Հովսեփ Յուզբաշյան | Ես ապրել եմ Շուշիում

Հովսեփ Յուզբաշյան
1902-1983թթ., Արցախ

Ես ապրել եմ Շուշիում 
ինքնակենսագրական հուշեր
խմբագիր և կազմող՝ Լուսինե Հովհաննիսյան

Անտարես
2017թ.

Իմ գրառումներում հնարված ոչ մի տող չկա: Մեծ մասը վերաբերում է իմ մանկությանը, որն անցել է Շուշիում: Գրում եմ մեր տան, իմ հարազատների, շուշեցիների մասին, որոնք ապրել են այս քաղաքում, աշխատել, ուրախացել:
Հուշերիս մեծ մասը վերաբերում է Շուշիի մեր տանը, որն այրեցին բարբարոսները: 

Այս հրաշալի քաղաքի հայկական մասից պահպանվել են միայն Ժամհարովների տունը, Շուշիի հիվանդանոցը, կիսաքանդ Ղազանչեցոց եկեղեցին, որի քահանային՝ Տեր-Հարություն Աթաբեկյանին, բարբարոսները գլխատեցին, և Ռեալական վարժարանը: Այսպես մեռավ քաղաքը՝ իր սիրելի մարդկանցով, կենցաղով, ավանդույթներով:

Շուշիում հողածածկ տներ չկային, ինչպես Երևանում: Երկու-երեք հարկանի տներ էին, ամառային ակումբը՝ հսկա ծաղկանոցով, մանկական խաղահրապարակով, ձմեռային ակումբը, փոստի շենքը, բաղնիքը, երկու հյուրանոցները, բանկը՝ «Շուշի-կրեդիտ», որտեղ հաշվապահն էր Գրիգոր-բեկ Մինասբեկյանը, դեղատները: Տպվում էր «Ղարաբաղ» թերթը, «Շուշիի լիստոկը», որի խմբագիրն էր Շամիր-բեկ Մելիք Ղարագյոզյանը: Բագրատ վարժապետի տպարանն եմ հիշում, հայկական բարեգործական միության մեծ գրադարանը, պուրակ տանող արհեստանոցը, որտեղ կանայք հաստոցների առաջ ձեռքով գորգ էին գործում: Խուբլարյանների հրուշակեղենի խանութները, Գրիգոր Խանլարովի ձկան խանութը, որտեղ միշտ կարելի էր գտնել թարմ թառափ ու սև խավիար: Բագրատ վարժապետի գրենական պիտույքների խանութը: Բագրատ վարժապետը բարձրահասակ, նիհար մարդ էր՝ ակնոցը քթին:

Շուշիի մեր տունը հորս էր անցել պապիս մահից հետո: Պապս Ղազանչեցոց վանքի ավագ քահանա էր` Տեր-Առաքել Յուզբաշյանը: Պապս երկար ժամանակ վարժապետություն է արել Գորիսում ու շատ կրթված մարդ էր: 

Հյուրասրահի հատակին երկու մեծ գորգ ունեինք, քանի որ հյուրասրահը մոտավորապես 45 քառակուսի մետր էր: Այդ գորգերը բացվում էին միայն անհրաժեշտության դեպքում: Հատակը ներկված էր կարմիր յուղաներկով: Պատերն էլ էին յուղաներկ քսված: Հյուրասրահում պատի տակ ռոյալն էր «Բեկեր» մակնիշի: Ռոյալի վրա երկու մեծ նկարներ էին կախված, մեկը պապիս` տեր Առաքելի, մյուսը` տատիս լուսանկարը: Անկյունում գրամոֆոնն էր: Ու երբ գրամոֆոնը միացնում էինք, դրսում մարդիկ հավաքվում ու լսում էին: Պատերին նկարներ կային, բայց ռեպրոդուկցիաներ էին, բնօրինակներ չունեինք: Առաստաղից կախված էր մեծ ջահը` մեծ լամպով: Մեր պատշգամբը մոտ 30 մետր երկարություն ուներ ու 3-3,5 մետր լայնություն: Պատշգամբի պատի մեջ պահարան էր ներկառուցված, որի մեջ էլի գորգեր ու սպիտակեղեն էր: Պատշգամբի հարևանությամբ կից կառույց կար` խոհանոցը 25 քառակուսի մետր տարածքով, որի մի պատին աղյուսե վառարան էր, որը տաքանում էր փայտով: Մյուս անկյունում մեծ տակառ էր, որի մեջ լցվում էր ջրհորի ջուրը: Խոհանոցի հետևում կիսամութ սենյակն էր, որտեղ պահարանների մեջ պահվում էր խոհանոցային սպասքը: Խոհանոցի առջևով նեղ միջանցքը տանում էր զուգարան կամ, ինչպես մերոնք էին ասում` «զախոդ»: Շուշիում կոյուղի կար: Խոհանոցի աջ կողմի աստիճաններով կարելի էր բարձրանալ տանիքի տակ`ձեղնահարկ: Ձեղնահարկում, տանիքի գերաններից կախված էր ճոճվող, փայտե «խոնչան», որի վրա շարվում էր թխված լավաշը: Բակում` լվացքատան հարևանությամբ, խոր ջրհոր կար, որտեղ հավաքում էին անձրևաջուրը: Անձրևաջուրը ջրհորդանով լցվում էր ջրհորի մեջ: Դրան ասում էին «շռութկան»: Ջրհորի վրա ձեռքով աշխատող պոմպ ունեինք: Այդ պոմպով ջուրն ուղղվում էր խոհանոց և լվացքատուն` կենցաղային հոգսերի համար:

Մեր այգու անմիջական հարևանությամբ Խանլարովների տունն էր, իսկ այգու վերին մասին կպած էր Անանևների կիսով չափ այրված ու մասամբ վերականգնված տունը, որի տերը սիրում էր կրկնել. «Չորս ծի օնիմ: Մինը սիպտակ ա, մինն էլ սիպտակ ա, մինն էլ ա սիպտակ, մինն էլ ա սիպտակ»: 

Հայրս` Մովսես Առաքելի Յուզբաշյանը, ծնվել է 1845-ին: Նրան Շուշիում կոչում էին Մովսես Բեկ: Հայրս նախնական կրթություն ուներ: Լավ ռուսերեն էր խոսում ու գրում: Ամբողջ կյանքում աշխատել է Ղափանում: Նա մի ընկերակցության տնօրեն էր, որը զբաղվում էր Ղափանից Շուշի պղինձ տեղափոխելով, իսկ Շուշիից Ղափան կոքս էին տանում: Հիշում եմ` ինչպես պղնձով բեռնված ձիերը, ավանակները, ուղտերը մտնում էին մեր բակ: Տանը պղնձի ամբար ունեինք: Հետո պղինձը բարձում էին ձիակառքերին` Եվլախ տեղափոխելու համար, իսկ Եվլախից այն տեղափոխում էին Մոսկվա: Հորս բազմանդամ ընտանիքը հարուստ ընտանիք էր համարվում: Հայրս տարեկան չորս հազար ռուբլի էր աշխատում: Նա որևէ կուտակումներ, բաժնեթղթեր չուներ: Ողջ փողը ծախսում էր ընտանիքի վրա:

Բացառիկ նշանակություն էր տալիս ուսմանը: Երեք եղբայրներս՝ Նիկիտան, Սիմոնը, Իսահակը, կրթություն են ստացել Գերմանիայում: Հայրս Բեռլին սովորելու էր ուղարկել նաև աղջկան` Սառային (հայտնի թոքաբան Գրիգոր Սաղյանի կնոջը): Շուշիում չէին հասկանում` ինչպես կարելի է աղջկան մենակ ուղարկել Գերմանիա, բայց Սառան շատ լավ էր սովորում, ոսկե մեդալով ավարտել էր Շուշիի երրորդ գիմնազիան և մինչև Գերմանիա գնալը գերմաներեն գիտեր:

Մայրս իր անընթեռնելի ձեռագրով հաճախ էր բացիկներ ուղարկում ինձ, երբ աշխատում էի Դաղստանում, Ղրիմում, նամակները միշտ ավարտվում էին հետևյալ բառերով` «Քո մայր Մայկո Յուզբաշյան»: Նա միշտ շրջապատված էր ծեր կանանցով, որոնք պաշտում էին նրան, օգնում էին տնտեսության մեջ, երեխաներին խնամելու գործում: Այդ տատիկներին ես էլ եմ հիշում: Նրանք մորս անվանում էին «հարթնը»` հարս:

Մորս 35-ամյակը նշում էինք շատ շքեղ: Երկար պատշգամբը զարդարել էինք, կուսանոցից կույսեր էին եկել, Տեր Հարությունն էր եկել` օրհնելու տունը: Հայրս մատաղ էր արել: Երեկոյան հյուրերը թեյում էին ինչպես ընդունված էր` այգում: Հետո պարեր էին, մեծերը պրեֆերանս էին խաղում հատուկ թղթախաղի սեղանների վրա: Առավոտյան ես միշտ բացում էի այդ սեղանների փեղկերն ու անպայման կոպեկ էի գտնում: Ամառային այդ ուրախ հավաքների ժամանակ մայրս անընդհատ պտտվում էր բոլորի շուրջն ու ինչ-որ բան առաջարկում: Առավոտյան կողովներով թութ էին բերում Քարին տակ գյուղից: Իսկ հետո նախաճաշն էր`ձվածեղ` 25 ձվից:
Հեքիաթ դարձած օրեր են:

Ուզում եմ պատմել կատվի պատմությունը: Մի անգամ Ստեփան-բեկը Թավրիզից մեծ կատու է բերում, որ անունը դնում են «Փաշա»: Գարնանն այս «Փաշան» մի ամսով միշտ հեռանում էր տնից: Թեև եբայրներս հրաշալի գիտեին ուր է գնում կատուն, այնուամենայնիվ հատուկ հարցնում էին Ստեփան-բեկին «ուր է Փաշան», ինչին Ստեփան-բեկը պատասխանում է. «Երեխերք, կատվին խասյաթը ըտիա՝ տարեկան մը հըտ քինամա անիրավության», որից հետո «անիրավություն» բառն իր հաստատուն տեղն է գրավում մեր ընտանիքի խոսակցական բառապաշարում: Դրանից հետո որևէ կնոջ մասին խոսելիս այլ բառերի փոխարեն ասում էինք «անիրավության» է գնում: Մի անգամ, երբ Փաշան վերադառնում է հերթական «անիրավությունից», Ստեփան-բեկը նայում, տեսնում է կատուն ամբողջովին ճանկռոտված, հոգնած, ուժասպառ՝ ասում է. «Այ, Փաշա, գիդում ըս թա մեր սըրտը օզում չի՞ անիրավություն անե»:

Ստեփան-բեկի կինը՝ Փիդրոնը, երեկոյան տանը նստել չէր սիրում ու միշտ հյուր էր գնում՝ «ֆրապ» խաղալու: Մի անգամ Ստեփան-բեկի մոտ հյուրեր պիտի գային, ու Ստեփանն իմանալով, որ կինը տանը չի լինի, մի նամակ է գրում ու գրասենյակի ծառայողներից մեկի միջոցով ուղարկում կնոջը. «Հարգելի տիկին Փեդրոն, խնդրում եմ այսօր երեկոյան շնորհ արեք մնալ տանը, տունը մարդ է գալու: Քեզ շատ հարգող՝ Ստեփան»:

Ամառվա օրերին հատկապես ծաղկում էր Շուշիի մեր տունը: Բոլորը հավաքվում էին: Մեր տունը հեքիաթի էր նմանվում: Այգում անընդհատ եռում էր ինքնաեռը: Բոլորս ծառերի տակ՝ մեկը կարդում էր, մյուսը՝ թեյ խմում, Իսահակը թառ էր նվագում, անընդհատ կատակներ, որոնք իրենց հեղինակներից ավելի երկար էին ապրելու: Ամառը հանգստանալու էր գալիս Գրիշա հորեբայրը՝ իր հերթական կնոջ հետ: Նա մեր ուրախությունն էր: Երբեմն որսի էինք գնում: 

Մեր բակում թոնրատուն կար, թոնրատան անկյունում մայրս օջախ էր վառում, ու հսկա կաթսայի մեջ եռում էր ջուրը, որով պետք է լողանային տան բոլոր անդամները: Այդ ընթացքում մեկը պետք է ջրհորից սառը ջուր բերեր խառնուրդի համար, ու պիտի կրակը պահվեր օջախում: Մայրս հերթով բոլորին լողացնում էր մեծ «թեշտի» մեջ: Մի անգամ` այդպիսի մի օր, Գրիգորը տեսնում է մայրս բակի մեջտեղում մտազբաղ կանգնած է: Հարցնում է. «Մամա, էդ ի՞նչ մտածմունքի մեջ ըս», մայրս պատասխանում է. «Գրիշա, քեզ մատաղ, մնացալ ա էրկու ճոխտ վըննը»: Պարզվում է` նա մեզ ոտքերով էր հաշվում:

Հիշարժան օրերից էին լավաշ թխելու օրերը: Հատուկ կանանց էինք հրավիրում` լավաշ թխող Սաթենիկը, խմոր էին անում, եթե չեմ սխալվում`երեկոյան: Թխած լավաշը բարձրացնում էին ձեղնահարկ, ուր տանիքի գերաններից կախված «խոնչաների» վրա շարում էին լավաշները: Քանի որ «խոնչաները» կախված էին պարաններից ու ճոճվում էին, դրանց անունը «Ճինճի-պոմբի» էր: Լավաշները ծածկվում էին հատուկ ծածկոցներով, որոնք կոչվում էին «մեզար»: Խմորներից մեկն անպայման պատից պոկվում ու ընկնում էր թոնրի մեջ: Ընկած հացը կոչվում էր «կուտանա»`դա ամենահամով լավաշն էր:  

Ամառային ամենաուրախ արարողությունը քաղաքից դուրս բացօթյա քեֆերն էին: Պատրաստվում էինք հիմնավոր ու երկար: Հիմնականում գնում էինք Քարին տակ գյուղի կողմերը, Շամիր բեկի բաղերը, Թթու ջուր: Թթու ջուր աղբյուրի ջուրն այնքան սառն էր, որ հիշում եմ` գրազ էինք գալիս, թե ով կարող է մինչև երեսունը պահել ձեռքը ջրի տակ:

Բացօթյա ճաշկերույթների համար տանում էինք գորգեր, սփռոցներ, ափսեներ ու անպայման ինքնաեռը: Ամենասկզբում մորթում էին ոչխարը, հետո ծառերից ճյուղեր էին կտրտում, որոնցից շամփուրներ էին պատրաստում ու այդ ճյուղերն արտասովոր համ էին տալիս մսին: 

Ուզում եմ նշել մի փաստ ևս: Շուշին, ինչպես արդեն գրել եմ, այրեցին նաև 1906-ին, բայց մեր տունը փրկվեց: Հայրս սովորույթի համաձայն ծննդյան տոներին ու զատկին գնում էր Շուշիի ռուսական կայազորի պետի մոտ ու խնդրում հայ զինվորներն թույլ տալ գալու մեր տուն Զատիկն ու ծննդյան տոները նշելու: Մոտ երեսուն մարդ էր գալիս: Երբ թաթարները հրդեհեցին քաղաքը, ռուսական կայազորը չխառնվեց: Հայերին ու թաթարներին միմյանց դեմ լարելու քաղաքականությունն էր: Կայազորի հայ զինվորները մեր տանն անց կացրած երեկոների դիմաց փրկեցին մեր տունը կրակից: Շատերը հրդեհից հետո կառուցեցին իրենց տները:

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment