Անահիտ Վարդանյան

Անահիտ Վարդանյան | ծնվ. 1991թ., Հայաստան

ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ

փոքր ժամանակ երազում էի տիեզերագնաց դառնալ
հետո իմացա ինչ բան ա տխրությունը
հետո իմացա ինչ բան ա դատարկությունը
հետո իմացա կորցնելուց ինչքան ա ցավում
ու անսահմանության մասին պատկերացում կազմելով
փոշմանեցի

·

լավ նավապետ ես

ես խորտակվում եմ գրկումդ
դու մինչև վերջ մեջս ես մնում

·

ես կոճակն եմ դռանդ զանգի

սեղմվում եմ այլոց ձեռքերի տակ
բայց անճար ձայնով
քեզ եմ կանչում միշտ:

·

օր-օրի ես դառնում եմ հող,
ում մեջ թաղվում են
մարդիկ
ու նրանց կյանքի պատմությունները

ՇՏԱՊՈՂԸ

առավոտյան յոթն անց քառասուներեք
մշուշի մեջ հանդիպում ենք
ես շտապում եմ
դու գլուխդ կախ քայլում ես

չես նկատում ինձ

ընդմիջմանը՝ երկուսն անց չորս
ճաշարանում հանդիպում ենք
ես շտապում եմ
դու մեջքով դեպի ինձ թեքված
վճարում, պտտվում ես

չես նկատում ինձ

երեկոյան յոթն անց կես

կրպակի մոտ հանդիպում ենք
ես շտապում եմ
դու մեկ տուփ լուցկի ես վերցնում
գումարը տալիս, հեռանում ես
չես նկատում ինձ

գիշերը
երազիս մեջ
ես շտապում եմ անհայտ ուղղությամբ
դու շան հետ զբոսնում ես
անցնում ես փողոցի մյուս կողմը
չես նկատում ինձ

մտածում եմ
պետք էր հանգիստ
առանց շտապելու
գուցե բախվեինք
նկատեիր ինձ

ՊԱՐՏԱՃԱՆԱՉ

մազերս սպիտակել են, էս ետևից, շատ քիչ,
քո մասին մտքերը էդ կողմերում են երևի, չգիտեմ, ենթադրում եմ
բայց ոչ մի լուրջ բան, կկտրեմ, կանցնի
ամեն ամիս, պարտաճանաչ
ոնց որ երրորդ դասարանում
հայերենի դասաժամին ձեռք բարձրացնելիս

կկտրեմ, որ
քո հիշողություններից սփրթնած
ոչ մի մազ այլևս
չմնա գլխիս

·

Ես մտավոր ֆրիգիդ եմ, իմ մտքերը չեն պրծնում:

ԿՈՐՍՏԻ ՄԱՍԻՆ

մատրյոշկայի պես ամեն հաջորդի հետ փոքրանում, մտնում եմ ինքս իմ մեջ.
փոքրանում, մտնում, փակվում, փոքրանում, մտնում, փակվում:

ԳՐՔԵՐԻ ՊԵՍ

Աստված կարդում ա մեզ, ոնց որ մենք՝ գրքեր. ոմանց հետաքրքրությամբ, մի քանի անգամ (վերածնվողներն են իրենք), ոմանց՝ կիսատ, արագ-արագ թերթելով (իրենց շուտ մահացողներն են), ոմանց ամբողջությամբ, բայց վերջը գուշակելով, ձանձրանալով (ծերերն են իրենք), իսկ երբեմն նաև կարդալ ալարելով՝ գրքի փոխարեն ֆիլմն ա նայում (ու չեն ծնվում իրենք):

ՁՄԵՌ ՊԱՊԱ

Մի օր դռան ետևը թաքնված տեսա, թե ինչպես ձմեռ պապը մամայիս պաչեց: Աշխարհը գլխիս հարկ-հարկ փուլ եկավ: Էդ ժամանակ ես դեռ փոքր էի ու չգիտեի, որ մի քանի տարի անց՝ ձմռանը, կբացահայտեմ, որ ձմեռ պապ չկա ու մամայիս պաչում էր հենց հայրս, բայց աշխարհի տված ճաքը էդպես էլ ոչ մի բանով կպցնել չեմ կարողանա:

 

 
 
 
 
Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment