Արթուր Մեսրոպյան

 

 

Արթուր Մեսրոպյան | ծնվ. 1990թ., Հայաստան

  •  

Ես կարդացի հայ կանանց պոեզիան
Այն գետերի մազերում բուսնած վախերի մասին էր,
Որ ծփում են ոտքերի մատների
Ու արևի միջև
Ու անկողնու մոտ սպասող քստքստոցի մասին էր,
Ում թողել էին տանը և գնացել հարևանին հյուր
Այն կծկված անկյունների, աստղաձև երակների մասին էր
Ու դրանցից հոտ էր գալիս
Այն զոլավոր գուլպաների ու բարակ շուրթերի
Մասին էր

Ես կարդացի հայ կանանց պոեզիան, 
Որտեղ մի կուրծքը մրսում էր, իսկ մյուսը կերակրում էր 
Մշուշն ու կատուներին 
Կարդացի հոգեվարքող երաժշտի, մազմզոտ կասկածների 
Մասին, որ դեղձանիկի պես խցանվել են կոկորդում 
Ու երազում են անգլուխ տղաների մասին 
Ես կարդացի հայ կանանց պոեզիան 
Այնտեղ այնքան շատ կար պոեզիա 
Ես կարդացի հայ կանանց պոեզիան 
Այնտեղ այքան շատ էին աղջիկները, պահմտոցին, աղջիկները 
Շնչահեղձ հեռախոսներն ու աղջիները 
Ես կարդացի հայ կանանց պոեզիան` 
Անմոռուկների ու ամենից քիչ 
Հենց իմ մասին:

  •  

Դու ինձ չես կարող կանգնեցնել, Որովհետև ես չեմ էլ շարժվում,
Չեմ էլ վազում. կամ քայլում.
Ահա մեխվել եմ երթուղային տաքսու
Եվ Բոդլերի արանքում
Ու անշարժ կանգնել.
Ամուր գրկելով իմ վաթսունքանի կիլոգրամ
Ոսկորները.
Ահա իմ դիտանկյունը՝
Իմ կրունկները սերտաճել են ասֆալտին,
Իսկ մազերը ձգվել ու կապվել են երկնքի մորթուց,

Ահա ես` ընթացքից դուրս պրծած մի անորոշություն,
Ճնճղուկի ոտքերից կապված մի փուչիկ,
Ցեխի մեջ ընկած ամուր երկաթե ձող.
Ես՝ մի օվկիանոս՝ մեջս լիքը շնաձկներ,
Կուզես, դարձիր իմ ափը`
Ափ օվկիանոսի ափին…
Քո վրա մենք ճայեր կպահենք ցերեկները,
Իսկ մարդիկ իրար կսիրեն գիշերները,
Երբ ճայերն իմ միջի ձկներով կշտացած
Քնած կլինեն…
Ու այսպես կպառկեմ անշարժ,
Անպատասխանատու, անհեռատես ու անտեղյակ
Ու ճայեր կթռչեն իմ գլխով
Ու սիրով կզբաղվեն քո ափին…

  •  

Դատարկությունը սահում է ցած
Ու ներծծվում մայթեզրերի մեջ…
Օդում աջ ու ձախ է գլորվում
Սնամեջության զգացողությունը՝
Տրորելով բոլոր բիզ-բիզ մազերը,
Ամեն ինչ հարթեցնում
Ու դարձնում սոթլիկ՝
Առաջին աշխատանքային օրը սափրած
Երեսի պես:
Այսօր դրսում կապույտ լույսը շատ է,
Այդպես հաճախ է լինում
Երբ…
Փողոցում մի կին է քայլում
Երբ…
Գրկի մեջ քնած երեխա կա,
Այդպես էլ է հաճախ պատահում…
Երբ դրսում կապույտը շատ է լինում
Ու երեխաները քնում են իրենց մոր գրկում՝
Բոլորը միասին ճոճվելով դատարկության տերևների վրա,
Մի փոքր բան մի տեղ ամենախորքում փոխվում է
Եվ արտացոլվում փոքր ջրափոսերում՝
Ասֆալտի հոտի ֆոնին:

ԿԱՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԸ


Ժամանակը կաթաց կատվի աչքի մեջ
Ու դուրս կորեց տեսադաշտից.
Ես մնացի ժամանակից դուրս՝
Իմ մեջ,
Մարմնիցս առանձին, առանձնացած,
Մարմինս սպիտակուցի պես լպրծուն
Թաց ու ծանր խյուս է՝
Դրված սպիտակ սավանին`
Երկաթե սեղանի վրա`
Ծանր ու աներազ:
Ես դուրս եմ գալիս պատուհանից՝
Քերծվելով արևի ճառագայթներից,
Կոկորդումս զգալով լուսնի քրտինքի համը.
Ես տարածվում եմ հետ,
Ես ձգվում եմ առաջ
Բոլոր ժամացույցների երակներով,
Իսկ երբ հետ եմ հավաքվում
Էլ ոչինչ չի լինում
Միայն լուսնի քրտինքի համն է էլի կոկորդումս,
Ոչինչ էլ չկա, Հետդարձի պատուհանն էլ
Վերածվել է ձկան,
Ոչինչ էլ չկա
Միայն հոտած կատվի լեշն է փռված
Փոշու մեջ՝
Աչքերը չռած իմ աչքերի մեջ:
Ես տարածվում եմ հետ
Ես ձգվում եմ առաջ:

ԵՐԱԶ

Ի վերջո այս ամեն ինչը կվերջանա:
Իրար միախառնված ուղևորներով ավտոբուսից կիջնես,
Կհանձնես վերջին զեկույցը,
Կուղարկես վերջին տեղեկանքը,
Դարակում կկողպես վերջին հաշվետվությունը,
Ու դու մի լավ կհանգստանաս վերջապես:
Հատ-հատ, հերթով կքանդես բոլոր ձգտումներիդ
Ու իղձերիդ կոճակները,
Ոտքերիցդ կհանես ինքնավստահ քայլվածքներդ,
Ու կանջատես նրբանկատության ահազանգը`
Չմոռանալով նախ բացել ինքնամփոփության շերտավարագույրը
Հետո փոշմանելով ու նորից փակելով այն.
Կհանես այս ամենը, կկախես մի ցրտահարված
Կախիչից
Ու առանց երբևէ հետ նայելու
Կփակես բոլոր աչքերդ
Կփակես քեզ
Կփակես գանգդ
Ու կպառկես քո հին մանկական օրորոցի մեջ,
Որն այսքան երկար տարիներ պահել ես
Ուղեղիդ ձեղնահարկում`
Դեռահասությունից մնացած բոթասների,
Ու վերջին զանգիդ կոստյումի կողքին,
Կծածկվես մորդ օրորոցայինով,
Կգրկես ժամանակի զգացողության բացակայությունը,
Ինչպես հին նապաստակիդ
Ու վերջապես կքնես
Գրողը տանի:

  •  

Տեսնես թռչունները տեսնում են երազներ՝
Թառած ամենաբարձր ծառերի ամենածայրի ճյուղերին,
Քնի մեջ գլուխները դրած ամպերի վրա,
Փայլելով կանաչ, մանուշակագույն
Ու դեղին լույսերով:
Հանկարծ մի անփույթ վրձնահարվածով վեր թռչելով
Ու քսվելով
Ծովագույն երկնքին,
Բարձրանալով սաղարթից ու քաղաքից վեր,
Անցնելով կտուրների երազների միջով
Ու լղոզելով երկինքը
Կանաչ, մանուշակագույն ու դեղին
Երկարավուն գծերով:
Ծառերը ներքևում կնայեն վերև
Երազելով թռչել, սակայն արմատները կխանգարեն
Շենքերը կնայեն վերև
Երազելով թռչել, բայց կվախենան խախտել
Քնած երեխաների հանգիստը,
Ու կատուները կնայեն վերև,
Կմլավեն, կերազեն թռչել, կմլավեն`
Վախենալով կորցնել ինը կյանքերից մեկը…
Տեսնես ինչ են երազում թռչունները,
Տեսնես երազում են նրանք`
Վառվելով դեղին, մանուշակագույն ու կանաչ լույսերով…

ՑՐՏԻ ՍՏՎԵՐԸ

Ծածկում եմ ջուրը
Մորուքս քսելով սառույցներին,
Ճերմակ մազերիս ծայրերը
Սահեցնում մանր տների,
Գոմերի ու սուր կայմերի
Արանքով…
Մոխրագույն եղբայրն իմ
Կողջունի ինձ շուտով…
Գիտեմ…
Եղունգներս քսվում են առավոտին,
Ծառերի կեղևը փշաքաղվում է
Ու ծառը մեռած է կարծես.
Կուզեի իմանալ՝
Արդյոք հիշում են կապույտ
Թարթիչներս,
Կուզեի իմանալ՝ հիշում են
Մորուքիս թանձրությունը.
Կուզեի իմանալ՝
Արդյոք հիշում են
Մատներիս սվվոցն իրենց կոկորդում…
Բույրս տարածվում է
Հեծնած բուերին ու
Ձկներին…
Մոխրագույն եղբայրն իմ
Կողջունի ինձ շուտով:

ԿԱՐՄԻՐ ԱԳՌԱՎԻՆ

Վերցրու այս երազը,
Սառույցի ու ծովի թռչուն,
Վերցրու փետուրներիդ մեջ
Կտուցիդ մեջ
Ճանկերովդ
Վերցրու, բռնիր ամուր, որ չգցես
Ցած… Վերցրու այս երազը
Թռիր, թռչուն սառույցի,
Ոսկորների ու փտած հողի
Վրայով,
Այն չերևացող նավերի վրայով,
Որ երեկ խաղում էին իմ հետ,
Մտիր մշուշի դարպասներով
Արնահոսող ստվերների ու երկաթի երկիր…
Ամառվանից չեմ քնել անցած,
Սպիտակել են աչքերս,
Ձյունապատվել է մաշկս,
Փայլում եմ մոխրագույն լույսով,
Վերցրու այս երազը,
Սառույցի ու ծովի թռչուն,
Տար այն ամպերի մեջ
Վառվող կրակին նվեր,
Ասա, որ ամառվանից չեմ քնել անցած,
Սպիտակել են աչքերս
Ձյունապատվել:

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment