Սերգեյ Կոզլով | Ոզնուկը մշուշում | մաս 5-րդ

Սերգեյ Կոզլով  | 1939-2010թթ., ԽՍՀՄ

Ոզնուկը մշուշում | Եթե ես բոլորովին չկամ |  մաս 5-րդ



Էլի մի քիչ, ու կվառվեն աստղերը, ու դուրս կլողա կիսալուսինը ու օրորվելով լող կտա աշնանային լուռ դաշտերի վրայով: Հետո կիսալուսինը կայցելի անտառ, մի քիչ կանգ կառնի՝ բռնվելով ամենաբարձր եղևնու գագաթից, և այդ ժամանակ նրան կտեսնեն Ոզնին ու Արջուկը:
–    Նայիր,- կասի Ոզնուկը:
–    Ըհը,- կասի Արջուկը: Իսկ կիսալուսինը կբարձրանա էլ ավելի վեր ու կողողի իր պաղ, աղոտ լույսով ողջ երկրագունդը:

     Այդպես լինում էր ամեն երեկո՝ այդ պարզկա ու պաղ աշնանը: Եվ ամեն երեկո Ոզնուկն ու Արջուկը հավաքվում էն մեկ Ոզնուկի մոտ, մեկ՝ Արջուկի, ու խոսում էին ինչ-որ բանի մասին:

     Ահա այսօր էլ Ոզնուկն ասաց Արջուկին.
–    Ամեն դեպքում ինչ լավ է, որ մենք մեկս մյուսին ունենք:
Արջուկը գլխով արեց:
–    Դու միայն պատկերացրու. ես չկամ, դու նստած ես մենակ, ու մեկը չկա, որ հետը խոսես:
–     Իսկ դու որտե՞ղ ես:
–     Իսկ ես չկամ:
–     Էդպես չի լինում,- ասաց Արջուկը:
–     Ես էլ եմ էդպես մտածում,- ասաց Ոզնուկը,- Բայց մեկ էլ հոպ՝ ես ընդհանրապես չկամ: Դու մենակ ես: Դե՛, ի՞նչ կանես:
–     Կգամ քո մոտ:
–     Ո՞ւր:
–     Ո՞նց՝ ուր: Տուն: Կգամ ու կասեմ. «Էդ ինչու՞ չեկար, Ոզնուկ»: Իսկ դու կասես…
–     Այ հիմարիկ: Ես ի՞նչ կասեմ, եթե ես չկա՜մ:
–     Եթե տանը չես, ուրեմն եկել ես իմ մոտ: Կվազեմ տուն: Ահա՜, դու էստեղ ես: Ու կսկսեմ…
–     Ի՞նչ:
–     Քո վրա բարկանալ:
–     Ինչի՞ համար:
–     Ո՞նց՝ ինչի համար: Որ դու չես արել էնպես, ինչպես պայմանավորվել էինք:
–     Իսկ ինչպե՞ս էինք պայմանավորվել:
–     Ես ի՞նչ գիտեմ: Բայց դու պետք է կամ իմ, կամ քո տանը լինեիր:
–     Բայց ես ընդհանրապես չկամ: Հասկանում ե՞ս:
–     Բայց հրես, նստած ես, ախր:
–     Դա ես հիմա եմ նստած, բայց եթե ես ընդհանրապես չլինեմ, որտե՞ղ կլինեմ:
–     Կամ քո տանը, կամ իմ:
–     Դա՝ եթե ես կամ:
–     Դե հա,- ասաց Արջուկը: 
–     Իսկ եթե ես ընդհանրապես չկա՞մ:
–     Ուրեմն դու նստած ես գետի ափին ու նայում ես լուսնին:
–     Գետի ափին էլ չկամ:
–     Ուրեմն դու գնացել ես ինչ-որ տեղ ու դեռ չես վերադարձել: Ես կվազեմ, կփնտրեմ ողջ անտառում ու կգտնե՛մ քեզ:
–     Դու ամեն տեղ փնտրել ես,- ասաց Ոզնուկը,- Ու ոչ մի տեղ չես գտել:
–     Կվազեմ կողքի՛ անտառ:
–     Էնտեղ էլ չկամ:
–     Ամեն բան տակնուվրա կանեմ, ու դու կգտնվե՛ս: 
–     Չկամ ես, ոչ մի տեղ չկամ:
–     Էդ դեպքում, էդ դեպքում… Էդ դեպքում ես կվազեմ դաշտ,- ասաց Արջուկը,- Եվ կգոռամ՝ Ոոոոոզզզզզնու՜կ: Ու դու կլսես ու կգոռաս՝ Աաաաարջու՜կ: Ահա՛:
–    Չէ,- ասաց Ոզնուկը,- ես ոչ մի կաթիլ չկամ: Հասկանո՞ւմ ես:
–    Ինչ ես դու էլ կպել պոկ չես գալիս, – զայրացավ Արջուկը,- Եթե դու չկաս, ուրեմն ես է՛լ չկամ: Հասկացա՞ր:
–     Չէ, դու կաս, իսկ այ ես՝ չկամ:
Արջուկը լռեց ու խոժոռվեց:
–     Հը՜, Արջու՜կ…
Արջուկը չպատասպանեց: Նա նայում էր, թե ինչպես է կիսալուսինը՝ բարձրանալով էլ ավելի վեր անտառի վրա, ողողում իրեն ու Ոզնուկին իր պաղ լուսավորությամբ:

Ռուսերենից թարգմանեց Վահագն Թևոսյանը

No Comments

Post A Comment