Աշոտ Գաբրիելյան

Աշոտ Գաբրիելյան | ծնվ. 1979թ., Հայաստան

ԾԱՌԻ ՎՐԵԺԸ

Ծառի ավիշը
Թուղթ է դարձել…

Եվ ես ճանաչում էի
Տարիների փոշուց
Գորշացած երեսով
Բոլոր մարդկանց,
Որոնցից
Ծառի հոտ էր գալիս…

ՆՈՐ ԲՈՒՅՆ

1.

Բույնը լքած
Կկուն
Մի օր կվերադառնա,
Եվ իր բույնը
Չճանաչելով,
Կշարունակի բնադրվել…

2.
Մշուշոտ փողոցներ,
Որոնց տակ
Նույն կոյուղիներն են
Վնգստում
Հայրենիքը…

*
Սերը նստեց անկողնուն
Եվ տանջելով մարմինը
Վանեց այն,
Որպեսզի քուն մտնեմ…

Հիմա արթնացել եմ,
Բայց ձեռքս մարմնիս
Չի հասնում…


*
Մի թռչուն իմ կյանքն է
Ապրում.
Ինձ ինչու է թվում,
Որ դեռ ապրում եմ…

Հռոմ տանող բոլոր ճանապարհներով
Վերադառնում եմ
Գետի ակունքին,
Որոնք ծովին չեն հասել… 

 

Դիմում

Մշակներդ` անդաստական,
Մեծամեծերդ` անլվա Պիղատոս,
Իմ սուրբ հայրենիք,
Ինձ երեսուն արծաթը բավական է
Քեզանից հեռանալու համար…
Հայաստանի Հանրապետություն Սուրենավան
Չորացած այգիներով փողոց
Աշոտ Գաբրիելյան


ԿԱՐՈՒՍԵԼ

Քո կյանքի համար
Ոտքի ելած հորս
Չներեցին.
Նա անմեղ էր…

Ես հորս մեղքն եմ փնտրում
Քո առաջ…

Իմ մեղքերի համար
Գնդակահարեք ինձ,
Որ հայրս սփոփվի…

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment