Էլիֆ Շաֆաք | Elif Şafak



Էլիֆ Շաֆաք | ծնվ. 1971թ., Թուրքիա


Բազմակարծ մտքի հեղափոխական ուժը


– Իսկ Դուք կարո՞ղ եք բառերը համտեսել:
Հարցն անակնկալի բերեց: Ամռանը գրական մի փառատոնի շրջանակում զրույց-հանդիպում էր ընթերցողների հետ, ու վերջում, երբ պետք է գրքերը մակագրեի, դեռատի մի աղջնակ մոտեցավ ընկերոջ հետ ու հենց այս հարցը տվեց: Ասացի, որ կան դեպքեր, երբ մարդիկ զգայական զրկանքներ են ունենում, ինչի արդյունքում կարողանում են լսել գույները կամ տեսնել հնչյունները, և գրողներից շատերին, այդ թվում՝ նաև ինձ, այն հրապուրում է: Բայց նա խոսքս կտրեց, անհամբեր էր շատ, ու ասաց. «Հա, ես դա գիտեմ, կոչվում է սինեստեզիա, դպրոցում անցել ենք, բայց մայրս կարդում էր Ձեր գիրքը ու ասաց. «Էս գրքում էնքան շատ են ուտելիքներն ու բաղադրատոմսերը, ճաշի նկարագրությունը երկար-բարակ, որ ամեն էջ կարդալուց հետո սովածանում ես»: Ու ես մտածեցի, թե Դուք ինքներդ չե՞ք քաղցում, երբ գրում եք դա, ու մտքովս անցավ, որ գուցե Դուք կարողանում եք համտեսել բառերը»:

Ու ես հիշեցի, որ մանկությանս տարիներին այբուբենի ամեն տառն իր գույնն ուներ, ու ամեն գույն իր համն ուներ, օրինակ, մանուշակագույնը շատ կծու էր, աննշան հոտով, ու ցանկացած բառ, որ ես ասոցացնում էի մանուշակագույնի հետ, նույն համն ուներ ինձ համար: Օրինակ՝ մայրամուտը շատ կծու բառ է, համեմունքներով լի: Բայց մտածեցի՝ եթե այդ ամենը ասեմ աղջնակին, շատ վերացական կհնչի կամ թերևս տարօրինակ, և ոչ էլ ժամանակ կար. մարդիկ սպասում էին հերթի մեջ կանգնած, ու հանկարծ հասկացա, որ այն, ինչ ուզում եմ փոխանցել իրեն, ավելի բարդ ու մանրամասն է, քան հանգամանքներն են ինձ թույլ տալիս: Ու ես արեցի էն, ինչ անում եմ սովորաբար նման իրավիճակներում, սկսում եմ կակազել, լռում եմ ու չեմ խոսում: Ես դադարեցի խոսել, որովհետև ճշմարտությունն ավելի խուճուճ էր:

Զրույցս ուզում եմ սկսել պատասխանից, որ չկարողացա տալ այն օրը: Այո, ես կարողանում եմ համտեսել բառերը: Ուրախ բառերն այլ համ ունեն, տխուր բառերը՝ այլ: Ուզում եմ միասին ուսումնասիրենք: Օրինակ, ինչ համ ունի «ստեղծագործականություն» բառը կամ «հավասարությունը», «սերը», «հեղափոխությունը»: Իսկ «մայր հայրենի՞քը»: Վերջերս այս վերջին բառն է ինձ հուզում: Լեզվիս վրա քաղցր համ եմ զգում, դարչինի, մի պուտ վարդաջրի, golden տեսակի խնձորների, բայց խորքում սուր կծվահամ եմ զգում՝ եղինջի ու դառը խատուտիկի:  

Իմ հայրենիքը՝ Թուրքիան, խառնուրդն է քաղցրի ու մռուի: Ու պատճառը, որ խոսում եմ այդ մասին, այն է, որ կարծում եմ՝ այսօր ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ ունեն նույն խճճված զգացողություններն այն երկրի մասին, որտեղից եկել են: Այո, մենք սիրում ենք մեր երկիրը, մեզ զգում ենք կապված մարդկանց, մշակույթին, երկրին, հող ու ջրին, բայց միաժամանակ ավելի ու ավելի ենք հիասթափվում նրա վարած քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից:

Ուզում եմ զգացմունքներից խոսել և կարիքից՝ զգայական ինտելեկտը խթանելու: Շատ ափսոս, որ քաղաքական մեյնսթրիմ տեսությունը շատ քիչ է ուշադրություն դարձնում զգացմունքներին:  Շատ հաճախ վերլուծաբաններն ու փորձագետները այնքան զբաղված են տվյալներով ու չափագրումներով, որ մոռանում են բաների մասին, որ կյանքում դժվար է չափել և կամ վիճակագրական վերլուծության ենթարկել: Կարծում եմ՝ սա սխալ է, ու այն երկու հիմնական պատճառ ունի: Առաջինը, որովհետև մենք զգայական արարածներն ենք, ինչպես որ մարդ արարած ենք: Եվ երկրորդը, որ նոր է առավել. մենք մի նոր աստիճանի ենք բարձրացել աշխարհի պատմության մեջ, ուր առավել, քան երբևէ նախկինում հավաքական տրամադրություններն են առաջնորդում ու ապակողմնորոշում քաղաքականությունը: Եվ լրատվամիջոցների ու սոցցանցերի միջոցով այս տրամադրությունները կտրուկ ուժեղացվում են, բևեռացվում և արագորեն տարածվում ամբողջ աշխարհով մեկ:

Մենք ապրում ենք անհանգստությունների,  բարկության, զայրույթի ու անվստահության  դարաշրջանում: Ու կարծում եմ՝ նաև շատ վախերի: Բայց չնայած տնտեսական գործոնների մասին հազար ու մի հետազոտությունների` կան համեմատաբար մի քանի ուսումնասիրություն զգայական գործոնների մասին: Ինչո՞ւ ենք անում դա, երբ մենք թերագնահատում ենք զգացմունքներն ու ընկալումները: Ես կարծում եմ՝ սա է դառնալու ինտելեկտուալ մեծագույն մարտահրավերը, քանի որ մեր քաղաքական համակարգերը լի են հույզերով: Երկիր առ երկիր մենք տեսնում ենք լիբերալ քաղաքական գործիչների, որ շահագործում են այս հույզերը:  Եվ ակադեմիական ու մտավորականության շրջանակում մենք պետք է լուրջ վերաբերվենք զգացմունքներին: Եվ ճիշտ այնպես, ինչպես պետք է կենտրոնանանք աշխարհում տնտեսական անհավասարության խնդիրների շուրջ, այնպես էլ պետք է ուշադրություն դարձնենք ամբողջ աշխարհում հուզական և ճանաչողական բացերին և փորձենք վերացնել այդ բացերը, կամրջենք, քանի որ դրանք իսկապես կարևոր են:

Տարիներ առաջ, երբ դեռ ապրում էի Ստամբուլում, ամերիկացի մի կին գիտնական, որն ուսումնասիրում էր Մերձավոր Արևելքում կին գրողներին, եկավ ինձ հետ հանդիպման: Եվ զրույցի ժամանակ ինչ-որ պահի նա ասաց. «Գիտեք, ես հասկանում եմ, թե Դուք ինչու եք ֆեմինիստ: Պատճառն այն է, որ Դուք ապրում եք Թուրքիայում»: Ես ասացի նրան. «Գիտեք, իսկ ես չեմ հասկանում, թե Դուք ինչի ֆեմինիստ չեք, չէ՞ որ Դուք ապրում եք Ամերիկայում»: Նա ծիծաղեց, ասածս հումորի տեղ դրեց, ու պահն անցավ: Բայց թե ինչպես նա աշխարհը բաժանեց երևակայական երկու ճամբարի, հակադիր երկու ճամբարի,  հուզեց ինձ, ու այդ միտքը չլքեց ինձ: Համաձայն այդ երևակայական ճամբարի՝ աշխարհում կան հեղհեղուկ երկրներ: Ու նրանք նման են անհանգիստ ջրերի, որ դեռ չեն հանտարտվել: Եվ կա աշխարհում մի մաս՝ արևմուտք անունով, որ ամուր է, անվտանգ ու կայուն: Եվ ահա այս անկայուն երկրները կարիք ունեն ֆեմինիզմի, ակտիվիզմի և մարդկային իրավունքի բարձրաձայնման: Եվ ահա մեզնից նրանք, որ դժբախտություն են ունեցել ծնվելու այս երկրներում, ստիպված են շարունակ պայքարել տարրական արժեքների համար: Բայց հույս կա, քանի որ պատմությունը առաջ է շարժվում, որ անգամ ամենաանկայուն երկրները կկարողանան մի օր հասնել և այդ ընթացքում հաստատուն երկրների քաղաքացիները կկարողանան անդորր ունենալ պատմության առաջընթացի ու լիբերալ կարգերի հաստատումի շնորհիվ: Նրանք կկարողանան աջակցել այլ մարդկանց պայքարին այլուր, բայց այլևս ստիպված չեն լինի պայքարել ժողովրդավարության հիմունքների համար, քանի որ դրանք վաղուց հաղթահարված կլինեն:

Մեր աշխարհն այլևս չի հետևում այս դուալիստական նկարագրին, որն ուներ գիտնականն իր մտքում, եթե անգամ դա երբևէ եղել է: Այժմ մենք գիտենք, որ պատմությունը կարիք չունի առաջ գնալու: Այն երբեմն շրջանաձև է շարժվում, երբեմն գնում է ետ, և սերունդները կարող են թույլ տալ այն նույն սխալը, ինչ գործել են իրենց պապերն ու նախապապերը: Եվ այժմ մենք գիտենք, որ գոյություն չունեն կայուն և անկայուն երկրներ:

Փաստացի, մենք բոլորս ապրում ենք անկայուն ժամանակներում, ինչպես շատ դիպուկ նկատել էր հանգուցյալ Զիգմունդ Բաումանը: Բաումանը մեկ այլ սահմանում ևս ուներ մեր դարաշրջանի մասին: Նա սիրում էր կրկնել՝ մենք բոլորս քայլում ենք սահող ավազների վրայով: Եվ եթե դա այդպես է, ապա ես կարծում եմ, որ դա մեզ՝ կանանց, շատ ավելի պիտի անհանգստացնի, քան տղամարդկանց, քանի որ երբ հասարակությունները վերադառնում են ավտորիտարիզմին, ազգայնականությանը կամ կրոնական ֆանատիզմին, կանայք ավելի շատ կորցնելու բան ունեն: Ահա թե ինչու սա պետք է շատ կարևոր պահ լինի ոչ միայն գլոբալ ակտիվության, այլև կարծում եմ գլոբալ քույրության համար:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

No Comments

Post A Comment