Գաբրիել Գարսիա Մարկես | Gabriel García Márquez

Գաբրիել Գարսիա Մարկես | 1927-2014թթ. Կոլումբիա

 

(հատված հարցազրույցից)

ՁԻԱՀ ն  ընդամենը խիզախում է ավելացնում սիրո մեջ: Սերը միշտ էլ վտանգավոր է եղել, մահացու հիվանդության պես…


Միշտ ուզեցել եմ սերիալներ հորինել: Ինձ նման մարդու համար, ում միակ ցանկությունն է, որ իրեն սիրեն իր արածի համար, սերիալը հազար անգամ արդյունավետ է վեպից:

Ես փորձում էի հեքիաթներ գրել, բայց ոչինչ չէր ստացվում: Գրածներիցս մեկը ցույց տվեցի տղաներիս (այդ ժամանակ նրանք դեռ շատ փոքր էին): Վերադարձրեցին` ասելով. «Հայրիկ, դու ինչ է` մտածում ես` երեխաները լրի՞վ հիմար են»:

Ես ունեի կին ու երկու փոքրիկ տղա: Աշխատում էի որպես գովազդային մենեջեր ու խմբագրում կինոսցենարներ: Բայց գիրք գրելու համար ստիպված էի հրաժարվել աշխատանքից: ես  հանձնեցի  ավտոմեքենաս ու փողը տվեցի Մերսեդեսին (կնոջը): Ամեն առավոտ նա ինձ տալիս էր թղթեր, ծխախոտ ու այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատելու
համար: Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք ենք 5000 պեսո, ահռելի գումար: Պարզվեց` շրջակայքում լուր էր տարածվել, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, ու բոլոր կրպակատերերը փորձել էին որևէ բանով օգնած լինել: Ձեռագիրը հրատարակչին ուղարկելու համար 160 պեսո էր պետք, բայց մնացել էր ութսունը: Այդ ժամանակ ես  հանձնեցի Մերսեդեսի հարիչն ու վարսահարդարիչը: Իմանալով այդ մասին` նա ասաց.«էդ էր պակաս, որ վեպդ վատը լիներ»:

Անհրաժեշտությունը շան մռութ ունի:

Եթե ինչ-որ բանում կանայք էլ են ներգրավված, ապա վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես շատ հստակ գիտեմ, որ կանայք են կառավարում աշխարհը:

Ամուսնական խնդիրները վերջանում են ամեն երեկո սիրով զբաղվելուց հետո և վերսկսվում ամեն առավոտ նախաճաշից առաջ:

Եթե ես գրող դարձած չլինեի, կուզեի դաշնակահար լինել բարում: Այդպիսով կօգնեի սիրահարներին ավելի ուժեղ սիրել իրար:

Միակ բանը, որ կանայք չեն ներում, դավաճանությունն է: Սովորաբար նրանք համաձայնվում են խաղի կանոնների հետ, ինչպիսիք էլ որ դրանք լինեն,  եթե դրանք ասվում են սկզբում: Բայց տանել չեն կարողանում, երբ կանոնները փոխվում են խաղի ընթացքում: Այդ ժամանակ նրանք դառնում են անզիջում ու դաժան:

Սրտի հիշողությունը վատը վերացնում է,  լավը` խոշորացնում:

Մեզ շրջապատում են անսովոր, ֆանտաստիկ բաներ, իսկ գրողները մեզ համառորեն պատմում են անկարևոր, առօրյա պատմություններ:

Ես աստծուն չեմ հավատում, բայց վախենում եմ նրանից:

Մեծ աղետները մեծ հարստություն են ծնում. նրանք ստիպում են մարդկանց ապրել:

Չէ, հարուստ չեմ:  Ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չի:

ԱՄՆ-ն հսկայական փողեր է ներդնում Լատինական Ամերիկայում, բայց նրանց մոտ չի ստացվում այն, ինչ մենք անում ենք առանց որևէ ցենտ ծախսելու: Մենք փոխում ենք նրանց լեզուն, նրանց երաժշտությունը, նրանց ուտելիքը, նրանց սերը, նրանց մտքի ձևը: Մենք ազդում ենք Ամերիկայի վրա այնպես, ինչպես նրանք կուզեին ազդել մեզ վրա:

Գրականության պրոֆեսորների հետ վիճեցի Կուբայում: Նրանք ասում էին. ««Հարյուր տարվա մենությունը» առանձնահատուկ գիրք է, բայց լուծումներ չի առաջարկում»: Ինձ համար դոգմա է. իմ գրքերը նկարագրում են միջադեպերը, բայց պարտավոր չեն լուծումներ տալ:

Մարդը մեռնում է ոչ թե երբ պետք է, այլ երբ կարողանում է: 

Ես գրում եմ, որովհետև ուզում եմ` ինձ սիրեն: Շատ եմ վախենում, որ գոյություն կունենա ինչ-որ մեկը, ով չի սիրում ինձ, ու ես ուզում եմ, որ նա ինձ սիրի` կարդալով այս հարցազրույցը:


Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment