Աննա Կարապետյան

Աննա Կարապետյան | ծնվ. 1994թ., Հայաստան

·
Երանի հարցաշարում
քո անունը լիներ,
ու առանց պատրաստվելու
սերս պատմեի

·
քեզ գրկելուց հետո
նենց խաղաղ ու ներդաշնակ եմ,
թվում ա՝
հենց նոր եմ
եկեղեցուց դուրս եկել:

·
քեզ գրկելուց բացի
ոչ մի բան
պետք չի
երջանիկ լինելու համար

·
քեզ հետ
սիրում եմ
ամեն բան՝
աղմուկից
մինչև լռություն:

·
ասեցիր՝
գրողը քեզ տանի,
ու ես մոռացա հարցնել՝
ո՞ր գրողը,
մինչև հիմա սպասում եմ,
որ ինքը գա,
գտնի ինձ,
տանի

·
դաժան ա հեռախոսով ասել՝
գրկում եմ քեզ,
երբ կիլոմետրեր կան
մեր միջև:

·
Քեզ սիրելուց հետո
մայիսը դադարեց
հաղթանակների ամիս
լինելուց…

·
և
արձագանքեցին
լեռները,
իսկ
դու
դեռ
լուռ
ես

·
լույսերն անջատելու
կարիք չկա.
առանց քեզ
շաբաթը՝ յոթ օր,
օրը՝ քսանչորս ժամ
մոլորակի ժամ ա…

·
գիտեի՝
մեր օրերի
վերջին ռոմանտիկը
ես եմ,
գովազդից պարզվեց՝
Էրոս Ռամազոտին ա:

·
Երկու տարի առաջ,
երբ դեռ չգիտեիր,
որ սիրում եմ քեզ,
երբ ինքս էլ չգիտեի,
որ քեզ սիրում եմ,
դու հավանում էիր գրառումներս,
ի՞նչ եղավ հետո…

 

·
Էսօր
երջանկության
միջազգային
օրն ա,
ու
ես
չգիտեմ՝
ում գլխին ջարդեմ
տխրությունս

·
ավելի տխուր բան չկա,
քան էն փաստը,
որ քո կյանքում
կա
կարևոր մեկը,
ու
էդ մեկը
ես չեմ

·
քեզ մոռանալու համար
կինոթատրոն էի գնացել,
ֆիլմում անունդ տվեցին,
հետո էլ թե՝
սիրո վրա դողալ է պետք,
հիմա դողում եմ
այն մտքից,
որ իմ սերը չես:

·
անցած գիշեր
առաջնագծում
խաղաղ էր,
սիրտս
քո կարոտից էր
թպրտում:

·
սեր իմ,
ներիր,
քո մասին
գրվելիք
տող
չես թողել
ներսումս…

·
կային ժամանակներ,
երբ ձեռքերիդ մեջ հայտնվելու համար
պատրաստ էի անգամ
թեյիդ բաժակը լինել,
հիմա
դատարկությունը
կաթիլ առ կաթիլ
լցնում է ներսս:

·
վերջերս
հաճախ եմ
մրսում,
չլինի՞
քեզ
մոռացել
եմ:

 
Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment