Կուրթ Վոնեգութ | հետաքրքիր փաստեր

Կուրթ Վոնեգութ | 1922-2007թթ., ԱՄՆ

հետաքրքիր փաստեր գրողի կյանքից

ա. Կուրթ Վոնեգութը ծնվել է 1922թ. Ինդիանապոլսում: Հայրը ճարտարապետ էր, մայրն էլ գարեջրի գործարան էր ժառանգել: Ապրում էին ուրախ ու երջանիկ, բայց սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, վաճառեցին տունը, մայրը սկսեց խմել ու հոգեմետ դեղեր օգտագործել: 1944թ. զինվորական ծառայությունից մայրերի օրվա առթիվ արձակուրդ վերադարձած Կուրթը մորը գտավ մեռած: Նա ինքնասպան էր եղել՝ ընդունելով մեծ քանակի քնաբերներ:

բ. Ամերիկացի այս հեղինակն իր առաջին կնոջ հետ ծանոթացել է մանկապարտեզում, առաջին անգամ ժամադրվել են դպրոցում: Դադարեցին շփվել իրար հետ, երբ տղան ընդունվեց համալսարան ու լքեց այն՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմին, ինչի ժամանակ էլ գերի ընկավ գերմանացիներին: 1945թ. վերադարձավ ԱՄՆ, գտավ Ջեյնին, ու ամուսնացան: Ունեին 6 երեխա, որից երեքին որդեգրել էին: 1971թ. նրանք բաժանվեցին:

գ. Դրեզդենում՝ գերեվարության տարիներին, նա ստիպված էր աշխատել ածիկի խտահյութ արտադրող գործարանում: Քնում էր սպանդանոցում: Նամակներից մեկում նկարագրում էր հակամարդկային ու հակահիգիենիկ պայմանները, դաժան պահնորդներին: Նրանց ստիպում են թաղել 130 հազ. սպանվածներին՝ թաքցնելու համար հետքերը:

դ. Իր ամենածաղկուն  շրջանում, երբ հաջողակ էր ու հայտնի հեղինակ, գրքերն էլ դարձել էին բեսթսելլեր, նա պայքարում էր դեպրեսիայի դեմ, իսկ մի անգամ նույնիսկ փորձել էր ինքնասպան լինել՝ շատ քնաբեր խմելով:

ե. Ծխել սկսել է դեռահաս տարիքից, նախընտրում էր Pall Mall-ը, խոստովանել է, որ երկու անգամ փորձել է ծխելը դադարեցնել, երկու անգամ էլ չի ստացվել: «Մի անգամ չորով որոշեցի թարգել, ու քաշս մոտեցավ ձմեռ պապի քաշին. ես արդեն կշռում էի 250 ֆունտ»:

զ. Ասում էր, որ իր ճանաչած ամենալավ ընթերցողը եղել է քույրը: 1950թ. Վոնեգութի քույրը մահացավ քաղցկեղից, իսկ մի քանի օր անց դժբախտ պատահարից մահացավ նաև նրա ամուսինը: Կուրթն արդեն ուներ երեք երեխա, բայց որդեգրեց նաև քրոջ զավակներին և ստիպված էր ավելի շատ աշխատել:

է. Նա շուրջ մի տարի մեքենաներ էր վաճառում, ու, բնականաբար, անհաջող էր:

ը. Երբեք չի գրել համակարգչով, աշխատել է իր սիրած գրամեքենայով՝ կարմիր աքլորի տեսքով լուսամփոփի ներքո:

թ. Ի դեպ, ինքն իրեն 5+ է նշանակել «Կատվի ճոճք» վեպի համար:

ժ. Նրա ծննդյան օրը՝ 1999թ. նոյեմբերի 11-ին, հայտնաբերվեց մի աստերոիդ, որն, ի պատիվ Կուրթի, կոչվեց 25399 Վոնեգութ:

ի. Վոնեգութն ուսանել է քիմիա, կենսաբանություն, մարդաբանություն, բայց դրանցից ոչ մեկն էլ մինչև վերջ չի սովորել, իսկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Եթե իսկապես ուզում եք նյարդայնացնել ձեր ծնողներին, զբաղվեք արվեստով»:

լ. Չիկագոյում մարդաբանություն ուսումնասիրելու ժամանակ դիսերտացիա է գրում կուբիստական շրջանի նկարիչների մասին, որոնց համեմատում էր 19-րդ դարի ամերիկյան նկարիչների հետ: Դիսերտացիան չեն հաստատում, ինքն էլ լքում է համալսարանը: Իսկ ավելի ուշ 1963թ. գրած  «Կատվի ճոճք» վեպը Չիկագոյի համալսարանն ընդունեց որպես դիսերտացիա:

խ. Մահացել է 2007թ.՝ 84 տարեկան հասակում: Ի դեպ, Վոնեգութը շատ ակտիվ էր Թվիթերում, ուներ 215 հազ. հետևորդ, իսկ ինքը հետևում էր միայն մի հոգու՝ իր ամենասիրած գրող Մարկ Տվենին:

 
Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
Tags:
No Comments

Post A Comment