Անահիտ Ղազարյան

Անահիտ Ղազարյան | ծնվ. 1989թ., Հայաստան

ՄԻ ՁՄԵՌ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Քո մասին մտքերը ես պահում եմ պատշգամբում
Երբ դրսում -18 է
Որ միշտ սառը, թարմ մնան
Որ հարկ եղած պահին ցուրտը տանի զգայարանները
որ տեղ-տեղ ցրտահարվեն հիշողությունները
որ կարոտը սրածայր սառույց լինի ու կախվի կտուրներից:

Ինձանից
ապակեպատ փողոցներով, սառած հեռագրասյուներով
տներով, տներով, խանութներով
քեզ մոտ բերող ճանապարհները
մի ձմեռ հեռավորության վրա են:

ՁԱՆՁՐՈՒՅԹ

Հողմաղացի նման պտտվող
պտտվող իմ ապրումներ
սիրել-սիրել-սիրել
ու կտրված գլուխների պես
պտուտակները թռցնում են
շիթերը տառապանքի
իսկ ձյունը չի գալիս
ու չի ծածկում
ու սպիտակ չի ամենևին
ու քարերն են բաց
բաց վերքի պես սև
ու հողն է չոր, ձմեռային, ժանգոտ
ու ձանձրույթն է իջնում ձյան փոխարեն
ու ծածկում երկիրս
ու մարդկանց:

·

Մատներիս արանքից թափվող տխրությունը ոչ ոք չի տեսնում:
Ես իրար եմ սեղմում ափերս,
մոտեցնում քթիս
կծկվում:
Երաժշտությունը թույլ նվվում է կատվի նման:
Արևը շրջվում է, թեքվում ու հեռանում:

Դուրս արի թարմ օդի,
պտտվիր,
մարդկանց տես:
Տուն արի ու հաց կեր:
Կարդա:
Զանգիր ընկերներիդ:
Աղբը թափիր:

Կրկնում եմ ու մնում տանը:

Մատներիս արանքից թափվող տխրությունը ոչ ոք չի տեսնում:

·

անձրև լինեմ
ու
ճակատովդ
քթովդ
շրթովդ
դնչովդ
հոսեմ
կաթամ հողին:

·

Այգու հասած մրգերի պես
ինձնից կախված հուզումներ:

Որոնք շաղ եմ տալիս
ու բաժանում:

Ու դատարկված, տխուր, մենակ
քանդված պատի նման
թիկնում մայրամուտից հետո
ու հուլունքի պես
թելին անցկացնում հիշածս
սիրուն ու լավ
տխուր ու մեղկ
անկապ ու հորինած
պատմությունները,
ունեցածս ու կորցրած մարդկանց:

Հետո շարածս կախ տալիս
պարանոցից
ու ծանրացած
քայլում, քայլում, քայլում…

ԱՅԼ ՏԻՊԻ ՀՈԳՍ

Տխրությունս շրջանառվում է արյան հետ:

Չնայած ես հոգնել եմ
էս թեմայով գրելուց:
Բայց ուրիշ բան չկա էլ:
Նույն բանի մասին եմ
գրում
որովհետև շուրջս էլ է նույնը:
Օրվա սկզբի հետ
ծեսի պես կրկնվում են՝
հերթական էշությունը ԱԺ-ում
մենք պտտեցնում ենք հոլովակները՝
ցույց, բողոքի ակիցա…
աղքատություն, անելանելության գիտակցում
ու մոտալուտ հեղափոխության բացակայություն:

Սիրտս այլ տիպի հոգս է ուզում:

Այլ տիպի հոգս եմ ուզում ունենալ:

·

հանցավորի պես
ես պահում եմ
իմ լավ բանաստեղծությունները
ու չեմ ժպտում քեզ տեսնելուց
ու դողէրոցքն եմ պահում պտույտների մեջ մարմնիս
ու ձանձրույթն եմ խեղդում երաժշտության բարձր ալիքի մեջ
ու մեղմությունս եմ ցրում
ու նրբություններս ծխում
ու ոչ մի լավ բան չեմ թողնում
ու ավերում եմ
կամ
պահում, խո՛րը, խորը, չփնտրվող տեղում

ես գիտեմ
սարերում ուրիշ թափով հոսող աղբյուրներ կան
ու քամի կա
ու շրշացող չորացած խոտի արտ կա
ու չպահվող լռություն կա
ու չպահվող շատ այլ բաներ կան:

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment