Ռեյ Բրեդբերի | 20 հետաքրքիր փաստ


Ռեյ Բրեդբերի | 1920-2012թթ., ԱՄՆ


20 հետաքրքիր փաստ գրողի կյանքից

1. Առաջին գրական փորձը 12 տարեկանում էր: Բրեդբերին հիացած էր Էդգար Բարոուզի «Մարսի հաղթական հերոսը» վեպով: Կարդացել էր առաջին հատորն ու սպասում էր երկրորդին: Բայց ոչ թե վեպի լույս տեսնելուն, այն վաղուց էր տպագրվել, այլ շատ աղքատ էին ու գիրք գնելու գումար հայթայթելուն: Ստիպված գործի դրեց երևակայությունն ու ինքը հորինեց շարունակությունը վեպի: Ահա թե որտեղից ծագեց միտքը գրելու «Մարսյան քրոնիկները»:

2. Դպրոցական էր, երբ որոշեց, որ պետք է գրող դառնա ու որոշեց ամեն օր գրել ու գրում էր: Ամենաքիչը՝ 1000 բառ:

3. Դպրոցն ավարտելուց հետո՝ 1938-ին, Բրեդբերին գումար չուներ քոլեջում սովորելու համար: Նյու Յորք Թայմզի մի հարցազրույցում ասում է, որ ինքը չի հավատում քոլեջների ու համալսարանների տված կրթությանը և ասում էր, որ ինքը կրթություն է ստացել գրադարանում, ուր այցելում էր շաբաթական երեք օր տասը տարի շարունակ:

4. Դպրոցի ավարտականին նա ստիպված էր գնալ հանգուցյալ պապի կարկատած կոստյումով: Իսկ կարկատել էին փամփուշների կրակած տեղերը, երբ ավազակները հարձակվել էին ու սպանել պապին:

5. Նա հոյակապ հիշողություն ուներ և հիշում էր իր կյանքի ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերը, ընդհուպ մինչև պորտալարը կտրելը:

6. «Խատուտիկի գինին» գրեթե ինքնակենսագրական է, եղբայրների՝ Թոմի ու Դուգլասի կերպարների տակ թաքնված է հենց ինքը՝ Բրեդբերին:

7. Միակ հարազատ մարդը, ում կերպարը գրքերում չի օգտագործել, գրողի հայրն էր: Հոր մահվանից տարիներ անց միայն Բրեդբերին նրան կնվիրի իր պատմվածքների ժողովածուն՝ «Բուժիչ դեղ մելամաղձության դեմ»:

8. Պատմվածքների առաջին ժողովածուն անհաջող էր: Սարսափ ժանրի պատմվածքներ էին՝ Էդգար Ալան Պոյի ոճով, ինչից շուտով հրաժարվեց գրող Հենրի Քատների խորհրդով:

9. Երբ Բրեդբերին տանում էր իր պատրաստի վեպը Նյու Յորք՝ գրական գործակալին ցույց տալու, անգամ գնացքի փող չուներ և ստիպված է լինում ավտոբուսով տեղ հասնել:

10.Ռեյ Բրեդբերին կյանքում առաջին անգամ աղջկան ժամադրության է հրավիրել 22 տարեկանում:
Մարգրեթ Մակլյուրն աշխատում էր գրախանութում: Ռեյը երկար, մեծ գրպաններով վերարկու էր հագել, ու աղջիկը համոզված էր, որ նա գող է ու եկել է գրախանութից գիրք թռցնելու. օրեր առաջ նման միջադեպ էր եղել ու փնտրում էին գողին: Ու Մեգգին կես ժամ տղայի ետևից պտտվելուց հետո չդիմացավ ու հարցրեց. «Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել»: Ռեյը նոր լույս տեսած պատմվածքների անթոլոգիան էր փնտրում, որտեղ իր պատմվածքն էլ կար: Սկսեցին զրուցել, իսկ հաջորդ օրը Ռեյը Մեգիին հրավիրեց սրճելու: Սուրճը դարձավ կոկտեյլ, կոկտեյլը՝ ընթրիք, իսկ մեկ տարի անց նրանք ամուսնացան:

Մարգրեթը միակ աղջիկն էր, ում հետ ժամադրվել է Բրեդբերին: Նա աշխատում էր ամբողջ օրը գրախանութում, իսկ Ռեյը տանը մնում էր տանն ու գրում: 1940-ականների համար դա չլսված բան էր:

11. Երիտասարդ չունևոր ընտանիք էին ու հեռախոս գնելու շռայլություն չէին կարող թույլ տալ իրենց: Եվ որպեսզի հրատարակիչներն ու խմբագիրները կարողանան կապ հատատել գրողի հետ, Բրեդբերին տալիս է նրանց դիմացի փողոցում գտնվող բելզալցակայանի վճարովի հեռախոսասարքի համարը: Աշխատելիս պատուհանը բաց էր թողնում, որ եթե զանգ լսի, իսկույն վազի, անցնի փողոցն ու պատասխանի զանգին:

12. Իր լավագույն ստեղծագործությունը համարում է «Մարսյան քրոնիկոնը», թեև համաշխարհային ճանաչում է բերում «451 աստիճան ըստ Ֆորենհայթի» վեպը, որն առաջին անգամ լույս է տեսնում «Փլեյբոյ» ամսագրում 1953թ.: Վեպ գրելու միտքը ծագում է, երբ կարդում էր Ալեքսանդրյան գրադարանի հրդեհի պատմությունը: Վեպը գրում է ինն օրում համալսարանական գրադարանի նկուղային հատվածում: Աշխատում էր գրամեքենայով:

13. 25-ում ընկերոջ հետ գնում է Մեքսիկա ճամփորդելու: Պատահաբար հայտնվում է այն նույն հյուրանոցում, որտեղ Ջոն Սթայնբեքն էր այդ պահին: Վերջինս մասնակցում էր իր գրքի էկրանավորմանը: Հանդիպում են նախաճաշին: «Սթայնբեքն ուրախ էր ու հարբած և հրաշալի հումոր ուներ», – հիշում է Բրեդբերին: Իսկ Ռեյն անչափ ամաչկոտ էր՝ ասելու համար, որ ինքն էլ է գրող: Ի դեպ, «Ցասման ողկույզները» նրա ամենասիրելի գրքերից էր:

14. Երբեք վարորդական իրավունք չի ստացել ու մեքենա չի վարել: 16 տարեկան էր, երբ մահացու ելքով ավտովթարի ականատես եղավ: Ավելի ուշ հարցազրույցներից մեկում կպատմի այդ օրվա մասին. «Ես քայլում էի՝ վախից դողալով, հենվելով ծառերին ու պատերին: Ինձ ամիսներ պետք եղան վերականգնվելու համար: Ավտոմեքենան ամենավտանգավոր զենքն է մեր հասարակության համար. նրանք ավելի շատ են մարդ սպանում, քան պատերազմները»:

15. Անգամ 79 տարեկան հասակում սրտի կաթվածի պատճառով բազկաթոռին գամված նա շարունակում էր ամեն օր աշխատել: Բրեդբերին սրտանց հավատում էր, որ ամեն նոր պատմվածք երկարացնում է իր կյանքը: Նա ուզում էր ապրել հարյուր տարի, ստացվեց 92-ը:

16. Իր վերջին պատմվածքը «Կարմիր գլխակապով շունն» էր, որ լույս տեսավ 2010 թվականին:

17. Հեղինակել է 10 վեպ, 6 վիպակ, շուրջ 400 պատմվածք, նաև գրել է բանաստեղծություններ, հոդվածներ, ակնարկներ ու էսսեներ, ունի տասնյակ պիեսներ ու մի շարք սցենարներ, աշխատում էր «Մոբի Դիկ» վեպի էկրանավորման սցենարի շուրջ, ինչպես նաև «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» սերիալի սցենարիստն էր:

18. Բրեդբերին իր անունով աստղ ունի հոլիվուդյան Փառքի ճեմուղում, աստերոիդ՝ երկնքում, և խառնարան՝ Մարսի վրա:

19. Նա ուզում էր, որ իր աճյունամոխիրը ուղարկվի Մարս տոմատե ապուրին խառնած տարայով, իսկ հետո մտածեց, որ լավ կլինի ունենալ շիրմաքար, որի վրա իր գրքերի վերնագրերը կլինեն, իսկ ներքևում գրված կլինի. «Խատուտիկներ թողեք այստեղ՝ ի հիշատակ «Խատուտիկի գինի» գրքի, որը շատերն են սիրում»: Վերջնական տարբերակը պարզ ու հասարակ շիրմաքար էր, որի վրա գրված էր՝ հեղինակը 451 աստիճան ըստ ֆորենհայթիի:

20. Բրեդբերի մահից ամիսներ անց ՆԱՍԱ-ն հրթիռ ուղարկեց մարս և տիեզերանավի վայրէջքի տեղը կոչեցին Բրեդբերիի անունով:

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment