Սվետլանա Ալեքսիևիչ | Պատերազմը կնոջ դեմք չունի

Սվետլանա Ալեքսիևիչ | Святлана Алексіевіч
Ծնվ. 1948թ., Բելառուս

Պատերազմը կնոջ դեմք չունի
գեղարվեստա-փաստագրական վեպ
ռուսերենից թարգմանեց Հովհաննես Այվազյանը

Անտարես
Երևան, 2016թ.

[հատվածներ գրքից]

Մարդը մեծ է պատերազմից:

Տալ Դոստոևսկու հարցը. որքա՞ն է մարդը մարդու մեջ և ինչպես պաշտպանել այդ մարդուն իր մեջ:

Հսկայական և գիշատիչ աշխարհ: Հիմա հասկանում եմ այն մարդու մենակությունը, որը վերադարձել է այնտեղից: Ինչպես ուրիշ մոլորակից կամ այն աշխարհից: Նա ունի գիտելիք, որն ուրիշները չունեն, և այն կարելի է ձեռք բերել միայն այնտեղ՝ մահվանը մերձ: Երբ նա փորձում է բառերով ինչ-որ բան փոխանցել, աղետի զգացողություն է ունենում: Մարդը համրանում է: Նա ուզում է պատմել, մնացածները կուզենային հասկանալ, բայց բոլորն անկարող են:
Նրանք միշտ այլ տարածքում են, քան ունկնդիրը:


Տղամարդկանց մանկուց նախապատրաստում են, որ իրենց, հնարավոր է, հարկ լինի կրակել: Կանանց այդ բանը չեն սովորեցնում: Նրանց պատերազմը հոտ ունի, գույն ունի, գոյության մանրամասն աշխարհ ունի. «Մեզ ուսապարկեր տվեցին, մենք դրանցից շրջազգեստներ կարեցինք», «Գերմանացիները գնդակահարել էին գյուղն ու գնացել… Մենք եկանք այդ տեղը. կոխկրտած դեղին ավազ, իսկ ավազի վրա՝ մանկական մի կոշիկ…»:


Ինչի մասին էլ կանայք խոսեն, նրանց ասածի մեջ մշտապես առկա է միտքը, որ պատերազմը նախևառաջ պանություն է, իսկ հետո՝ ծանր աշխատանք: Իսկ այնուհետև՝ պարզապես սովորական կյանք. երգում էինք, սիրահարվում էինք, բիգուդի էինք փաթաթում…


Արիություն պատերազմում և մտքի արիություն. սրանք երկու տարբեր արիություններ են: Իսկ ես մտածում էի, թե դրանք միևնույն բանն են:


Նրանք, ովքեր եղել են պատերազմում, վերհիշում են, որ քաղաքացիական մարդը զինվորականի է վերածվում երեք օրում:


Ժամանակը նույնպես հայրենիք է:


«Կերչի տակ… Գիշերով կրակակոծության տակ լողում էինք բեռնանավով: Վառվեց նավաքիթը… Կրակը սողաց տախտակամածով: Ռազմամթերքը պայթեց… Հզո՜ր պայթյուն էր: Այնպիսի ուժգնության պայթյուն էր, որ բեռնանավը թեքվեց աջ կողմ ու սկսեց սուզվել: Իսկ ափն արդեն հեռու չէ. Մենք հասկանում ենք, որ ափն ինչ-որ տեղ մոտիկ է, և զինվորները նետվեցին ջուրը: Ափից կրակահերթեր բացեցին գնդացիրները: Ճիչեր, տնքոցներ, հայհոյանք… Ես լավ էի լողում, կուզենայի մեկին փրկել: Թեկուզ մի վիրավորի… Սա ախր ջուր է և ոչ թե հող. Վիրավոր մարդը միագամից կմեռնի: Ջրի տակ կանցնի… Լսում եմ. Ինչ-որ մեկը կողքիս մեկ ջրից դուրս է լողում, մեկ նորից ջրի տակն անցնում: Վերև, ջրի տակ: Ես որսացի պահը, ճանկեցի նրան… Ինչ-որ սառը, լպրծուն է… Որոշեցի, որ վիրավորն է, իսկ հագուստը պատառոտվել է պայթյունից, ջուրը քշել-տարել է: Որովհետև ինքս էլ մերկ եմ… Սպիտակեղենով եմ մնացել… Խիտ մթություն է: Թեկուզ աչքդ մատ խոթեն: Շուրջը. «Ա՜ախ: Ա՜յ-յա-յա»: Եվ հայհոյանքներ… Նրա հետ մի կերպ ափ հասա… Հենց այդ պահին երկնքում հրթիռ բռնկվեց, և ես տեսա, որ շալակովս ափ եմ հասցրել մի մեծ վիրավոր ձուկ: Մե՜ծ ձուկ էր, համարյա մարդու չափ: Թառափ… Սատկում է… Ես ընկա դրա կողքին ու այնպիսի երեքհարկանի հայհոյանք շարեցի: Վիրավորանքից լաց եղա… Եվ այն գիտակցությունից, որ բոլորն են տառապում…»:


Մեր հերոսությունը ստերջ է:


«Ինչ-որ մեկը մեզ մատնել էր… Գերմանացիները իմացել էին, թե որտեղ էր պարտիզանների կեցավայրը: Շրջապատեցին անտառն ու բոլոր կողմերից մոտենալու ճանապարհները: Մենք թաքնվում էինք վայրի թավուտներում, մեզ փրկում էին ճահիճները, արտե պատժիչները չէին մտնում: Ճահճուտը… Ե՛վ տեխնիկան, և՛ մարդկանց այն կլանում էր վերջնականորեն: Մի քանի օրով, շաբաթներով մինչև կոկորդներս կանգնած էինք ջրի մեջ: Մեզ հետ ռադիստ կին կար, նա վերջերս էր ծննդաբերել: Երեխան սոված է… կուրծք է ուզում… բայց մայրն ինքն է սոված, կաթ չկա, և երեխան լալիս է: Պատժիչները մոտակայքում են… Շներով… Եթե շները լսեն, ապա բոլորս կզոհվենք: Ամբողջ խումբը՝ մի երեսուն մարդ… Ձեզ հասկանալի՞ է:

Հրամանատարը որոշում է ընդունում…
Ոչ ոք չի համարձակվում մորը փոխանցել հրամանը, բայց նա ինքն է կռահում: Բարուրով երեխային մտցնում է ջրի մեջ և երկար պահում այնտեղ… Երեխան այլևս չի ճչում… Ոչ մի ծպտուն… Իսկ մենք չենք կարողանում բարձրացնել մեր հայացքները: Ոչ մոր, ոչ էլ միմյանց վրա…»:


Ամուսինս սիրում է հիշել՝ ինչ էին հրամանատարների, գեներալների անունները, զորամասերի համարները՝ ամեն ինչ հիշում է: Իսկ ես՝ ոչ: Ես հիշում եմ միայն այն, ինչ տեղի է ունեցել ինձ հետ: Իմ պատերազմը: Չորս կողմը շատ մարդիկ կան, բայց դու միշտ մենակ ես, որովհետև մարդը միշտ մենակ է մահվան առաջ: Ես հիշում եմ սարսափելի միայնակություն:


Ճակատագիրն այն է, երբ դեռ ինչ-որ բան կա: Բառերի ետևում:  


Մենք ուզում էինք կռվել և վերջ: Մենք չէինք հասկանում, որ կռվել նշանակում է ինչ-որ մի բան անել իմանալ:


Հերթում գտնվող մարդիկ շրջվեցին դեպի ինձ, իսկ իմ հրացանն ինձնից մեծ էր: Երբ դրանք մեզ հանձնեցին, ես նայեցի ու մտածեցի. «Տեսնես ե՞րբ կդառնամ այս հրացանի չափ»:


«Արիության համար» առաջին մեդալը…

Մարտը սկսվեց: Փոթորկալից կրակ: Զինվորները պառկեցին: Հրաման. «Առա՜ջ: Հանուն հայրենիքի՜», իսկ նրանք պառկած են: Դարձյալ հրաման, դարձյալ պառկած են: Ես հանեցի ականջակալներով գլխարկս, որպեսզի տեսնեն՝ աղջիկ է առաջ նետվում… Եվ նրանք բոլորը ոտքի կանգնեցին, և մենք գնացինք մարտի…
Մեդալն ինձ հանձնեցին, և այդ նույն օրն իսկ գնացինք առաջադրանքի: Եվ ես կյանքում առաջին անգամ ունեցա… Մերը… Կնոջականը… Ինձնից հոսող արյուն տեսա, այնպես եմ գոռում.
– Ես վիրավորվել եմ…
Հետախուզությունում մեզ հետ բուժակ կար, արդեն տարեց մի տղամարդ: Նա դիմում է ինձ.
– Որտեցի՞ց ես վիրավորվել:
– Չգիտեմ որտեղից… Բայց արյուն է գալիս…
Նա հոր նման ինձ ամեն ինչ պատմեց:
Պատերազմից հետո մի տասնհինգ տարի հետախուզության էի գնում: Յուրաքանչյուր գիշեր: Եվ ինչպիսի երազներ էին. մե՛կ ավտոմատս է խափանվել, մե՛կ էլ մեզ շրջապատել են… Արթնանում ես, ատամներդ կափկափում են: Վերհիշում ես՝ որտե՞ղ ես դու: Այստե՞ղ, թե՞ այնտեղ:
Պատերազմն ավարտվեց, ես երեք ցանկություն ունեի. Առաջին՝ վերջապես փորիս վրա չեմ սողա, այլ կսկսեմ երթևեկել տրոլեյբուսով, երկրորդ՝ գնել և ուտել մի ամբողջ սպիտակ բատոն, երրորդ՝ քունս առնել սպիտակ անկողնում, և որ սավանները ճռճռան: Սպիտակ սավանները…


Գարուն էր: Մենք կրակում ու ետ էինք գնում: Եվ ես մանուշակներ հավաքեցի: Այսպիսի մի փոքրիկ փունջ: Հավաքեցի ու կապեցի սվինիս: Այդպես էլ գնում եմ:
Վերադարձանք ճամբար: Հրամանատարը շարեց բոլորին ու ինձ շարքից դուրս կանչեց: Եվ դուրս եկա… Եվ մոռացա, որ մանուշակները հրացանիս վրա են: Իսկ նա սկսեց անպատվել ինձ. «Զինվորը զինվոր պետք է լինի և ոչ թե ծաղիկ հավաքող…»: Նրա համար տարօրինակ էր, թե ինչպես կարելի է այդպիսի իրադրությունում մտածել ծաղիկների մասին: Տղամարդու համար անհասկանալի էր… Բայց ես մանուշակները չշպրտեցի: Դրանք սուսուփուս հանեցի ու գրպանս մտցրի: Այդ մանուշակների համար ինձ երեք արտահերթ վերակարգ տվեցին…

 

Մարտն ավարտվեց գիշերը: Իսկ առավոտյան թարմ ձյուն եկավ: Դրա տակ սպանվածներն են… Շատերի ձեռքերը վեր են բարձրացված… Դեպի երկինք… Հարցրեք ինձ՝ ի՞նչ է երջանկությունը: Կպատասխանեմ… Սպանվածների մեջ հանկարծ կենդանի մարդ գտնելը…


Երիտասարդ, հետաքրքիր տղա… Եվ ընկած է սպանված…

Տանկիստները դուրս են թռչում վառվող մեքենաներից, նրանց վրա այրվում է ամեն ինչ: Ծխում է: Նրանց ձեռքեևն ու ոտքերը հաճախ էին ջարդված լինում: Դրանք շատ ծանր վիրավորներ էին: Իսկ նա պառկած խնդրում է՝ կմեռնեմ, գրիր մորս, գրիր կնոջս… իսկ ես չէի կարո: Ես չգիտեի, թե այդ ինչպես պետք է ինչ-որ մեկին պատմել մահվան մասին…


Ես դարձյալ երկար զննում եմ մանրակրկիտ ու սիրով ձևավորված և հյուրերի համար  միշտ երևացող տեղում դրված ընտանեկան լուսանկարչական ալբոմները: Այդ ալբոմներից յուրաքանչյուրն անվանում ունի՝ «Մեր տոհմը», «Պատերազմ», «Հարսանիք», «Երեխաներ», «Թոռներ»: Եվ ինձ դուր է գալիս այդ հարգանքը սեփական կյանքի նկատմամբ, փաստաթղթավորված սերը անցյալի ու ապրվածի նկատմամբ:


Մեզ թվում էր, թե երկրագնդի վրա միշտ խաղաղություն կլինի, որ ոչ ոք երբեք պատերազմ չի ցանկանա, բոլոր արկերը պետք է պայթեցվեն: Ինչի՞ համար են դրանք: Մենք հոգնել ենք ատելուց: Հոգնել ենք կրակելուց:


Սկզբնական շրջանում մենք թաքնվում էինք, նույնիսկ պարգևները չէինք կրում: Տղամարդիկ կրում էին, իսկ կանայք՝ ոչ: Տղամարդիկ հաղթողներ էին, հերոսներ, փեսացուներ, նրանք պատերազմ էին ունեցել, իսկ մեզ բոլորովին ուրիշ աչքերով էին նայում: Բոլորովին ուրիշ… Մեզնից, ասեմ ձեզ, հաղթանակը խլեցին: Այն սուսուփուս փոխարինեցին սովորական կանացի երջանկության հետ: Հաղթանակը մեզ հետ չկիսեցին: Եվ վիրավորական էր… Անհասկանալի…


Պատերազմից առաջ ես պատրաստվում էի ամուսնանալ երաժշտության իմ ուսուցչի հետ: Խելագար պատմություն էր: Ես լրջորեն սիրահարվել էի… Եվ նա… Բայց մայրս չթողեց. «Դեռ փո՜քր ես»:

Շուտով սկսվեց պատերազմը: Ես խնդրեցի, որ ինձ ռազմաճակատ ուղարկեն: Ուզում էի գնալ տնիցմ հասուն աղջիկ դառնալ: Տանը լալիս էին ու ինձ ճանապարհ գցելու պատրաստություն տեսնում: Տաք գուլպաներ, սպիտակեղեն…
Առաջին սպանվածին տեսա առաջին օրը… Պատահական բեկոր թռավ դպրոցի բակ, ուր տեղակայված էր հոսպիտալը, և մահացու վերք պատճառեց մեր բուժակին: Եվ ես մտածեցի: Մայրս որոշեց, որ ամուսնության համար փոքր եմ, իսկ պատերազմի համար՝ ոչ… Իմ սիրելի մայրիկ…


Մենք մտնում էինք մեր գյուղերը… Այնտեղ միայն վառարաններն էին կանգուն և վերջ: Միայն վառարանները: Ուկրաինայում վայրեր էինք ազատագրում, որտեղ ոչինչ չէր մնացել, միայն ձմերուկ էր աճում, մարդիկ միան այդ ձմերուկներն էին ուտում և ուրիշ ոչինչ չունեին: Նրանք դիմավորում էին մեզ ու ձմերուկներ բերում… ծաղիկների փոխարեն…


Ես շատ էի վախենում, որ եթե հանկարծ ինձ սպանեն, պառկած ժամանակ տգեղ կերևամ:

Ես պահել էի իմ ականջօղերը, գիշերը դնում էի ականջներիս ու դրանցով քնում:


Ամբողջ պատերազմի ընթացքում վախենում էի, որ ոտքերս չհաշմվեն: Գեղեցիկ ոտքեր ունեի: Տղամարդուն ի՞նչ: Նրա համար այնքան էլ սարսափելի չէ, եթե նույնիսկ ոտքերը կորցնի: Միևնույն է, հերոս է: Փեսացո՜ւ: Իսկ եթե կինը հաշմվի, ուրեմն նրա ճակատագիրը կորոշվի:


Գետտոյում ապրում էինք փշալարերի  ետևում… Ամիս-ամսաթիվը չեմ հիշում, բայց դա երեքշաբթի էր: Պատահաբար մոտեցա լուսամուտին: Մեր տան դիմաց՝ նստարանին, նստել էին մի տղա ու մի աղջիկ և համբուրվում էին: Չորս կողմը ջարդեր են, գնդակահարություններ: Իսկ նրանք համբուրվում են: Ես ցնցված էի այդ խաղաղ տեսարանից…


Սերը մարդու միակ անձնական իրադարձությունն է պատերազմում: Մնացած ամեն ինչն ընդհանուր է, նույնիսկ մահը:


Ես սովորեցի կրակել, նռնակ նետել… Ականներ տեղադրել: Առաջին բժշկական օգնություն ցույց տալ…
Բայց չորս տարվա ընթացքում… մոռացա քերականության բոլոր կանոնները: Կարող էի փակ աչքերով քանդել-հավաքել ավտոմատը, բայց ինստիտուտ ընդունվելիս շարադրությունը գրեցի մանկական սխալներով և գրեթե առանց ստորակետերի: Ինձ փրկեցին իմ մարտական պարգևները. Ինստիտուտ ընդունեցին: Սկսեցի սովորել: Գրքեր եմ կարդում ու չեմ հասկանում, բանաստեղծություններ եմ կարդու ու չեմ հասկանում: Ես մոռացել էի այդ բառերը…

Գարնանը, երբ ծաղկում էին այգիները, և բոլորը հաղթանակին էին սպասում, մարդկանց թաղելն ամենադժվար բանն էր լինում:


Չի կարող լինել մի սիրտ ատելության, իսկ երկրորդը՝ սիրո համար: Մարդ մի սիրտ ունի, և ես միշտ մտածել եմ այն մասին, թե ինչպես փրկեմ իմ սիրտը:

Պատերազմից հետո երկար ժամանակ վախենում էի երկնքից, նույնիսկ գլուխս վեր բարձրացնելուց: Վախենում էի նաև տենել հերկած հողը: Իսկ դրա վրայով հանգիտ շարժվում էին սերմնաքաղները: Թռչունները շուտ էին մոռացել պատերազմը…

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment