընտրելու արդեն նախապես ընտրվածը։
Փողոցներու պատերին կախված է ձայնազուրկներու ցանկը։ Անոնց իրավունք է վերապահված բողոքելու ձայնազրկության համար։
Իրավունք մը, որմե ոչ ոք կուզե օգտվել։
1926թ.

*
Եթե մահն ինքնին սարսափելի չէ, այլ սարսափելի է մահվան գաղափարը, ապա, ուրեմն, մեռնում է ոչ թե մեռնողը, այլ կենդանի մնացած մարդը։
1960թ.

No Comments

Post A Comment