Խորխե Լուիս Բորխես | Jorge Luis Borges

 

 

Խորխե Լուիս Բորխես | 1899-1986թթ., Արգենտինա

 

Վարիացիաներ

Ես երախտապարտ եմ լուսնին, որ լուսին է, ձկանը, որ ձուկ է, մագնիսին, որ մագնիս է:
Ես երախտապարտ եմ Ալոնսո Կիխանոյին, որ շարունակում է Դոն Կիխոտ լինել` դյուրահավատ ընթերցողների համաձայնությամբ:
Ես երախտապարտ եմ բաբելոնյան աշտարակին, որ մեզ նվիրեց լեզուների բազմազանությունը:
Ես երախտապարտ եմ անմեռ բարությանը, որ օդի նման ողողել է երկիրը, գեղեցկությանը, որը դարանամուտ է մեզ:

Ես երախտապարտ եմ ծեր մարդասպանին, ով Կաբրերա փողոցի լքված մի տանը ինձ մի նարինջ մեկնեց և ասաց. «Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ իմ տնից դուրս են գալիս դատարկ ձեռքով»: Գիշերվա ժամը գրեթե տասներկուսն էր, և մենք այլևս չհանդիպեցինք:

Ես երախտապարտ եմ ծովին, որ մեզ զիջեց Ոդիսևսին:
Ես երախտապարտ եմ Սանտա Ֆե փողոցի ծառին և Վիսկոնսի փողոցի ծառին:
Ես երախտապարտ եմ Դե Քուինսիին, ով հակառակ ափիոնի կամ նրա շնորհիվ Դե Քուինսի դարձավ:

Ես երախտապարտ եմ շուրթերին, որոնց չեմ համբուրել, և քաղաքներին, որոնց չեմ տեսել:

Ես երախտապարտ եմ կանանց, որոնք լքել են ինձ, և նրանց, ում ինքս եմ լքել, ինչն, ըստ էության, նույն բանն է:
Ես երախտապարտ եմ երազին, ուր մոլորվել էի` ասես անդունդում, որտեղ լուսատուները չգիտեն իրենց ծիրերը:

Ես երախտապարտ եմ ծեր մի տիկնոջ, որ մահվան մահճում իրեն շրջապատած մարդկանց թույլ ձայնով ասաց. «Թողեք հանգիստ մեռնեմ», այնուհետև այնպիսի հիշոցներ հեղեց, որոնք մենք նրանից լսում էինք առաջին անգամ ու վերջին:

Ես երախտապարտ եմ իմ գիտակցության մահին և իմ մարմնի մահին:
Այս տողերը կարող է գրել միայն այն մարդը, ում ոչինչ չի մնացել, բացի Տիեզերքից:


Ապրելով սպառնալիքի ներքո

Սա սերն է: Ես պետք է թաքնվեմ և կամ փախչեմ:
Նրա բանտի պատերը բարձրանում են, ինչպես սարսափելի երազում: Գեղեցկության
դիմակը փոխվեց, բայց, ինչպես միշտ, միակը մնաց: Այդ ի՞նչ
ծառայություն այժմ պիտի ինձ մատուցեն թալիսմանները այս. գիտական պարապմունքները, այս մեծ
էրուդիցիան, իմացությունն այն բառերի, որոնցով խստամբեր Հյուսիսը
իր ծովերն ու դրոշներն է երգել, խաղաղ բարեկամությունը, իմ մոր
սերը դեռատի, մարտական ստվերները մեռյալների, անժամանակ գիշերները և
բույրը երազի:

Լինել քեզ հետ կամ չլինել քեզ հետ – ահա չափման միավորը իմ ժամանակի:
Սափորն արդեն շնչահեղձ է լինում աղբյուրի տակ, մարդը բարձրանում է
Թռչունի ձայնի հնչյունին, բոլոր նրանք, ովքեր նայում էին պատուհանից, կուրացան,
Սակայն խավարը հաշտեցում չբերեց:

Ես գիտեմ՝ ինչ է սերը. տանջալից թախիծ և թեթևացում,

որ լսում եմ ձայնդ. սպասում և հիշողություն, ապրելը շարունակելու սարսափ:
Սերն է՝ իր միֆերով, իր մանր և անօգուտ հրաշքներով,
ահա այն անկյունը, ուր ես չեմ հանդգնում մտնել:
Ինձ են մոտենում զինված հորդաները:
(Բնակության այս վայրն անիրական է, և ում սիրում ես, չի նկատում այն):

Ինձ մատնում է կնոջ անունը:

Իմ ողջ մարմնում կինն է ցավի պես նվում:

Էլեգիա

Օ՜, ճակատագիր Բորխեսի․
նավարկել բազմազան ծովերով աշխարհի
կամ մի ծովով, որն ունի բազմազան անուններ,
լինել մի մասը Էդինբուրգի, Ցյուրիխի, երկու Կորդոբաների,
Կոլումբիայի և Տեխասի,
վերադառնալ փոփոխվող ավարտին սերունդների,
նախնիների հնագույն հողեր՝
Անդալուզիա, Պորտուգալիա և երկրներն այն,
ուր սաքսերը, կռվելով դանիացիների հետ, խառնել են արյունը,
թափառել կարմիր և հանդարտ Լոնդոնի լաբիրինթոսում,
ծերանալ այնքա՜ն շատ հայելիներում,
ապարդյուն որոնել մարմարե հայացքը քանդակների,
ուսումնասիրել վիմագրերը, հանրագիտարանները, քարտեզները,
տեսնել այն ամենն, ինչ տեսնում է տղամարդը,
մահը, ծուլորեն շարժվող աստղերը,
և տեսնել ոչինչ, կամ համարյա ոչինչ,
բացի բուենոսայրեսցի մի աղջկա դեմքից,
դեմք, որը չի ցանկանում հիշես իրեն։
Օ՜, Բորխեսի ճակատագիր․
երևի ոչ այնքան տարօրինակ,
որքան քոնն է։

Այն, ինչ պատկանում է մեզ

Մենք սիրում ենք այն, ինչ երբեք չենք իմանա. ինչը կորած է:
Թաղամասերը, որոնք նախկինում արվարձան են եղել:
Հնությունները, որոնք այլևս ի զորու չեն մեզ հուսախաբ անել,
որովհետև շքեղ միֆեր են դարձել:
Շոպենհաուերի վեց հատորները,
որոնք կմնան կիսաընթերցված:
«Դոն Կիխոտի» երկրորդ հատորը, այն չբացելով, սոսկ հիշողությամբ:
Արևելքը, որն, անկասկած, գոյություն չունի
աֆղանացու, պարսիկի և թուրքի համար:
Մեր նախնիներին, որոնց հետ մենք հազիվ թե կարողանայինք խոսել
կես ժամից ավել:
Փոփոխական պատկերները հիշողության`
մոռացությամբ հյուսված:
Լեզուները, որ մենք հազիվ ենք հասկանում:
Լատինական կամ սաքսոնական բանաստեղծությունը, որը կրկնում ենք սովորությամբ:
Ընկերներին, որ ընդունակ չեն մեզ դավաճանել,
որովհետև մեռած են վաղուց:
Անսահման անունը Շեքսպիրի:
Կնոջը, որ մեր կողքին էր, իսկ հիմա այնքան հեռու:
Շախմատը և հանրահաշիվը, որից գլուխ չեմ հանում:

Թարգմանեց Հակոբ Մովսեսը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment