ճապոնական պոեզիա

Ճապոնական պոեզիա
VII – XVIII դարեր

թանկաներ և հոքուներ
ռուսերենից թարգմանեց և կազմեց Այդին Մորիկյանը

«Նաիրի» հրատարակչություն
Երևան, 1993թ.  

 

ԲԱՍՅՈ

*
Մերկացած ճյուղին`
Միայնակ ագռավ:
Աշնան երեկո:


*
Թեքվել է ուռին և նիրհում է լուռ:
Ու թվում է ինձ, թե սոխակը այն`
Հոգին է նրա…


*
Հեռացող գարուն:
Թռչունների ողբ: Ձկների աչքեր`
Արցունքներով լի…


*
Օ, որքան շատ են նրանք դաշտերում`
Սակայն նրանցից և ամեն մեկը իր բույրը ունի:
Եվ դրանում է ծաղկի սխրանքը:


Հրաժեշտ տալով ընկերոջս

Հրաժեշտի խոսքեր ուզեցի գրել
Նրա հովհարին:
Ձեռքումս հանկարծ լուռ կոտրվեց այն:

 

*
Դու մի մտածիր քամահրանքով,
Թե որքան փոքր են բույսի սերմերը:
Չէ՞ որ այդ բույսը կարմիր պղպեղն է:


Գարնանը թեյ են հավաքում

Բոլոր թերթիկներն արդեն քաղվել են,
Ու ինչ իմանան հավաքողները,
Որ թփի համար նրանք նման են աշնան ցուրտ քամու:

ՌՅՈՔԱՆ


Կտակ

Ինձանից հետո
Ինչ եմ թողնելու աշխարհի վրա:

Գարնանը` ծաղիկներ:
Ամառվա համար` երգը կկուի:
Աշնանը` կարմիր այս թխկիները:

 

ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ


*
Հսկայական ծովի հանդեպ
Միայնակ եմ ես:
Ահա արդեն որերորդ անգամ,
Երբ արցունքներն են սեղմում կոկորդս,
Հեռանում եմ տնից:


*
Այնտեղ, ուր արցունք է ընկել,
Ավազահատիկներից
Մի խոնավ կույտ է գոյանում:
Որքան ես ծանրանում, դո’ւ,
Արցո’ւնք:


*
Զայրույթի պահին ես ուզում էի
Ծաղկամանը փշրել:
Ախ, փշրել միանգամից –
Իննսունինն էլ –
Ու մահանալ:


*
Չգիտեմ ինչու
Երազում էի
Ես գնացք նստել:
Բայց ահա` իջա
Եվ գնալու տեղ չունեմ այլևս:


*
Դատարկ մի տուն
Մտա
Եվ ծխեցի մի քիչ…
Այնպե՜ս էի ուզում
Մենակ մնալ:


*
Շոյվա՞ծ եմ գովքից.
Ո’չ, զայրացած եմ:
Որքան տխուր է,
Երբ քեզ դու գիտես
Առավել քան լավ:

*
Ես նոր սիրտ էի փնտրում ինձ համար:
Եվ ահա այսօր
Մեն ու  միայնակ թափառում էի
Խուլ փողոցներով…
Նրանց անուններն անգամ չգիտեմ

*
Ես ընկերոջս`
Որպես թշնամու, սասատիկ ատեցի,
Բայց երկար, երկար
Ձեռքն էի սեղմում
Բաժանման պահին:


*
Տարին վազում է տարվա ետևից:
Քեզանից հեռու,
Ամեն տարվա հետ
Ավելի ուժգին
Ես սիրում եմ քեզ:

*
Կարող է այդպես տխուր եմ հիմա,
Քանի որ շուրջս
Վառ գույներ չկան:
Մեկին խնդրեցի,
Որպեսզի կարմիր ծաղիկներ գնի:

*
Կատակով
Մորս ուսերիս դրի:
Սակայն նա, ավաղ, թեթև էր այնքան,
Որ երեք քայլ էլ չկարողացա
Անարցունք անցնել:

 

ՄԱՍԱՈԿԱ ՍԻԿԻ

*
Օ, մեծն Բուդդա –
Նրա մի ուսի ձյունը հալվել էր
Այսօր առավոտ:


ՄԱՑՈՒՄՈՏՈ ԿՅՈՍՈ


*
Աչքն իր անկենդան
Դեպ ինձ է հառել ավազին ընկած
Սպանված ճայը:

ՆԱԿԱՄՈՒՐԱ ԹԻՅՈՁՅՈ


*
Հոգնած դուրս եկավ նավակի միջից:
Արևամուտ էր: Կնոջ ոտքերը, թվաց ինձ մի պահ,
Արևածագը կրկին ետ բերին:


*
Մարդիկ,
Ճնշվելով ջրվեժի ձայնից,
Հանդարտ լռում են:


ԻՍՍԱ


*
Այլևս մեր միջև օտարներ չկան:
Մենք եղբայրներ ենք մեկմեկու համար
Ծաղկած բալենու հովանու ներքո:

ՕՆԻՑՈՒՐԱ


*
Ու՞ր թափեմ հիմա
Այս թասի ջուրը…
Ամենուր ծղրիդներ են երգում…

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
3 Comments
  • հասմիկ սիմոնյան
    Posted at 01:28h, 31 March Reply

    Այս գիրքը գնել եմ երեկ Նաիրի գրատնից (Կորյուն 8 հասցեում, եթե չեմ սխալվում) 50 դրամով, 50 և ոչ 500

  • Unknown
    Posted at 08:27h, 15 November Reply

    Կուզենայի կարդալ ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ հայերեն թարգմանություն ճապոներենից: Երբևիցե կատարվել է՞

  • Hasmik Hakobyan
    Posted at 08:33h, 15 November Reply

    Ձյան սպիտակ, փափուկ շեղջի մեջ
    այրվող այտերով խրվել ու մնալ,
    մնան սիրով եմ տենչում ես
    սիրել…
    Իսիկավա Թաքուբոքու

Post A Comment