Անիզ Կոլց | Anise Koltz

Անիզ Կոլց | ծնվ. 1928թ., Լյուքսեմբուրգ

 

*
Աստված
դիմում եմ քեզ
ասես գոյություն ունենաս

Իջիր քո խաչից
մեզ ցախ է պետք
տաքանալու համար

*
Ինձ վրա շպրտված
քարերից
ես կառուցեցի
իմ տան պատերը

*
Դու քաշել ես
իմ ողնածուծը
Եվ տեղը
սնդիկ լցրել
որ իմ մեջքին
քո ջերմությունը չափես

*
Ես ննջում եմ բառերի վրա
Երբ քամին է փչում
գրքերս դատարկվում են

*
Բառը մեզ կախում է
ուրիշների հիշողության մեջ
ինչպես չղջիկներ

*
Աներևույթ հովտում
ես զառանցում եմ քունը
որ հանդիպեմ երազներիս

նրանց հետ
աքսորից աքսոր եմ գնում

*
Քուն որը չի գալիս ոչ մի հովտից
և որ ոչ գնում ոչ մի տեղ

Քուն որ մեզ մեխում է
որպեսզի այդ մեխից
իր պատկերները կախի

*
Ես կուլ տվեցի
հորս և մորս սիրտը
նրանց ռիթմը
երբեք չհամընկավ
իմի հետ

Նրանք սուսերի պես
ծակում անցնում են
իմ թոքերի, իմ ստամոքսի միջով

Ես ծանր եմ շնչում
նրանց երբեք չեմ մարսի

Ես կմեռնեի դյուրությամբ
եթե մահն
ինձ նայեր
նրանց չորս աչքերով

*
Իմանալով պատասխանները
ես հարցեր եմ փնտրում

Ոչ մի բառ
չի սովորեցնում ապրել

*
Ռընե Կոլցին` ի հիշատակ

Մաշկս զգում է
խոնավ բակեր
լքված դաշտեր

Ես կռանում եմ
աշխարհի եզրին

դու ոչ մի տեղ չկաս

*
Քայլել
առանց ոչինչ սպասելու
մինչև որ դառնաս ճանապարհ

*
Հավերժությունը

ժամանակի
մոռացված հայրենիքն է

*
Ամեն օր ես ուտում եմ
հորս և մորս
տաք հացի հետ
դուրս թքելով նրանց մազափնջերը

*
Իմ ծնունդը գոյություն չունի

դա մի թիվ է
որ բացում է մորս որովայնը
ինչպես հրակայուն մի պահարան

իմ մահը գոյություն չունի
դա մի խաբկանք է
իմ մեջ հանգրվանում է
մի անտիկ քաղաք
իր լցված ջրհորներով

մի վստահեք դրան

*
ես ճեղքում եմ դաշտի որովայնը

որպեսզի այնտեղ ցանեմ

Ես գլխատում եմ անասունին
որպեսզի ծարավս հագեցնեմ

Ես ապրում եմ արյան հետ
որ ձեռքերիս վրա է

Մահն ինձ կապում է
նմանների հետ

Ես պատկանում եմ մարդու
չարազդեցիկ ցեղին

*
Մահին հանդիման

հայրս հիշում է իր անցյալը-
նրա սիրտը բացվում է
ինչպես մի հին
ճռռացող պահարան

Հանկարծ
շնչահեղձ ենք լինում
փոշու թանձր 
շերտի տակ

*
Ես քնում եմ իմ անկողնում
և արթնանում
մի անորոշ տարածքում

Եվ այնտեղ մի հրեշտակ
բերում է ինձ իմ անունն 
ու իմ ծերությունը 

Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր Թոփչյանը 

No Comments

Post A Comment