Սոհրաբ Սեփեհրի | سهراب سپهری

 

Սոհրաբ Սեփեհրի | 1928-1980թթ., Իրան


ԼՈՒՅՍԸ, ԵՍ, ԾԱՂԻԿԸ, ՋՈՒՐԸ

Չկա ամպ,
Չկա քամի,
Նստում եմ ավազանի եզրին,
Ձկների խաղը,լույսը,ես,ծաղիկը,ջուրը և
Ապրելու մաքուր ողկույզ։

Մայրս ռեհան է քաղում,
Հաց, ռեհան եւ պանիր,
Անամպ երկինք, թաց ծխածաղիկներ,
Մոտիկ փրկություն՝ բակի ծաղիկների ա
անքում։
Պղնձե ամանի մեջ
Լույսը ի՜նչ նազանքներ է թափում,
Ելարանը
Բարձր պատի վրայից
Իջեցնում է առավոտին։
Ամեն բանի թաքուն ժպիտի ետեւում
Մի ճեղք ունի ժամանակի պատը,
Որտեղից իմ դեմքն է երեւում։

Բաներ կան, որ չգիտեմ,
Գիտեմ,
Կմեռնեմ, թե որ քաղեմ կանաչ խոտ։
Բարձրանում եմ վեր, մինչ բարձունք։
Ես լի եմ փետուրներով ու թեւերով,
Խավարի մեջ ուղի եմ տեսնում,
Ես լի եմ լապտերներով,
Ես լի եմ ավազներով ու լույսերով,
Եվ լի եմ ծառ ու ծաղիկով,
Լի եմ ուղիներով, կամուրջներով,
Գետերով, ալիքներով,
Լի եմ ջրում ընկած
Ինչ-որ տերեւի ստվերով։

Ներսս ի՜նչ միայնակ է…


ԵՎ ԻՆՉ-ՈՐ ՊԱՏԳԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մի օր
Կգամ ու կբերեմ պատգամ,
Երակների մեջ լույս կներարկեմ
Ու կձայնեմ բարձր.
– Զամբյուղներդ երազով լի, խնձոր եմ բերել,
Խնձորը ալվան արևի։

Կգամ, մուրացկանին հասմիկ կընծայեմ,
Մի այլ ականջօղ կնվիրեմ բորոտ կնոջը սիրուն,
Կույրին կասեմ.
– Ի՜նչ հրաշք է այգին։
Կդառնամ մանրավաճառ, կշրջեմ փողոցից փողոց
Ու կձայնեմ բարձրագոչ.
– Գիշերացո՜ղ, գիշերացո՜ղ, գիշարեցո՜ղ։
ԻՆչ-որ անցորդ կասի.
-Եղբայր, մութ գիշեր է իսկապես, ծիր կաթինն եմ ցանկանում։
Կամրջի վրա ինչ-որ աղջնակ զուրկ է ոտքերից,
Պարանոցից կկախեմ մեծ համաստեղությունը արջի։
Բոլոր անեծքները կհավաքեմ շուրթերից,
Տեղահան կանեմ բոլոր պատերը։
Ելուզակներին կասեմ.
– Քարավան է եկել ժպիտով բեռնված։
Ամպը՝ կպատռեմ,
Ես կքարկապեմ աչքերը՝ արևի հետ, սիրտը՝ սիրո,
Ստվերը՝ ջրի, ճյուղը՝ քամու հետ։
Եվ կմիացնեմ երազը մանկան՝ մրմունջի հետ ծղրիդի։
Օդ կբարձրացնեմ օդապարուկները,
Կջրեմ ծաղիկները։

Կգամ, ձիերի, կովերի առաջ կլցնեմ կանաչ խոտը շոյանքի,
Ծարավ զամբիկին դույլը կմեկնեմ գիշերացողի։
Ճանապարհին՝ մի ավանակ զառամյալ, ես ճանճերը կքշեմ։

Կգամ, ամեն պատի վրա կցանեմ մեխակ,
Ամեն մի պատուհանի տակ մի բանաստեղծություն կկարդամ։
Ամեն մի ագռավի մի եղևնի կնվիրեմ։
Օձին կասեմ.
– Ի՜նչ հմայիչ է գորտը։
Կհաշտեցնեմ,
Կծանոթացնեմ,
Ճամփա կընկնեմ,
Լույսով կսնվեմ,
Կսիրեմ։

ԿԱՆԱՉԻՑ ԿԱՆԱՉ

Ես այս խավարում
Խորհում եմ մի պայծառ գառնուկի մասին,
Որ գար ու արածեր խոտերն իմ հոգնության։

Ես այս խավարում,
Թաց բազուկներիս շարունակությունը
Տեսնում եմ՝
Մարդկության նախնական աղոթքները թրջող,
Այն անձրեւի տակ։

Ես այս խավարում
Դուռ բացեցի հին գազոնների
Եվ այն գանձերի առջեւ,
Որ դիտեցինք պատերի վրա առասպելների։
Ես այս խավարում
Տեսա արմատները
Եվ մահվան նորելուկ թփի համար՝
Ջուրը
Մեկնաբանեցի։ 


ԿԱՆՉ ՍԿԶԲՆԱԿԱՆ

Ո՞ւր են կոշիկներս,
Ո՞վ էր ձայնեց՝ Սոհրա’բ,
Ծանոթ էր ձայնը ինչպես օդը՝
Տերևի մարմնի հետ։

Մայրս քնած է
Եվ Մանուչեհրը,
Եվ Փարվանեն,
Եվ գուցե բոլոր մարդիկ քաղաքի։

Հուլիսյան գիշերը սգերգի հանդարտությամբ
Սահում է վայրկյանների վրայով,
Եվ պաղ մի զեփյուռ, ադյալի կանաչ երիզից
Իմ քունն էր հափշտակում։
Գաղթելու հոտ է գալիս,
Իմ բարձը լի է փետուրների երգով
Ծիծեռնակների։
Առավոտ կլինի,
Եվ այս ջրամանում
Կգաղթի երկինքը։

Այս գիշեր պիտի գնամ։

Ես, որ ամենաբաց լուսամուտից
Խոսել եմ այս թաղի մարդկանց հետ,
Ոչ մի խոսք չլսեցի ժամանակի սեռից,
Ոչ մի աչք սիրահարի պես հայացք չէր հառել հողին,
Ոչ ոք չհիացավ այգին տեսնելով,
Ոչ մեկը արտում նստած կաչաղակին լուրջ չընդունեց։

Ես մի ամպի չափ սրտնեղվում եմ,
Երբ լուսամուտից տեսնում եմ Հուրիին՝
Հասուն աղջկան հարևանի,
Ամենահազվագյուտ թեղիի տակ աղոթագիրք կարդալիս։

ԻՆչ-որ բաներ էլ կան՝ պահեր հուզառատ,
Օրինակ մի պոետ տեսա,
Այնպես էր տարված մթնոլորտով,
Որ երկինքը ձվադրեց աչքերի մեջ,
Եվ գիշերներից մի գիշեր
Մի մարդ հարցրեց ինձ.
«Մինչեւ ծագումը խաղողի քանի՞ ժամվա ճանապարհ է»։

Այս գիշեր պիտի գնամ։
Այս գիշեր պիտի վերցնեմ
Իմ մենության շապիկի տարողությամբ ճամպրուկը,
Եվ գնամ այն ուղղությամբ,
Ուր երեւում են ծառերը էպիկական՝
Դեպի անբառ այն տարածքը,
Որ շարունակ կանչում է ինձ։

Մեկը դարձյալ ձայնեց. Սոհրա’բ,
Ո՞ւր են կոշիկներս։


ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱՐԱՆԻ

Եղևնիները առավել բարձր,
Ագռավները առավել սև,
Երկինքը իր չափով կապույտ,
Քարե շրջապարիսպ, շրջադիտում, մենակեցություն,
Մինչեւ ՈՉԻՆՉ ձգվող այգու փողոց,
Ճնճղուկով զարդարուն ջրհորդան,
Բացորոշ արեւ,
Բավարարված հող։

Որքան աչքն էր կտրում
Զգոնությունն էր աշնան։

Ով հիասքանչ գեղեցկություն.
Խոնավ բառերով լեցուն հայացք,
Երազի պես՝
Թոթովանքով լի կանաչ այգու,
Աչքեր՝ ցանցապատ պատկառանքի նման.
Երկմտող կոպեր՝
Քնած ճամփորդի մատների պես անհանգիստ՝
Գետեզերքի ուռենիների արթնության տակ։

Մտերմությունը,
Ինչպես ծածուկ մի բուռ մոխիր
Ցանվում էր ըմբռնման ջերմության վրա։
Միտքը
Դանդաղ էր,
Երազը հեռու էր՝
Ծառի վրա
Հեքիաթ ասող հավքի նման։

Աշունների ո՞ր տեղերում արդյոք
Ծառոտ մի բերան
Լավ ճամփորդություններից
Կխոսի…


ԵՎ ՏՈՂ ԵՎ ՃԵՐՄԱԿ

Առավոտ է,
Երգում է ճնճղուկը մաքրության,
Միասնության պատերի վրա՝
Աշունը վերածվում է թղթերի։

Զվարթարար վարքագիծը արևի,
Արթնացնում է ծավալները գարշանքի,
Մի խնձոր նեխում է
Ցանցահյուս զամբյուղի պատեհ առիթում։

Ինչ-որ զգացում, ինչպես օտարությունը իրերի,
Անցնում է կոպի վրայով։
Ծառի ու կանաչ վայրկյանի միջև,
Կարոտով խոսք է բացում
կրկնությունը լազուրի։

Սակայն,
Ով ճերմակ թղթի արժանապատվություն,
Մեր տառերի զարկերակը
Վարպետություն է խաղում՝
Բացակայությամբ թանաքի։
Ներկայի մտքում կորում է հմայքը ձևի։

Պետք է փակել գիրքը,
Պետք է վեր կենալ,
Քայլել երկարությամբ ժամանակի։
Նայել ծաղկին,
Լսել անորոշությունը,
Պետք է վազել՝ մինչ խորքը լինելիության,
Պետք է անէանալ հողի բույրի մեջ,
Պետք է հասնել հանդիպման վայրը՝
Ծառի եւ Աստծո,
Պետք է նստել՝
Ընդարձակությանը մոտ,
Ինչ որ տեղ ընդունայնության
Ու հայտնագործության միջեւ։


ԸՆԿԵՐ
*

I should be glad of another death1T.S. Eliot **

Մեծ էր,
Եվ բնակիչն էր այսօրվա,
Եվ բոլոր բաց հորիզոնների ազգակիցն էր,
Եվ ինչ լավ էր ըմբռնում հող ու ջրի տոնայնությունը։

Ձայնը
Իրականության հուզաթախիծ ձևն ուներ
Եվ կոպերը
Մեզ ցույց էին տալիս
Տարրերի զարկերակի ընթացքը։

Եվ ձեռքերը
Թերթեցին
Մեծահոգության մաքուր օդը,
Եվ բարության գաղթարշավը
Մեր կողմն ուղղեց։

Նման էր իր մենակեցությանը,
Եվ հայելու համար մեկնաբանեց
Իր ժամանակի ամենասիրահարված կորությունները,
Եվ նա՝ վարքագծով անձրևի,
Լի էր թարմությունների կրկնությամբ,
Եվ նա ծառի ոճով
Տարածվում էր առողջության մեջ լույսի։

Ինչ-որ մանուկ շարունակ կանչում էր քամուն,
Խոսքի թելը շարունակ շղթայում էր ջրի սողնակին։

Մի գիշեր մեզ համար
Քնքշության կանաչ երկրպագությունը
Կատարեց այնպես արագ,
Որ մենք շոշափեցինք հողի հարթության
Զգացումը հուզական։
Եվ թարմացանք ինչպես
Մի դույլ ջրի առոգանություն։

Եվ տեսանք անգամներ,
Թե ինչպես զամբյուղով գնում էր
Մի ողկույզ ավետիս քաղելու համար։

Բայց չեղավ երբեք,
Որ նստի պարզորոշության դիմացը աղավնիների,
Եվ գնաց մինչեւ ափը ՈՉՆՉԻ
Եվ պառկեց համբերանքի ետևը լույսերի,
Եվ չմտածեց անգամ՝
Դռների հուզված արտասանության արանքում
Մի խնձոր ուտելու համար
Որքան միայնակ ենք մենք։ 

* Բանաստեղծությունը նվիրված է պարսկուհի վաղամեռիկ բանաստեղծ Ֆորուղ Ֆարրոխզադի հիշատակին։

** Ես ուրախ կլինեի մեկ այլ մահվան համար (Թ.Ս. Էլիոթ) 

ՈԻՂԵԿԻՑՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ

Կանչիր ինձ,
Քո ձայնը լավն է։
Քո ձայնը այն տարօրինակ բույսի ավիշն է կանաչ,
Որ աճում է տրտմագին մտերմության ավարտին։

Այս լուռ իրիկվա տարածքներում
Ես ավելի միայնակ եմ,
Քան մի փողոցի ըմբռնումների տեքստում՝
Համը թեսնիֆի*։
Արի, որ քեզ պատմեմ,
Թե որքան մեծ է իմ մենությունը
Եվ իմ մենությունը չէր գուշակում
Քո ծավալի
Գիշերային, անակնկալ հարձակումը,
Եվ սա է հատկությունը սիրո։

Չկա ոչ ոք,
Արի գողանանք կյանքը, իսկ հետո,
Երկու հանդիպման միջոցին բաժանենք այն,
Արի միասին ինչ-որ բան ըմբռնենք քարի վիճակից,

Արի շուտափույթ տեսնենք ԲԱՆԵՐԸ։
Տես, շատրվանող սլաքները՝
Ժամացույցի ավազանի էջում
Ժամանակը վերածում են շրջանակի։
Արի, և բառի նման
Հալվիր իմ լռության տողում,
Արի, և ձուլիր իմ ափի մեջ
Լուսապայծառ սերուցքը սիրո։
Ինձ տաքացրու։

Եվ մի անգամ Քաշանի դաշտում
Երկինքը ամպեց,
Եվ տեղաց հորդառատ անձրեւ,
Սառեցի,
Եվ մի ժայռի տակ
Ինձ տաքացրեց օջախը կակաչի։

Այս մթամած փողոցներում
Ես վախենում են լուցկու
Եվ բազմապատկված կասկածանքի արդյունքից,
Ես վախենում եմ

Կանչիր ինձ,
Եվ ես կարթնանամ քո մատների ետեւից՝
Հասմիկների արեւածագին,
Իսկ հետո
Պատմիր ինձ այն ռումբերից
Որ ընկան, երբ քնած էի,
Պատմիր այն այտերից,
Որ թացացան, երբ քնած էի,
Ասա, քանի՞ բադ թռավ ծովի վրայով,
Այն պահին, երբ զրահապատ հրասայլի անիվը
Անցնում էր մանկան երազի վրայով։
Սոխակը իր երգի դեղին թելը
Ի՞նչ անդորրության զգացումի ոտքին կապեց։
Ասա, նավամատույցներում
Ի՞նչ անմեղ ապրանքներ մուտք գործեցին,
Ի՞նչ գիտություն հայտնագործեց
Վառոդի դրական երաժշտությունը հոտի։
Ի՞նչ զգացողություն՝
Հացի անհայտ համից ծորաց ինքնության մեջ հացի ճաշակի։
Իսկ հետո, ես
Հավատքի նման
Տաք ճառագումից հասարակածի,
Քեզ կնստեցնեմ նախաշեմին այգու։

*Ժողովրդական ռոմանս: 

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment