Մարիաննա Վարդանյան

Մարիաննա Վարդանյան | ծնվ. 1986թ., Հայաստան

*
Ես թողել եմ եղունգ կրծելու սովորությունս.
իրոք, հրաշքներ պատահում են:
Ես այլևս չեմ ամաչում ժպտալ ամեն պատահածի.
ուրեմն, իրոք, որ մուրալը բնավորություն է:
Ես էլ չեմ կծոտում մազերիս ծայրերը.
շուտով կդադարեմ սիրել քեզ:
Հիմա ինձ չեմ նյարդայնացնում հեռախոսազանգերը.
սպասելը սովորական երևույթ է:
Աղջիկներին սովորեցի ընդունել որպես սեռ.
ինչու մի օր ինձ չսիրեմ տղամարդու ձեռքերով:
Տղաները մանրից վերածվում են տղամարդկանց.
կարո՞ղ եմ երազել առանձնատան մասին:
Այսօր ինձ գիշերները չեն վախեցնում, այլ ցերեկները,
ուրեմն պիտի գնամ մեղքերի թողությա՞ն.
մեղքերս քավելու է այն քահանան,
որը ձեռքը թաքուն տանում է…
Ինձ դուր է գալիս մեղավոր լինելը:

Լուսնոտությունս, ի դեպ, վաղուց անցյալի գիրկն է անցել,
որովհետև մեր տան դռներն ու պատուհանները
բաց են ինձ համար.
Հրաշքներ պատահում են, այո,
որովհետև այսօր հագեցրի ծարավս,
պատռված բլուզս մայրս կարկատեց,
զանգահարեց նախկին սերս. նրա ոտքը մեխ էր մտել,
նայեցի հայելում ինձ.
այնուամենայնիվ, հրաշքներ պատահում են:


*
Դու փակում ես բոլոր հնարավոր պահարանները,
որոնցից կարող են դուրս գալ իմ մասին պատմող իրեր,
հագուստներ ու տարատեսակ մանրուքներ:
Քեզ շատ մեծ է թվում անգամ դռանդ բանալու անցքը,
բայց ես թևատում եմ գունավոր պատկերացումներդ իմ մասին`
քեզ անլսելի խոստովանելով, որ ես փոքր-ինչ մեծ եմ
անցքերից ու արանքներից սողոսկելու համար,
որ ես ատում եմ ամենաբաց դուռն աշխարհում,
որովհետև այն, միևնույն է, ինձ քեզ մոտ չի բերում:
Որ ես չեմ պլստում քաշիս պատճառով,
չեմ ձգվում, քանզի երբեք ունեցել անհետաձգելի գործեր,
չեմ գոլորշիանում, որովհետև փոխարենն արտասվում եմ:
Ախր, ինչպես կարող ես վախենալ դռան բանալու անցքից:
Ես գործի կգցեմ երևակայությանս շարժիչը,
և դու ամենաանհասանելի բաժանորդից
կդառնաս հասանելի,
բոլոր ռադիոծածկույթները կպայթեն նախանձից:
Բոլոր դարակները կարհամարհվեն,
բանալիներն իրենց անցքերով…
Ես լկստվածծի պես, դու` զայրացած,
մենք մեր 0 չգիտեմ քանի նոր կապով
կնվաճենք իմ ու քո մոլորակը, որ բաժանված է
տարբեր դարակների:
Դու փակում ես դարակներդ,
տեսնում եմ քեզ բանալու անցքից:
Փոքր ես երևում:


Ս-ին

Քո գրասենյակի սեղանին թողած իմ կիսամերկ ժպիտից
սկսվեց մեր պատմությունը…
այս ընթացքում դու հասցրեցիր թարթել 
իմ շուրթերի համն ու գույնը,
հասցրեցիր ատել իմ գունավոր գուլպաները,
սովորեցրեցիր ինձ նայել երկար` առանց
մեկնաբանության…
հետո նաև համարձակվեցիր խոստովանել
…Միասին վերելակում հայտնվեցինք`
միայն ճամփորդելու համար,
օրվա մեջ մի քանի անգամ
երկու կամ երեք րոպեով և կամ ավելի քիչ:
Շատ շուտ ճանաչեցիր իմ մարմնի հոգին:
Ես դադարեցի հավատալ
իմ ու քո դռները բաժանող միջանցքին:
Ես վախեցա նույնիսկ ստեր հորինելուց:
Իմ ձեռագիրը խնամում է քո հեքիաթները.
իմ ամենագաղտնի դարակում ես քո հույսերն եմ թաքցրել:
Քո առաջ անամոթաբար հանվում են ժամերս:
Իմ տկլոր ժամերը վերցնելու համար
քո աչքերին ձեռքեր պետք չեն…
Մեր պատմությունը կավարտվի միայն այն ժամանակ,
երբ հիշողությանդ մեջ կճաքճքի
գրասենյակի մեր միջանցքում որպես ընդմիջում ծառայող
իմ ռիթմիկ ծիծաղը:

2006

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment