Աթհարվավեդա. հին հնդկական պոեզիա

Աթհարվավեդա | հին հնդկական պոեզիա

 

ԱՐՆԱՀՈՍՈւԹՅԱՆ ԴԵՄ

Գնում են կանայք,
երակները – կարմիր հագուստների մեջ:
Ինչպես անեղբայր քույրեր,
թող կանգ առնեն նրանք կոտրված փայլով:
Կանգ առ, ներքևինը: Կանգ առ, վերևինը,
և դու, միջինը, կանգ առ:
Երբ կանգ է առնում ամենակրտսերը,
կանգ կառնի նաև մեծ անոթն արյան:

Հարյուր անոթից,
հազար երակից
ահա կանգ առան այս միջինները,
իրենց ծայրերով կապվեցին իրար:

Ձեզ շրջապատեց
ավազոտ ափը:
Կա՛նգ առեք: Հանգստացե՛ք բոլորովին:

ԽԵԼԱԳԱՐՈւԹՅԱՆ ԴԵՄ

Ազատիր, Ագնի, այս մարդուն,
նրան, ով գոռում է բարձր, կապկպված, ամուր ձգված,
նա հետո կտա քեզ քո բաժինը,
երբ ազատ կլինի խելագարությունից:

Թող Ագնին հանգստացնի քեզ համար
չար ոգին, եթե զայրացած է նա:
Ես՝ իմացողս, դեղ եմ պատրաստում,
որ դու ազատ լինես խելագարությունից:

Խելագար՝ աստվածների անեծքից,
խելագար՝ ռակշասներից,
ես՝ իմացողս, դեղ եմ պատրաստում,
որ դու ազատ լինես խելագարությունից:

Թող քեզ վերադարձնեն նորից ասպարները,
նորից – Ինդրան, նորից – Բհագան:
Թող քեզ վերադարձնեն բոլոր աստվածները,
որ դու ազատ լինես խելագարությունից:

ՀԱԶԻ ԴԵՄ

Ինչպես միտքը պատկերացման ուժով
հեռու է սլանում սրընթաց,
այդպես էլ դու հեռացիր, հազ,
տարածություններով մտքի:

Ինչպես լավ սրված նետը
հեռու է սլանում սրընթաց,
այդպես էլ դու թռիր, հազ,
երկրի թեքությունով:

Ինչպես ճառագայթներն արևի
հեռու են սլանում սրընթաց,
այդպես էլ դու հեռացիր, հազ,
օվկիանոսի տեղատվության հետքով:

ԸՆԴԴԵՄ՝ ՏԱՆ ՀՐԴԵՀԻ

1.

Քո գնալու և գալու ճանապարհին
թող աճի ծաղկած ջրաբույս,
թող այնտեղ աղբյուր առաջանա,
կամ լճակ՝ լոտոսով լցված:

2.

Սա հուն է ջրի համար,
ծովերի համար բնակարան:
Լճակի մեջտեղում մեր տունն է –
Շուռ տուր քո դեմքերը:

3.

Ձյան պատյանով, օ, տուն,
շրջապատում ենք քեզ:
Զով լճակ եղիր մեզ համար:
Թող Ագնին միջոցներ գտնի:


ԿՆՈՋ ՎՐԱ ԻՇԽԱՆՈւԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

1.

Թող քեզ փուշը ծակի:
Քո ննջարանում մի մնա:
Այն սարսափելի նետը Կամայի՝
դրանով խոցում եմ սիրտդ:

2.

Կարոտի փետուրով, կրքերի շեղբով,
վճռականության ցողունով նետը
լավ նշան բռնած՝
թող Կաման խոցի քո սիրտը:

3.

Նա, որ փայծաղն է չորացնում –
լավ նշան բռնած նետը Կամայի,
առաջ ուղղված փետուրով, վառելով,
դրանով խոցում եմ սիրտդ:

4.

Բռնված այրող ցավով,
չորացած բերանով սողա դեպի ինձ,
փափկած, ի՛մը դարձած,
հնազանդ, փաղաքուշ խոսքով:

5.

Ես հեռացնում եմ քեզ նետով
քո մորից, նաև քո հորից,
որ ամբողջովին իմ ուժի տակ լինես,
որ հակվես դեպի ինձ:

Օ, Միթրա-Վարունա, դուք նրա սրտից
դուրս նետեք նրա մտադրությունները,
իսկ հետո նրան անզոր դարձնելով
հանձնեք նրան իմ իշխանության տակ:


ԿԱԽԱՐԴՈՒՄ ՔԱՂՑՐ ԽՈՏՈՎ

1.

Այս խոտը մեղրից է ծնված:
Մեղրով ենք դուրս հանում քեզ:
Մեղրից ես դու ծնվել,
ինձ մեղրից հարցրու:

2.

Մեղր է լեզվիս ծայրին,
լեզվիս արմատին՝ մեղրի շիթ:
Թող ամբողջովին իմ ուժի տակ լինես:
Թող դու հակվես դեպի իմ նպատակը:

3.

Մեղրից է հարձակումն իմ:
Մեղրից է հեռացումն իմ:
Խոսում եմ մեղրե ձայնով:
Թող մեղրի նմանվեմ ես:

4.

Ես քաղցր եմ, քան մեղրը:
Քաղցր եմ, քան մեղրի խոտը:
Դու ցանկացիր ինձ
իբրև մեղրե մի ճյուղ:

5.

Շաքարեղեգնով պտտվում եմ շուրջդ,
որ դու համաձայնվես,
որպեսզի սիրես ինձ,
որպեսզի ինձնից չփախչես:


ԳԻՇԵՐՎԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Օ, գիշեր, տարածությունը երկրի
լեցուն է ձևերով հոր:
Բա՛րձր, դու ձգվում ես մինչև նստավայրը երկնքի,
Գլորվում է խավարն առկայծող:

Չի երևում նրա հեռավոր ափը,
չի երևում այն, ինչը բաժանված է նրա սահմանից:
Այնտեղ հանգստանում են բոլոր շարժվողները:
Օ, լայն, մռայլ գիշեր, թող մենք անվնաս
հասնենք մինչև քո հեռավոր ափը:
Օ, բարի գիշեր, թող հասնենք մինչև քո ափը հեռավոր:

Օ, գիշեր, մարդկանց հայացքով հետևող
քո հսկիչները իննսունինն են,
նրանք ութսունութ են,
նրանք նաև յոթանասունյոթն են:

Նրանք վաթսունվեցն են, օ, մեծահարուստ,
հիսունհինգ հոգի են, օ, բարի կամեցող,
քառասունչորսն են,
երեսուներեք, օ, արագավազ,

քսաներկուսն են նրանք,
օ, գիշեր, ամենաքիչը տասնմեկ հոգի են,
այդ հսկիչներով, օ, երկնքի դուստր,
պաշտպանիր մեզ այսօր:

Թող մեզ չհաղթի ռակշասն ու չարակամը,
թող մեզ չմոտենա վատ մտածողը,
թող մեր կովերին գողը տեր չկանգնի,
գայլը չտիրանա մեր ոչխարներին,

ոչ էլ ավազակը՝ ձիերին, օ, բարի գիշեր,
ոչ էլ կախարդը՝ մարդկանց:
Հեռու ճամփաներով
թող փախչի գողը, ավազակը,

հեռու ճամփաներով՝ ատամնավոր պարանը,
թող հեռանա չարագործը հեռու ճամփաներով:
Օձին կուրացրու, օ, գիշեր,
թույնից ծխացող գլուխը կտրած:

Փշրիր ծնոտը գայլի,
գողին ծուղակում փակիր:
Մենք քո մեջ ենք ապրում, օ, գիշեր:
Մենք քնում ենք, դու արթուն մնա:

Օթևան  տուր կովերին, ձիերին
և մարդկանց:

ՎԱԽԻ ԴԵՄ

Ինչպես Երկինքն ու Երկիրը
չեն վախենում և չեն վնասվում,
այդպես, իմ շնչառություն, մի վախեցիր:

Ինչպես ցերեկն ու գիշերը
չեն վախենում և չեն վնասվում,
այդպես, իմ շնչառություն, մի վախեցիր:

Ինչպես արևն ու լուսինը
չեն վախենում և չեն վնասվում,
այդպես, իմ շնչառություն, մի վախեցիր:

Ինչպես աղոթքն ու իշխանությունը
չեն վախենում և չեն վնասվում,
այդպես, իմ շնչառություն, մի վախեցիր:

Ինչպես ճշմարտությունն ու տնօրինությունը
չեն վախենում և չեն վնասվում,
այդպես, իմ շնչառություն, մի վախեցիր:

Ինչպես ինչ եղել է ու ինչ կլինի
չեն վախենում և չեն վնասվում,
այդպես, իմ շնչառություն, մի վախեցիր:

Ռուսերենից թարգմանեց Հենրիկ Էդոյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment