Թարգմանչական արվեստ և նրա գնահատման օբյեկտիվ չափանիշները


Թարգմանչական արվեստ և նրա գնահատման օբյեկտիվ չափանիշները

 

XX դարը, որն իրավամբ համարվեց թարգմանության ժամանակաշրջան, հրա­մայա­կան դարձրեց թարգմանության տեսության առկայացումը: Ինչպես վկայում են մշակույթի պահպանված հուշարձանները, թարգմանության պատմական արմատ­ները ձգվում են շատ հեռու՝ մինչև մարդկության քաղաքակրթության քաղաքա­կրթու­թյան  վաղնջական ժամանակները: Այսօր գրեթե չկա որևէ մեկուսացած ժողովուրդ, որ գոյություն ունենա առանց թարգմանության:

Կղզիացած մշակույթներն ու քաղաքակրթու­թյունները, որքան էլ որ առաջավոր լինեն, դատապարտված են աղճատման, հաճախ և կործանման: Դեռևս ք.ա.13-րդ դարում խեթերը թարգմանեցին շումերա-աքքադական Գիլգամեշ պոեմը: Անհնար է խոսել թարգմանության մասին շրջանցելով աստվածաշնչային գրվածքները: Բաբե­լոն­յան աշտարակն իրենից ներկայացնում է բառերից ստեղծված դիցաբանություն: Ելիցում  (11, 9) այսպես է նկարագրվում այդ պատմությունը. «Եհովան այնտեղից նորանց ցրուեց բոլոր երկրի երեսի վերայ, և քաղաքը շինելուց դադարեցին: Վասն որոյ նորա անունը Բաբիլոն կոցուեցավ, որովհետեւ Եհովան այնտեղ խառնակեց բոլոր երկրի լեզուն. եւ Եհովան նորանց ցրեց այն տեղից բոլոր երկրի երեսի վերայ»[1]: Լեզուների բազմազանությունը հանգեցրեց թարգմանություն­ների բազմազանու­թյանը: Մարդկության պատմության մեջ «Աստվածաշունչը» ամենից շատ թարգմանված գիրքն է. այն թարգմանվել է 2 233 լեզուներով և դեռ շարունակում է թարգմանվել:

              Թարգմանական գիտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աստվածաշնչի» (Նոր կտակարան) հայերեն թարգմանությունը հին (հրեերենից և արամերենից (Հին կտակարան): Աստվածաշնչի լավագույն թարգմա­նություններից մեկն իրավամբ համարվում է հայերենը, որը կատարվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն գրերի ստեղծումից անմիջապես  հետո՝ մեր թվարկության հինգերորդ դարում և Եվրոպայում հայտնի է Թարգմանչաց թագուհի  (Լա Կրոզ) անվանումով:

            Հայ ազգային գրականության և մշակույթի կազմավորման գործում թարգմանությունների դերն ու նշանակությունն այնքան մեծ է եղել, որ անհիշելի ժամանակներից Հայաստանում սահմանվել է Թարգմանչաց տոն, որի ավանդական նշումը շարունակվում է ցայսօր ինչպես եկեղեցու, այնպես էլ ժողովրդի կողմից: Այս տոնը բացառիկ է ամբողջ աշխարհում:

            Հայ հին թարգմանական գրականության հինգ շրջան է առանձնացնում Լ. Տեր-Պետրոսյանը իր «Հայ հին թարգմանական գրականություն» աշխատության մեջ.

            ա/ Դասական թարգմանություններ (V դար).

            բ/ Հունաբան դպրոցի թարգմանություններ (Vդ. վերջ– VIIIդ. սկիզբ).

            գ/Կիլիկյան շրջանի թարգմանություններ (XII – XIII դդ).

            դ/Միարարական (ունիթորական) միջավայրի թարգմանություններ (XIVդ.).

            ե/Ուշմիջնադարյան թարգմանություններ (XVIIդ.- XVIII դ.).

            Ինչպես տեսնում ենք, սույն դասակարգումից դուրս են մնացել VIIIդ. սկզբից մինչև XI դարն ընդգրկող ժամանակահատվածը և որոնք կարելի է բնորոշել որպես թարգմանական գրականության անկման շրջաններ»[2]

            Շարունակելով ուսումնասիրություններն այս ուղղությամբ՝ թարգմանաբան Ս. Սեֆերյանը իր Շեքսպիրը հայ իրականության մեջ առանձնացնում է հայկական «ութ թարգմանչաց դպրոց».

            1/ Դասական թարգմանություններ (V դար).

            2/ Հունաբան դպրոցի թարգմանություններ (Vդ. վերջ– VIIIդ. սկիզբ).

            3/ Կիլիկյան շրջանի թարգմանություններ (XII – XIII դդ).

            4/ Միարարական (ունիթորական) միջավայրի թարգմանություններ (XIVդ.).

            5/ Ուշմիջնադարյան թարգմանություններ (XVIIդ.- XVIII դ.).

            6/ Մխիթարյան հայրերի թարգմանչաց դպրոց (XVIIIդ.- XXդ.).

            7/ Զմյուռնիայի և Թիֆլիսի թարգմանչաց դպրոցներ (XXդ. երկրորդ կես).

            8/ Երևանի պետհամալսարանի թարգմանչաց դպրոց (XXդ. 70-ական թթ. առ այսօր):[3]

Հայ թարգմանչական հերթական, բայց ոչ այնքան արգասաբեր ալիքը եղավ 17-18-րդ դարերում, երբ հիմնվեց թարգմանչական լատինաբան դպրոցը, որի ներկայա­ցուցիչները սկսեցին թարգմանել հիմնականում կրոնա-դավանաբա­նական գրակա­նություն և հայ եկեղեցում կիրառվող գրաբարը հարմարեցնել լատինական քերակա­նությանը (հունական դպրոցի պարագայում արդյունքը դրական էր նաև այն պատճառով, որ հայերենը հնդեվրոպական լեզուների շարքում միջին դիրք էր գրավում պարսկերենի և հունարենի միջև, այսինքն՝ առկա էր նաև լեզվական տրամաբա­նության որոշ հարազատությունը): Քանի որ կաթոլիկ եկեղեցին և մասնավորապես արդեն ոչ խոսակցական լատիներենն իրենք  մայրամուտվելու միտում ունեին, լատինաբան դպրոցն ինչ-որ տեղ ժամանակավրեպ էր և խորը հետք չթողեց մեր մշակույթի մեջ:[4]

XVIII դարում Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ) վիթխարի թարգմանական և ինքնուրույն ստեղծագործական գործունություն ծավալեց: Հիմնադրվելով 1701թ. վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից՝ միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանա­սիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ: Մասնավորապես 1749թ. լույս տեսավ Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» առաջին լիարժեք հայերեն բառարանը: 1836-1837թթ.Վենետիկում հրատարակվեց «Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի» երկհատոր բառարանը, որը ցայսօր չի կորցրել իր արդիականությունը: Բառարանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այնտեղ ընդգրկվել են մի շարք բառեր, որոնք համեմատվել են հունարեն, լատիներեն, պարսկերեն, ասորերեն  և այլ լեզվական համարժեքների հետ: Վատիկանի աջակցությամբ թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ: Թարգմանական գործը շարունակվեց նաև 19-րդ դարում, երբ թարգմանվեցին մի շարք արժեքավոր գործեր՝ Ռասինի «Երգ վասն կրոնից», Լա Ֆոնտենի «Առակք» և այլք:[5]

Անցած դարում արևելահայ թարգմանությունը ևս ծաղկեց թարգմանական հենքի վրա, երբ անհրաժեշտ էր միջնադարում խարխափող հայ կյանքը հասցնել արևմտյան և ռուսական մտքի ետևից: Այդ գործընթացը շարունակվեց մինչև մեր օրերը:

Սակայն անցած դարավերջի ֆրանսերենից հայերեն կատարված բազմաթիվ գեղարվեստական թարգմանությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ տարիների թարգմանական գործընթացը թեպետ նպատակասլաց էր, ծրագրավորված և բազմաժանր, այսուհանդերձ, բարձրաճաշակ թարգմանությունների կողքին բազմաթիվ են նաև միջակությունները: Օրինակ՝ այդ նույն Աստվածաշունչը, որ թարգմանվել է զանազան լեզուներից, տարբեր հրատարակիչների կողմից, միջին հայերենով, նաև մի լեզվով, որը ո՛չ արևմտահայերեն է, ո՛չ արևելահայերեն, այդչափ առատ թարգմանությունների մեջ դժվար է գտնել փոքրիշատե կատարյալ արևելա­հայերեն լեզվով  Աստվածաշունչ, հատկապես Հին կտակարան: Այստեղից էլ ծագեց և այժմ էլ հրատապ խնդիր է թարգմանության գնահատման օբյեկտիվ  չափանիշների ներմուծումը և նրանց գործառութային անհրաժեշտությունը:

Գեղարվեստական թարգմանության գնահատման հարցը, որ մենք առաջարկել էինք դեռևս մեկ տասնամյակ առաջ և այն ժամանակ դեռ տարակուսանքի էր արժա­նանում, այսօր չափազանց արդիական թեմա է դարձել  (և ոչ միայն գեղարվեստական գրականության) միջազգային հետազոտություններում և գիտա­ժո­ղովներում, կլոր սեղանների քննարկումներում, համացանցում, մասնագիտական ամսագրերում:

21-րդ դարը՝ երրորդ հազարամյակի սկիզբը, նշանավորվեց  ճանապարհորդու­թյունների ժողովրդայնացմամբ, նոր տեխնոլոգիաների առաջացմամբ, լրատվության միջոցների աննախադեպ զարգացմամբ, որոնք մեզ հաղորդակցության մեջ են դնում ամենաբազմազան լեզուների հետ: Համաժամանակյա, գրական, լրագրողական, նաև տեխնիկական թարգմանությունը կազմում են բանավոր թարգմանության էությունը: Ակնբախ է տարբերությունը գրավոր արտահայտված մտքերի թարգմանության և բանավոր թարգմանության միջև: Չնայած բանավոր թարգմանությունը կարող է համարվել թարգմանության ենթաբաժին՝ դիտարկվելով որպես թարգմանության ուսումնա­սիրության գործընթաց, գործնականում սրանք պահանջում են միանգամայն տարբեր ունակություններ: Տարալեզու միջավայրում թարգմանության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն լեզուների իմացությամբ, այլև մշակութային գիտելիք­ներով, ինչպես նաև նրանց տարբերությունների ներկայացմամբ: Բանավոր թարգմանությունն իրականացվում է հաջորդական և համընթաց եղանակներով, որոնք իրենց հերթին ունեն տարբե­րակները:

Եվ այսօր գործում են բանավոր թարգմանության գնահատման հատուկ չափանիշներ: Ամեն տարի արձանագրվում են նաև բանավոր թարգմանության գնահատման չափանիշների արդյունքները Յունեսկոյի L’Index Translationum կայքում:[6]

Ի վերջո, թարգմանության վերջնական նպատակն է արտահայտել լեզուների մեջ եղած ամենասերտ կապը: «Թարգմանությունը չի կարող երևան հանել, ստեղծել այդ կապը, սակայն այն կարող է ներկայացնել սաղմնային վիճակում կամ ավելի ուժգին: Եվ իր ստեղծագործության սաղմնային վիճակի՝ նշանակյալի այդ գործառույթը ներկայացման ամբողջովին յուրահատուկ մի եղանակ է, որը չունի համարժեք լեզվական համակարգից դուրս: Քանզի կյանքում գոյություն ունեցող բազում համանման կապերի, հարաբերու­թյունների մեջ թարգմանությունն է ամենաարագավազը, որ գերազանցում է բոլորին: Թարգմանությունը ենթադրում է, որ լեզուների միջև գոյություն ունեցող կապը նախասկզբնական զուգամետություն է, որ լեզուները օտար չեն միմյանց, այլ ի սկզբանե ազգակից՝ վերացարկված բոլոր տեսակի պատմական կապերով»:[7]

Նույն տեքստի տարբեր թարգմանությունների համեմատական ուսումնա­սիրությունը պարզաբանումներ է մտցնում վերլուծությունների մեջ՝ ցույց տալով անցումը վաղեմի երկընտրանքի՝ բնագրին հավատարիմ, թե հանրությանը հավատարիմ, բառացի թարգմանության և գրական թարգմանության , ներկայի և անցյալի միջև:

Մեր հետազոտությունները, հատկապես մանկավարժական պրակտիկայում փորձարկումները ցույց տվեցին, որ թարգմանությունների գնահատման օբյեկտիվ չափանիշների մշակումն ու աստիճանավորումը միանգամայն իրական է.

ա/ Եթե թարգմանիչ-փորձագետները զուգադրական քննությամբ որոշում են իմաստային շեղումները՝ բացահայտելով իմաստային համարժեքային անճշտությունները:

բ/ Բացահայտվում են շարահյուսական շեղումները:

գ/ Թարգմանությունը համեմատվում է աղբյուր լեզվով կատարված այլ թարգմանությունների հետ (եթե այդպիսիններ կան):

դ/ Տվյալ թարգմանությունը համեմատվում է այլ լեզուներով կատարված թարգմանությունների հետ (եթե այդպիսիններ կան):

ե/ Հետադարձ թարգմանությամբ որոշվում է անճշտությունների և շեղումների չափը:

զ/ Հեղինակի ոճի՝ թարգմանական ոճի համապատասխանատվության աստիճանը:

է/ Աշխարհաոճի և սոցիոոճի համապատասխանատվության աստիճանը:

և/ Որոշվում է թարգմանական ստեղծարարության և ազատության չափը:

Վերջապես կարևոր է գրողի և թարգմանչի  իդիոլեկտի՝ անհատական խոսքի, գնահատումը. ոճական որակը կարող է դառնալ անվերջանալի վիճաբանությունների առարկա. (անգամ Պրուստն ու Ջոյսը ահավոր դժվարություններով են տպագրվել):

Գեղարվեստական թարգմանության մեջ այս կամ այն մասի ճիշտ կամ սխալ լինելու մասին դատողությունը, այսինքն՝ սխալների առկայության կամ բացակայության բացահայտումը կատարվում է սուբյեկտիվ զգացողության հիման վրա և դրանից հետո միայն ենթարկվում քննարկման: Սակայն անհատական սուբյեկտիվիզմը հնարավոր է (և դա ապացուցված է) հաղթահարել: Բայց ոչ թե սուբյեկտիվ չափանիշները օբյեկտիվ չափանիշներով փոխարինելու միջոցով, այլ օբյեկտիվ դարձնելով այն օրինաչափությունները, որոնք ընկած են սուբյեկտիվ դատողությունների հիմքում:

Թերևս հարկ է նշել, որ թարգմանության գնահատման չափանիշների գաղափարն առաջին անգամ հղացել է ռուս թարգմանաբանների աշխատություններում՝ անցած դարի 70-ական թվականներին[8]: Նրանց կարծիքով  գոյություն ունեն գեղարվեստական թարգմանության գնահատման չափանիշների երկու շարք, որոնցից առաջինը գործում է միայն լեզվաբանական հիմքի վրա (թարգմանության համարժեքություն), իսկ երկրորդը՝ գործաբանական գործառույթի հիմքի վրա:

Գիտական չափանիշների պարտադրումը այնպիսի անհնազանդ ասպարեզին, ինչպիսին է գրական գեղարվեստական թարգմանությունը, երևում է Անրի Մեշոնիկի մի շարք ուսումնասիրություններում, որտեղ նա բացահայտում է այն խոչընդոտները, որոնք խանգարել են (և դեռ խանգարում են) գեղարվեստական թարգմանության անկախ տեսության հաստատմանը:

Նրա առաջարկություններից է՝ տարբերակում մտցնել թարգմանություն-տեքստ և թարգմանություն-ոչ տեքստ հասկացությունների միջև, որոնք խտացնում, պարզաբանում են խնդիրը:[9]

Գրող, հրապարակախոս Կարպիս Սուրենյանը, որը նաև հանրահայտ թարգմանիչ էր (Դոստոևսկի «Կարամազով Եղբայրներ»,  «Դևերը», Գոլսոուրդի  «Ասք Ֆորսայթների մասին»), ընդհանրապես չէր արտոնում իր գործերի թարգմանությունները, համարելով, որ միայն հեղինակն ինքը կարող է ճշգրիտ փոխանցել իր սեփական ստեղծագործությունը: «Միայն բարձրորակ թարգմանությունն է, որ կարող է փոխարինել բնագրին: Հեղինակի և ընթերցողի միջև կարիք չկա միջնորդի, եթե ընթերցողը գիտի այն լեզուն, որով գրված է տվյալ երկը: […] որպեսզի գրական երկը մատչելի դառնա տարբեր ազգերի ընթերցողներին և համաշխարհային հնչողություն ստանա, կարիք ունի միջնորդի: Եվ այդ միջնորդը թարգմանիչն է»:[10] Սակայն այդ նույն խստապահանջ թարգմանչի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի թարգմանությունը զուգադրաբար համեմատելիս և գնահատելիս (ըստ մեր առաջարկած օբյեկտիվ չափանիշների), հայտնաբերում ենք աղաղակող անճշտություններ հենց առաջին կետից սկսած՝ համարժեքության հարցում:[11]  

Իր ստեղծագործությունների գեղարվեստական թարգմանությանը կասկածամտությամբ էր վերաբերվում ֆրանսիացի մեծ բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սեն-Ժոն Պերսը: Եվ ամենքին չէր  արտոնում իր գործերի թարգմանությունը: Նրա «Անաբասիս» պոեմի անգլերեն թարգմանությունը, որն իրականացնում էր մեկ այլ Նոբելյան մրցանակակիր Թոմաս Ս. Էլիոթը, տևեց վեց տարի, քանզի ինքը հեղինակն էր հսկում թարգմանությունը՝ ճշտելով ամեն բառ և արտահայտություն: Ի վերջո, վերջնական տարբերակը լույս տեսավ միայն 1930 թվականին: Ս.-Ժ. Պերսը «Անդաստան» հանդեսում հայտնի թարգմանիչ Մարսել Կարնեին տված իր հարցազրույցում ասում է. «Գրիգոր Նարեկացի՜ն… Գիտեք որ formidable բանաստեղծ մըն էր ան: Հա՜, չմոռնամ շեշտելու թե իմ հիացմունքս կերթայ նաև հայ նոր բանաստեղծներուն: Վարուժա՜նը, ինչ մեծ բանաստեղծ. անոր իրապաշտ կտորները, սիրո վերա, գլուխ գործողներ են: […] Լեզուներ կան, որ բանաստեղծական են, ուրիշներ հակաբանաստեղծական: Ու ինձի կթուի թէ հայերէնն ալ վերացական լեզու է, ուստի բանաստեղծական: Այսինքն բառ մը կրնայ թելադրել, բացի իր իմաստեն, նաև ուրիշ բաներ»:[12]

Պատմության ընթացքում և ժամանակ առ ժամանակ տիրապետող հայեցակարգերի թելադրանքով և նաև ստեղծված խնդիրների պահանջով թարգմանության բազմաթիվ տիպեր մշակվեցին: «Ինչ է թարգմանությունը» հարցի տարբեր պատասխանները հաճախ հակասական են եղել, քանզի յուրաքանչյուր հեղինակ սկզբունքորեն առաջ էր քաշում թարգմանչական գործունեության իր հայեցակարգը, առանց հաշվի առնելու մյուսների տեսակետները:

Եվ զարմանալի չէ, որ թարգմանության արդի ամենաերևելի տեսաբաններից շատերը թարգմանիչներն են, և նրանց թարգմանաբանական ուսմունքները, ինչպես օրինակ, Անտուան Բերմանի, Յուջին Նայդայի, Անրի Մեշոնիկի, Ումբերտո Էկոյի, Դանիելա Սելեշկովիչի, Կատարինա Ռայսի և այլոց ուսումնասիրությունները հիմնված են իրենց առանձնահատուկ գործունեության և փորձի վրա: Եթե Անրի Մեշոնիկի առաջարկած թարգմանության պոետիկան կապված է ընդհանրապես տեքստաբանության շուրջ մտորումների հետ, ապա Նայդայի թարգմանության տեսությունն ավելի շուտ ներառում է ժամանակակից թարգմանաբանների իրատեսական մոտեցումները:

Երբ Մարինա Ցվետաևան գրում է. «Այսօր ես ցանկություն ունեմ, որ Ռիլկեն խոսի իմ միջոցով: Խոսակցական լեզվում դա կոչվում է թարգմանել: Բայց թարգմա­նություն նշանակում է նաև այլ բան: Միայն անցում չենք կատարում մեկ լեզվից մեկ այլ լեզվին: Ես անցկացնում եմ Ռիլկեին ռուսերենի մեջ, այնպես, ինչպես նա մի օր ինձ կանցկացնի մեկ այլ աշխարհ»:[13]

Աննա Հակոբյան | բան. գիտ. թեկ.

[1] Տես՝ Աստուածաշունչ, 1989թ.  էջ 41, 1896 թուին Կոստանդնուպոլսում լույս տեսած Աստուածաշնչի վերատպություն:
[2] Տեր-Պետրոսյան Լ., ‹‹Հայ հին թարգմանական գրականություն››, Եր. Սովետական գրող, 1984, էջ 7 :
[3] Սեֆերյան Ս., ‹‹Շեքսպիրը հայ իրականության մեջ››, Եր. Սահակ Պարթև,  2002,  էջ 4 :
[4] Հայրապետյան Մ., «Թարգմանչական արվեստ և խմբագրում», Եր., «Անթեղ», 2000, էջ 4:
[5] Տես՝ http://hy.wikipedia.org/
[6] L’Index Translationum-ը ողջ աշխարհում կատարվող թարգմանություների ցուցակ-ցուցիչն է, որը պատասխանում է տարբեր չափանիշների՝ հեղինակ, հրատարակիչ, երկիր, լեզու և այլն: Այն ղեկավարվում է Յյունեսկոյի կողմից:
[7]  Տես՝ Jeanne Dancette, Louise Audet et Laurence Jay-Rayon, Axes et créativité en traduction, Erudit, Monréal, 2007, p. 108-122.
[8] Цвиллинг , Туровер,  О критериях оценки перевода, Тетради перевод­чика, № 15, М., 1978:5
[9] Meschonnic, Henri, Propositions pour  une  poétique de la traduction, Langue et littérature, Paris, 1999, p.16.
[10] Տես Կ. Սուրենյան, Պսակ և հրաժեշտ թարգմանության, Եր., «Գարուն», 1982, թիվ 1, էջ 74 :
[11] Տես՝ Հակոբյան Ա., Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» վիպակի թարգմանության գնահատումը ըստ օբյեկտիվ չափանիշների,  Եր. «Ոսկե դիվան», պրակ 4, 2012-13,  էջ 74 
[12] Անդաստան  հանդես (12), Մարսել, 1958թ.,թիվ 8-9- «Զրույց Սեն-Ճոն Փերսի հետ»:
[13] Տես Rilke, Pasternak, Tsvétaiva, Correspondance à trois, Gallimard, Paris, 1983, 15-16.


Գրականության ցանկ

Աստուածաշունչ, 1989թ.  էջ 41, 1896 թուին Կոստանդնուպոլսում լոյս տեսած Աստուածաշնչի վերատպություն:
Զրույց Սեն-Ճոն Փերսի հետ, «Անդաստան»  հանդես (12), թիվ 8-9- Մարսել, 1958թ.:
Հայրապետյան  Մ.,«Թարգմանչական արվեստ և խմբագրում», Եր., «Անթեղ», 2000.
Հակոբյան Ա., «Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» վիպակի թարգմանության գնահատումը ըստ օբյեկտիվ չափանիշների»,  Եր. «Ոսկե դիվան», պրակ 4, 2012-13:
Սեֆերյան Ս., ‹‹Շեքսպիրը հայ իրականության մեջ››, Եր. «Սահակ Պարթև››,  2002.
Սուրենյան Կ.‹‹Պսակ և հրաժեշտ թարգմանության››, Եր. «Գարուն››, 1982, թիվ 1.
Տեր-Պետրոսյան Լ., ‹‹Հայ հին թարգմանական գրականություն››, Եր. «Սովետական գրող››,1984.
Цвиллинг , Туровер, ‹‹ О критериях оценки перевода››,Тетради перевод­чика, № 15, М., 1978.
Dancette J., Audet L. et Jay-Rayon L., ‹‹ Axes et créativité en traduction››, Erudit, Monréal, 2007.
Meschonnic H., ‹‹ Propositions pour  une  poétique de la traduction››, Langue et littérature, Paris, 1999.
Rilke, Pasternak, Tsvétaiva, Correspondance à trois, Gallimard, Paris, 1983.
http://hy.wikipedia.org/

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment