Գագիկ Կիլիկյան

 

Գագիկ Կիլիկյան | ծնվ. 1958թ., Հայաստան

  •  

Անհնարին սերը 
Սիրո անհնարինության 
Վերջին հնարն է…

ԿԱՐԱ-ԲԱԼԱ 2 

Ծաղկավաճառները ծաղիկ են ծախում
Չկա մեկը ում նվիրեմ….

  •  

Տունս շինել եմ կարոտից
Պատերն էլ տանիքն էլ
Նստել դռանը սպասում եմ
Չգաս կարոտից կմեռնեմ
Գաս տունս կքանդվի…

  •  

Իմ սերը տնից դուրս է եկել
Ու չի վերադարձել
Փողոցում կանգնած սպասում եմ
Քանի որ իմ տունը
Գնացել է իմ սիրո հետևից
Ու չի վերադարձել…

  •  

Ասում ես արև
Հովանոցս փակում եմ
Ասում ես անձրև
Հովանոցս բացում եմ
Լռում ես
Կախվում եմ ամպերից…

  •  

Նստեցի որ
Մի տող գրեմ
Շքեղ հմայքիդ մասին
Աթոռս շիվեր տվեց
Ծաղկեց…

  •  

Տեսա Վարդը
Որ ծաղկում էր պորտիդ ստվերում
Վերջապես հասկացա
պարսկական Պոեզիան…

  •  

Աչքերս
Դուրս եկան ակնախորշերից
Շուրջդ են պտտվում
Աներես մլակների պես…

  •  

Ձայնդ այնքան է կանացի
Որ հեռախոսիս մարտկոցը
Լիցքաթափվում է
Վաղաժամ…

  •  

Գոտկատեղիցդ ցած
Մարմինդ դեղձի ձևին էր
Դեղձ ուտելիս
Աչքերս փակում եմ

  •  

Մինչև Քեզ
Երկնքումս տարիներ ի վեր
Ամպամածություն էր
Սակայն
Անձրև չէր գալիս
Եվ ոչ մի կաթ…

  •  

Քո քաղցր բերքը, որ հավաքեցի,
Իմը չէր, այգու տիրոջն էր
ՄՐԳԱԳՈՂ եմ
պարզապես…

  •  

Իմ սերը
Ամեն գիշեր
Քնում է օտար տղամարդու հետ
Օրինականորեն…

  •  

Զանգելուց առաջ
Գուշակել է պետք
Տանն է արդյոք ամուսինդ
Անկապ վիճակ է
Անվերջ
Կանացի ձայնով խոսելը…

  •  

Քնած ես երևի
Ուրիշ տղամարդու հետ
Անգամ խանդի
Դառն իրավունքը չունեմ…

  •  

Քեզ կպցնելու համար
Արյունս
Հինգ լիտր ու
Չգիտեմ քանի գրամ…

  •  

Ճաշում էինք
Փարիզում` Մաքսիմի մոտ
Սեղանին համեմուքներով լցոնված
Սիրտս էր…

ԿՅԱՆՔԻ ՉԱՓ ՑԱՎՈՏ ԿԻՆԸ 

Նորից կծնվեմ
Կնմանվեմ որդուս
Կսիրես ինձ
Խելապատառ
Էլի կմեռնեմ…

  •  

Ախր ես ինչ անեմ
Արդեն մեռնում եմ
Դու նոր ես ծնվում…

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ ԵՐԲ ՄԵՌԱ ՔՈ ՀՄԱՅՔԻՑ 

Երկնքում
Բոլոր Հրեշտակները
Քո դեմքով էին…

ՄԵՐ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՐԸ

ԴԻՄՈՒՄ 

Խնդրում եմ ինձ ազատել
Երկնային կյանքից
Այլ կյանքի անցնելու
Կապակցությանբ:

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment