Գերթրուդ Ստայն | Gertrude Stein

Գերթրուդ Ստայն | 1874-1946թթ., ԱՄՆ


Հրեաների ընտանիքում ծնված այս աղջիկը մանկությունն անցկացրել է Փարիզում ու Վիեննայում, կրթվել Ամերիկայում: Նա գրող էր, բանաստեղծ ու դրամատուրգ, գրականության տեսաբան էր ու արվեստի նմուշների հավաքորդ: Նրա հավաքածուում տեղ էին գտել Պիկասոյի, Շագալի, Մոդիլիանիի, Բրաքի և էլի շատերի աշխատանքները: Ստայնն իր փարիզյան տունը վերածել էր գրական սալոնի, ուր հավաքվում էին Հեմինգուեյը, Էլիոթը, Ջոն Դոս Պասոսը, Ռեմարկը, Ֆիցջերալդը և այլոք: Հենց Ստայնն է հանրահայտ ձևակերպումը տալիս Հեմինգուեյի, Անդերսոնի, Ֆիցջերալդի սերնդին՝ կոչելով նրանց «կորուսյալ սերունդ»:

Գերթրուդն էքսցենտրիկ էր, հետաքրքրվում էր դադաիզմով ու կուբիզմով, սիրում էր փորձարարություններ: Նրա հնչեցրած խոսքը կարող էր հեղինակություն սարքել և կամ քանդել հիմնահատակ:
         
Ճակատագրական էր նրա հանդիպումը Էլիս Բ. Թոքլասի հետ, որ դարձավ Ստայնի մեծ սերն ու կյանքի ուղեկիցը: Էլիսը վարում էր տնային տնտեսությունը, խմբագրում էր Ստայնի գրքերը, իսկ ավելի ուշ՝ հրատարակում ու թարգմանում:              

Ստայնը պաշտում էր խոհանոցը: Ոչ պատրաստել: Դրանում հմուտ էր Էլիսը: Իսկ Ստայնը երեք մեծագույն կիրք ուներ՝ ուտելիք, ընթերցանություն և սեքս:

Նրանք պատմության ամենահայտնի ու ազդեցիկ զույգերից էին, շատ էին ճամփորդում, հատկապես սիրելի էր Իսպանիան: Երբ 1934թ. Ստայնը հայտնվում է Նյու Յորքում՝ դասախոսելու մի կիսամյակ, աչքով է ընկնում հսկա գովազդային ցուցանակը. «Գերթրուդ Ստայնն է Նյու Յորքում»: Նա լողում էր փառքի օվկիանում: Էլեոնորա Ռուզվելտը հրավիրում էր Ստայնին թեյախմության Սպիտակ Տանը, Հոլիվուդում նա մասնակցում էր երեկույթների Չարլի Չապլինի հետ, Չիկագոյում ներկա էր գտնվում իր պիեսի բեմադրության առաջնախաղին, իսկ երեկոները Էլիսի հետ շրջում էին արվարձաններում ու շփվում հասարակ մարդկանց հետ: «Ինձ բախտ է վիճակվել լինել հարուստ և բախտ է վիճակվել լինել աղքատ: Հարուստն ավելի լավ էր»:              

Ստայնը արվեստի ու գրականության քննադատ էր: Կար ժամանակ, երբ Պիկասոն նկարելուն զուգահեռ շատ ակտիվ գրում էր: «Մի երեկո, երբ Պաբլոն եկավ ինձ մոտ ու կարդաց իր բանաստեղծությունները, ես ամուր գրկեցի նրան ու ասացի՝ Պաբլո, գնա տուն ու շարունակիր նկարելդ»: Դրանից հետո, ասում են, Պիկասոն այլևս չգրեց:

Ստայնի սիրելի արտահայտությունն էր՝ վարդը վարդ է վարդ է: Այն ասեղնագործված էր Ստայնի հագուստներին, ներքնակին ու բարձին, գրված էր ափսեների վրա ու բաժակներին: Ի դեպ, Ստայնին ու Էլիսին միավորում էր կատուների հանդեպ սերը: Տարօրինակ անուններով մի քանի կատու էին պահում, բայց ամենաշատը սիրում էին Հիտլերին: Թե ինչու՝ Հիտլեր, բացատրում էին նրանով, որ կատուն բեղիկներ ունի հանց Ադոլֆ Հիտլեր: Միայն իրեն հայտնի պատճառով Ստայնն օրգազմը կոչում էր կով: Եվ, ի դեպ, շատ կովեր են պատահում նրա բանաստեղծություններում ու պատմվածքներում, դե իսկ ինքն իր մասին ասում էր՝ ես նա եմ, ով գիտի ինչպես կովեր նվիրել:               

Գերթրուդ Ստայնը մահացավ քաղցկեղից, թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը: Էլիսը մահացավ տարիներ անց: Նրա աճյունը ամփոփվեց սիրելի կնոջ կողքին:

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment