Լեոնիդ Ենգիբարյան

Լեոնիդ Ենգիբարյան | 1935-1972թթ., Ռուսաստան


ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ծնվել եմ մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» պատվիրանը համարում եմ հիմքից սխալ: Բազմաթիվ մասնագիտություններ եմ փոխել, և քսաներկու տարեկանում ինձ մնում էր միայն դերասան դառնալը: Գրելն էլ եմ հենց այդ ժամանակ սկսել` ակամա: Հեղինակներից ոչ մեկը չէր ուզում ինփ հետ աշխատել. հարկ եղավ, որ ինքս սցենարիստ դառնայի: Ինձ դուր եկավ: Հիմա սարսափահար մտածում եմ` հանկարծ ու մի իսկական սցենարիստ հայտնվի…
Սիրում եմ ծովը, աշունը… Վինսենթ Վան Գոգին…:
Վախենում եմ բարեկեցությունից:
Կյանքում ինձ համար գլխավորը` պատասխանատվություն զգալ մեր շրջապատում տեղի ունեցող ամեն ինչի համար:


ԱՂՋԻԿԸ ՏԽՐՈՒՄ ԷՐ


Ծաղրածուների արքան սիրած աղջիկ ուներ, որ երբեք չէր ժպտում: Նա մանեկենուհի էր: Բայց չէ՞ որ տարօրինակ է` մանեկենուհի, որ երբեք չէր ժպտում:
Չէ, ժպտում էր, բայց միայն այն դեպքերում, երբ նա երկար ժամանակով մոռանում էր աղջկան:
Աղջիկը տխրում էր, նրա հոգին ցավում էր:
Բայց երբ նրանք պատահաբար հանդիպում էին, աղջիկը, այնուամենայնիվ, ժպտում էր: Պարզվում է` նա պարզապես չէր կարողանում զայրանալ ծաղրածուների արքայի վրա:
Չէ՞ որ նա արքա է:


ԻՄ ԾԱՆՈԹՈՒՀԻՆ


Երրորդ մուտքի իմ ծանոթուհին վեց տարեկան է: «Գիտե՞ս, – մի անգամ առավոտյան ասաց նա ինձ, – մեր տունը նմնա է բուտերբրոդի»: Ես նայեցի առաջին հարկին, որտեղ կախված էր «ՀԱՑ»; ցուցանակը և համաձայնեցի: «Դե իսկ ինը հարկն ի՞նչ է», – որոշեցի ճշգրտել ես: Պարզվեց` ինը հարկը պանիր է, երշիկ է (շոգեխաշած և ապխտած), պաշտետ և այլն` կախված այն բանից, թե որ հարկում ինչ է եղել նախաճաշին:
Տուն-բուտերբրոդին մոտեցավ կաթի մեքենան:
Կյանքի առավոտը: Ամեն ինչ համեղ է թվում:
Եվ ես հանկարծ ամաչեցի, որ այդքան շատ բան եմ մոռացել:
Իմ ծանոթուհու հետ փոքր ինչ «կլաս» խաղացի` մի ոտքի վրա թռչկոտելով և ախորժակով գնացի աշխատանքի:

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment