Ջասթին Հալփըրն | Justin Halpern

Ջասթին Հալփըրն | ծնվ. 1980թ., ԱՄՆ

29-ամյա երիտասարդն ապրում է յոթանասունամյա հոր հետ և նախ թվիթերում էր փոսթում այն ամենը, ինչի շուրջ փնթփնթում էր հայրը, դե իսկ հետո չդիմացավ և որոշեց գրքով կիսվել ամբողջ աշխարհի հետ: Իհարկե, գիրքը դարձավ բեսթսելլեր:

«Էն կինը սեքսուալ ա… դու իրեն արժանի չե՞ս: Տղես, թող կինը որոշի, թե ինչի ինքը քեզ հետ չպիտի քնի, իր փոխարեն դու մի հորինի»:

«Շատ ես մտածում: Առ, վերցրու խոզի միս կեր… Ի՞նչ, չէ, գաղափար չունեմ` դրանից քեզ ավելի լավ կլինի, թե չէ: Ուղղակի ես արդեն շատ եմ կերել»:

«Տղես, բոլորը թքած ունեն, թե ինչ կարող է անել քո բջջայինը: Այն դու չես հորինել, դու ընդամենը այն գնել ես: Իսկ դա կարող է անել ամեն մի հիմար»:

«Ըհը, հասկացա. հենց խոհանոցում ծորակը բացում եմ, լոգարանում քո ցնցուղից եռման ջուր է թափվում: Չէ, ես չեմ խոստանում, որ էլ չեմ անի, ես ասում եմ, որ սկզբունքը հասկացա»:

«Ես ուղղակի լռություն եմ ուզում… Աստված իմ, դա չի նշանակում, որ ես քեզ չեմ սիրում: Դա նշանակում է, որ ես հենց հիմա լռությունն ավելի շատ եմ սիրում»:

«Մենք կարո՞ղ ենք ավելի ուշ խոսել: Լուրեր եմ լսում… Լսի, եթե դու անգամ տուբերկուլյոզ ունես, կես ժամվա մեջ բան չի փոխվի, տեր աստված…»:

«Երեխան կխոսա, երբ կխոսա, հանգստացիր: Էնպես չի, որ ինքը գիտեր` քաղցկեղի դեմ ինչ դեղ էր պետք ու ձեն չէր հանում»:

«Բա հիշո՞ւմ ես` ոնց էիր ծիծաղում վրաս, երբ քաչալանում էի: Չէ, ես չեմ պատրաստվում նույն առիթով հումոր անել: Ես դա թույլ կտամ քո հայելուն անել»:

«Չէ, ես հոռետես չեմ: Ինչ-որ մի պահ կյանքը քաքում ա բոլորի գլխին: Դեմք ընդունել, որ դա էդպես չի, նույնն է, թե լինել ապուշ, ոչ թե լավատես»:

«Դու ամեն ինչ ողբերգություն ես սարքում: Ունեցած-չունեցածդ էս մի հեռուստացույցն ու փչած մատռասն են: Ու ես դա չէի անվանի «կորցնելու բան կա»:

«Եթե դու ֆռալու ես առանց ռեզինի, ուրեմն էրեխեք են ստացվելու: Դե կներես, բայց եթե դու ուզում ես շուն պահել, ապա պատրաստ եղիր նաև շան քաքի»:

«Չեք կարող գալ… Որովհետև եթե ես ընտանիքիս հետ եմ, դա այլևս չի կոչվում արձակուրդ: Հա, ես կարող էի հանգիստս վայելել իմ գրողի տարած տանը, եթե դուք` մարդիկդ, այն հանգիստ թողնեիք»:

«Հիմարություն: Մի ձևացրու, թե քո ծննդյան օրը քեզ չի հետաքրքրում: Դա նման է մարմնավաճառի, որ ոստիկան տեսնելուն պես սկսում է ձևացնել, թե դուրս է եկել զբոսանքի»:

«Դու մորիցդ դուրս եկար քաքի պես: Իսկ նա մտածում էր, որ դու ահավոր սիրուն ես: Չգիտեմ` ինչից ավելի շատ վախեցա` քո տեսքից, թե իր կարծիքից»:

«Դո՞ւ: Տպագրված գրո՞ղ: Ինտերնետը հաշվի մեջ չի, ամեն ապուշ էլ կարող է էնտեղ իր կեղտը լցնել»:

«Հերիք ներողություն խնդրես, դու ընդամենը մի բաժակ գինի ես թափել, ոչ թե քնել ես նրա կնոջ հետ»:

«Հրաշալի է, արի քվեարկենք: Ո՞վ է ձուկ ուզում ընթրիքին… Այո, դեմոկրատիան էնքան էլ ուրախ բան չի, չէ՞, երբ քեզ սկսում է շինել»:

«Ճնշո՞ւմ: Ամուսնացիր, երբ ուզում ես: Քո հարսանիքը իմ կյանքում ընդամենը կավելացնի ևս մի օր, երբ ես սպորտային շալվարս չեմ կարողանա հագնել»:

«Ծնունդդ շնորհավոր, նվեր չեմ առել… Օ, մամադ առել ա: Ուրեմն հաշվի, թե էդ իմ կողմից էլ է, եթե իհարկե շատ վատը չի»: 

«Երեկ գիշեր մայրդ մսի կոլոլակներ է սարքել: Մի մասը քեզ համար: Մի մասը ինձ համար, բայց ավելի շատ ինձ համար: Չմոռանաս: Շատը: Ինձ»: 

«Ինչո՞ւ ստուգեմ բջջայինիս ձայնային փոստը: Եթե մարդիկ ուզենան հետս խոսել, էլի կզանգեն: Եթե ես ուզենամ հետդ խոսել, ես կպատասխանեմ»: 

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

No Comments

Post A Comment