Մար Մարգարյան

Մար Մարգարյան | ծնվ. 1989թ., Հայաստան

·
նա չի կարդում քո համար բանաստեղծություններ 

նա չի հիանում քո նկարներով
նրա սիրտը չի թրթռում քո ձայնից
նա քո կինն է

·
ամենասիրունը քո կողքին հասունացող ծառն էր.
ես խոտ էի,
որ աճեցի պտղիդ հասունությունից ավելի արագ,
որ տրվեմ ամենահասունիդ ամենաքաղցրությանը
սեր իմ…
դու նավ եղար անպտուղ ու անարմատ
ես դարձա ձուկ ու թպրտացի վերջին վայրկյանս ոսկորներիդ վրա.
դու չզգացիր իմ թռիչքը
ոչ ջրերի մեջ, ոչ էլ երկնքում…


հոգեհանգիստ

վեդրոներով մեխ կուլ տվեցի, որ չպոկվեմ տեղիցս, երբ գաս
ու երբ դուրս պրծնես
զզվելի զզվելի զզվելի աշուն կլինի
մահ ու կեղտ
մահ ու կեղտ
մահ ու կեղտ

·
Տկլոր ծառի
վերջին
դեղին ատամը
պոկվեց ընկավ
առվի
բորբոսնած ստամոքսի մեջ
ու
մի անուղեղ գորտ
ուրախությունից
կռռաց

·
շունը
իր պոչը
ուտելու
կարողություն
չունի
բայց հիմա
հենց այս պահին
ես ինձ
սպանեցի

·
Խնձորի կեղևների մեջ
բուն էությունը չհասկացա

·
Կանաչ խոտի պես թաց կին
տրվիր քամու անզորությանը
նա չի վնասի քո արմատները
ու չի կոտրի քեզ տատանմանդ պահին

·
Երաժշտությունը ասեղ ա, որի վրա սովորում ես նախ կանգնել

·
Լիզած շուրթի պես խոնավ առավոտ էր,
պատուհանս քրտնել էր
սենյակիս ու դրսի հակադրությունից,
բնական էր մարմնիս շնչառությունը`
թափանցող արևի ջերմության մեջ կծկված,
թեյը, որ կում-կում ներհոսում էր
տաք վայրկյանների պես,
որոնցից կախված էր իմ ելքը ու քայլերը
դեպի անլիարժեք միայնություն…
հիմա ես գիտեմ, թե քանի գրամ եմ
կուլ տալիս ամենօրյա կյանքս
ու քանի անգամ կորցնում
օտար զուգարաններում

պարտադիր չի վերնագիր

ես էսօր ոտաբոբիկություն արեցի.
խաղողի վազը հոգուս մեջ առած վազում էի,
մամայիս չասեք, հա՞,
թե չէ կասի. «բալես, հյուրեր ունենք,
լվա, բեր դիր սեղանին»,
այ քեզ գյուուուղ
իմ մեջ հիմա էնքան շատ բնություն կա,
որ ես դարձել եմ աշխարհի ամենաչքնաղն ու ամենավտանգավորը,
Դա Վինչին տեսներ ինձ՝ կխփնվեր,
այ քեզ գյուուուղ,
մի անմիտ աղջիկ
իր վրա տոչկած անմիտ տղաներին կշրջվի ու կասի.
– Ի՞նչ ա, հրեշտակ չե՞ք տեսել:
Դա Վինչի, ինչ լավ ա, որ շուտ մեռար,
մեր մեջ էնքան ուրիշ կյանք կա հիմա,
որ դու չես խփնվում իմ վրա,
դու իմ հետ ես մեծացել պարզապես,
կերածդ խաղողները նույնիսկ ես եմ մարսում,
Դա Վինչի, մամայիս չասես, որ ես ուրիշ կյանքից եմ, լա՞վ,
թե չէ նա կհեռացնի մեր տան բոլոր հյուրերին
ինձ վերադարձնելու համար,
իսկ ես չեմ ուզում գնալ…
նեղվում եմ կոշիկներից…

·
Քայլերը անտարբերությամբ հաջորդում էին մեկը մյուսին, և քայլ առ քայլ քաղաքի աչքերը մթագնում էին… Ո՞ւր կորավ օրը: Ի՞նչ բերեց ու ի՞նչ տարավ… շուրջս մարդիկ էին անհոգ ծիծաղում, ծուղրուղու էին կանչում կարծես: Աքաղաղային սլաքները մարդկանց համար չեն, նրանք դուրս են աքաղաղային ճշտապահությունից և կարող են կչկչալ ու ծուղրուղու կանչել երբ ուզեն ու ինչքան ուզեն, որով և տարբերվում են… և մինչ աքաղաղը ծուղրուղու կկանչի, մարդը կուտի հավի ձվերը:

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment