Նելլի Սահակյան

Նելլի Սահակյան | ծնվ. 1993թ., Հայաստան


ԱՆՆԱ ՖՐԱՆԿ

ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես Աննա Ֆրանկն եմ`
այսօր սև ու մուգ ամպ,
որովհետև մուգ լինելը վատ բան չէ,
երբ ներսդ մի քիչ մոխիր կա,
մի քիչ սեր,
ա՜ղ,
կծո՜ւ,
խո՜ց,
թո՜ւյն

Աննաներից ամենասևն  ու մուգը ես եղա.                
բոբիկ ու անտեր եկաք.
եկա՛ք, գնացի՜ք, եկա՛ք…

ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես

կի՛ն եմ
չհաշվեցիք էլ.
էգ թռչուն ընդամենը`
հարավ մեկնող սովորական թռչուններից մեկը`
ամուր տխրությամբ ու պողպատե թևերով զույգ

ի՞նչու ինձ պատժեցիք տղամարդու պես

ասացի` փոշի է,
կյանքը փոշի է,
ասացիր` սուտ է,
սրտի մեջ աղբ է ,
աչքերի մեջ`վախ,
ժանիքի մեջ` թույն:

ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես Աննա Ֆրանկն եմ,
այսօր սև ու մուգ ամպ.
հայհոյե՛ք,
փնովե՛ք
և ինձ Ֆրանկ անվանեք,
որովհետև ես Ֆրանկն եմ`
աննաներից ամենադժբախտն
ու ամենաֆրանկն աշխարհում:


ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԵՍ ԴՈւ, ՈՐ ՉԵԿԱՐ ՀԱՐՈւԹՅԱՆ ՀԵՏ

մերկացված ու ծախված,
քծնված ամենքի
ու տրորված յուրաքանչյուրի կողմից`
օրհնյալ է հարությունը քրիստոսի…

օրհնյալ լինես դո՜ւ,
որ չեկար հարության հետ:

մեկն ասաց` ոտքի ճամփա է,
գնա` կհասնես

բոլոր ճամփաները
գծված ու ջնջված
յուրաքանչյուր անձրևի կամ ձյան ժամանակ
ինձ քեզ մոտ տարան,
բայց քեզ այլևս չբերեցին ինձ.

չբերեցին, չբերեցին, չբերեցին,
որովհետև ես սովորական ծիտ եմ,
ոչ թե ճնճղուկ, ագռավ կամ ճա՛յ,

որովհետև ծառին նստած ճնճղուկը գույժ է,
իսկ ագռավը` ավետիս:

կյանքը քեզ միանգամից չապտակեց.

գո՛հ եղիր, գո՜հ`
միանգամից չապտակեց,
ասաց `
լա՛ վ եղիր եղբայր, լա՛վ եղիր,
մի երգ հորինիր,
այնպես, ինչպես հայրդ ու մայրդ
ջահել ժամանակ հորինեցին քեզ
և վաճառիր այնպես,
ինչպես մարմնավաճառն իր մարմինը:

ավելի հասուն, քան ցավը`
օրհնյալ է հարությունը Քրիստոսի.
օրհնյալ լինես դո՛ւ,
որ չեկար
հարության հետ:


ՀԱՆՆԱ

տղամա՛րդ, տղամա՛րդ, տղամա՛րդ.
ների՛ր,          
ինձ ներիր,
որովհետև
ես  քեզ նման չեմ,
որովհետև
քեզ գորգի պես մի օր կփռեմ հատակին,
կտրորեմ,
կկանգնեմ,
կքայլեմ,
որ գնամ`
դու կզգաս .
կուչ կգա՛ս,
կհավաքվե՛ս,
կփոքրանա՛ս
կնեղանա՛ս,
կծալվե՛ս,
կճմրթվե՛ս,
կմանրվես.
կփաթաթվես,
կասես` մնա կամ մի գնա,
Հաննա:

Հաննան քեզ սավանի երկարությամբ`
անկողնում կփռեր,
թխվածք կփշրեր վրադ,
սուրճ կթափեր,
կշոյեր շուրթերդ,
կհամբուրեր աչքերդ,
հետո կճմրթեր քեզ
ու լվացքատուն կուղարկեր:
Հաննան  կհիշեր քեզ ու կմոռանար,
դու Հաննային կհիշեիր ու չէիր մոռանա,
բայց տղամա՛րդ, տղամա՛րդ, տղամա՛րդ
բռունցքդ մի՛ խփիր սեղանին,
ու մի՛ ասա վերջին խոսք,
որովհետև, հասկանում ես
Չ`չունես ոչ մի բառ
և Հաննային  Չ`ունես:

ների՛ր, ների՛ր Հաննային,
որովհետև հերթական բանաստեղծության նման`
սրտից պոկվեցիր.
և որովհետև պոկվեցիր սրտից`
Հաննան առաստաղի  լայնությամբ,
պատերի երկայնքով ու բարձրությամբ`
պաստառի նման քերեց քեզ
և  դրեց պահոցը,
ների՛ր, ների՛ր Հաննային.
շուտով վերանորոգում կանի`
կփոխի հեռուստացույցի,
պահարանների ու մնացած ամեն ինչի տեղը,
որ դու Չ`ապրե՛ս,
բազկաթոռին նստած,
հեռուստացույց նայելիս ,
թեյ խմելիս
ու պատերի մեջ Չ`ապրես:

Հաննան կաթ-կաթ կցավի,
Հաննան բառ-բառ կդողա
ամեն անգամ, երբ տերև ընկնի,
ամեն անգամ, երբ ձյուն չգա:


ԻՆՉԻ՞

Քեզ երկար սպասեց քո Նելլը,
ում ուսերիդ էիր դնում և ժամերով ման տալիս պուրակում,

Քեզ երկար սպասեց քո Նելլը…
Ժամանակը փշրվեց երկու մասի.
Փշրվե՜ց…
Ես վազեցի ետևի՛ց, բռնեցի ականջների՛ց,
Պատին մեխեցի՛ ու կանգնեցի մեջտեղում ՝
Կանգնած սլաքների տակ…
Լռությու՛ն …
Ծռված մեջքով լռությու՜ն.
Թող պահեմ լռությունդ՝
լակոնիկ արցունքներով, գլխիկոր, տաշված ճյուղի պես, թող
պաշտեմ քեզ մինչև վերջ…
Նելլ անվանեցիր, երբ ծնվեցի.
ինձ ուսերիդ առա՛ր, ես պաշտեցի քե՜զ….
Լռություն… ջարդված վզով լռություն…
Վազեմ, սուրճ եփեմ մեզ համար՝
ինչպես դու էիր սիրում ասել՝ դա՜ռը  .
Ու խմեմ մենակ՝ հիշելով խոսքերդ՝
դեպի ներս շուռ տված հիշողություններով,
Ություններով՝ ամեն տեսակի, սեռի, բնույթի ություններով՝ անդուր, ինչպես
արցունքները
և ընդունելի, ինչպես իրականությունը…
Ինչի՞ գնացիր…
Գնացիր վայրկյանի մեջ
Ու չես վերադառնա օրերիդ մեջ չապրված…
Քեզ երկար սպասեց քո Նելլը…

ՀՈՐԵՂԲՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
3 Comments
  • Anonymous
    Posted at 11:05h, 11 July Reply

    Հարգանքներս և իհարկե ՏԵՐՆ ԼՈՒՍԱՎՈՐԻ

  • Anonymous
    Posted at 16:06h, 11 July Reply

    լավ հեղինակ է …. ինչպես կատաղած կին
    և ամենաուժեղն աշխարհում
    ես Աննա Ֆրանկն եմ,
    այսօր սև ու մուգ ամպ.
    հայհոյե՛ք,
    փնովե՛ք
    և ինձ Ֆրանկ անվանեք,
    որովհետև ես Ֆրանկն եմ`
    աննաներից ամենադժբախտն
    ու ամենաֆրանկն աշխարհում:

  • հասմիկ սիմոնյան
    Posted at 18:59h, 11 July Reply

    ուրախ եմ, որ հավանում եք, կխնդրեի` անունն էլ Ձեր նշել

Post A Comment