Ջինըն Վըրլի | Jeanann Verlee

Ջինըն Վըրլի 

Պոետ: Ապրում է Նյու Յորքում: Հարցազրույցներից մեկում խոսում է իր թևերի դաջվածքների մասին, պարզվում է՝ իր սիրած պոետների տողերն են: Ահավասիկ, մի մասը՝
Ես ես-երի քաղաք եմ: (Մարթի ՄքՔոնըլ)
Մեր բերանները գերեզմանատներ են: (Էբընի Հոգան)
Երրորդ ձայնը ճիչն է: (Ռոբին Դեվիդսըն)
Փորձել պահել լուսնին, որովհետև այն միակն է, որ ձեռքեր չունի:  (Իր տողն է)
Ես կորսետ եմ ու կարմիր: (Էնջըլ Նաֆիս)
Սիրած բառը ինքնավարն է, սիրած մուլտֆիլմը՝ «Եռյակը Բելվիլից»: Ութը տարի շարունակ գլխավորել է «Քաղաքային պոեզիա: Ծափահարություններ» ակումբը, որը կազմակերպում էր պոեզիայի ընթերցումներ ու պերֆորմանսներ: Հանդես է եկել Հյուսիսային Ամերիկայի թատրոններում, գրադարաններում, գրախանութներում, դպրոցներում ու բարերում: Սիրում է պուտիկավոր շորեր: Համբուրել է ռոթվեյլեր տեսակի շան: Եվ ինչպես նշում է իր բոլոր կենսագրականների վերջում, (որտեղ, ի դեպ, բացակայում են տարեթվերը), նա հավատում է քեզ:

 

Խելագարությունն իբրև հարցական նշան
Քիմբերլի Գրեյին

որովհետև մարմինդ ցնցվում է դեռ, անգամ ամուսնուդ տակ
որովհետև մեծանում է սրտխփոցիդ հաճախությունը, ինչևէ
որովհետև մարմինդ պերմանենտ սահմանում է ռեկորդներ լինելիության
որովհետև դաջվածքներն ու սպիները դաստակիդ ու եղունգները ոտքիդ շատ դանդաղ են աճում
որովհետև սա մի մասն է պատմության
որովհետև մենք մի մասն ենք պատմության ու շարունակում ենք լինել
որովհետև պիկ ժամին մետրոն նմանում է ականապատ դաշտի
որովհետև դու կորցրել ես հաշվարկը ժամերի, երբ մարմինդ քո մարմինը չի միայն
որովհետև բոլոր ճանապարհները մենք փոխառում ենք իրարից
որովհետև նրանց բերաններում քո անունն է ծամծվում
որովհետև նրանք մի գրամ ջանք չթափեցին արտաբերելու համար այն
որովհետև բավարար տաք է և ջեռոցն էլ այն է, ինչ պետք է քեզ 
որովհետև հարևանիդ ջերմարձակից պատն ի վար կաթկթում է նորից
որովհետև ժանգն ու ուտիճները և աղակալած հետքերը
որովհետև խուրման
որովհետև մանգոները
որովհետև բռնություն է միսը և համբույրը նույնպես
որովհետև ոչինչ չասելը երբեք չի վերաձևակերպի ձեզ
որովհետև գյուղնախը նորից գործը մերժել է
որովհետև վերջապես Դուք գործ եք հարուցել և գյուղնախը գործը մերժել է
որովհետև շատ երկար ես սպասել
որովհետև մեղադրանք և մեղադրանք և վկայություն
որովհետև գետը
որովհետև տղային սիրեցիր աճյունասափորի աղջկա պես
որովհետև թրթռում է լամպը և ձգվում է ձեռքդ ատրճանակը դեպի
որովհետև ատրճանակ չկա
որովհետև ձեռքերդ մեղանչել են ու փրկվել
որովհետև փողն օրենք է և վարձավճար
որովհետև փողն օրենք է
որովհետև տունը պարզապես մի ուրիշ բերան է, որին պետք է կերակրել
որովհետև հեռախոսը չի դադարում զանգել
որովհետև աղջիկները լցված են բամբասանքով
որովհետև նա, ում սիրում ես դու, միշտ փախչում է քեզնից
որովհետև ուղեղը քո խճանկար է ուրվականներից
որովհետև ուղեղը քո
որովհետև քո մարմինը/միտքը/մեղքերը/ցնցումները/սիրտը/փողը/ատրճանակը/դաստակները/անունը
որովհետև ամեն անգամ պատմությունը վերապատմելիս այն խոցում է խորը, շատ խորը


Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment