Կարմիր գլխարկը | հեքիաթի փոխակերպումը նորաձևության |  մաս 2

Կարմիր գլխարկը | հեքիաթի փոխակերպումը նորաձևության |  մաս 2


Դիզայներների և լուսանկարիչների համար դեռատի աղջիկն անսպառ ոգեշնչման աղբյուր է:   Հեքիաթի գերակա գույնի` կարմիրի առկայությունը պատկերներում առաջին ակնարկն է, որ նորաձևության տվյալ ստեղծագործությունն անդրադառնում է մեզ հայտնի տեքստին: Սակայն ելնելով նորաձևության յուրահատկություններից` ամենից հազվադեպ կարմիր գույնի լինում են գլխարկներն ու թիկնոցները: Մոդելները հիմնականում կրում են բոսորագույն անսովոր զգեստներ և նույնիսկ կոշիկներ: Նախ, այս գույնի հագուստն ավելի արագ է գրավում ընթերցողի ուշադրությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս դիզայներներին լավագույնս ցույց տալ իրենց ունակություններն ու երևակայության սահմանները: Կարմիր կարող են լինել նաև հերոսուհու մազերը կամ դիմահարդարումը: 2009թ. դեկտեմբերին Vogue US9 ամսագրում տպագրվել է Into the woods ֆոտոպատումը, որը «Կարմիր գլխարկը» հեքիաթի մեկնության հետաքրքիր նմուշ է:

Ծանոթագրությունները կարդալով` հասկանում ենք, որ մոդել Նատալիա Վոդյանովան ընթերցողին է ներկայանում նորատարազ Կարմիր գլխարկի կերպարով: Ֆոտոպատումի ընթացքում հերոսուհին փոխում է ալ գունապնակի զգեստներ, վերարկուներ և այլ հանդերձներ (թիկնոցներ, վերարկուներ, զգեստներ, կոստյումներ), սակայն նա երբեք չի կրում որևէ գլխանոց: Պարզում ենք, որ աղջկա տատը ապրում է անտառում` երեք հսկա կաղնիների տակ, ինչպես գծային բնագրի կերպարները: Լուսանկարներից մեկում հերոսուհին, տատի համար ծաղիկներ քաղելուց հետո, մտամոլոր կանգնել է ծառի տակ: Հաջորդ պատկերին կից լեզվական տեքստի մեջ կարելի է նկատել անսովոր բառախաղ՝ կազմված Grimm և grim համահունչ նույնանուններից:  Հեքիաթագրերի ազգանունը գործածված է grim  (տխուր, մռայլ) մակդիրի փոխարեն, ինչն ընդգծում է ոչ միայն պատկերի ընդհանուր տրամադրությունը, այլև մատնացույց է անում աղբյուր տեքստի հեղինակներին` բացառելով Պերրոյի բնագրային հիմքը տվյալ մեկնության  մեջ: Չմոռանանք նաև, որ մոդելի հանդերձանքը (ruffled jabot, cuffs) նույնպես բացահայտ անդրադարձ է 16-18րդ դարերի նորաձևությանը: Շարունակելով վերլուծել ֆոտոպատումի ավարտը` բացահայտում ենք մի շարք շեղումներ հեքիաթի գծային տեքստից: Այսպես, լուսանկարներում հայտնվում է հեքիաթի մյուս գլխավոր հերոսը` գայլը, որը հանդես է գալիս սրտակեր տղամարդու դերում: Մոդելի հագուստի տակից երևացող շղարշը հրապուրում է գայլին, իսկ աղջիկն  անզոր է դիմակայել կենդանու  «թավշե հպմանը» (velvet touch): Գիշատիչի նուրբ շարժուձևը ու գեղագիտական հակումները  հեգնանքի դրսևորումներ են: Իմաստային փոխատեղման է ենթարկվել  նաև բնագրի հանրահայտ երկխոսությունը:

Պատկերային տարբերակում փոխատեղվել են  երկխոսության խոսողն ու խոսակիցը. գայլը հիանում է աղջկա զգեստի երկար փեշով, իսկ վերջինս պատասխանում է, որ նման փեշ իրեն անհրաժեշտ է կենդանուն դյութելու համար: Վերջին ծանոթագրությունը  ժխտում է հեքիաթի վերջաբանը, սակայն սա բացառիկ դեպք է, երբ հեքիաթի տեքստը եզրափակվում է հարցական նախադասությամբ՝ անկախ հեքիաթը փակող բանաձևից (they lived happily ever after):

Բրունո Բեթելհայմը իր «Կախարդանքի կիրառություն. հեքիաթների իմաստների կարևորությունը» մենագրության մեջ վերլուծում է Կարմիր գլխարկի կերպարը: Ըստ նրա` աղջիկն այնքան էլ անմեղ չէ, որքան թվում է: Նա արբունքի տարիքում է, երբ իր «ծաղկող սեքսուալության» պատճառով չգիտակցված հակասություններ են ծագում հերոսուհու կենդանական բնության և ողջամտության միջև: Նա ենթագիտակցաբար դեմ չէ, որ իրեն գայթակղեն, և գայլի ախորժակը հենց այդ գայթակղման արտացոլումն է: Little Red Riding Hood Uncloaked աշխատության մեջ Կ. Օրենշտեյնը քննարկում է Պերրոյի ուղերձը: Ֆրանսերեն elle  avait vu le loup արտահայտությունը բառացի թարգմանվում է «աղջիկը գայլ էր տեսել», օգտագործվում էր անմեղությունը կորցրած աղջկա մասին խոսելիս: Պերրոյի օրոք ընթերցողն առանց դժվարության վերծանում էր հեքիաթի մեջ թաքնված ներիմաստը: Տրամաբանորեն, Պերրոյի հեքիաթը նպատակ ունի զգուշացնել երիտասարդ աղջիկներին «վտանգավոր տղամարդու» մասին: Իր բարոյախրատական վերջաբանում Պերրոն պնդում է. երբ աղջիկները ուշադրություն են դարձնում անտառի գայլերին,  զարմանալի չէ, որ գայլերն ուտում են նրանց` Et que ce n’est pas chose étrange, S’il en est tant que le Loup mange. (Perrault 1901:56):

Vogue Korea ամսագրի 2010թ. դեկտեմբերյան շապիկին պատկերված է մեծ մահճակալ: Արնաթաթախ սավանների վրա Կարմիր գլխարկը  գրկախառնված է իսկական գայլի հետ: Հաջորդ լուսանկարում կարմիր գլխանոցը հագին հերոսուհին կանգնած է նույն արյունոտ անկողնու վրա: Տվյալ տեսարանն ամենևին չի հուշում հեքիաթի վաղ եվրոպական տարբերակներում առկա մարդակերության հատվածները, քանի որ կորեացի ոճաբանները, ամենայն հավանականությամբ, իրազեկ չեն պատումի նման մեկնությանը: Տվյալ պատկերային թարգմանության մեջ առաջին պլան է մղվում աղբյուր տեքստի ներիմաստային սեռական ուղղվածությունը. դրա պատկերային փոխաբերական լուծման օրինակ է ծառայում անկողինը:

Գլխածածկ հերոսուհիները նույնպես շատ քիչ են նորաձևային մեկնությունների մեջ, որովհետև, ինչպես արդեն ասվել է, դիզայներները, ելնելով նորաձևության ընձեռած մեծ հնարավորություններից, փորձում են հնարավորինս հեռանալ բնագրի «զգեստապահարանից»: Հաճախ կարմիր գլխարկներին փոխարինում են կարմիր վարսերը կամ կարմիր դիմահարդարումը` շրթներկը, շպարը: Երբեմն լուսանկարում այս հատկանիշները համատեղվում են` դարձնելով անդրադարձը հեքիաթի տեքստին այնքան թափանցիկ և միանշանակ, որ թարգմանության հասցեատերն առանց դույզն իսկ դժվարության ընթերցում է պատկերը:

Հիշենք հեքիաթի` Հակոբ Պարոնյանի քչերին հայտնի փոխադրությունը: Թումանյանի նման Պարոնյանը հրաժարվում է գլխարկից` սևեռվելով կարմիրի վրա և պահպանելով աղջկա պչրասիրության փաստը: Գլխարկի փոխարեն վարդուկն է (Ջիվանյան 2013:187): Նորաձևության մեջ կարելի է նկատել չգիտակցված անդրադարձներ պատումի այս տարբերակին:

Այսպես, 2012թ. փարիզյան բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում դիզայներ Alexis Mabille քարոզում էր խիզախ մոտեցում դեպի վառ գույները: Մոդելների գլուխները զարդարված էին ծաղկի հսկա բողբոջներով, իսկ նրանց դիմաներկերն ու զգեստի գույները համապատասխանում էին ծաղկաթերթերի երանգին: Հերոսուհիների մարմինները վերածվել էին ցողունների, որոնք շարժում էին հաղորդում նորաձև վարդերին:

Նմանապես 2011թ. Marie Claire Turkey  ամսագիրն առաջարկում է ծաղկազարդ Կարմիր գլխարկի իր մեկնությունը: Հերոսուհու բոսորագույն զգեստը ներդաշնակ զուգակցվում է մազերին ամրացված ահռելի վարդի հետ: Վիթխարի ծաղիկները պատկերներում չափազանցության դրսևորում են:

Հերոսուհու զգեստապահարանից զատ` ուշադրության է արժանի նաև պչրասեր գայլը, որը հեշտությամբ կերպարանափոխվում է, կարող է այլակերպել` բարակեցնել, քաղցրացնել ձայնը: Սա անձնավորման վառ արտահայտված օրինակ է, որը հեքիաթի գծային տեքստի մեջ ցուցադրվում է կենդանու խոսելու ունակությամբ, իսկ պատկերային համատեքստում` մարդկային կազմվածքի և նորաձև հանդերձանքի միջոցով: Նրա կենդանական ծագման մասին հուշում է երբեմն միայն գայլային դիմակը կամ համապատասխան դիմահարդարումը: Նա կրում է տարբեր ձևվածքի և մուգ գույների համալիրներ, բարեկիրթ և ուշադիր զուգընկերոջ տպավորություն է թողնում: Նորաձևային գայլի շարժուձևը հիմնվում է հեքիաթի  տեքստի հերոսի` զգույշ և նուրբ բառապաշարով օժտված կերպարի վրա:

2005թ. Harper’s Bazaar France ամսագրում տեղ գտած նորաձևային լուսանկարներից մեկը  ցուցադրում է գրավիչ կարմիր զգեստ, գլխարկ և շրթներկ կրող մոդել Դևոն Աոկիին: Ձեռքին ամուր պահած զամբյուղը` աղջիկը ձևացնում է, թե ցանկանում է փախչել գիշերային վտանգներից: Չի կարելի անտեսել լուսանկարում աղջկան հետապնդող մոտոցիկլիստին: Պատկերված կերպարը հեքիաթային գայլի անձնավորված տարբերակն է: Սակայն թիրախ լուսանկարի մեջ  արական կերպարի նման պատկերումը (վտանգավոր փոխադրամիջոցի, մուգ հագուստի և հանդուգն դիմային արտահայտության ընտրությունը) անդրադարձ են բնագրի գայլի վտանգավոր էության:

2014թ. փետրվարին Interview Germany ամսագիրը տպագրել էր Licht! Action! Drama! շարքը: Լուսանկարներից մեկում պատկերված է տղամարդու կիսադեմ և նրա հարդարված ձեռքը: Պատկերը ուշադիր քննելուց հետո հայտնաբերում ենք թաքնված անդրադարձ  «Կարմիր գլխարկը» հեքիաթին: 

Մեծ մոր հագուստի մասին չկա ոչ մի տեղեկություն ո՛չ Պերրոյի, ո՛չ Գրիմ եղբայրների տարբերակներում, չնայած այն սյուժեի զարգացման համար կարևոր բաղադրիչ է: Կնոջ արտաքին տեսքի մասին մենք պատկերացում ենք կազմում, նախևառաջ, հեքիաթի գծային տեքստն ուղեկցող նկարազարդումներից: Ամենից հայտնի են Գյուստավ Դորեի պատկերները, որտեղ արդեն ծպտված գայլը կրում է գիշերային գլխանոց, կամ հիշենք ժամանակակից մեկնությունները, որոնք գայլին «պարգևել» են նաև երկար գիշերանոց և ակնոց: Լուսանկարում տարեց կնոջ զգեստապահարանին փոխարինում են միայն ալ կարմիր հարդարված մատները: Այստեղ վառ կարմիր մատնահարդարումը կանացիության միակ նշանն է, սակայն սև հագուստի համադրությամբ այն չափազանց ազդեցիկ է և արագ գրավում է հանդիսատեսի ուշադրությունը: Միաժամանակ տղամարդու կարմիր եղունգները (որոնք կենդանու ճանկերի պես սրածայր են) նույնքան հակասական տեսարան են ստեղծում լուսանկարի մեջ, որքան կանացի հագուստով գայլը՝ հեքիաթում:

Արմինե Դանիելյան  | բան. գիտ. թեկ.

Գրականության ցանկ

Թումանյան Հ., Կարմրիկը, Երկեր, Հատոր երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1958, 457-462 էջ:
Ջիվանյան Ա., Մարգարիտներ հայ թարգմանական հեքիաթագիտության, Երևան, Հովհ. Թումանյանի թանգարան, 2013, 254 Էջ:
Պերրո Շ., Կարմիր Վարդուկը, փոխադր.` Հակոբ Պարոնյանի, Ոսկե Դիվան, Պրակ 2, Երևան, Հովհաննես Թումանյանի թանգարան, 2010, 41-42 Էջ:
Bettelheim B. The Uses Of Enchantment: The Meaning And Importance Of Fairy Tales, New York, Alfred A. Knopf Inc., 1976, 352 p.
Grimm J. And W. Household Tales, George Bell and Sons, London 1884, 464 p.
Harper’s Bazaar France, Paris, Hearst Magazines, May 2005, 280 p.
Interview Germany, Berlin, Brant Publications, January, 2013, 420 p.  
Marie Claire Turkey, Istanbul, Hearst Magazines, November, 2011,2 59 p
Orenstein C. Little Red Riding Hood Uncloaked, New York, Basic Books, 2002, 304 p.
Perrault Ch. The Tales of Mother Goose, New York; Chicago, C. Heath & Co. 1901, 76 p.
Vogue Korea, Seul, Condé Nast, December, 2010, 280 p.
Vogue US, New York, Condé Nast, September, 2009, 496 p.

No Comments

Post A Comment