ճապոնական պոեզիա

 

Katsukawa Shuncho

Ճապոնական պոեզիա


*
Մի ժամանակ փաղաքշում էի
սև մազերը սիրելիիս,
հիմա միայնակ պառկած անկողնուս մեջ`
հիշում եմ ամեն մազափունջը:


Հյուրանոցում

Երկու աղջիկներ են
ինձ հետ մի տանիքի տակ,
հագիի ծաղկած ճյուղն ու
միայնակ մի ամիս:


Կռվի հին դաշտում

Ամառվա խոտեր.
այնտեղ հերոսներն անհետացել են
երազների պես:


*
– Լուսաբաց է, – ասաց
ու լքեց կամացուկ` հետքն իր հետ տանելով:
հաշված վայրկյաններում
սպիտակ ձյունը հյուրի պես
իջավ առավոտի վրա:


Պոետ Ռիկան թախծում է իր կնոջ համար

Վերմակ միայն մեկի համար
և ձմեռային սառցե սև գիշերը:
օ, թախիծ…


Վաղամեռիկ պոետ Իսյոյի գերեզմանաթմբի առաջ

Սարսռել ես, թումբ…
աշնան քամին դաշտում
իմ հեծեծանքն է մենակ…


Մինամոտո Սանետոմո

Տեսնելով խոհանոցային տախտակի վրա պառկած վայրի սագին, որն իր արժանիքները կորցրել էր

Ինչ տխուր է
տեսնել, թե ինչի է վերածվել
վայրի սագն այս`
թռչող միայն
ամենաբարձր երկինքների ամպերի միջով:

 

Ես անգամ չգիտեի մի մարդու երկարատև հիվանդության մասին, երբ հանկարծ հայտնեցին, որ լուսաբացին նա մահացել է, ու ես ասացի

Արժի՞ զարմանալ անսպասելի լուրից,
երբ ակնթարթային քնի է նման
երկրային մեր կյանքը:


Տառապանքի մասին

Եվ հետո ինչ, որ կենդանիները չեն խոսում,
և հետո ինչ, որ կենդանիները չեն մտածում,
խիղճս զարթնում է միայն այն մտքից,
որ նրանք էլ են ծնող:


Երգ սրտի մասին սրտի խորքում

որտեղ են աստվածներն ապրում,
որտեղ են բնակվում բուդդաները,
նրանց փնտրեք միայն
հասարակ մահկանացուների սրտում:


Միբու-նո Տադամինե

*
Ինչ ցուրտ թվաց
լուսնամահիկը
երբ բաժանվում էինք լուսաբացին:
մինչ այսօր
արևածագից ավելի տխուր բան չգիտեմ:

*
Կյանքից հեռանալուց առավել
տխուր է,
երբ արթնանում ես`
երազդ լրիվ չտեսած:


*
Մինչ մտածմունքների մեջ ընկած
օրերս էի անցկացնում,
իմ լքված այգին
կանաչեց:


Ֆուձիվարա-Սադաիե

*
Շուրջս եմ նայում, ծաղիկներն էլ չկան,
և ոչ էլ կարմիր տերևներն թխկու,
ձկնորսների աղքատ հյուղակներն են միայն
ծովախորշերում:

օ, աշնան մթնշաղ…


*
Քեզանից դաժան
ճակատագիրն էր իմ.
տակնուվրա արեց հոգիս
ու ինձ թողեց
վիրավորանքը:


*
Կասուգայի դաշտերում
նոր-նոր ծլել է խոտը կանաչ,
և ինչ դաժան է ձյունը թվում`
սպիտակ փրփուրով հայացքներից թաքցնող
նոր-նոր ծլած խոտը կանաչ:

Բասյո

Tatsuo Takayama

*
Այս թիթեռը կուզեր աշնան մեջ էլ ապրել.
արագ-արագ խմում է
ցողը քրիզանթեմի:

անանուն

*
գույնը չէր իհարկե,
այլ հոտը նրբին,
հիշեցրեց սրտիս,
որ մենք հպվել ենք թեզանիքներով
սալորի ճյուղին:


Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment