Սադեղ Հեդայաթ | Քոռ Բու

Սադեղ Հեդայաթ  |  صادق هدایت
1903-1951թթ., Իրան

Քոռ բու
թարգմանությունների ժողովածու
պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

«Տապան» հրատարակչություն
Երևան, 1992թ.


Ես գրում եմ միայն լապտերի լույսից պատին ընկած իմ ստվերի համար: Պետք է ծանոթացնեմ ինձ նրա հետ:

Լռությունը այն լեզուն է, որ մենք չենք հասկանում:

Անցյալը, ապագան, ժամը, օրը, ամիսը, տարին, բոլորը միևնույն են ինձ համար: Մանկության ու ծերության տարբեր շրջանները ինձ համար փուչ խոսքեր են, միայն սովորական մահկանացուների համար են բնորոշ և տականքների, սինլքորների, հենց այս բառն էի փնտրում, սինլքորների, որոնց կյանքը գտնվում է միջին գոտում և որոշակի չափ ու շրջան ունի, ինչպես տարվա եղանակները, իսկ իմ կյանքը մշտապես մի վիճակ ու եղանակ է ունեցել, որն ասես անցել է հավերժական խավարի և ցրտաշունչ բևեռային գոտում:

Կյանքի կարևորագույն բաներից մեկը կարծես նախնիների շարժուձևերը, մտքերը, երազներն ու սովորույթները` ասույթների, պատումների միջոցով հաջորդ սերունդներին փոխանցելն է եղել: Հազարավոր տարիներ այս նույն խոսքն ու զրույցն են արել, այս նույն հավաքույթները, սեռական մերձեցումներն ու երեխայական գլխացավանքներն են ունեցել:

Անհանդուրժելին թերևս այն էր, որ ապրելով այս մարդկանց մեջ` ես ինձ հեռու էի զգում նրանցից, սակայն արտաքին նմանությունը, մշուշոտ, հեռու և միաժամանակ մոտ նմանությունը ինձ կապում էր նրանց հետ: Կյանքի նույնատիպ կարծիքները նվազեցնում էին իմ զարմանքը:

Աննպատակ անցա փողոցների ու տականքների միջով, որոնք առանց բացառության ընչաքաղց դեմքերով, փողի ու հեշտասիրության վազվզուքի մեջ էին: Ես նրանց տեսնելու պահանջը չէի զգում: Նրանք բոլորը մի բերան էին, որից կախված էին սեռակկան անդամների վերջավորությամբ մի կույտ աղիներ:

Աշխարհը ինձ թվաց դատարկ ու տխուր տան նման: Կրծքիս մեջ շրջում էր ինչ-որ տագնապ, ասես հենց հիմա ստիպված էին բոկոտն շրջել տան բոլոր սենյակներում: Անցնում էի իրար մեջ բացվող սենյակներից, իսկ երբ հասնում էի վերջին սենյակին, ուր այդ քածն էր, դռները մեկը մյուսի ետևից ավտոմատ կերպով փակվում էին, և միայն անանկյուն պատերի դողացող  ստվերները սևամորթ ստրուկների պես հսկում էին իմ շուրջը:

Կանգնելով յուրաքանչյուր պատի առաջ` լուսնի տակ, թանձր ու մեծ ստվերս ընկնում էր պատին, բայց առանց գլխի: Մի բան, որ տարօրինակ ու անհավատալի էր: Ստվերս գլուխ չուներ: Լսել էի. եթե որևէ մեկի ստվերը անգլուխ լիներ, տարին չբոլորած` կմեռնի:

Մսագործը, ճարպոտ ձեռքը բեղին քսելով, մուշտարու աչքով նայեց ոչխարներին և ընտրելով երկուսը` դժվարությամբ վերցրեց ու կախեց կեռերից: Հետո սկսեց շոյել ոչխարների ազդրերը: Հավանաբար գիշերը կնոջ մարմինը տրորելիս հիշում էր ոչխարներին ու մտածում, թե կնոջը սպանելու դեպքում որքան փող կվաստակի:

Արդյոք իմ սենյակը դագաղ չէ՞ր: Մշտապես փռված ու ինձ քնի հրավիրող անկողինս ավելի սառն ու մութ չէ՞ր, քան գերեզմանը: Գիշերները, թվում էր, սենյակս փոքրանում ու սեղմվում էր ինձ: Արդյոք գերեզմանում այս նույն զգացողությունը չե՞ն ունենում: Արդյոք որևէ մեկը տեղյա՞կ է ետմահու զգացողություններից:

Մահվան զգացողությունը ինքնին սարսափելի է, առավել, եթե մահից հետո զգան իրենց մեռած լինելը: Որոշ ծերունիներ մեռնում են մարող ձիթալապտերի պես, մեռնում են ժպտալով, ասես քնով են ընկել, իսկ ի՞նչ զգացումներ է ունենում այն առնական, ուժեղ երիտասարդը, երբ հանկարծամահ է լինում և մարմնի ողջ էներգետիկան որոշ ժամանակ պայքարում է մահվան դեմ:

Հաճախ մտածել եմ մահվան և մարմնիս բջիջների քայքայման մասին: Այդ միտքը ինձ չէր սարսափեցնում, ընդհակառակը, իրականում երազում էի կործանվել ու ոչնչանալ: Ինձ սարսափեցնող միակ հանգամանքը տականքների մարմինների մասնիկների հետ իմ մարմնի մասնիկների ակամա միաձուլումն է: Թերևս, ամենաանտանելին ինձ համար: Երբեմն, հենց այդ ձուլվելու վախից, երազում էի մահից հետո երկար ձեռքեր ու զգայուն մատներ ունենալ, որպեսզի մարմնիս բոլոր մասնիկները խնամքով հավաքեի ու երկու ձեռքով պահպանեի:

Սերունդ ստեղծելու պահին այն ուժը, որ երկու հոգու մենությունից խույս տալու համար միացնում է իրար, արդյունք է բոլորի մեջ գոյություն ունեցող հենց այդ խենթության, որը, ինչ-որ ափսոսանքի հետ միաձույլ լինելով, դանդաղ հակվում է դեպի մահվան խորքը:

Միայն մահն է, որ չի ստում:

Մահվան ներկայությունը վերացնում  ու կործանում է բոլոր պատրանքները: Մենք մահվան երեխաներն ենք և մահն է, որ մեզ ազատագրում է կյանքի խաբեություններից: Եվ նրա կյանքի խորքն է, որ մեզ կանչում ու հրավիրում է դեպի իրեն: Այն տարիքում, երբ դեռ չենք ըմբռնում մարդկային լեզուն խաղի պահին, եթե մերթ հապաղում ենք, ապա այն պատճառով, որ լսենք մահվան ձայնը: Ամբողջ կյանքում մահը ծիկրակում է մեզ:

Մի քանի գիշեր առաջ, երբ բաղնիքի հանդերձարանում մերկացա, մտորումներս փոխվեցին: Իսկ բաղնիքի քիսաչին, երբ ջուր էր լցնում վրաս, կարծես գորշ մտքերս լվացվում ու մաքրվում էին: Բաղնիքի թաց ու քրտնած պատին տեսա ստվերս, տեսա, որ նույնչափ նուրբ ու փխրուն եմ, ինչպես տասը տարի առաջ, երբ երեխա էի: Լավ հիշում եմ, մարմնիս ստվերը հենց այս ձևով ընկնում էր բաղնիքի քրտնաթոր պատին… Ամբողջ կյանքս կարծես բաղնիքի պատին դողացող, թափառական ստվերների նման անցել է անմիտ ու աննպատակ: Իսկ ուրիշները ծանր, ամուր ու հաստավիզ էին: Հավանաբար նրանց ստվերները բաղնիքի քրտնած պատին ավելի մեծ ու թանձր էին և որոշ ժամանակ թողնում էին իրենց հետքը, այնինչ իմ ստվերը վաղանցուկ ու շուտ մաքրվող էր:
 
Ստվերս ավելի ճշգրտորեն, ավելի մուգ, քան իրական մարմինս էր, դրոշմվել էր պատին: Ստվերս էությունիցս ավելի իրական էր դարձել: Ասես քնձռոտ ծերունին, մսագործը, նանին, լիրբ կինս, բոլորը իմ ստվերներն էին: Ստվերներ, որոնց մեջ ես բանտարկվել էի:
 
Մահը կակազողի նման, որը յուրաքանչյուր բառը կրկնում է մի քանի անգամ, իսկ երբ ինչ-որ մեկը ավարտում է խոսքը, մահը կրկին սկսում է սկզբից…

 

Կիսվել
  •  
  •  
  •  
  •  
No Comments

Post A Comment