Լիլիթ Հակոբյան

Լիլիթ Հակոբյան | ծնվ.1980թ., Հայաստան

 

Մեծ տատս

Մեծ տատս մորս տատիկն էր: Ութ տարեկան էի, երբ մահացավ, բայց շատ լավ հիշում եմ իրեն: Արտակարգ բարի տատիկ էր: Միշտ հագնում էր իր սև երկար զգեստը, որի վրա սպիտակ մանր պուտեր կային կամ էլ մյուսը` էլի սև, բայց վրան պուտերի փոխարեն մանր դաշտային ծաղիկներ էին: Վրայից կապում էր մաքուր, սև գոգնոցը, որն ուներ մի մեծ գրպան, ուր միշտ ծոռների համար քաղցրեղեն ու պնդուկ էր պահում, ու հենց մոտով անցնեիր, կանչում էր, գլուխդ շոյում, թշերիդ մի-մի պաչիկ թողնում ու ձեռքը տանելով գրպանը` հանում կոնֆետ, մի բուռ արևածաղիկ կամ էլ պոպոք-պնդուկ, ու բուռդ լցնելով` թաքուն ասում.
 – Քեզ համար էի պահել:
Երկար մազեր ուներ, որոնք, չնայած տարիքին (ութսունն անց էր) ամբողջովին չէին ճերմակել, ու հյուսը միշտ թաքցնում էր գլխաշորի տակ: 
Աշխարհի ամենաբարի ժպիտն ուներ, ու թեև բերանում ընդամենը երկու ատամ էր մնացել, էնպես էր պնդուկ ջարդում դրանցով կամ էլ արևածաղիկ չրթում, որ մենք` 5-10 տարեկան ծոռներս, մրցել չէինք կարող: 
Հիմա որ հիշում եմ իրեն, շատ սիրուն կին էր, կանոնավոր ու նուրբ դիմագծեր ուներ, ջահել ժամանակ երևի շատ սրտեր էր կոտրել: Բայց այն ժամանակ, երբ դեռ երեխա էի, ընդհանրապես ծերերի գեղեցկությունը չէի ընկալում, ու մի օր էլ, մանկական պարզամտությամբ մեծ տատիս նեղը գցեցի: Ինձ գրկել էր ու ծափ-ծափ էինք խաղում: Մեկ էլ հայտարարեցի.
– Տատի, բայց քո ձեռքերն ինչ գեշ են:
Խեղճ տատս շփոթվեց, որ իր արտաքինը չի համապատասխանում գեղեցկության մասին ծոռան պատկերացումներին ու ծերությունից կնճռոտած, բայց միևնույն է նրբությունը պահպանած ձեռքերն արագ պահեց գոգնոցի գրպանում: Բայց ես դեռ շարունակում էի զննել մեծ տատիս, ու թլոշ-թլոշ ավելացրի.
– Տատի, բայց քո երեսն էլ ա գեշ…
Տատս չդիմացավ.
– Այ ինչ գործ ուներ քո տատին էսքան ապրեր, որ դու էլ չհավանեիր:- Ու շատ սրտնեղած հեռացավ:
Մի քանի տարի անց` 88-ին, երբ երկրաշարժն եղավ, ու ինքը հեռուստատեսությամբ նայում էր աղետի հետևանքների կադրերը, արցունքն աչքերին մրմնջաց.
– Անիծվես դու, տեր աստված, ինձ թողեցիր, էս ջահել էրեխեքի կյանքն առար…
Էդ օրվանից ոչինչ չկերավ: Օրերով սոված մնաց, թեև որդիները, թոռներն ու հարսները աղաչում էին մի կտոր հաց ուտել: 
– Աստծուց խռով եմ,- պատասխանում էր ու լուռ նստում: Էդպես մոտ մի ամիս տևած ինքնասպանությունից հետո աստծուց խռով, բայց էդպես էլ չչարացած մեծ տատս հանգավ: 
Հիմա նրա գերեզմանին մանր դաշտային ծաղիկներ են աճում, էնպիսիք, որոնք կային իր սիրած զգեստի վրա…

 

No Comments

Post A Comment