Կարմիր գլխարկը | մաս 1

Կարմիր գլխարկը | հեքիաթի փոխակերպումը նորաձևության |  մաս 1

Չնայած գրականությունն ու նորաձևությունն ընդունված է դիտարկել որպես մշակույթի արմատապես տարբեր ոլորտներ, այնուամենայնիվ, գծային և պատկերային տեքստերի միջև սահմանագիծը պայմանական է: Եվ եթե դիզայները շարժվում է մտահղացումից դեպի հագուստի անմիջական ստեղծում, ապա հանդիսատեսը, հենվելով կերտված պատկերային դաշտի վրա, բացահայտում է դիզայների մտահղացումը: Առաջնային պարզ տեսողական ընթերցումից հետո հասցեատերը սկսում է ճանաչել պատկերի մետաիմաստը` այն հարցադրումներն ու լուծումները, որոնք իր առաջ ունեցել է հեղինակը:

Հեքիաթ-նորաձևություն միջտեքստային կապը կամայական չէ: Հարկ է նշել, որ նորաձևությունը բանահյուսական հեքիաթի հետ գրեթե չունի որևէ բացահայտ կամ փաստական առնչություն: Ավելին, դրանք որոշ չափով հակոտնյաներ են: Սակայն այն պահից, երբ հեքիաթը և նորաձևությունը դառնում են հեղինակային, սկսվում է երկու համակարգերի սերտ շփումը: Ժամանակագրորեն դրանց առաջին փոխներթափանցումը համարվում է 20-րդ դարի սկիզբը: 1904թ. հայազգի Ժոզեֆ Շարլ Մարդրուսը արաբերենից ֆրանսերեն է թարգմանում «Հազար ու մեկ գիշեր» ժողովածուն ազառելով տեքստը նախորդ թարգմանությունների պայմանականություններից ու համեմելով թունդ էրոտիզմով: Մոտ երեք տարի անց Մարդրուսի թարգմանությունից ոգեշնչված նորաձևության նախահայր Պոլ Պուարեն ստեղծում է արևելյան-հեքիաթային հանդերձները, որը կարելի է դիտարկել որպես հեքիաթ-նորաձևություն փոխակերպման առաջին օրինակ:

Հեքիաթի և նորաձևության առաջին ընդհանուր առանձնահատկությունը կատարելության ձգտումն է. հեքիաթը «գերադրական» տեքստ է: Հեքիաթում հեշտությամբ կարելի է տեսնել ածականի գերադրական աստիճանի տարբեր դրսևորումներ. հերոսը հաղթահարում է բազմաթիվ խոչընդոտներ, քանի որ նա ամենախելացին է, ամենաբարին, թագավորի աղջիկը ամենագեղեցիկն է և այլն: Ձգտումը լավագույնին ընկած է նաև նորաձևության հիմքում: Նորաձևությունը որպես բարձր ոճի դրսևորում, ենթադրում է որոշակի «անմատչելիություն». այն հասանելի է միայն ընտրյալներին: Միևնույն ժամանակ նորաձևության վարպետները փորձում են ներշնչել յուրաքանչյուրին, որ հենց նրանք կարող են դառնալ լավագույնը, ամենագեղեցիկը, ամենահմայիչը, ամենանրբաճաշակը` ձեռք բերելով տվյալ նորաձևության տան հագուստը:

«Կարմիր գլխարկը» հեքիաթը (AT 333), լինելով, թերևս, ամենից հաճախ ուսումնասիրվող տեքստերից մեկը` ունի անհամար տարբերակներ, որոնք դժվարացնում են բանահյուսական բնօրինակի բացահայտման, ինչպես նաև հեքիաթի իմաստային մեկնության փորձերը: Այն բազմամշակույթ հեքիաթ է, որ ենթարկվել է անհամար կերպարային և սյուժետային փոփոխությունների: «Կարմիր գլխարկը» հեքիաթի մեզ հայտնի ամենահին բանավոր տարբերակը «Տատիկի հեքիաթը» հարկ է առանձնացնել այն պատճառով, որ այստեղ հերոսուհին հնարամիտ է և ինքն իրեն փրկում է կործանումից` ի տարբերություն Պերրոյի և Գրիմ եղբայրների հերոսուհիների: Բանավոր տեքստի «գեղջկուհին» տատի տանը միս ու գինի է ըմբոշխնում՝ չգիտակցելով, որ կուլ է տալիս տատի մարմինն ու արյունը, այնուհետև մերկապար է բեմադրում գայլի համար, անկողին է մտնում նրա հետ, վերջում էլ համոզում է, որ կենդանին իրեն ազատ արձակի՝ հնարավորություն տալով աշխարհը տեսնել ու վայելել կյանքը:

Թեև նորաձևությունն անտարբեր և անհաղորդ է բանահյուսական աղբյուրներին, սակայն լուսանկարներում ամենից հաճախ հայտնվում է հենց վերոնշյալ կերպարը: Անխոս, այդպիսի անդրադարձները կարելի է համարել չգիտակցված ելնելով դիզայներների բանահյուսական հեքիաթանյութի անտեղյակությունից: Աղջիկն ինքն է փնտրում արկածներ, մեծ հաճույքով գնում է անտառ ու ուրախությամբ ծանոթանում է գայլին, ինչպես Dior տան գովազդում կամ Թիմ Ուոկերի լուսանկարներում, որտեղ միանգամից մի քանի Կարմիր գլխարկների ենք տեսնում:

Շառլ Պերրոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթի առաջին գրավոր տարբերակն է, որը հրատարակվել է Contes de ma mère l’Oye, 1697, ժողովածուի մեջ: Այստեղ արդեն նկատում ենք զգալի հեղինակային նորամուծություններ: Առաջինը և ամենակարևորը՝ հեքիաթը վերանվանվում է «Փոքրիկ կարմիր կապյուշոն» (Le petit chaperon rouge): Պերրոյի գրավոր տեքստն ավելի ծավալուն է և ավելի մանրամասն: Բանավոր պատմության աղջիկը (girl) վերածվում է «երբևիցե տեսած ամենագեղեցիկ էակի» (la plus jolie qu’on eut su voir).

Աղջիկը պետք է թխվածք տանի հիվանդ տատին: Ճանապարհին անտառում հանդիպելով գայլին աղջիկը պատասխանում է գիշատիչ կենդանու հարցերին՝ «չիմանալով, որ վտանգավոր է կանգնել ու լսել գայլի զրույցը» (il est dangereux de s’arrêter à écouter un Loup (ibid.)): Գայլն ընտրում է ամենակարճ ճամփան, արագ հասնում է ծեր կնոջ տուն, ուտում նրան, հագնում նրա շորերն ու սպասում Կարմիր գլխարկին: Հեքիաթի այս տարբերակը հնարավորություն չի տալիս հերոսուհուն խորամանկել ու փախչել կենդանուց: Հեքիաթի տեքստն ամփոփվում է Պերրոյի բարոյախրատական վերջաբանով:

Մյուս ամենահայտնի տարբերակը Գրիմ եղբայրների տեքստն է, որն առաջին անգամ հրատարակվել է Kinder-und Hausmärchen, 1812; ժողովածուի մեջ: Այն առանձնանում է նախորդ տարբերակներից թե՛ ծավալով, թե՛ բովանդակության մեջ զգալի «շտկումներով»: Ամենաէական փոփոխությունը տեղի է ունենում կրկին վերնագրի մակարդակում: Little Red Riding Hood անվանումը ենթարկվում է ծավալային փոխակերպմանկրճատման վերափոխվելով Կարմիր գլխարկի (Rotkäppchen): Այս բոլոր վերնագրային փոխատեղումները մեզ հետաքրքրում են ոչ միայն լեզվաոճական, այլև իմաստաբանական տեսանկյունից, քանի որ տեղի է ունենում քննվող առարկայի փոխատեղում:

Գրիմ եղբայրների տեքստի մյուս զգալի «շեղումը» բանահյուսական և Պերրոյի տարբերակներից արական կերպարի ներմուծումն է: Փայտահատը կանխազգում է աղետը, շտապում օգնության և փրկում հերոսուհիներին: Չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Գրիմ եղբայրների ժողովածուի հրատարակման պահին հեքիաթները համարվում էին դաստիարակչական գրականություն երեխաների համար: Պերրոյի տարբերակից մոտ հարյուր տարի անց` «Կարմիր գլխարկը» ստանում է նոր մեկնություն և նոր հանդերձանք: Այդ պատճառով տեքստում հայտնվում են հավելյալ կրոնական, սոցիալական, բարոյախրատական տարրեր:

Հեքիաթի մեջ կարմիր հագուստի, և առհասարակ, կարմիր գույնի, բոլոր դրսևորումները հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել հեքիաթի միջլեզվական թարգմանությունները: Հովհաննես Թումանյանի հայերեն թարգմանական տարբերակում ամենաակնհայտ և էական փոփոխությունն անձնանվան, և հետևաբար, նույնպես վերնագրի մակարդակում է: Թումանյանական «Կարմրիկը» կազմված է կարմիր + իկ փոքրացուցիչ վերջածանցից: Ածանցն ավելացել է անմիջապես գույնին` դուրս մղելով գլխարկը թե՛ անունից, թե՛ վերնագրից: Փոփոխված անունը մեկնաբանելու համար հարկ է փոքրիկ մեջբերում կատարել տեքստից. «Կարմիր շորեր էլ հագցնում են, ոտից մինչև գլուխ կարմրում է…» (Թումանյան 1958:457): Գլխարկից հրաժարվելը կարող է պայմանավորված լինել նաև բանահյուսական նյութի ազդեցությամբ, որն ակնհայտ է Թումանյանի հեքիաթներում, իսկ թարգմանություններում հանդես է գալիս քողարկված (Ջիվանյան 2013:187): «Կարմիր գլխարկը» հեքիաթի ֆրանսիական և հայկական բանահյուսական տարբերակներում որևէ գլխածածկ չի նշվում: Հագուստը, եթե չունի գործառույթային կարևորություն, մասնակից չէ պատմության իրադարձություններին և սյուժետային զարգացմանը:

Ինչպես նկատում է Ա. Ջիվանյանը՝ Կարմիր գլխարկի փոխարինումը Կարմրիկով, գույնի մեկուսացումը «Կարմիր գլխարկ» անվան երկրորդ բաղադրիչից նկատելիորեն փոխում է նաև կերպարի իմաստային ընկալման դաշտը: Գույնն ավելի կարևոր է, քան հագուստը. աղջիկը միայն հագուստի կարմրությամբ չէ, որ առանձնանում է, նա ինքն է «կարմիր» գեղեցիկ, կատարյալ: Ավելին, հայերենում կան կարմիր ածականից կազմված մի շարք բաղադրյալ մակդիրներ՝ կարմրայտ, կարմրերես, կարմրատեսիլ, որոնք օգտագործվում են գեղեցկադեմ կնոջը նկարագրելու համար:

Հեքիաթից նորաձևություն թարգմանելու համար «Կարմիր գլխարկը» հեքիաթն ունի անհրաժեշտ նախադրյալները: Շատերին ծանոթ և բազմիցս հետազոտված բարոյախրատական շերտերից բացի, հեքիաթը հագուստի շուրջ կառուցում է նաև մի շարք խորհրդանշական պատկերներ. հանդերձանքը դառնում է սյուժեի զարգացման կարևոր բաղադրիչ: Այստեղ հագուստը լիիրավ իմաստակիր միավոր է, և հեքիաթ-նորաձևություն միջնշանային թարգմանություններում այն գրեթե երբեք չի անտեսվում: Հագուստ-նկարագրության առանձնահատկությունների` տեսակի, ձևի, գույնի մեկնության շնորհիվ պատկերներում ընթերցողը հեշտությամբ ճանաչում է «Կարմիր գլխարկը» հեքիաթը:

Հենց այս հեքիաթում հագուստն իրականացնում է իրեն հատուկ բոլոր գործառույթները: Այստեղ այն, նախևառաջ, կերպարաստեղծ հնար է. պահպանելով նորաձևության ոլորտում ձեռք բերած իր հատկությունները զգեստը ստեղծում է հեքիաթային մի հերոսուհու, որի սոսկ արտաքին տեսքն արդեն բավարար է լուսանկարի կամ ցուցադրության հանդիսատեսին լիարժեք հաղորդագրություն փոխանցելու համար հագուստն այստեղ ունի նաև անվանական գործառույթ: Տարատեսակ զգեստների, աքսեսուարների, դիմահարդարման օգնությամբ հնարավոր է նորաձևային Կարմիր գլխարկին նույնացնել աղբյուր հեքիաթային հերոսուհու հետ:

Արմինե Դանիելյան  | բան. գիտ. թեկ.

Գրականության ցանկ

Թումանյան Հ., Կարմրիկը, Երկեր, Հատոր երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1958, 457-462 էջ:
Ջիվանյան Ա., Մարգարիտներ հայ թարգմանական հեքիաթագիտության, Երևան, Հովհ. Թումանյանի թանգարան, 2013, 254 Էջ:
Պերրո Շ., Կարմիր Վարդուկը, փոխադր.` Հակոբ Պարոնյանի, Ոսկե Դիվան, Պրակ 2, Երևան, Հովհաննես Թումանյանի թանգարան, 2010, 41-42 Էջ:
Bettelheim B. The Uses Of Enchantment: The Meaning And Importance Of Fairy Tales, New York, Alfred A. Knopf Inc., 1976, 352 p.
Grimm J. And W. Household Tales, George Bell and Sons, London 1884, 464 p.
Harper’s Bazaar France, Paris, Hearst Magazines, May 2005, 280 p.
Interview Germany, Berlin, Brant Publications, January, 2013, 420 p.
Marie Claire Turkey, Istanbul, Hearst Magazines, November, 2011,2 59 p
Orenstein C. Little Red Riding Hood Uncloaked, New York, Basic Books, 2002, 304 p.
Perrault Ch. The Tales of Mother Goose, New York; Chicago, C. Heath & Co. 1901, 76 p.
Vogue Korea, Seul, Condé Nast, December, 2010, 280 p.
Vogue US, New York, Condé Nast, September, 2009, 496 p.

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment